Սամվել Բաբայանը կներգրավվի պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքներում
Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովում որպես փորձագետ է ներգրավվել նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
Քննիչ հանձնաժողովն այսօր աշխատանքային քննարկում էր հրավիրել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ աշխատանքներին կմասնակցեն նաև պատերազմի զոհերի և անհետ կորածների ծնողների ներկայացուցիչների խմբից Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը: Իսկ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու փաստաբան Նորայր Նորիկյանը կլինեն անկախ խորհրդատուներ:
Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ 44-օրա պատերազմին առնչվող բոլոր դրվագների վերաբերյալ Սամվել Բաբայանը կկարողանա ճիշտ խորհրդատվություն տալ:
Հանձնաժողովի նախագահը տեսակետ հայտնեց, թե որևէ մեկը չի կարող հրաժարվել հանձնաժողով հյուրընկալվելուց:
«Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,- ասաց նա:
Հանձնաժողովի դռնփակ աշխատանքային քնարկումը երկար չտևեց՝ չգերազանցելով նույնիսկ մեկ ժամը: Հանդիպումից հետո Սամվել Բաբայանը մանրամասնեց՝ ոչ թե փորձագետ է, ալ արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ: Դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ հրամանատարական կետում է եղել, մասնակցել որոշումների կայացմանը, որքանով կարող է օբյեկտիվ մասնացել պատերազմի քննությանը, Բաբայանն ասաց.
«Բունկերում եղել եմ իբրև նախագահի խորհրդական, Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ էնտեղ, որ իրիկունը զեկուցեմ՝ ինչ է կատարվում էնտեղ»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ իրեն ևս հնարավոր է՝ հարցեր հղեն հանձնաժողովի նիստերին:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքը չունի պետական գաղտնիք համարվող տեղեկություններին ծանոթանալու իրավունք, Բաբայանն ասաց, որ դրա համար իրավական լուծումներ կգտնվեն:
Նշենք, որ ընդդիմությունը բոյկոտել է այս հանձնաժողովի աշխատանքները:
Մեկնաբանել