
Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային փոխգործակցության հռչակագիր կստորագրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 22-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով։ Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ խումբը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հանդիպման ընթացքում կքննարկվի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության հռչակագիր, որով «Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կբարձրանան ավելի բարձր՝ դաշնակցային մակարդակի»։
Հիշեցնենք, որ Ռուսաստան Իլհամ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։ Նա եղել էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ կայացել էր Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել էին նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Սանկտ Պետերբուրգում այդ անգամ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չէր ունեցել։
Փոխարենը, ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները եռակողմ հանդիպում էին ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ պայմանավորվել էին մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ։
Լուսանկարը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել