HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հայտարարել է ուկրաինական 2 ՀՄՄ-ի ոչնչացման եւ 5 զինծառայողի զոհվելու մասին. Կիևը հերքում է

Ռուսական զինված ուժերը «ոչնչացրել են դիվերսիոն խմբի կազմից ՌԴ սահմանը հատած հինգ անձանց, որոնք ներթափանցել էին Ուկրաինայի տարածքից»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։ 

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ոչնչացվել է նաև ուկրաինական հետևակի մարտական երկու մեքենա (ՀՄՄ), որոնք Ռոստովի մարզում հատել էին սահմանը։ «ՌԴ զինված ուժերի զինծառայողների և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի շարքում տուժածներ չկան»,- նշել է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։ 

«Դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը հայտնաբերվել է փետրվարի 21-ին, ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատի կողմից Միտյակինսկայա բնակավայրի շրջանում (Ռոստովի մարզ)»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմի պնդմամբ՝ ՀՄՄ-ները սահմանը հատել են դիվերսիոն խմբի տարհանման համար։ «Ռազմական բախման վայր օպերատիվ ժամանած ռուսական զինված ուժերի ստորաբաժանման կողմից հակատանկային միջոցներով ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի հետևակի երկու մարտական մեքենաները»,- հայտարարել է Հարավային զինվորական օկրուգը։ 

Reuters գործակալությունը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռոստովի մարզում չկան ուկրաինացի զինծառայողներ։ Կիևը ռուսական կողմի հայտարարությունն անվանել է «ֆեյք նյուզ»։

Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները մի քանի օր է հայտարարում են, թե ուկրաինական կողմը գնդակոծում է իր վերահսկողությունից դուրս տարածքները։ Ուկրաինայի իշխանությունները դա հերքում են։ Ինքնահռչակ հանրապետությունները փետրվարի 18-ին հայտարարել էին Ռուսաստան բնակչության զանգվածային տարհանման մասին։ ՌԴ ԱԻՆ տվյալներով, փետրվարի 21-ի առավոտվա դրությամբ Դոնբասից Ռուսաստան է ժամանել ավելի քան 60 հազար մարդ։ 

Փետրվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստել է կեղծ տեսանյութ, որը որպես առիթ կարող է օգտագործել Ուկրաինա ներխուժելու համար։ Ինչպես գրել էր The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, այդ տեսանյութում ռուսական կողմը պատրաստվում է ցույց տալ դերասանների, որոնք մահացած են ձևանում, ինչպես նաև պայթյունների հետևանքներ, ուկրաինական կեղծ ռազմատեխնիկա ու թուրքական անօդաչուներ։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ հրապարակումը, հայտարարել էր. «Դա առաջին նման խոստումը չէ։ Ավելի վաղ ևս նման բան էր հնչում։ Բայց այդպես էլ ոչ մի բան չհրապարակվեց»։

Լուսանկարը՝ The Washington Post-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter