HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմանը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որը վարում էր նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության հարցը։

Նիստի սկզբում ելույթ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը զեկուցել է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի չծավալման երաշխիքների շուրջ դիվանագիտական աշխատանքի մասին, իսկ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը խոսել է Մինսկի համաձայնությունների կատարման մասին։

Կոզակը, մասնավորապես, հայտարարել է, որ «ո'չ Ուկրաինային, ո'չ էլ Արևմուտքին Դոնբասը պետք չէ», իսկ Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում Դոնբասը վերադարձնել Ուկրաինայի կազմ։ 

Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին «դիվերսիոն երկու խմբերի մասին», ինչպես նաև հայտարարել, որ գերեվարվել է ուկրաինացի զինծառայող։ Բացի այդ, նա նշել է, որ Դոնբասից Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել 68,5 հազար փախստական։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է նախորդ գիշերվա ընթացքում Դոնբասի ավելի քան 40 գնդակոծության մասին, Դոնեցկի տուժած և առանց ջուր մնացած բնակիչների ու ենթակառուցվածքների օբյեկտների վնասման մասին։ Շոյգուի պնդմամբ՝ Դոնբասի մոտ տեղակայված է 59,3 հազար ուկրաինացի զինծառայող, 345 տանկ, 2160 մարտական զրահապատ մեքենա, «Смерч» համակարգեր, «Точка-У» հրթիռային համալիրներ ու այլ տեխնիկա։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան նաև հայտարարել է «միջուկային երկրի կարգավիճակի» վերադարձի պատրաստակամության մասին։

Այդ ելույթներից հետո Պուտինը հայտարարեց, որ անհրաժեշտ է որոշել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարցը և խոսքը տվեց Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին։ Ռուսաստանի նախկին նախագահը հայտարարեց, որ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի բնակիչները «վաղուց օգնություն չեն ստանում Ուկրաինայից», այլ միայն «ենթարկվում են բռնաճնշումների»։ Մեդվեդևը հիշեց 2008 թվականը, երբ նախագահի պաշտոնում ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մեդվեդևը հավաքվածներին վստահեցրեց, որ նախորդ փորձը ցույց է տալիս, որ ԼԺՀժ-ի և ԴԺՀ-ի ճանաչման հետ կապված իրավիճակը «աստիճանաբար կմեղմվի»։ 

Այնուհետ խոսեցին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որոնք Պուտինին խնդրեցին ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Նրանցից հետո ելույթ ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ հայտարարելով, որ «ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի ճանաչումը միակ լուծումն է»։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն մի քանի ամիս պատրաստվում է պատժամիջոցներին։ 

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Արևմուտքը սադրում է Կիևին՝ ուժային ճանապարհով լուծելու Դոնբասի խնդիրը, ինչը, ըստ նրա, Ռուսաստանը թույլ տալ չի կարող։ Պուտինը Նարիշկինից պահանջեց ուղիղ պատասխանել, թե արդյոք անհրաժեշտ է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Նարիշկինի պատասխանը դրական էր։ 

ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն իր հերթին հայտարարեց, որ ինքնահռչակ հանրապետությունները պետք է ճանաչել այն սահմաններով, որոնք «եղել են մինչև ուկրաինական վարչակարգի կողմից բռնազավթումը»։ Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իգոր Շեգոլևը, որից հետո դարձյալ խոսեցին Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն։

Անվտանգության խորհրդի նիստի ավարտին Վլադիմի Պուտինը հայտարարեց, որ լսել է բոլոր գործընկերների կարծիքը և խոստացավ, որ «որոշումն այսօր կընդունվի»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Որպես իրենց խնդրանքի հիմնավորում նրանք նշել էին «խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը»։ Ընդ որում, երկու տեսանյութերն էլ հրապարակվել էին միաժամանակ։ Հայտարարությունների ֆոնին ռուսական ռուբլին դարձյալ սկսել է ընկնել։ 

Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Պուտինը ստացել է պատգամավորների դիմումը, «արձագանքել դրան և ընդունել ի գիտություն»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ ճանաչումը կարող է դառնալ Մինսկի պայմանավորվածությունների խախտում, որի «իրագործումը Պուտինի համար ներկայումս առաջնահերթություն է»։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter