HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. ռուս-ուկրաինական պատերազմը կարող է բերել Հայաստանի եւ Արցախի դեմ նոր պատերազմի սանձազերծման

3 հարց քաղաքագետ Արմեն Վարդանյանին

-Պարոն Վարդանյան, ռուս-ուկրաինական լարվածությունը նոր փուլ մտավ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչմամբ։ Մոսկվան, ըստ էության, վերջնականորեն փակեց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակը։ Բայց կա նաեւ ռազմական բախման իրական վտանգ։ Ինչի՞ կարող է բերել այս իրավիճակը, եւ մինչեւ ու՞ր կարող է հասնել Ռուսաստան–Արեւմուտք առճակատումը։

-Իրավիճակն, իրոք, պայթունավտանգ է, եւ չի բացառվում, որ ուղղակի պատերազմ կսկսվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Մինչ այժմ կողմերը փաստացիորեն գտնվում էին պատերազմի մեջ։ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ էր վարում Ուկրաինայի դեմ, եւ դա անում էր պրոքսիների՝ Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնավար հանրապետությունների անջատողականների միջոցով՝ նրանց մատակարարելով զենք եւ մարդկային ռեսուրսներ։ Այդպիսով՝ Ռուսաստանը փաստացիորեն գտնվում էր պատերազմի մեջ Ուկրաինայի հետ։ Հիմա արդեն կարող է ուղղակիորեն մտնել պատերազմի մեջ։ Դա, բնականաբար, բերելու է շատ ծանր եւ անկանխատեսելի հետեւանքների։

Հաջորդը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական պատերազմի խորանալն է։ Վստահ եմ՝ շատ շուտով Արեւմուտքը շատ ծանր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի դեմ։ Եվ սա նաեւ ուղղակիորեն ազդելու է Ռուսաստանի, դրա հետեւանքով՝ նաեւ Հայաստանի վրա։

-2020 թ. աշնանը աշխարհի ուշադրության կենտրոնում կորոնավիրուսն էր, ներքաղաքական իրավիճակը Բելառուսում, իսկ այսօր բոլորը հետեւում են Դոնբասին եւ ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Հնարավոր ռազմական լայնամասշտաբ էսկալացիան Դոնբասում կարո՞ղ է նորից արձակել թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերն ու Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի սանձազերծման առիթ դառնալ։

-Այո, միանգամայն հնարավոր է, մանավանդ, եթե Ռուսաստանն ավելի թուլանա, Ադրբեջանը, բնականաբար, ստեղծված իրավիճակից կփորձի օգտվել՝ նոր սադրանքներ, նոր պատերազմ հրահրելով Հայաստանի նկատմամբ։ Մեր անվտանգության խորհուրդը, Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր այս սցենարները պետք է հաշվի առնեն, եւ դրանցից մեկն էլ կարող է լինել նոր պատերազմի սանձազերծումը Հայաստանի եւ Արցախի դեմ։ Դա միանգամայն իրատեսական է։

-Արցախի նախագահը ողջունել է Պուտինի որոշումը։ Բայց արդյոք այդ ոգեւորությունը հիմք ունի իրական քաղաքականության՝ ռեալ պոլիտիկի տեսանկյունից։ Առաջին անգամ չէ, որ տեսել ենք միջազգային հանրության երկակի ստանդարտները ազգերի ինքնորոշման վերաբերյալ՝ Կոսովո, Ղրիմ եւ այլն։

-Արցախի նախագահի հայտարարությունը քաղաքական տհասության, քաղաքականությունը լավ չհասկանալու ցուցիչ է։ Ես հիշում եմ՝ 2014 թ. Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը, Ստեփանակերտում մեծ համերգ եղավ, մեծ ոգեւորություն էր, բայց դրանից հետո ո՛չ Ռուսաստանը ճանաչեց Արցախի անկախությունը, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ 2020 թ․ սանձազերծված պատերազմում Ռուսաստանն աջակցեց Արցախին եւ այլն։ Դա, իհարկե, որեւէ բան չտվեց Արցախին։

Հիմա Արայիկ Հարությունյանն ինչ-որ հայտարարություն է անում Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնավար հանրապետությունների ճանաչման մասին, բայց դա մեզ որեւէ բան չի տալու։ Սա ուղղակի ինքնախաբեության պես բան է, եւ չեմ հասկանում, թե ինչքան կարող ենք ինքներս մեզ խաբել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter