HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Օմիկրոնի վտանգավոր՝ BA2 ենթատեսակը Հայաստանում. մասնագետները նոր շտամերի և պատվաստումների մասին

Հայաստանում շրջանառվում են կորոնավիրուսի նոր ենթատեսակներ, որոնք առավել վտանգավոր են և «անկանխատեսելի»։ Հիմնականում հանդիպում է օմիկրոն շտամը, որը տարածված է նաև երեխաների շրջանում և ախտահարում է հատկապես վերին շնչուղիները։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 3 երեխա։

Կորոնավիրուսով հոսպիտալացվածների մոտ 80%-ը պաստվաստված չէ, պատվաստված անձանց մեջ վարակակիրների թիվը 3,6% է։ Հայաստանում ամբողջական պատվաստվել է բնակչության 30%-ը։

Մասնագետները նշում են, որ այդ ենթատեսակների դեմ միակ արդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը, եղած մահճակալային ֆոնդն էլ արդեն սպառվում է։

 

Այսօր՝ փետրվարի 22-ին, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, մահացել է 16 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 416 510 դեպք, մահացել է 8253 մարդ, կատարվել է 2 մլն 870 հազար 459 թեստավորում։ Այս պահին բուժում է ստանում 12 408 մարդ։ 

Թեև վիճակագրական առումով կորոնավիրուսի վարակի թվերը նվազել են, սակայն իրավիճակը շարունակում է «լարված» մնալ։ Այս կարծիքին է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ 

Հայաստանը դեռևս գտնվում է մուգ կարմիր՝ վտանգավոր գոտում, քանի որ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը բարձր է. դրական թեստերի մասնաբաժինը 29%-ից ավելի է։ 

Այս ամենով հանդերձ, Ռ. Աբովյանն ասում է, որ թեստավորումները լիարժեք չեն իրականացվում. օրինակ, երբ ընտանիքի անդամներից մեկի մոտ հաստատվում է կորոնավիրուս, մյուսներն արդեն չեն թեստավորվում, չնայած ունենում են հիվանդության նույն ախտանիշները։ Այդ պատճառով, եղած տվյալներով հնարավոր չի լինում գնահատել իրական վիճակը։

Ռ. Աբովյանն ասում է, որ իրավիճակը լարված է նաև օմիկրոն շտամի առկայության պայմաններում։ Այն ունի արդեն 2 ենթատեսակ, որոնք առավել վտանգավոր են եւ վարակիչ (BA2 ենթատեսակ), և Հայաստանում այդ ենթատեսակները նույնպես կան։

«Հայաստանում հիմնականում շրջանառվում է օմիկրոն շտամը,-նշում է Ռ  Աբովյանը։- Օմիկրոնն ընթանում է սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով, և դա է հիմնական պատճառը, որ շատ դեպքերում մեր բնակչությունն ուղղակի չի դիմում առաջնային պահպանման օղակներ»,-նշում է նա՝ հորդորելով նման ախտանիշներ ունենալիս անպայման դիմել պոլիկլինիկաներ և առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ՝ ժամանակին բժշկական օգնություն ստանալու համար։

Մինչ օրս օմիկրոնի միայն ծանր ընթացի վերաբերյալ գիտական հետազոտություններ կան։ 

Աբովյանի խոսքով՝ բոլոր երկրներում 3-4 ամիսը մեկ լինում են հիվանդության պիկեր, և սահմանափակումների և այլ միջոցառումների նպատակն է՝ կարողանալ դիմակայել այդ պիկերին նվազագույն կորուստներով։ Հիմա արդեն կորոնավիրուսի 5-րդ ալիքն է։

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցը  պատվաստումն է։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում պատվաստումների թիվն արդեն հասել է 2  մլն-ի. առաջին դեղաչափը ստացել է  1 999 825 մարդ, երկրորդը՝ մոտ 890 հազար մարդ, այսինքն՝ ամբողջական պատվաստվել է մարդկանց 30%-ը։

Առաջին դեղաչափով պատվաստվել է մեծահասակների 47,8%-ը, երկրորդ դեղաչափը ստացել է 40%-ը, խթանիչ դեղաչափը՝ մոտ 1%-ը (այն կարելի է ստանալ ամբողջական պատվաստումից 3 ամիս անց-հեղ.)։

Պատվաստվածներից միայն 3,6%-ի մոտ է գրանցվել կորոնավիրուս։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ, իրոք, հոսպիտալացվածների շրջանում մեծամասնությունը կազմում են չպատվաստված անձինք։ Ընդհանուր, ակտիվ դեպքերի մոտ 77-78%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների մոտ 80%-ը պաստվաստված չէ, վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացողներից դարձյալ 80-82%-ը չպատվաստված անձինք են»,-ասում է Գ. Սահակյանը։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն երկրների առջև խնդիր է դրել, որ մինչև 2022թ. հուլիսի 1-ը մեծահասակ բնակչության առնվազն 70%-ը պետք է ամբողջապես պատվաստված լինի, այսինքն՝ ստանա երկրորդ դեղաչափը։ Սա, Գ. Սահակյանի խոսքով, արվում է վիրուսը շրջանառությունից դուրս բերելու և արագ մուտացիաներից պաշտպանվելու համար։ Հայաստանը նույնպես հետևելու է ԱՀԿ այդ պլանին։

 

Հիվանդության ընթացքը երեխաների և մեծահասակների մոտ

Օմիկրոնը հարաբերական առումով ավելի շատ ախտահարում է հենց երեխաներին։ Այս մասին հայտնում է մանկաբուժության գծով ԱՆ խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ 2022թ. հունվար-փետրվար ամիսներին վարակների ամենաշատ դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկան անձանց շրջանում. 39 189 դեպք երկու շաբաթվա ընթացքում։ Վերջին երկու շաբաթում՝ մինչև փետրվարի 20-ը, այդ թիվը համեմատաբար նվազել է։ 

Այսօր վերակենդանացման բաժնում հարաբերականորեն ծանր վիճակում գտնվում է 3 երեխա։

Օմիկրոն շտամը երեխաների մոտ հիմնականում առաջացնում է վերին շնչուղիների ախտահարում (ռինիտ, նազոֆարենգիտ, հազ և այլն)։

«Կա մեկ առանձնահատկություն, որը մենք նկատեցինք. երեխաների մոտ լարոնգոտրախեիտ և կրուպ էր զարգանում, որոշ դեպքերում էլ դժվար էր կառավարվում,  առաջացնում է բրոնխիտ, աղեստամոքսային հիվանդություններ և այլն»,-ասում է Սերգեյ Սարգսյանը։ 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն ասում է, որ մեծահասակների համար նախատեսված մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է։

Բժշկուհին նույնպես ընդգծում է, որ օմիկրոնի դեպքում, եթե մարդիկ պատվաստված են, հիվանդությունը թեթև են տանում, սակայն բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ հոսպիտալացվում են, հիվանդությունն ընթանում է ծանր կամ ծայրահեղ ծանր դրսևորումներով։ 

Հոսպիտալացվածների հիմնական տարիքային խումբը 65-ից բարձր է, իսկ վերջին ալիքի ժամանակ բավականին շատ են հոսպիտալացվել նաև 80-ից բարձր տարիքի մարդիկ։

«Մեր հիվանդանոցում հոսպիտալացված 5-ից 4-ը շաքարային դիաբետ ունեցող պացիենտներ են»,-ասում է Ն. Ստեփանյանը։

Բարդությունները նույնն են, ինչ բոլոր շտամերի ժամանակ, հիմնականում՝ թրոմբոէմբոլիկ,, սուր սիրտանոթային, շնչառական և գլխուղեղի ախտահարումով պայմանավորված բարդություններ։

«Ամենացավալին այն է, որ այս հիվանդությունն ընթանում է անկանխատեսելի. բարդությունը կարող է զարգանալ ժամերի ընթացքում, և պացիենտները, որոնք արդեն ուղղորդվում են հոսպիտալացման, արդեն ռիսկի խմբում են՝ բարդությունների տեսակետից, և այդ բոլոր պացիենտները պետք է ստանան ճիշտ և ժամանակին բուժօգնություն»,-ասում է Նաիրա Ստեփանյանը՝ ընդգծելով, որ անկանխատեսելի բարդություններ կարող են լինել նույնիսկ միջին ծանրությամբ հոսպիտալացված բուժառուների մոտ։

Բժշկուհու խոսքով՝ պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ կորոնավիրուսն ախտահարում է բոլոր օրգաններն ու հետագայում նույնպես կարող է բարդություններ առաջացնել։

 

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter