HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿԾ պետ. «Բարեփոխումներն ազատազրկված անձանց ինչ-որ իրավունքներ կարող են սահմանափակել»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանը:

Քրեակատարողական համակարգում ժամանակ առ ժամանակ իրականացվում են բարեփոխումներ։ Սակայն առանցքային բազմաթիվ հարցերի շուրջ ազատազրկված անձինք շարունակում են դժգոհել, ընդհուպ՝ հացադուլ հայտարարելով, ինքնավնասմամբ և այլն: Ինչու՞ բարեփոխումները շոշափելի չեն հենց ազատազրկված անձանց համար:

Բարեփոխումները երկկողմանի են լինում: Մի տեսանկյունից կարող ենք հասկանալ, որ բարեփոխումներն ազատազրկված անձանց ինչ-որ իրավունքներ կարող են սահմանափակել: Դրա վառ օրինակը կարող եմ բերել. «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրել ենք տեսախցիկների հսկման համակարգ, որը մեծ ծրագիր է, դատապարտյալներին որոշ բաներով կաշկանդում է: Դրանից դատապարտյալները կարող են դժգոհել, որ  ավելի խստացվում է նրանց առօրյան: Նրանց համար ավելի հանգիստ կլինի, եթե ավելի ազատ լինեն կալանավայրերում, սակայն մենք էլ մեր գործառույթներն իրականացնելով աշխատում ենք այնպես անել, որպեսզի  օրենքով սահմանված կարգով ապահովենք նրանց անվտանգությունը և մնացած  երաշխիքները:

Բարեփոխումներ մենք փորձում ենք կատարել նաև շենքային, նրանց պայմաններն ավելի բարեկարգենք, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծենք: Ինչ վերաբերում է ինքնավնասումներին, հացադուլներին, դժգոհություններին, դրանք ոչ միայն քրեակատարողական հիմնարկի հետ կապված են լինում: Առավել մեծ դժգոհություններ լինում են իրենց մեղադրանքների հետ կապված: Դատապարտյալները կամ կալանավորված անձիք չեն համաձայնվում մեղադրանքի որոշումների հետ, որոշ դեպքերում էլ պայմանական վաղաժամկետի հետ կապված և նման այլ խնդիրներ կան: Իրենք համարում են, որ  հասել են այն նշաձողին, որ ավելի մեղմ պատժով փոխարինվի իրենց պատիժը կամ ավելի մեղմ ռեժիմի անցնեն, սակայն կա հանձնաժողով, որն էլ որոշում է, որ նրանք դեռ  չեն հասել այդ  նշաձողին, որպեսզի փոխվի նրանց պահման պայմանները:

Ամենասուր դժգոհությունը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատման և պահման ռեժիմն ավելի մեղմով փոխարինելու համար ներկայացվող պահանջներին: Չե՞ք կարծում, որ պահանջներն ուռճացված են, կանոնակարգված չեն, կրում են սուբյեկտիվ և ընտրողական բնույթ և ոչ մի աղերս չունեն դատապարտյալին տրվող հնարավորությունների հետ:

Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված  քրեակատարողական հիմնարկներն ունեն բալային համակարգ, ներդրվել է վերջին տարիների ընթացքում, որպեսզի ավելի օբյեկտիվ գնահատեն, ընտրողական  չլինի վարչակազմի վերաբերմունքը դատապարտյալի նկատմամբ: Ներկայացվում են զեկույցներ, եթե 28 բալն ապահովում է դատապարտյալը՝ իր մասնակցությունն ապահովելով կրթական, մշակութային, խաղային, այլ ծրագրերի: Այսինքն, եթե  վերասոցիալականացման ծրագրերի մասնակցությունն ապահովում է, մենք ընդամենը տալիս ենք եզրակացություն՝ դրական կամ բացասական: Դրական եզրակացության դեպքում  նաև պրոբացիոն ծառայությունն է տալիս դրական եզրակացություն, որով դատարանին օգնում ենք որոշում կայացնել: Շատ դեպքեր են եղել, որ մեր տված բացասական եզրակացության պայմաններում անգամ դատապարտյալը դիմել է դատարան և դատարանը որոշում է կայացրել պայմանական վաղաժամկետով ազատելու կամ  ավելի մեղմ պատժատեսակով փոխելու հետ կապված:

Չեմ կարծում, որ այստեղ մեր դրած պայմաններն ավելի բարդ են կամ դժվարացնում են: Իսկ դատապարտյալներն անգամ այդ չնչին պայմաններից էլ են դժգոհում և փորձում են ոչ մի բան չանելով ավելի մեղմ պատժով փոխարինեն իրենց պատիժը: Բայց վերջնական լուծումը դատարանինն է:

Նշեցիք, որ դատապարտյալներն ընդդիմանում են և ցանկանում են ոչ մի բան չանելով՝ արդյունքի հասնել: Արդյոք քրեակատարողական հիմնարկն ապահովու՞մ է դատապարտյալին անհրաժեշտ պարագաներով կամ զբաղվածությամբ: Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը դատապարտյալների զբաղվածությունն է, որ պետությունը չի կարողանում ապահովել:

Մենք նույնպես այդ մասին մտածում ենք: Կա արդարադատության նախարարի, նախարարության և կառավարության կողմից մշակված ծրագիր, որպեսզի մենք  կարողանանք նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել, որն ավելի մեծ զբաղվածություն կապահովի և նրանց մասնակցությունն ավելի շատ կապահովվի այս կամ այն ծրագրերին: «Արմավիր» ՔԿՀ-ում, կրթական, մշակութային, հոգևոր ծրագրեր ենք իրականացնում, կավեգործությամբ են զբաղվում: Եթե դատապարտյալների մոտ  հետաքրքրությունը լինի, նրանց համար ապահովում ենք: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով  ապահովվում է, քանի որ ճիշտ նշեցիք, այս պահին քրեակատարողական հիմնարկներ կան, որ շատ հին վիճակում են, պայմաններ այդքան էլ չկան նման միջոցառումներ կազմակերպելու համար: 

Աշխատանքի հետ կապված էլ ենք փորձում մտածել, որպեսզի դատապարտյալները կարողանան աշխատել:  Որպես նոր քրեակատարողական ծառայության պետ, ինձ զեկուցել են, որ նախկինում եղել են դեպքեր, որ դատապարտյալների աշխատելու համար պայմաններ ստեղծել են, սակայն դատապարտյալների շատ չնչին մասն է փորձել ներգրավվել աշխատանքների մեջ:

Կալանավորված անձանց և փակ ռեժիմում գտնվող դատապարտյալներին տրվում է օրական ընդամենը մեկ ժամ զբոսանք` այն էլ չափերով և կահավորվածությամբ անբավարար զբոսաբակերում։ Այս վիճակն ինչքանո՞վ է համապատասխանում բարեփոխումների ոգուն և միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Դա նույնպես ֆիքսել ենք, նկատում ենք: Կան որոշ քրեակատարողական հիմնարկներ, որտեղ, իրոք, ձեր ասածն է: Վառ օրինակը բերեմ «Հրազդան» ՔԿՀ-ն, որի պայմանները շատ վատն էին:  Թե պահման պայմանները, թե զբոսանքի վայրերը շատ փոքր էին և այդ է հանդիսանում նաև պատճառներից մեկը, որ մենք փակում ենք ՔԿՀ-ները և ստեղծում ենք մի նոր, ավելի մեծ, ընդարձակ հիմնարկ, որը բավարարի, թե միջազգային պայմաններին, թե  դատապարտյալներին՝ ավելի ազատ զբոսանքը կազմակերպելուն և ավելի հագեցած առօրյա ունենալուն:

Անհանգստացնող են նաև ինքնասպանությունների դեպքերը: Ի՞նչն է պատճառը, որ այդ երևույթը շարունակում է գոյություն ունենալ քրեակատարողական հիմնարկներում:

Նախկինում քննիչ աշխատած ժամանակ ինքնասպանության բազմաթիվ գործեր եմ քննել: Անգամ դրսում, սովորական պայմաններում մարդիկ հոգեվիճակից կախված՝ չնչին դրդապատճառից ելնելով կարող են ինքնասպանության հասցնել:  Դեպքեր են եղել, որ սիրած աղջկա հետ վիճելուց, ընտանեկան նեղ պայմաններից ելնելով մարդիկ հասել են ինքնասպանության: Օբյեկտիվ իրականության մեջ, որ նայում ենք, ընդհանրապես ինքնասպանության առիթ չէր:

Դատապարտյալները և կալանավորված անձինք պահվում են մեկուսի, նրանց հոգեվիճակը բնականաբար ավելի ճնշված է այդ փակ պայմաններից, քան այն մարդիկ, ովքեր գտնվում են ազատության մեջ: Ամեն մի չնչին առիթ դատապարտյալին կարող է հասցնել ինքնասպանության: Վերջին շրջանում  մենք ինքնասպանություն ունեցանք  «Սևան» ՔԿՀ-ում, որի առնչությամբ  նախաքննություն է գնում, շատ չեմ մեկնաբանի նախաքննությանը չխոչընդոտելու համար: Բայց մենք էլ մեր մասով ուսումնասիրում ենք հնարավոր վարկածները, որպեսզի  պարզենք, թե  ինչից ելնելով է դատապարտյալը դիմել այդ քայլին: Կան բազմաթիվ վարկածներ, չբարձրաձայնելով, հուսով եմ նախաքննությունը տեղի կունենա, կպարզենք:

Եթե դա կախված լինի ՔԿՀ-ի վարչակազմի և աշխատողների՝ իրենց  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետ, ապա  անպայման կունենանք հետևանքներ և այդ աշխատողները, օրենքով սահմանված կարգով, պատասխան կտան իրենց կատարվածի համար:

Չեմ ուզում բացառել, որ կարող են լինել դեպքեր, որ կապ չունենա ՔԿՀ-ի ծառայողի կամ դրսևորած ոչ պատշաճ վարքագծի հետ: Կարող է լինել խնդիրներ դրսի հետ կապված, ընտանեկան, որ դատապարտյալին հասցնեն այդ վիճակին:

Քանի որ ազատազրկված անձինք ամբողջությամբ պետության վերահսկողության ներքո են, պետությունն է պատասխանատու նրանց կյանքի ու առողջության համար, ինչքանո՞վ է քրեակատարողական ծառայությունը հետամուտ լինում, որ նրանց հետ տարվող աշխատանքները կատարվեն պատշաճ:

Միանշանակ, պետությունը՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության, ամեն ինչ պետք է անի, որպեսզի բացասական հետևանքներ դատապարտյալների շրջանում չունենանք:  Փորձում ենք մեր կատարած բարեփոխումներով, թե օրենսդրական ճանապարհով, թե ամեն փոքր բարեփոխումներով, վատ վարքագծի դեպքում աշխատակիցներին նկատողություն և  ծառայողական  քննություններով, հասնել նրան, որպեսզի  դատապարտյալները որևէ ձևով կաշկանդված չլինեն և իրենց իրավունքնրը որևէ ձևով խախտված չլինեն:

Շատ-շատ դեպքեր ենք լսել, որ նախկինում քրեակատարողական ծառայությունում վարչակազմի աշխատողները վատ բերաբերմունք են դրսևորել դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ, սակայն վերջին շրջանում, նմանատիպ դեպքերը փորձում ենք հասցնել գրեթե զրոյականի, որպեսզի որևէ քրեակատարողական հիմնարկի ծառայող չօգտվի իր պաշտոնական դիրքից և դատապարտյալի կամ կալանավորված անձի նկատմամբ վատ վերաբերմունք չդրսևորի:

Խոսում ենք բարեփոխումների մասին, բայց կան տարրական խնդիրներ, որոնք խոչընդոտում են այդ ծրագրերի իրականացմանը: Դրանցից մեկը ՔԿՀ-ներում օդափոխության համակարգերի բացակայությունն է կամ եղածների դեպքում՝ վատ աշխատանքը: Ի՞նչ գումարների մասին է խոսքը, որ պետությունը տարիներ շարունակ չի կարողանում այդ հարցը լուծել: 

«Արմավիր» ՔԿՀ-ում այդ խնդիրն ունենք: Մրցույթը հայտարարել ենք, ունենք շահած կազմակերպություն, որպեսզի անցկացվի օդափոխության համակարգ: Մնացած ՔԿՀ-ները, ինչպես  գիտեք, ավելի մաշված են, պայմանները կարող է ավելի վատ են, բայց կոնկրետ օդափոխության խնդիր «Արմավիրում» ունենք, որը կլուծվի  այս տարվա ընթացքում:

Ուսումնասիրելով վիճակագրական տվյալները՝ տեսնում ենք, որ դատապարտյալներն ավելի շատ ենթարկվում են տույժերի, քան խրախուսանքի: Ինչու՞ է այդպես:

Բազմաթիվ խրախուսանքներ ունենք դատապարտյալների: Դա էլ գալիս է դատապարտյալների վերաբերմունքից, թե ինչպես են վերաբերում խրախուսանքին, իրենք պատրաստ  են կատարել այն աշխատանքը, որի համար պետք է խրախուսվեն:

Քրեական ենթամշակույթ ասված երևույթը, որ դատապարտյալի մոտ ավելի շատ է արտացոլվում, նրանք խուսափում են աշխատանքներ կատարելուց, որպեսզի խրախուսվեն:  Մենք ունեցել ենք դատապարտյալ, որ կշռաքար է բարձրացնում, նրան խրախուսել ենք: Թեպետ նա սպանության գործով էր դատապարտվել, բայց նրան խրախուսել ենք և նմանատիպ այլ դեպքեր: Մասնակցում են շախմատի առաջնությանը, կրթական, մշակութային, լեզուների ուսուցման ծրագրերին և խրախուսվում են, որն էլ արտացոլվում է բալային համակարգում:

Ռեժիմի փոփոխության համար դատապարտյալներն այդ խրախուսական աշխատանքները կատարելու դեպքում նրանց ռեժիմն ավելի մեղմ ռեժիմով է փոխվում: Զբոսանքներն ավելի երկար են՝ 3 ժամ և այլն:

Հատկապես ռեժիմների փոփոխության հետ կապված կարծես թե քրեակատարողական ծառայությունը հակամարտության մեջ է դատախազության հետ: Դժգոհություն է առաջանում, որ ծառայությունը փորձում է բարելավել դատապարտյալի վիճակը, սակայն դատախազությունն առարկություն է ներկայացնում: Ինչու՞ է այդ հակամարտությունն այդքան սուր արտահայտվում և ինչու՞ դրա բացասական հետևանքը պետք է կրի դատապարտյալը:

Չէի ասի հակամարտություն: Ծառայությունն ուղղակի շփման մեջ է դատապարտյալի հետ,  իսկ դատախազությունն ուսումնասիրում է միայն թղթային տարբերակով՝ դատապարտյալի կենսագրությունը, տույժերը, խրախուսանքները: Ծառայությունը, քանի որ շփվում է կոնկրետ դատապարտյալի հետ, եթե հասկանում է, որ այդ դատապարտյալն արդեն ուղղման ճանապարհին է փորձում ենք նրա ռեժիմը փոխել ավելի մեղմ ռեժիմի: Դատախազությունը թղթային տարբերակով ուսումնասիրելով  հնարավոր է  այլ մոտեցում է դրսևորում, սակայն հակամարտություն չէի նշի:

Լինում են դեպքեր, երբ դատախազությունը կասեցնում է, մենք պնդում ենք մեր որոշումը և կատարվում է մեր որոշումը և մնում է ուժի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter