HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի՞, թե՞ տնտեսվարողի անգործությունը․ ինչու է «Մեգերյան» ՍՊԸ-ն զրկվել Սպանդարյանի բազալտն արդյունահանելու իրավունքից

«Մեգերյան» ՍՊԸ-ն դիմել է Վարչական դատարան ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ)։ Ընկերությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Երևանում Սպանդարյանի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին նախարարի 2021թ․ հունիսի 4-ի հրամանը։ 

ՏԿԵՆ-ն էլ դադարեցրել էր ընդերքօգտագործման իրավունքը արդյունահանմում չիրականացնելու հիմքով։ Ընկերությունն էլ արդյունահանման աշխատանքներ չէր իրականացրել համայնքի կողմից հողօգտագործման պայմանագիր չկնքելու պատճաոով:

«Մեգերյան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Մարտիրոսյանը դատարանում պնդեց, որ իրենք ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց հետո բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարանին պայմանագիր կնքելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը մշտապես ձգձգել է այդ գործընթացը՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ մասին էլ տեղեկացրել են լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Լիլիթ Փաշայանն էլ հակադարձեց, որ տնտեսվարողը պետք է այդ ռիսկերը հաշվի առներ։  

«Բացի դրանից, քաղաքապետարանի հետ պայմանագրի կնքումը լիազոր մարմնի (նկատի ունի՝ ՏԿԵՆ-ին, հեղ․) պարտականությունների մեջ չի մտնում։ Դուք 2012 թվականից էս կողմ դիմումներ եք գրել, որ խնդիրներ են առաջացել, բայց լիազոր մարմինը դրա պատասխանատուն չէ։ Դուք ձեր գործունեությամբ պետք է այդ խնդիրները հարթեիք»,- նշեց ՏԿԵՆ-ի ներկայացուցիչը։

Անահիտ Մարտիրոսյանը շեշտեց, որ իրենք պահպանել և դատարան են ներկայացրել դիմումները և քաղաքապետարանի պատասխանները, որոնցով իրենց մշտապես սպասելու հորդորներ են տվել։ Եվ միայն ՏԿԵՆ-ի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո՝ 2021թ․ ապրիլին քաղաքապետարանն առաջարկել է հայտ ներկայացնել։

Սակայն ՏԿԵՆ-ի կողմից զգուշացումը տրվելուց հետո՝ սահմանված 90-օրյա ժամկետում այդ խախտումը չի վերացվել, ինչի հիման վրա էլ նախարարը հրամայել է դադարեցնել «Մեգերյան» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։

Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը, որի վարույթում քննվում է գործը, հետաքրքրվեց, թե ինչու չեն վիճարկել քաղաքապետարանի անգործությունը, եթե համարում են, որ քաղաքապետարանն է այս ամենում մեղավորը։ Դա Անահիտ Մարտիրոսյանը իրենց բացթողումը համարեց։

Այսօր դատարանը հետազոտեց ապացույցները, կողմերին վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն տվեց։ Անահիտ Մարտիրոսյանը նշեց, որ, փաստորեն, պետական մի օղակը մյուսի վրա ազդելու լծակ չունի, և ամեն ինչի պատասխանատուն դառնում է ընկերությունը։

Լիլիթ Փաշայանն էլ նշեց, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր գործառույթներով սահմանված լիազորություններ ունի և չի կարող միջամտել այլ լիազոր մարմնի գործունեությանը։

«Լիազոր մարմինը վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալներով հաստատված է համարում այն փաստը, որ հայցվոր կողմը չի ներկայացրել այն ապացույցները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ, որ համարում ենք զգուշացմամբ տրված է, խախտումները՝ վերացված»,- իր ամփոփիչ խոսքում ասաց Լ․ Փաշայանը և խնդրեց մերժել «Մեգերյան» ՍՊԸ-ի հայցը։  

Գործի քննությունն այսօր ավարտվեց։ Մարտի 15-ին կհարապարակվի որոշումը։

Անահիտ Մարտիրոսյանը նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս գործում երկու պետական մարմինների խնդիր կա, որովհետև մի դեպքում՝ տրվել է ընդերքօգտագործման իրավունքը, մյուս դեպքում՝ չեն տրամադրում տարածքը։ Իսկ ընկերությունը չի կարող արդյունահանում իրականացնել առանց այդ պայմանագրի, դա կդիտարկվի ապօրինի գործունեություն։

Մեր հարցին, թե ինչու է քաղաքապետարանը ձգձգում, եթե ինչ-որ չափով շահ ունի այդ պայմանագրից (համայնքի բյուջե հավելյալ մուտքեր են մտնում վարձակալության պայմանագրից), Անահիտ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանը շատ պասիվ գործունեություն է ցուցաբերում։ 2012 թվականից ի վեր՝ միայն 2021թ․ ապրիլին են ընկերությանն առաջարկել կնքել այդ պայմանագիրը։

«Ընդ որում, ես համոզված չեմ, եթե կնքեինք, կկարողանայի՞նք այն գրանցել կադաստրում, թե՞ ոչ, քանի որ, իմ տեղեկություններով, այնտեղ փաստացի համադրում կա, և երկու հանքերն իրար մեջ են»,- նշեց Անահիտ Մարտիորսյանը։

Վերջինս նաև պատմեց, որ «Մեգերյան» ՍՊԸ-ի հիմնադիր Հարութ Մեգերյանը լուրջ ներդրումներ կատարելու մտադրություն ուներ, սակայն անընդհատ նման իրավիճակներում է հայտնվում և չի կարողանում կազմակերպել իր բիզնեսը հայրենիքում։

«Այդ գործարարն անընդհատ այնպիսի շրջանակների մեջ է դրվում, որ էլ չի ուզում ինչ-որ բան անել Հայաստանում, անընդհատ դատական քաշքշուկներ, հիմա էլ քրեական գործեր»,- ասաց փաստաբանը։

«Մեգերյան» ՍՊԸ-ին՝ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքին հավակնություններ ունեն այլ ընկերություններ։ Հիշեցնենք, որ նույն տարածքի համար հայտ էին ներկայացրել նաև «ՄԼ մայնինգ» և «Տրավ սթոուն գրուպ» ՍՊԸ-ները, որոնք, սակայն, համայնքի կողմից մերժվել են։ 

Կարդացե՛ք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter