HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ․ «Ռուսաստանին ձեռնտու է դիրքավորվել որպես միջնորդ»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ «եղբայրական» երկիր, որի անմիջական օգնությամբ եւ մասնակցությամբ 44-օրյա պատերազմում հաղթանակ ամրագրեց, ինչու՞ գնաց դաշնակցային հարաբերությունների հաստատման Ռուսաստանի հետ, որը ներքուստ միշտ էլ խնդիրներ է ունեցել Թուրքիայի հետ: Ըստ Ձեզ՝ ներկայում Ադրբեջանն ունա՞կ է Թուրքիայից անջատ «խաղ վարել»:

-Ինչ-որ առումով Ադրբեջանը ստիպված էր, այսինքն՝ չէր կարող խուսափել Ռուսաստանի հետ նմանատիպ համաձայնագիր ստորագրելուց, որովհետեւ, անկախ իր ցանկություններից, Ադրբեջանը հաշվի առնում է, որ Ռուսաստանն ունի լուրջ լծակներ տարածաշրջանում, չնայած վերջին տարիներին դրանք նվազել են։ Օրինակ՝ 10-15 տարի առաջ եղած մոնոպոլ դիրքերը, բնականաբար, այլեւս չունի, եւ Թուրքիան բավական լուրջ ազդեցություն ունի, մասնավորապես՝ վերջին պատերազմից հետո։ Սակայն, միեւնույնն է, ցանկացած գործողության ժամանակ, որ կփորձեն իրականացնել Արցախի նկատմամբ, չեն կարող հաշվի չառնել ռուսական գործոնը, ռուսական ազդեցությունն անմիջապես այն տարածքում, որը համարում են իբրեւ իրենցը։

Առհասարակ նաեւ Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, տնտեսական, քաղաքական լծակները թույլ չեն տալիս Ադրբեջանին ամբողջապես դուրս մղվել ռուսական ազդեցության գոտուց, հետեւաբար, եթե Ռուսաստանին անհրաժեշտ է, ապա Ադրբեջանը չի կարող ամբողջապես խուսափել, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով հիմնականում իր տնտեսական հնարավորությունները եւ աշխարհագրական դիրքը։ Այս պարագայում Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների միջոցով հավասարակշռել այդ երկու տերությունների ազդեցությունն իր նկատմամբ իր տարածքում եւ փորձում է հնարավորինս նաեւ օգուտ քաղել խոշոր խաղացողների հակասությունից եւ քիչ կորստով դուրս գալ։

Այսպիսով՝ մի կողմից Ադրբեջանը ստիպված էր գնալու ցանկացած համաձայնության, որը Ռուսաստանը պետք է իրեն առաջարկեր, բայց մյուս կողմից փորձում է այդ համաձայնություններում այնպիսի կետեր մտցնել, որոնք իր շահերի տեսանկյունից ձեռնտու կլինեն։

Տվյալ դեպքում Ռուսաստանի հետ այդ հռչակագրում Ադրբեջանին ձեռնտու կետերից մեկը տարածքային ամբողջականության ընդգծումն է, որ իրենք կարող են քարոզչական հարթակներում օգտագործել Հայաստանի եւ Արցախի դեմ։ Քարոզչականի մասին է խոսքը, որովհետեւ այնպես չէ, որ այդ տեքստի ընդգծումը նշանակում է, թե Ռուսաստանն Արցախը բացառապես համարում է Ադրբեջանի մաս, որովհետեւ այնտեղ ունեն տեղակայված կոնտինգենտ, եւ իրենք էլ են նշում, որ իրենց շահերից է բխում, որ հակամարտությունը մնացել է, եւ դեռեւս պետք է բանակցություններ լինեն։ Բայց դա չի խանգարի Ադրբեջանին իր քարոզչական պայքարի շրջանակներում օգտագործել։ Նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ու սպառնալիքի դեպքում անհապաղ խորհրդակցությունների մասին կետերն են, որ ձեռնտու են Ադրբեջանին։ Բնականաբար, գիտենք, որ 1997 թ․ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխօգնության պայմանագրով նմանատիպ կետ կար նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։

Ի՞նչն է Ադրբեջանին ձեռնտու․ այն, որ, ըստ էության, Ռուսաստանն ունենում է իրար նման կետերով երկու համաձայնագրեր, պայմանագրեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, եւ ըստ էության, այսպես ասած, կորում է Հայաստանի մոնոպոլ դիրքը, որ միայն ինքն ունի փոխգործակցության կետ Ռուսաստանի հետ․ եթե լինի ինչ-որ լարվածություն, բախումներ Հայաստանի եւ Ադրբեջնաի միջեւ, ապա այդ դեպքում Ռուսաստանը կարող է իրեն դիրքավորել որպես չեզոք միջնորդ պետություն՝ հղում կատարելով, որ այդպիսի կետ ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ դա մանեւրելու դաշտ է տալիս Ռուսաստանին, ինչն Ադրբեջանին ձեռնտու կարող է լինել տարբեր իրավիճակներում՝ կախված զարգացումներից։

-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ սա մեծ ձեռքբերում է Ադրբեջանի համար թեկուզ այն պատճառով, որ այս հռչակագրով նա չեզոքացնում է Ռուսաստանի հնարավոր միակողմանիությունը ռազմական գործողություններում՝ ի տարբերություն Թուրքիայի: Այսինքն՝ Բաքուն, այսպես կոչված, Շուշիի հռչակագրով եւ այս նոր փաստաթղթով իր դաշտ է բերում պատմականորեն Հարավային Կովկասում միմյանց դեմ պայքարող ուժերին՝ Ռուսաստանին ու Թուրքիային:

-Ձեր ասած այդ կետը կա, բայց սա չէր կարող լինել, եթե չբխեր Ռուսաստանի շահերից։ Ռուսաստանի քաղաքականությունը հարաբերությունների, անդամակցության դեպքում այն է, որ իրենք ոչ թե կողմերից մեկի միակողմանի դաշնակիցն են, այլ հավասար ազդեցություն ունեցող պետություն, միջնորդ են, ինչը ռուսական կողմը բազմիցս հայտարարել է։ Այսինքն՝ դա բխում է իրենց վարած արտաքին քաղաքականությունից։ Իրենք շարունակում են Հարավային Կովկասը համարել իրենց ազդեցության գոտի։ Վրաստանի դեպքում բավական վաղուց այդպես չէ, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում փորձում են պահպանել։ Եվ այս պարագայում ստացվում է, որ իրենց ձեռնտու է դիրքավորվել որպես միջնորդ, խնդիր կարգավորող, ինչը որ, իրենք մտածում են, թույլ կտա պահպանել ազդեցությունը երկու պետություններում միաժամանակ։

Այո, սա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետեւ ունեն դաշնակից՝ Թուրքիան, որը միակողմանի իրենց է աջակցում, եւ կա Ռուսաստանի Դաշնություն, որը Հայաստանի դաշնակիցն է, բայց միակողմանիորեն չի աջակցում Հայաստանին։ Եվ, ըստ էության, Ադրբեջանը դրանից շահում է։

-Հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ մինչ այս Ռուսաստանը թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով, թե՛ երկկողմ ձեւաչափով խուսափել է Հայաստանի կողմից անմիջական ներգրավվածություն ունենալուն, ինչը չենք կարող ասել նույն Թուրքիայի մասին: Եվ հիմա Մոսկվան, ըստ էության, ունի իրավական կուռ հիմք՝ հանդես գալու բացառապես խաղաղապահի կերպարով՝ հայտարարելով, որ երկու կողմում էլ իր դաշնակիցներն են: Արդյոք սա նշանակում է, որ պետք է վերջնականապես խաչ քաշենք հնարավոր բախման ժամանակ մեր օգտին Ռուսաստանի անմիջական ներգրավվածության վրա:

-Ռուսաստանի անմիջական ներգրավածոթյան հավանականությունը շատ փոքր է, եթե դա լինում է բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի բախում, ապա կարող ենք ասել նույնիսկ զրոյական՝ հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքականությունը։ Կա հավանականություն միայն այնպիսի սցենարի կամ զարգացման դեպքում, եթե Թուրքիան ոչ թե անուղղակիորեն աջակցի Ադրբեջանին, այլ անմիջականորեն իր զորքերով ներգրավվի Հայաստանի դեմ պատերազմում։ Միայն այդ պարագայում է, որ կա բարձր հավանականություն, որ Ռուսաստանն ուզած-չուզած պետք է ներգրավվի ռազմական գործողություններում։

Բնականար, Ռուսաստանը փորձելու է խուսափել նմանատիպ սցենարից, Թուրքիան էլ այնպես չէ, որ շատ մեծ ցանկություն ունի նմանատիպ սցենարական զարգացումների։ Հետեւաբար ռուսներն, ըստ էության, գտել են մեխանիզմն օգնելու Ադրբեջանին եւ միաժամանակ ֆորմալ առումով չլինելու պատերազմի կողմ պետություն։ Դրա համար նշեցի, որ դա կախված է միջազգային քաղաքականության զարգացումներից։ Եթե հանկարծ մի օր համաշխարհային մասշտաբի բախում լինի, ապա այդ դեպքում Ռուսաստանը լինելու է միակողմանի խաղացող, բայց քանի դեռ չկա նմանատիպ իրավիճակ, Ռուսաստանը փորձելու է իր միջնորդական քաղաքականությունը վարել՝ միակողմանիորեն չներգրավվելով Հայաստանի կողմից։

-Ադրբեջանն այսօր խոսում է հաղթողի դիրքերից: Եթե 2025-ին Բաքուն Ռուսաստանին պահանջ ներկայացնի խաղաղապահ ուժերին դուրս բերել, ի՞նչ հավանական սցենար եք կանխատեսում: Նրա նոր դաշնակից Ռուսաստանը կգնա՞ այդ քայլին: Եվ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Արցախն այս դեպքում:

-Ադրբեջանի պահանջը որեւէ բան չի կարող փոխել Ռուսաստանի մոտ, եթե այն չբխի Ռուսաստանի շահերից։ Բնականաբար, Ռուսաստանը նման ցանկություն չունի։ Եթե լուրջ ներքաղաքական փոփոխությունենր չլինեն Ռուսաստանում, ռեսուրսների լուրջ կրճատումներ չլինեն արտաքին քաղաքական դաշտում, ու ստիպված չլինեն Հարավային Կովկասից դուրս գալուն, ապա չեն գնա նմանատիպ քայլի, քանի որ այն շատ կարեւոր գոտի է իրենց համար, եւ խաղաղապահների ռազմական ներկայությունն Արցախում շատ լուրջ գործիք է Ռուսաստանի համար։

Իրենք շատ պարզ գիտակցում են, որ եթե չլինի խաղաղապահների ներկայությունը, ապա շեշտակիորեն կորցնում են Ադրբեջանում ինչ-որ ազդեցություն ունենալու վերջին լուրջ լծակներից մեկը, եւ, ըստ էության, նաեւ ընդհանուր ազդեցությունը Հարավային Կովկասում, իրենց քաղաքականությունը ամբողջությամբ ձախողվում է նման պարագայում։ Եվ այս համաձայնագրում էլ հատուկ կետով ընդգծվել է, որ խաղաղապահները լուրջ ներդրում ունեն, Ադրբեջանն ընդունել է, կան նաեւ եռակողմ ընդգծումներ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ այս ամենը բխում է Ռուսաստանի շահերից, սա նշանակում է, որ Ռուսաստանն այդպիսի քայլերով փորձում է ամրապնդել իր դիրքերն Արցախում։

Եթե մի օր Ադրբեջանը պահանջի, որ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով պետք է դուրս բերի զորքերը, դա կնշանակի, որ մենք պետք է գործ ունենանք լարվածության հետ, որտեղ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ դեմ է դուրս գալիս Ռուսաստանին, նրա շահերին։ Մենք նմանատիպ հեռանկար չունենք։ Կրկին ընդգծեմ՝ մենք նմանատիպ հեռանկարի կարող ենք հանգել երկու դեպքում․ առաջին՝ եթե Ռուսաստանում լինեն լուրջ պրոցեսներ, եւ նա չկարողանա ապահովել իր անվտանգությունն ու ստիպված դուրս գա այստեղից, երկրորդ՝ եթե Թուրքիայի ազդեցությունն աճի, եւ Ռուսաստանը չկարողանա անգամ այսպիսի գործողություններով պահել Ադրբեջանին իր ազդեցության գոտում եւ որեւէ կերպ միջամտել, ազդեցություն ունենալ, եւ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպեն Ռուսաստանին զորքերը դուրս բերել։ Իսկ սա կարող է տանել բավական լուրջ ցնցումների եւ բախումների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter