HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 2 (առցանց լուսաբանում)

«Հետքը» ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Փետրվարի 26-ի վաղ առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

00:57, փետրվարի 26

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել.

  • ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,
  • ՆԱՏՕ-ի արևելյան սահման կտեղափոխվեն հավելյալ ուժեր,
  •  ՆԱՏՕ-ն իր դռները բաց կպահի բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են երբևէ միանալ Դաշինքին,
  • «Ես բարձր եմ գնահատել ուկրաինական ժողովրդի խիզախ գործողությունները, որը մարտնչում է իր երկրի համար»։

00:54, փետրվարի 26

ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ անվտանգության խորհրդի մյուս անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։

00:53, փետրվարի 26

УНИАН-ը հայտնում է, որ Կուլբակինո քաղաքում այրվում են նավթաբազան, հացի գործարանը և լցակայանը։

00:48, փետրվարի 26

«Աէրոֆլոտ»-ը մինչև մարտի 28 չեղարկել է Լեհաստան և Չեխիա բոլոր թռիչքները։

00:46, փետրվարի 26

Anonymous հաքերային խումբը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների բազայից արտահոսքի մասին։

Խմբի թվիթերյան միկրոբլոգում նշվում է, որ հաքերները կարողացել են ստանալ նախարարության աշխատակիցների տվյալները։ Ավելի վաղ, հաքերային խումբը «կիբեռպատերազմ էր հայտարարել» Ռուսաստանին։

00:38, փետրվարի 26

Համացանցում հրապարակվել է 6-րդ ջերմաէլեկտրակայանի մոտ տեղի ունեցած պայթյունների տեսանյութը։

00:34, փետրվարի 26

BBC-ն տեսանյութ է հրապարակել ռուսական հարվածներից հետո ուկրաինական քաղաքներում առկա իրավիճակի վերաբերյալ։

00:22, փետրվարի 26

Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը

Աբխազիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանից հետո ճանաչում են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրամանները։ 

Բուն Աբխազիայի անկախությունը, բացի Ռուսաստանից, ճանաչել են նաև Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։

00:09, փետրվարի 26

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պնդվում է, որ անձը ռուսաստանցի Եվգենի Պլոտնիկովն է, որը գերեվարվել է ուկրաինական զինուժի կողմից։

Ռուսաստանցի երկու զինվորականների գերեվարման մասին ուկրաինական կողմը հայտարարել էր փետրվարի 25-ի ցերեկը։

23:53

Ռուսաստանի ԱԳՆ. Կիևն առաջարկել է բանակցությունների վերաբերյալ քննարկումը տեղափոխել վաղը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևն առաջարկել է Մոսկվայի հետ բանակցությունների հարցը քննարկել վաղը՝ փետրվարի 26-ին։

«Կիևի վարչակարգի ներկայացուցիչներն առաջարկել են այդ հարցը տեղափոխել վաղվան»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կիևը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։

23:47

Վլադիմիր Պուտինի քարտը բրիտանական պատժամիջոցների ցանկում։

23:41

Ուկրաինայի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կոնոտոպի միոտ 40 միավոր ռուսական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։

Ռուսական պաշտպանական գերատեսչությունը շարունակաբար հերքում է Ուկրաինայում իր կորուստների վերաբերյալ տեղեկատվությունը։

23:39

Ուկրաինական պարբերականը հայտնում է, որ հարվածներ են հասցվել Խմելնիցկի մարզի Ստարոկոնստանտինով օդակայանի վրա, որտեղ, տեղական լրատվամիջոցների տվյալներով, տեղակայված են Bayraktar-ները։

23:32

CNN-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները ևս այսօր կհայտարարի Պուտինի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։

23:23

Մեծ Բրիտանիան աջակցել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին։ Սահմանափակիչ միջոցները ենթադրում են, որ Լավրովի ու Պուտինի բոլոր ակտիվները կսառեցվեն։

23:08

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն փետրվարի 25-ի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերը բավականին մոտեցել են Ուկրաինայի մայրաքաղաքին։

«Զինվորականները և իրավապահ մարմինները վնասազերծում են դիվերսիոն խմբերին»,- ասել է Կլիչկոն։ Նրա խոսքով՝ դիվերսանտները ենթակառուցվածքների օբյեկտներին թողնում են «հատուկ նշաններ, օրինակ, նկարված կարմիր խաչեր»։ Նրա պնդմամբ՝,այդպիսի խաչեր տեսնելով, քաղաքացիները պետք է հայտնեն այդ մասին։

22:59

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 3-5 րոպե տարբերությամբ հինգ պայթյունների մասին, որոնք հնչել են քաղաքի հյուսիսում՝ ТЭЦ-6-ի (ջերմաէլեկտրակայան) շրջանում։

22:51

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և հավելյալ սպառազինություն։

22:38

Խարկովի մոտ խոցված համազարկային կրակի ռուսական «Գրադ» ռեակտիվ համակարգ, փետրվարի 25:

22:29

Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար։ Նախագահները քննարկել են «պատժամիջոցների խստացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակառազմական կոալիցիան»։

22:24

BBC-ն տեսանյութ է հրապարակել Խարկովի բնակելի տներից մեկում։ «Հիմա մենք տուն չունենք»,- նշում են բնակիչները։

22:20

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ևս ներկայացրել է առկա իրավիճակը ժամը 16:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 18:00-ի)։

  • Ռուսական զինծառայողները շարունակում են հարձակողական գործողություններն առանձին ուղղություններով՝ հեռահար օպերատիվ-մարտավարական ավիացիայի աջակցությամբ և բարձր ճշգրտության հեռահար զենքի կիրառմամբ։
  • Ուկրաինայի զինված ուժերի խմբերը, Տարածքային պաշտպանության զորքերի հետ համատեղ, պահում են Կիևի պաշտպանությունը։
  • Ուկրաինական զինծառայողները պնդում են, որ Ռուսաստանը ավիացիոն և հրետանային հարվածներ են հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ 
  • Ռազմական գործողության ժամանակ ուկրաինական զինծառայողները ոչնչացրել են մինչև 80 տանկ, 516 զրահամեքենա, 7 ուղղաթիռ, 10 ինքնաթիռ, մինչև 20 թևավոր հրթիռ, ավելի քան 100 ավտոմեքենա։
  • Գլխավոր շտաբը նաև պնդում է, որ ռուսական անձնակազմի շրջանում կորուստների թիվը գերազանցում է 2800-ը։ 
  • Ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերը հագնում են քաղաքացիական հագուստ և ներթափանցում ուկրաինական քաղաքներ՝ իրավիճակի ապակայունացման համար։

22:04

Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով։

21:58

Ուկրաինան առնվազն երկու շաբաթով փակել է բոլոր դպրոցները։

21:49

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները դատապարտել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ Այդ մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, որն ընդունվել է անդամ երկրների հրատապ գագաթնաժողովի արդյունքներով։

«Մենք կշարունակենք քաղաքական և պրակտիկ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որը պաշտպանում է իրեն և կոչ ենք անում մյուսներին նույնպես ցուցաբերել այդպիսի աջակցություն»,- նշվում է հայտարարության մեջ։

21:34

«Աէրոֆլոտ»-ը մինչև մայիսի 23-ը դադարեցրել է թռիչքները դեպի Լոնդոն և Դուբլին։

21:26

Խարկովի բնակիչները թաքնվել են մետրոյի թունելներում։

21:18

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել ուկրաինական խոցված ռազմատեխնիկայի վերաբերյալ։ Տվյալները հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

  • Խոցվել է մարտական վեց ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, հինգ անօդաչու թռչող ապարատ։
  • Խոցվել է 67 տանկ և մարտական զրահապատ այլ մեքենաներ։
  • Համազարկային կրակի 16 ռեակտիվ համակարգ։
  • 87 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

21:08

⚡Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ գտնվում է Կիևում։

21:06

«Աէրոֆլոտ»-ը չի պատրաստվում դադարեցնել թռիչքները դեպի Եվրոպա։ Սակայն Արևմտյան Եվրոպայի երկրներ ռուսական գլխավոր ավիաընկերությունը ստիպված կլինի ավելի երկար թռչել, քանի որ Լեհաստանն ու Չեխիան փակել են իրենց օդային սահմանը ռուսական ինքնաթիռների համար։ S7-ն էլ մինչև մարտի 13-ը չեղարկել է բոլոր թռիչքները։

21:02

Խարկովում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել են հրդեհներ։

20:58

Վերջին 48 ժամվա ընթացքում, ինչ Ուկրաինայում սկսվել են մարտական գործողությունները, այդ երկիրը լքել է ավելի քան 50 հազար մարդ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ 

Մարդիկ հիմնականում փախչում են Լեհաստան և Մոլդովա։ 

Գրանդին շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք չեն փակել իրենց սահմանները և ընդունում են ուկրաինացիներին։ 

20:51

Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հաստատել է, որ արտաքին գործերի հարցերով ԵՄ խորհուրդն ընդունել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որով ենթադրվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվների սառեցում։ Ռինկևիչը հայտարարել է նաև պատժամիջոցների երրորդ փաթեթի մասին։

20:46

Կիևում դարձյալ հնչում է օդային տագնապի ազդանշան։ Այդ մասին հայտնում է BBC-ի թղթակից Իլյա Բարաբանովը։

20:42

Փետրվարի 25-ից սկսած՝ Ռոսկոմնադզորը «քայլեր է ձեռնարկում Facebook սոցիալական ցանցի հասանելիության մասնակի սահմանափակման ուղղությամբ»։ Ինչպես վստահեցնում են գերատեսչությունից, դա իրականացվում է գլխավոր դատախազության որոշման հիման վրա։

Այսօր ՌԴ դատախազությունը Facebook-ը մասնակից է ճանաչել «մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման» մեջ։

Պատճառը սոցիալական ցանցի կողմից ռուսական պետական լրատվամիջոցների՝ «Звезда» հեռուստաընկերության, РИА Новости-ի, Ленты.ру-ի և Газеты.ру-ի պաշտոնական օգտահաշիվների սահմանափակումն է։

20:36

Ռուսական S7 ավիաընկերությունը փետրվարի 26-ից մարտի 13-ը չեղարկում է դեպի Եվրոպա թռիչքները, ինչը պայմանավորված է եվրոպական երկրների կողմից ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքի փակմամբ։

Որոշումը կտարածվի Բուրգաս, Վառնա, Մյունխեն, Վիեննա, Դյուսելդորֆ, Բեռլին, Վերոնա, Բոլոնիա, Միլան, Ալիկանտե, Բարսելոնա, Լառնակա, Պաֆոս, Սալոնիկ, Նիս և Փարիզ թռիչքների վրա։

«Մարտի 13-ից հետո այս ուղղություններով տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասել են ավիաընկերությունից։

20:33

Կիևի մարզային իշխանությունները հայտնում են, որ ռուսական գնդակոծության հետեւանքով քաղաքում զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 15 մարդ վիրավորվել է։ 

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ականատեսները և Կիևի իշխանությունները հայտնում էին քաղաքի տարբեր օբյեկտների հրթիռակոծման մասին։ Ավելի ուշ, ռուսական պետական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ՊՆ իրենց աղբյուրին, հայտարարեցին, որ քաղաքին որևէ հարված չի հասցվել։

Պաշտոնապես ռուսական պաշտպանական գերատեսչությունը չի մեկնաբանել հարվածների լուրերը՝ միայն հայտարարելով, որ չի պատրաստվում թիրախավորել բնակելի շրջանները։

20:27

Meduza-ն մեկ տեղում հավաքել է ՌԴ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Վլադիմիր Պուտինի հիմնական մտքերը։

20:16

Ռուսաստանը հեռացվել է Եվրատեսիլ երգի մրցույթից։ Պատճառը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն է։

20:08

Դմիտրի Պեսկովը՝ բանակցություններին նախապատրաստվելու ընթացքի մասին

«Նախագահի հրամանով ռուսական կողմն ամիջապես ձևավորել է պատվիրակություն, որը բաղկացած է պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից։ Այդ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է ուկրաինացիներին։

Ոչ մեծ դադարից հետո ուկրաինացիները հայտարարել են, որ դիտարկում են Մինսկի հետ կապված գաղափարը, և հիմա նրանք ցանկանում են մեկնել Վարշավա։ Իսկ դրանից հետո ընդհանրապես կապից դուրս եկան և դադար վերցրեցին։ Եվ այդ դադարն արդեն բավականին երկար ձգվում է։ Ցավոք, այդ դադարն ուղեկցվում է նրանով, որ խոշոր քաղաքներում, համապատասխանաբար այն, ինչի մասին խոսել է նախագահը ԱԽ-ի ժամանակ, ազգայնական տարրերն իրականացնում են բնակելի թաղամասերում համազարկային կրակի համակարգերի բացազատում, այդ թվում՝ նաև Կիևում։ Համարում ենք, որ այդ իրավիճակը չափազանց վտանգավոր է և ցանկանում ենք այդ մասին բացարձակ բաց խոսել։ Սա այն է, ինչ ուզում էի ասել»,- հայտարարել է Պեսկովը։

19:54

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը՝ կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն, որով անդամ երկիրը պարտավորվում է «ճանաչել իրավունքի գերակայության սկզբունքը» և երաշխավորել բոլոր անձանց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԽ անդամ պետութուն, սակայն զրկվում է Նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից ու մասնակցությունից։ Սա ժամանակավոր սահմանափակում է։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը շարունակելու է գանգատներ ընդունել ընդդեմ Ռուսաստանի։

Կանոնադրության 8-րդ հոդված հաձայն՝ այդպիսի դեպքերում պետությունը զրկվում է ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և մյուս մարմիններում մասնակցության իրավունքից։ Ընդ որում, Կոմիտեն Ռուսաստանին կարող է առաջարկել դուրս գալ Եվրոպայի խորհրդից, իսկ հրաժարման պարագայում կհեռացնի նրան։

Եվրոպայի խորհրդի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ Ուկրաինա Ռուսաստանի զինված ներխուժման պատճառով։ Անդամակցության կասեցումը վերջնական միջոց չէ, այլ՝ ժամանակավոր։

19:28

Իռլանդիան չեղարկել է Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը։ Այդ մասին հայտարարել է Իռլանդիայի արդարադատության նախարար Հելեն Մաքենթին։

«Ես ցնցված եմ Ուկրաինա ռուսական ներխուժմամբ, անհիմն և չսանձազերված հարձակում Եվրոպայի սուվերեն ժողովրդավարական պետության վրա։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինային և նրա ժողովրդին ու աշխատելով Եվրոպական միության մեր գործընկերների հետ, կօգնենք նրանց դժվարին պահին»,- հայտարարել է Մաքենթին։

19:12

Խերսոնի մարզային վարչակազմը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է քաղաքի մուտքի նկատմամբ վերահսկողության կորստի մասին։

19:09

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել է Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցումը։

18:58

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որի մասին խոսում էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չեն չեղարկում ռազմական գործողությունը։

«Այն խնդիրները, որոնք արդեն կան, նախագահի կողմից դրվել են հատուկ օպերացիայի իրականացումից առաջ։ Իհարկե, ոչ մեկի կողմից չեն հանվել, դրանք արդիական են»,- ասել է Զախարովան։

18:49

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է գումարել։ Հիմնական մտքերը, որոնք հնչել են նիստի ժամանակ.

  • Նեոնացիստները ծանր սպառազինություն են տեղակայում բնակելի թաղամասերում և գործում են որպես ահաբեկիչներ։
  • Պուտինը ուկրաինացիներին կոչ է անում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը.  «Ձեզ հետ մենք ավելի հեշտ կպայմանավորվենք»։
  • Տեղի ունեցող իրադարձություններին մասնակցում են արտասահմանյան խորհրդատուներ, այդ թվում՝ ամերիկյան խորհրդականներ։

18:41

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր ընդգրկման պարագայում Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի»։

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանների մասին դեռևս չեն հայտարարել։ Ավելին, մոտ երկու շաբաթ առաջ Շվեդիան հայտարարել էր, որ մտադրություն չունի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին։

18:33

Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել միջազգային բոլոր մրցաշարերը Բելառուսից և Ռուսաստանից տեղափոխել մեկ այլ երկիր, ինչպես նաև՝ մրցաշարերի ժամանակ չկախել Ռուսաստանի ու Բելառուսի դրոշները։

18:30

Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որը 2022 թվականին պետք է անցկացվեր Ռուսաստանում, կանցկացվի մեկ այլ երկրում։

18:26

Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցների մասին։

Եվրոպական միությունը համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցների փաթեթը, որն անհատապես կտարածվի նաև նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի վրա։ Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։

Նոր պատժամիջոցներից մեկը կլինի Ռուսաստան օդանավերի պահեստամասերի մատակարարման արգելքը:

18:23

Կիև, փետրվարի 25:

18:19

Ավստրիայի և Գերմանիայի իշխանությունները հաստատել են, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովը։ Ընդ որում, պատժամիջոցները չեն սահմանափակի նրանց տեղաշարժը։ Օրինակ, Լավրովը առաջիկայում նախատեսում է այցելել Ժնև։

18:17

Գերմանիայի ԱԳՆ-ն ևս հայտարարել է, որ SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատում դեռևս չի նախատեսվում։

18:12

The Associated Press գործակալությունը ցուցադրել է Կիևի մոտ պայթեցված կամուրջը։ Գործակալության թղթակից Ֆրանչեսկա Իբելը հիմա գտնվում է Կիևից հյուսիս։ Տեսանյութում երևում է նախկին կամուրջը, որը պայթեցրել են ուկրաինացի զինվորականները, որպեսզի կանգնեցնեն ռուսական զորքերի առաջխաղացումը։

18:08

Լիտվան արգելել է ռուսերենով վեց հեռուստաընկերությունների վերահեռարձակումը։ 

18:03

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անձամբ եկել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն, որպեսզի դեսպանին փոխանցի Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ իր մտահոգությունը։ Սա դիվանագիտական արարողակարգից աննախադեպ շեղում է, գրում է Reuters պարբերականը։

17:58

⚡ Չեխիան ևս պատրաստվում է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

17:55

Կիևում դարձյալ միացվել է օդային տագնապի ազդանշանը։ Բնակիչները փորձում են արագ թաքնվել կամ մտնել ապաստարաններ։

17:52

Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ անհատական պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։

17:47

⚡ Լեհաստանը պատրաստվում է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

17:42

Չեխիան դադարեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին կացության իրավունք տալու գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Ավելի վաղ, չեխական կողմը դադարեցրել էր ՌԴ քաղաքացիներին մուտքի արտոնագիր տալու գործընթացը։

17:34

Լվովի մարզում հայտարարվել է պարետային ժամ, որը կգործի երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն։

Պարետային ժամն արդեն իսկ գործում է Կիևում։

17:21

УНИАН-ը հրապարակել է Կիևի բնակիչներին ուղղված կոչը։ «Ուկրաինայի զինված ուժերը մտնում են Կիև քաղաքի պաշտպանության համար։ ՆԳՆ-ն կիևցիներին խնդրում է չնկարահանել տեխնիկան»։

17:17

The Financial Times-ը հայտնում է, որ Եվրամիությունը պատրաստվում է սառեցնել Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի ակտիվները։ Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ այդ միջոցները ներառվել են պատժամիջոցների փաթեթի մեջ, որը փետրվարի 25-ին նախատեսում է հաստատել ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները։ Ընդ որում, Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցները չեն ներառում վիզային սահմանափակումներ։

17:12

⚡ Վլադիմիր Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

17:08

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը հայտնում են, որ Ռուսաստանի կողմից կորուստների թիվը գերազանցել է հազարը։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ որևէ կորուստ չունի։

17:02

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը խզել է «Աէրոֆլոտ»-ի հետ պայմանագիրը, որի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիան։ Ավիաընկերությունը ֆուտբոլային ակումբի հովանավորներից մեկն էր։

17:00

Կիևում դարձյալ միացրել են օդային տագնապի ազդանշանները։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքը մտել է պաշտպանության փուլ, որի պատճառով քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տանը կամ ապաստարաններում։ Համացանցում հրապարակվում են տեսանյութեր, որտեղ լսվում են կրակոցներ։

16:54

⚡ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ ռուսական զինծառայողները արևմտյան կողմից շրջափակել են Կիևը, ինչպես նաև ամբողջությամբ շրջափակել Չեռնիգովը։ Ռուսական կողմի պնդմամբ՝ իրենք տուժածներ չունեն։

16:39

⚡ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը զբաղեցրել են «Անտոնով» օդանավակայանը, որը գտնվում է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Օդանավակայանի համար մարտերն ընթանում էին փետրվարի 24-ի երեկոյան և փետրվարի 25-ի ուշ գիշերը։ ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է ավելի քան 200 ուղղաթիռ և դեսանտային։

Ռուսական կողմի պնդմամբ՝ սպանվել է Ուկրաինայի ավելի քան 200 հատուկ ջոկատային։ Ըստ ռուսական կողմի՝ իրենց կողմից տուժածներ չկան։

16:22

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Գրոզնիում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է ներողություն խնդրի Վլադիմիր Պուտինից։

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ խորհուրդ տալ դեռևս գործող նախագահ Զելենսկուն, քանի դեռ նա չի դարձել Ուկրաինայի նախկին նախագահ, որ շուտ զանգահարի մեր նախագահին, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և ներողություն խնդրի»։

16:18

Լրագրող Դմիտրի Դուրնևը Новая газета-ին պատմել է Կիևում և նրա արվարձաններում առկա իրավիճակը։

«Շատ նյարդային իրավիճակ է։ Քաղաք դիվերսանտներ են ներթափանցել։ Երեկ մեր շրջանում մարդիկ խանութներում ջրի հերթ էին կանգնել, այսօր նրանք արդեն չեն երևում։ Հանկարծ բոլորը հասկացան, որ բենզին ու դեղեր չունեն։ Ես հասցրեցի վերցնել անհրաժեշտ դեղամիջոցները։ <...> Կես ժամ առաջ լսվեց հրետանային ռմբակոծություն։ Այնպիսի զգացում է, որ հրթիռների հարված էր։ Առավոտ անցա խանութներով, մեր տան մոտ գործում է«Сiльпо»-ն։ Անցնում էի դպրոցների մոտով, իսկ այնտեղ պաստառ է փակցված, որ «այստեղ գտնվում են խաղաղ բնակիչներ, մի' կրակեք»։ Կիևի բնակիչներին անձնագրերով բաժանվող զենքերն սկսել են չհերիքել»։

16:00

Չինական հեռուստատեսություն. «Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով բանակցությունների»։

Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինաստանի նախագահը Պուտինին հայտարարել է, որ կաջակցի բանակցությունների ճանապարհով Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։

Հեռախոսազրույցից հետո Չինաստանի հեռուստատեսությունը հայտնել է, որ Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը պատրաստակամություն է հայտնել բարձր մակարդակով բանակցություններ վարելուն։ Միևնույն ժամանակ հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում հետ կոնկրետ բանակցություններ է ցանկանում վարել Պուտինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանին։

15:45

Baza-ն հայտնում է, որ Չեչնիայում Ռոսգվարդիայի մոտ 10 000 աշխատակիցներ, հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի հրամանով, պատրաստվում են մեկնել Ուկրաինա։

15:42

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հրթիռն ընկնում Կիևի կենտրոնից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուչա շրջանի բնակելի հատվածի տարածքում։

15:38

Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Որպեսզի կանգնեցնենք մարդկանց զոհվելը»,- իր նոր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև կոչ է արել Եվրոպայի երկրների բնակիչներին կանգնել Ուկրաինայի պաշտպանությանը։ «Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա դա ոչ միայն ներխուժում է, այլև պատերազմի սկիզբ Եվրոպայի դեմ։ Եվրոպայի միասնությանդ դեմ։ Ընդդեմ Եվրոպայում մարդու պարզ իրավունքների։ Ընդդեմ մայրցամաքում համակեցության բոլոր կանոնների։ Ընդդեմ նրա, որ եվրոպական պետությունները հրաժարվում են ուժով կիսել սահմանները»,- ասել է Զելենսկին։

Նա նաև դիմել է ռուսաստանցիներին. «Դուրս եկեք, դուրս եկեք հրապարակներ և պահանջեք պատերազմի ավարտ։ Սա մեր իրավունքն է։ Սա ձեր իրավունքն է»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

15:30

Երկրորդ տեսանյութում լսվում է մոտ 1,5 ժամ առաջ Կիևում միացած օդային տագնապի ազդանշանը։

15:21

РИА Новости-ի ՌԴ ՊՆ աղբյուրը պնդում է, որ Կիևի երկնքում «ջահի ի հայտ գալը» պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի ՌՕՈւ-ն շփոթմամբ խոցել է սեփական Су-27 ինքնաթիռը, որն իրականացնում էր պարեկություն։ 

«Կիևի մոտ տեղակայված ՀՕՊ զենիթա-հրթիռային համալիրներից մեկը շփոթմամբ խոցել է օդային պարեկություն իրականացնողСу-27 կործանիչը»,- հայտնել է ռուսական պետական լրատվական գործակալության զրուցակիցը։

15:14

Ուկրաինայում հերթեր են արյան դոնորների կենտրոնների առաջ։ Ահա լուսանկար Լվովից։

15:09

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը կողմ է բանկային վճարումների միջազգային SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելուն, սակայն որոշ երկրներ դեմ են այդ պատժամիջոցի կիրառմանը։ 

«Մենք ցանկանում էինք առաջ գնալ, ցանկանում էինք դիտարկել SWIFT համակարգը, որը ռուսական բանկերին հնարավորություն է տալիս ողջ աշխարհում վճարումներ իրականացնել և գազի դիմաց գումար ստանալ»,- BBC-ի եթերում հայտարարել է բրիտանացի նախարարը։ «Բայց դուք հասկանում եք, որ շատ այլ դեպքերի նման, խոսքը գնում է միջազգային կազմակերպությունների մասին։ Եվ եթե ոչ բոլոր երկրներն են ցանկանում նրանց դուրս շպրտել այդ համակարգից, դա դժվար է անել»,- հայտարարել է Ուոլեսը։

15:06

Ռուսաստանի բանկը հայտնել է, որ պատժամիջոցների տակ հայտնված ВТБ-ի, Совкомбанк-ի, Новикомбанк-ի, Промсвязьбанк-ի և «Открытие» բանկի քարտերը չի կարելի օգտագործել Apple Pay-ում և Google Pay-ում։ Այդուհանդերձ, այդ քարտերը շարունակում են գործել Ռուսաստանում։

14:47

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծության և ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, ևս 102-ը վիրավորվել է։ Կազմակերպությունը նշում է, որ տուժածների և մահացածների թիվը, ամենայն հավանականությամբ, կրճատված է։ Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է 137 զոհի մասին, որոնց թվում կան և' զինծառայողներ, և' քաղաքացիական անձինք։

14:35

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում «դեպի դրականն են համարում» Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները Մոսկվայի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ բանակցությունների անցկացման պատրաստակամության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները վերլուծում են այդ հայտարարությունները։

14:23

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին։

Լավրովի պնդմամբ՝ «որևէ մեկը չի պատրաստվում բռնազավթել Ուկրաինան»։

14:21

Անգելա Մերկելն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն անվանել է «Եվրոպայի պատմության մեջ խորը շրջադարձային պահ»։ «Ռուսաստանի կողմից այդ ագրեսիվ պատերազմը կխորհրդանշի Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի պատմության մեջ խորը շրջադարձային պահ»,- dpa գործակալությանը հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլերը։

Ըստ նրա՝ որևէ արդարացում չկա միջազգային իրավունքի այդ աղաղակող խախտմանը, և ինքը վճռական կերպով քննադատում է դա։ «Այս ահավոր ժամերին ու օրերին իմ մտքերն ու համերաշխությունը ուկրաինացի ժողովրդի և կառավարության հետ են՝ նախագահ Զելենսկու գլխավորությամբ»,- հայտարարել է Մերկելը։

14:16

Փետրվարի 24-ի երեկոյան Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ծեծի է ենթարկվել ռուս դիվանագետ։ Տուժել է Ռուսաստանի դեսպանության երրորդ քարտուղարը, որը բուժօգնության չի դիմել։ Կասկածյալը ձերբակալվել է։

14:14

Կիևի վարչակազմը Օբոլոնի շրջանի բնակիչներին խնդրել է դուրս չգալ փողոց՝ «ակտիվ մարտական գործողությունների մոտեցման պատճառով»։ Առավոտվանից այդ շրջանում նկատվում է ռազմական տեխնիկա, ինչպես նաև լսվում են կրակոցներ։

14:11

Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան չեղարկել է Ռուսաստանում 2021/22 մրցաշրջանի աշխարհի գավաթի մնացած փուլերի անցկացումը։

14:10

Ուկրաինական բանակը հայտարարել է, որ Կիևի Օբոլոնի շրջանում ուկրաինացի զինծառայողները սպանել են ռուսաստանցի զինծառայողներին, որոնք հագել էին Ուկրաինայի ԶՈւ համազգեստ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

14:01

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է պատժամիջոցների պատճառով ռուսական բոլոր բանկերի «ամբողջական շրջափակման» մասին։

Նա նաև հայտնել է Ռուսաստանի հետ բիզնեսի իրականացման գրեթե ամբողջությամբ դադարեցման մասին։ Ընդ որում՝ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բանկերի միջոցով առանձին բանկային գործառնություններ հնարավոր են։ Դա վերաբերում է, օրինակ, գազի համար վճարումներին և գերմանական ընկերությունների միջև փոխանցումներին։

13:59

Դահուկասպորտի նորվեգական ֆեդերացիան հայտարարել է, որ իր մարզիկները Ռուսաստանի տարածքում չեն մասնակցի սպորտային մրցույթներին։ Մարտի 18-22-ը Տյումենում նախատեսվում է անցկացնել Դահուկավազքի աշխարհի գավաթի եզրափակիչը։

13:56

Ուկրաինական УНИАН լրատվամիջոցը հրապարակել է Խարկովի փողոցների վրա ընկած ռեակտիվ արկերը։

13:53

ТАСС-ը, РИА Новости-ն և Интерфакс-ը, հղում անելով ՌԴ ՊՆ աղբյուրին, գրեթե միաժամանակ հայտնել են, որ ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ չեն հասցրել Կիևին։

13:49

Ականատեսներից մեկը կարողացել է ֆիքսել Խերսոն քաղաքի վրա ավիահարվածը։

13:47

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Փարիզ։ Պատճառը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն է։

13:44

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայում և վտանգի մեջ կարող են հայտնվել, խորհուրդ է տվել ցամաքային սահմանով անցնել Մոլդովա։

Ուզբեկստանի իշխանություններն էլ որոշել են Ուկրաինայից Լեհաստանի միջոցով տարհանել իրենց քաղաքացիներին։

13:41

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն սկսվել է Կիևի իշխանությունների պատճառով։ «Ինչ վերաբերում է գործողություններին, որոնք տեղի են ունենում մեր հարազատ Ուկրաինայում... Դե ինչ, ժողովուրդն ընտրել է այդպիսի ղեկավարություն։ Այնտեղ տեղի ունեցող ողջ պատճառը Ուկրաինայի ղեկավարությունն է»,- ասել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ դեռ ԽՍՀՄ տարիներին Ուկրաինայում տեսել է «ազգայնականություն, որն անհամեմատելի էր բելառուսների հետ»։

13:39

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունը սկսել է, որպեսզի ուկրաինացիները, «ազատվելով լծից», ինքնուրույն որոշեն իրենց ապագան։

13:34

Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Դա միայն ավելի շատ վնաս կհասցնի մեր երկրին և մեր բնակչությանը»,- ասել է նա։

Վարչապետն իր հայտարարության մեջ դատապարտել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ «Ես ցանկանում եմ հաստատել մեր համերաշխությունն ու կոչ անել միջազգային հանրությանն անել ամեն հնարավորը, որ կանգնեցվի Ուկրաինայում այդ ռազմական գործողությունները»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

13:27

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Բելգորոդի մարզում յոթ տուն վնասվել է՝ Ուկրաինայի  արձակած արկերի հետևանքով։ Բնակիչներին տեղափոխել են հյուրանոցներ։ Տուժածների կամ զոհերի մասին տվյալներ չկան։

13:24

Կիևում օդային տագնապի ազդանշան է միացվել։

13:16

The Associated Press-ը հայտնել է Կիևի կառավարական թաղամասում կրակոցների ձայների մասին։ «Արևածագից առաջ Կիևում հնչել են կրակոցներ, իսկ ավելի ուշ կառավարական թաղամասի մոտ տեղի ունեցել հրաձգություն»,- հայտնում է գործակալությունը։

13:09

Դոնեցկի կենտրոնը ենթարկվել է զանգվածային հրետակոծման։ Արկերի պայթյունները լսվել են Դոնեցկի կենտրոնում։ Ըստ ռուսական կողմի՝ հարվածները հասցվում են 152 միլիմետրանոց հաուբիցից։

13:02

Եվս մեկ տեսանյութ Կիևի Օբոլոնի շրջանից, որտեղ, Ուկրաինայի ՊՆ տվյալներով, գործում է ռուսական դիվերսիոն-հետախուզական խումբ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ռուսական տանկերը կրակ են արձակել բնակելի տան վրա։

13:00

Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ Ղրիմի իշխանության մարմինների IT ենթակառուցվածքները ենթարկվել են հաքերային հարձակման։ Այդուհանդերձ, բոլոր ռեսուրսները գործում են սովորական ռեժիմով։

12:57

Ռոսավիացիան արգելել է դեպի Ռուսաստան այն ինքնաթիռների թռիչքները, որոնք կապ ունեն Մեծ Բրիտանիայի հետ։ Նաև արգելվել են տրանզիտ թռիչքները։

Հիշեցնենք, նախօրեին բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել «Աէրոֆլոտ»-ի դեմ և արգելել այդ ավիաընկերության թռիչքները Մեծ Բրիտանիա։

12:53

«Թալիբան» արմատական շարժումը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել «ճգնաժամը լուծել երկխոսության և խաղաղ միջոցների ճանապարհով»։

12:51

Վինիցայում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։

12:49

Օվկիանայում գտնվող Միկրոնեզիայի դաշնային նահանգները հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, ինչը պայմանավորված է «Ուկրաինա չարդարացված և դաժան ներխուժմամբ»։ 

12:46

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Sky News-ին հայտնել է, որ, բրիտանական իշխանությունների տվյալներով, Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելուց հետո կորցրել է ավելի քան 450 զինծառայող։

12:39

Չերկասիի մարզի Վոզնեսենսկոյե գյուղի մոտ, տեղի ոստիկանության տվյալներով, ուկրաինացի զինծառայողները խոցել են ռուսական ինքնաթիռ։ Օդաչուին փնտրում են։

12:34

Կիևի բնակիչները հրապարակում են քաղաքի փողոցներում ռուսական ռազմատեխնիկայի տեսանյութեր։ Ուշադրությո'ւն, տեսանյութում կա հայհոյանք։

12:23

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է պատրաստել Ուկրաինայում ռազմական գործողության վերաբերյալ։

  • ռուսական զինծառայողները շարքից հանել են 118 ռազմական օբյեկտ, այդ թվում 11 օդակայան,
  • խոցել ուկրաինական հինք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ և հինգ անօդաչու,
  • կործանել ուկրաինական 18 տանկ, 
  • համազարկային կրակի 7 ռեակտիվ համակարգ, 41 ավտոմեքենա, 5 նավակ, 14 «Оса» զենիթահրթիռային համալիր և С-300,
  • վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի նկատմամբ։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ ատոմային էլեկտրակայանի ճառագայթման գոտում ռադիոակտիվ ֆոնը նորմայի դաշտում է։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ուկրաինացի 82 զինծառայողներ զենքերը ցած են դրել և հանձնվել Սև ծովի Զմեյնի կղզու տարածքում (Օդեսայի մարզ)։

12:19

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիև Օբոլոն շրջանում «գործում է թշնամական դիվերսիոն խումբ»։ Զինվորականները քաղաքացիներին կոչ են արել հայտնել տեղաշարժվող տեխնիկայի վերաբերյալ և դիվերսանտների դեմ կիրառել «Մոլոտովի կոկտեյլ»։

12:04

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է չեզոք կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, սակայն նա պետք է ստանա անվտանգության երաշխիքներ:

«Ուկրաինան մշտապես թողել և թողնում է բանակցությունների համար տարածք։ Այդ թվում և հիմա, երբ Ռուսաստանը գնացել է լայնամասշտաբ ներխուժման։ Այս պատերազմը պետք է դադարեցնել։ Այս ռազմական գործողությունները պետք է դադարեցնել», - ասել է նա:

11:58

Կիևի Մինսկի զանգվածում լսվում են կրակոցների ձայներ։ Մետրոյի «Օբոլոն» կայարանը փակ է, իսկ դրա հարակից շրջանում լսվում են հրետանու կրակոցներ։

11:51

Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Աննա Միլյարը հայտնել է, որ ուկրաինական երկու մեքենաները, որոնցով ռուսական զինծառայողները շարժվում էին Կիևի կողմ, «վնասազերծվել են»։

11:42

Ուկրաինայի ատոմային կարգավորման պետական ծառայությունը հայտնել է, որ Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի ճառագայթման գոտում, որը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո, գրանցվել է գամա ճառագայթման դոզաչափի վերահսկելի մակարդակի գերազանցում։

«Այդպիսի տատանումները կապված են ճառագայթման գոտում մեծ թվաքանակով ծանր ռազմատեխնիկայի տեղաշարժի հետ։ Ատոմային սարքավորումների և Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի վիճակն առանց փոփոխության է»,- հայտնել են ուկրաինական ծառայությունից։

11:35

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Անդրեյ Տուրչակը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից տարհանման մեկնարկից ի վեր Ռուսաստան է մեկնել մոտ 120 հազար մարդ։ Ժամանակավոր տեղակայման վայրեր են բացվել Ռուսաստանի 15 վարչական միավորներում։ 

Ռոստովի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից Ռուսաստան է մեկնել մոտ 7000 մարդ։ 

11:27

Կիևում գիշերային պայթյունի հետևանքը։

11:25

Ականատեսները հայտնում են Կիևի մատույցներում գտնվող Գոստոմելի շրջանում բախումների մասին։

11:20

Ռուսական զինված ուժերը Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում հարձակվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի վրա։ Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքում կա մեծ թվաքանակով ռուսական ռազմատեխնիկա, ինչպես նաև ուկրաինական տանկեր։

11:16

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը պնդում է, որ ռուսաստանցի զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու ավտոմեքենա, «հագնվել ուկրաինացի զինվորականների համազգեստ և մեծ արագությամբ Օբոլոնի կողմից շարժվում են Կիևի կենտրոն»։ Մալյարի խոսքով՝ մեքենաների հետևից շարժվում է ռուսական ռազմական բեռնատարների շարասյուն։

11:13

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Զելենսկու խնդրանքով Վլադիմիր Պուտինին զանգահարելու մասին։ Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ խոսակցությունը եղել է «բաց, ուղիղ և արագ»։ Մակրոնը նշել է, որ զանգահարել է Զելենսկու անունից, որպեսզի Պուտինին խնդրի դադարեցնել ռազմական գործողությունները։ Ավելի վաղ, Պուտինը չէր պատասխանել Ուկրաինայի նախագահի զանգերին։

«Դա որևէ արդյունք չտվեց։ Ռուսաստանի նախագահն ընտրել է պատերազմը»,- հեռախոսազրույցի մասին ասել է Մակրոնը։

Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը Մակրոնին տվել է «սպառիչ բացատրություն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառների վերաբերյալ»։

11:08

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Բուխարեստի ինյակին՝ Կիևին պաշտպանական օգնություն տրամադրելու խնդրանքով։

«Քննարկել եմ դա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Դիմել եմ Բուխարեստի ինյակին պաշտպանական օգնության, պատժամիջոցների, ագրեսորի վրա ճնշումների գործադրման համար։ Միասին Ռուսաստանին պետք է նստեցնենք բանակցությունների սեղանին։ Մեզ անհրաժեշտ է հակառազմական կոալիցիա»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վլադիմիր Զելենսկին։

11:05

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում են ռուսաստանցի ռազմագերիներ։

11:02

ՌԴ քննչական կոմիտեն դատարանին խնդրել է ձերբակալել 22-ամյա աղջկան, որը, քննության վարկածով, Մոսկվայում տեղի ունեցած հակառազմական բողոքի ցույցի ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ոստիկանների ուղղությամբ։

11:00

Եվրոպայի օդային տարածքը ժամը 11:00-ի դրությամբ։

10:58

Երևանի ժամանակով այսօր՝ ժամը 18:00-ին, կկայանա Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի հրատապ գագաթնաժողովը։

10:54

Կիևի մոտ գտնվող Վիշգորոդ քաղաքում հստակ լսվում են հրետանային միջոցների ձայները։ Քաղաքի բնակիչները դուրս են գալիս փողոցներ, ոմանք փախչում են երեխաների հետ, մյուսները՝ հեռանում մեքենաներով։

10:53

Էստոնիայի իշխանությունները ուկրաինացիներին թույլատրել են մնալ իրենց երկրում՝ մուտքի արտոնագրերի ժամկետների լրանալու պարագայում։ Բացի այդ, էստոնական իշխանությունները Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք չունեն կենսաչափական անձնագրեր, թույլատրել են առանց մուտքի արտոնագրի մտնել Էստոնիա։ Ավելի վաղ, այդպես կարող էին անել միայն կենսաչափական անձնագրեր ունեցողները։

10:49

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական տեխնիկայի տրամադրման մասին։ Նա նաև խոստացել է, որ Ուկրաինան Ֆրանսիայից կստանա 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։

Բացի այդ, Ֆրանսիան մտադիր է նաև արագացնել իր զինծառայողների տեղակայումը Ռումինիայում։

Մակրոնը խոստացել է, որ Եվրամիության հայտարարած պատժամիջոցներից զատ Ֆրանսիան Ռուսաստանի նկատմամբ կսահմանի սեփական պատժամիջոցները, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Մակրոնը նաև հայտարարել է, որ Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ուկրաինային կտրամադրի 1,2 միլիարդ եվրո օգնություն։

10:41

Новая газета-ն Ուկրաինայում մարտական գործողությունների առցանց ինտերակտիվ քարտեզ է հրապարակել։

10:38

Ռոստովի մարզի Միլերովո ռազմական օդակայանում արկակործման հետևանքով հրդեհ է սկսվել, գրում է Baza-ն։ Ռուս բլոգերի պնդմամբ՝ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել օպերատիվ-մարտավարական «Տոչկա-Ու» համալիրից։

10:34

Տեղի ժամանակով առավոտյան 05:40-ին (Երևանի ժամանակով 07:40-ին) Սումի մարզում սկսվել է ռուսական ռազմատեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ Ախտիրկայի մատույցներում՝ Սումիից մոտ 75 կմ հեռավորության վրա մարտեր են սկսվել։

10:29

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Չեռնիգովի մոտ հետ են մղել ռուսական հարձակումը։ Նա ռազմավարի լուսանկարներ է հրապարակել։

10:26

Կիևի մոտ գտնվող Վիշգորոդ քաղաքի մատույցներում հզոր պայթյուն է տեղի ունեցել։

10:25

Մոտ 10 րոպե առաջ Կիևում դարձյալ միացվել է օդային տագնապի ազդանշանը։ Նախորդը եղել էր մոտ 45 րոպե առաջ։ «Ուշադրությո՛ւն։ Հայտարարվո՛ւմ է օդային տագնապ։ Անմիջապես գնացեք մոտակա ապաստարան»,- հայտնել է Կիևի քաղաքային վարչակազմը։

10:20

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունից հայտնում են, որ մեկ օրվա ընթացքում իր տարածքը գնդակոծվել է 139 անգամ։ Ըստ տեղի իշխանությունների՝ զոհվել է 2 և վիրավորվել 12 խաղաղ բնակիչ։

10:17

Bloomberg-ի հաշվարկներով՝ պատերազմի առաջին օրը ռուս գործարարները կորցրել են 39 միլիարդ դոլար։

Մեկ օրվա ընթացքում ամենաշատը կրճատվել է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովի կարողությունը` 6,2 միլիարդ դոլարից մինչև 13 միլիարդ դոլարով։

10:12

Մոտ կես ժամ առաջ Կիևում հայտարարվել է օդային տագնապ։ Այդ պահին մետրոյի «Օբոլոն» կայարանն ուներ այս տեսքը։

10:08

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր կլինի «ամենածանր օրը»։ «Թշնամու ծրագիրն է տանկային շարասյուներով Իվանկովոյի և Չեռնիգովի կողմից ներխուժել Կիև»,- գրել է նա։

10:00

Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ուկրաինայի իշխանությունները Անկարայից պաշտոնապես խնդրել են սահմանափակել Ռուսաստանի ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքական կողմը նշել է, որ Թուրքիան կարող է փակել նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն Ռուսաստանը իրավունք կունենա վերադարձնել իր նավատորմը ռազմաբազաներ։

09:57

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հրապարակել է Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքից լուսանկարներ, որը տուժել է գնդակոծության արդյունքում։ Ծառայության տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ։

Բացի այդ, հրապարակվել է մի տեսանյութ, որը, ըստ Новое издание-ի, արվել է Ստարոբելսկում։

09:46

Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձ է հղել ուկրաինացիներին և ռուսաստանցիներին։

Ուկրաինացիներին ուղղված ուղերձից։

«Միայն համերաշխությունը, միայն ուկրաինացիների վճռականությունը կարող է պահպանել մեր հաղթանակը և պաշտպանել պետությունը։ Բանակը, սահմանապահները, Ազգային գվարդիան, ոստիկանությունը, հետախուզությունը, տարածքային պաշտպանության ուժերը բոլորն առավելագույնս կատարում են իրենց մարտական առաջադրանքները։ Պաշտպանվո՜ւմ ենք։ Չենք կանգնո՜ւմ։ Փա՜ռք Ուկրաինային»։

Ռուսաստանցիներին ուղղված ուղերձից։

«Այսօր գիշերը սկսել են ռմբակոծել է հերոս քաղաք Կիևի բնակելի թաղամասերը։ Այս ամենը հիշեցնում է 1941 թվականը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, որոնք դուրս են գալիս բողոքի ցույցերի, ուզում եմ ասել՝ մենք ձեզ տեսնում ենք։ Դա նշանակում է, որ դուք մեզ լսեցիք։ Դա նշանակում է, որ դուք մեզ սկսում եք հավատալ։ Պայքարեք մեզ համար, պայքարեք պատերազմի դեմ»։

09:34

Կիևի շենքերից մեկը, որի վրա փետրվարի 25-ի առավոտյան հրթիռ է ընկել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ տուժել է 3 մարդ։ Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում։ 

09:25

«Украинская правда»-ն գրում է, որ Իվանկովո քաղաքատիպ ավանի մոտ, պայթեցնելով կամուրջը, կանգնեցվել է ռուսական տեխնիկայի առաջխաղացումը։ Իվանկովոն գտնվում է Կիևից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա։

09:17

Հրապարակվել են Սումի քաղաքում գիշերային մարտերի կադրերը։ 

09:04

CNN-ը, հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իր աղբյուրին, հայտնում է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով ռուսական զորքերը գտնվում են Կիևից 32 կիլոմետր հեռավորության վրա։

09:00

Ինչ է կատարվել փետրվարի 25-ի գիշերը՝ հակիրճ

  • Պատերազմի առաջին օրը զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, որոնցից 10-ը սպա է, 316 մարդ վիրավորվել է։ Այս տվյալները հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սև ծովում Զմեյնի կղզու մարտերում զոհվել է պարեկություն անող բոլոր 13 սահմանապահ։ Նրանց բոլորին հետմահու կշնորհվի «Ուկրաինայի հերոս» կոչում։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին։ Խարկովի բնակիչները ստիպված են եղել գիշերել մետրոյում։

  • Առավոտյան՝ 05:30-ին Կիևը ենթարկվել է հրթիռակոծության։ Սոցիալական ցանցերում ականատեսները հայտնում են Տրոյեշինայում և Պոզնյակում մի քանի պայթյունների մասին։ Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 25-ին ակնկալվում է Կիևի վրա գրոհ։ Ինչպես հայտարարել է ուկրաինական կողմը, քաղաքում այրվել է 9 հարկանի բնակելի շենք, շենքի վրա են ընկել ՀՕՊ կողմից խոցված ռուսական հրթիռի մնացորդները։ Ենթադրաբար, խոսքը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռի մասին է։

  • Սպիտակ տունը պնդում է, որ ռուսական զորքերը փորձել են գերեվարել Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին։ «Դա մարդկանց անօրինական և վտանգավոր պահել է, որը կարող է խաթարել այն ծառայությունների աշխատանքը, որոնք աջակցում են միջուկային թափոնների պահեստարանների գործունեությանը։ Մենք դատապարտում ենք այդ գործողությունները և պահանջում նրանց ազատ արձակել»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։ Ավելի վաղ, ուկրաինական կողմը հաստատել էր, որ Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանը և դրան հարող գոտին անցել է ռուսական վերահսկողության տակ։

  • Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում հայտարարել է համընդհանուր զորահավաք։ Զորակոչին ենթակա են զինապարտներն ու պահեստազորայինները։ Զորակոչման ենթակա անձանց թվի մասին չի նշվում։ Թիվը պետք է որոշի երկրի գլխավոր շտաբը։
  • Եվրամիությունն էլ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների մասին, որոնք կընդգրկեն Ռուսաստանի բանկային հատվածի 70 %-ը և հիմնական պետական ընկերությունները, ներառյալ ռազմական արդյունաբերությունը։ ԵՄ-ն նաև պլանավորում է արգելք դնել նավթի արտահանման վրա և «Ռուսաստանի համար անհնարին դարձնել նավթավերամշակման գործարանների կատարելագործումը» ու արգելել ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների և ավիացիոն սարքավորումների վաճառքը։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կխստացնի նաև Ճապոնիան։

Փետրվարի 24-ի իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ CHRIS MCGRATH/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter