HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք երջանիկ ընտանիք ենք, միակ երազանքս էն է, օր մեր տունն ունենանք»

Գյումրեցի Հրաչ Հովհաննիսյանը 1988-ի երկրաշարժի ժամանակ 7 տարեկան է եղել։ Նա լավ չի հիշում իրենց մեծ ու քարաշեն տունը, որը փլվել է երկրաշարժից։ Ասում է՝ ամբողջ կյանքն անցել է տնակում։ Հիմա նույն տնակում իր երեխաներին է մեծացնում։ Իսկ տուն ունենալու հույսը գրեթե կորցրել է։ Դժվարանում է հիշել, թե քաղաքապետարանում երկրաշարժից հետո տուն ստացողների հերթում իրենց համարը որն է․ «90 քանիսն ենք, չեմ էլ հիշե»,- ասում է նա։ Ի տարբերություն նրա, կինը՝ Գայանե Հովհաննիսյանը, հստակ հիշում է․ «97-ն ենք, Հրաչ»։

Հրաչը մեզ է ներկայացնում կնոջն ու ասում, որ անունը անձնագրով Ազնիվ է, բայց բոլորը Գայանե են ասում, ապա կատակում է՝ ազնիվ Գայանեն է։ Նրանք ունեն երկու երեխա՝ 9-ամյա Սոֆյան և 14-ամյա Լևոնը։

Գայանեն ասում է՝ տնակում պայմանները լավ չեն, բայց չի սիրում դժգոհել։ «Էնքանով եմ գոհ, որ չենք հիվնդնա, մենակ իմ աչքերս են, որ նորմալ չեն տեսնի, թե չէ՝ հեչ մեկս էլ խնդիր չունինք։ Երեխեքս էլ նորմալ են, լավ է, օր ընձի չեն քաշե»,- ասում է Գայանեն։ Նրա խոսքով՝ բարձր աստիճանի կարճատեսություն ունի՝ -20։ Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել, բայց իրենք չեն համաձայնել՝ մտածելով, որ ավելի վատ կլինի։

Ընտանիքը 30 հազար դրամ նպաստ է ստանում և 28 հազար 700 դրամ թոշակ՝ Գայանեի հաշմանդամության համար։ Թեև գլուխը կախ աշխատանքից Գայանեի առողջական վիճակը վատանում է, աշնանն ամուսնու հետ գյուղերում կարտոֆիլ է հավաքում և միասին օրական վաստակում են 10 հազար դրամ։ «Աշունը շատ լավ էր, երեխեքիս համար դպրոցի հագուստ առանք, կոշիկ առանք։ Փողի կեսին կարտոֆիլ առանք, որ ձմեռը յոլա երթայինք, քիչ-քիչ փակոց կենեի։ Սոցկենտրոնն էլ երեխեքին գրենական պիտույքներ էր տվել»,- ասում է Գայանեն։

Հպարտությամբ նշում է՝ իր ձեռքբերումն իր ընտանիքն է։ Հիշում է՝ մի անգամ Լևոնին կոնֆետ են տվել, տղան չի կերել, բերել է տուն, որ բոլորով ուտեն․ «Զանգել է ընձի, թե՝ մա, կոնֆետ են տվե։ Կըսեմ, թե՝ կեր, այ տղա ջան, կըսե՝ չէ, բերեմգը, օր սաղով ուտենք։ Ընձի համար ամենակարևորր բանն ըդիկ է, օր սիրով ենք մենք իրար հետ»։

Գայանեն քնելուց առաջ սիրում է օրը պլանավորել․ գիտի, որ ամեն օր փայտե վառարանին ջուր է տաքացնելու՝ ընտանիքի անդամների լողանալու, ամանները լվանալու, լվացք անելու համար, հետո նույն վառարանին կերակուր է պատրաստելու։

«Բաղնիք չունինք, էս սենյակի մեջ կլողանանք, հաց կուդենք, հաց կսարքենք։ Նպաստից որ փող կմնա, էն փոքր գազը կլիցքավորեմ, ըդուրով կեփեմ ճաշը, բայց հմի պրծել է, փեջով կեփենք։ Լողնալու համար էլ ջուրը կդնեմ փեջին, կտաքնա։ Ամառը շատ լավ է, ջրերը դուսը կդնեմ, արևը կտաքցնե, ըդուրով կլողնանք»,- ասում է նա։

- Խո չմրսա՞ր, Գայան,- ընդհատում է Հրաչը։

- Հա, Հրաչ ջան, փեջը փեդ քից, չմարի,- պատասխանում է Գայանեն ու ասում, որ հարևանը բակի ծառերը կտրել, իրենց է տվել։ Քաղաքապետարանից և մարզպետարանից այս տարի աջակցություն չեն ստացել։

Գայանեի խոսքով՝ շատերն են օգնում։ Տնակի մոտ գտնվող խանութից էլ միշտ պարտքով առևտուր են անում, նպաստը ստանալիս՝ վճարում։

Նա ցույց է տալիս բազմոցը, որի վրա նստած ենք, ապա՝ բազկաթոռները, որոնք, չնայած տնակի սևացած պատերին, բավականին թարմ տեսք ունեն։ Ասում է՝ հարևանուհին է ամռանը նվիրել։ «Գնացի Արուս տոտայի բակում գործ էրեցի, մշակեցի այգին, 12 հազար դրամ տվեց ու իրա հին դիվանին, բազկաթոռները, լվացքի մեքենան։ Երեխեքին կանչեցի, ծանր-ծանր, բայց շատ ուրախ կբերեինք տուն»,- ասում է նա։

Երկար ժամանակ է՝ տնակի անկյունում որպես սեղան է ծառայում հարևանուհու նվիրած լվացքի մեքենան։ Ջուրը սառել է, չեն կարողանում օգտագործել։ Հարևաններից դույլերով են ջուրը բերում։

- Ես էս տարի բդի երթամ պապայենց հետ աշխատիմ,- զրույցին միջամտում է Լևոնը՝ նայելով հոր դեմքին։

- Քեզի ըսել եմ, օր էդ բահը եփ էլ եղնի, կբռնես, դու դասերիդ նայե,- պատասխանում է հայրը։

Լևոնը երազում է դերասան դառնալ։ Հաճախում է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի թատերական խմբակ։ Սիրում է նաև խոհարարությունը։ Ասում է՝ երբ ծնողները կարտոֆիլ հավաքելու են լինում, ինքն է պատրաստում կերակուր։ Քույրը 4-րդ դասարանում է։ «Սոֆյաս շատ ընտիր կսորվի․ անգիրը կուդան, ինքը մե հադըմ աչքի տակով կանցնե ու կսկսե ըսել»,- ասում է մայրը։ Սոֆյան եղբոր հետ հաճախում է Կենտրոն, ասում է՝ այնտեղ իրեն օգնում են դասապատրաստման հարցում, հաճախում է ձեռագործության, նկարչության դասերի։ Նա ցույց է տալիս իր նկարները, մեկնաբանում դրանք, հետո անցնում է դպրոցական տետրերին, իսկ Գայանեն դստերը չխանգարելու համար շշնջում է․ «Մենք երջանիկ ընտանիք ենք, միակ երազանքս էն է, օր մեր տունն ունենանք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter