HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Օգնելով ուրիշին՝ մենք մեզ ենք օգնում․ հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին

2021թ․-ի սեպտեմբերից սկսած՝ 44-օրյա պատերազմում զոհվածների մայրերը և կանայք հոգեբանական աջակցություն են տրամադրում պատերազմի հետևանքով կորուստ ունեցող ընտանիքներին։ Մասնակիցներին վերապատրաստելու համար Երևանի քաղաքապետարանի, ««Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի և «Հավերժ» ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվել էր դասընթաց։ Ծրագրին մասնակցել է 60 մարդ, ավարտել են 13-ը։

«Պատերազմ գնալը Դավիթի ընտրությունն էր, բայց նա մահը չէր ընտրել»․ Ռիտա Ջալավյան

«Հոկտեմբերի 1-ին Դավիթն ինձ զանգեց, ասաց՝ մամ, քեզ կյանքիցս շատ եմ սիրում, դրա համար էլ հիմա էստեղ եմ։ Դա տղայիս վերջին զանգն էր ինձ»,-հիշում է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Ջալավյանի մայրը՝ Ռիտա Ջալավյանը։

Պատերազմը սկսվելու պահին Դավիթն արդեն զորացրված էր։ Նա ծառայությունն ավարտել էր 2020թ․-ի հունվարին Հադրութի զորամասերից մեկում՝ որպես սերժանտ։ Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը լսելուն պես ներկայացել է զինկոմիսարիատ ու կամավորագրվել։

«Ասում էի՝ Դավիթ, ես դեմ չեմ, որ գնաս, բայց սպասի թող քրոջդ հարսանիքն անցնի նոր։ Անունն ի՞նչ ես դնում, որ հիմա ես գնում։ Ասաց՝ անունը պատերազմ ա, ես չեմ դնում։ Հաջորդ օրը ծննդյանս տարեդարձն էր, ասաց՝ չուզեցի քեզ մենակ թողնել, բայց վաղն աշխատանքի գնալուց առաջ ինձ հաջող կանես, էլ չեմ սպասելու, գնում եմ»,-պատմում է Ռիտան։

Հաջորդ օրը երեք եղբայր՝ Ռաֆայելը, Դավիթը և հորեղբոր տղան՝ Արմենը, գնացին զինկոմիսարիատ։ Մեկ ընտանիքից երկու եղբոր չէին ընդունել, ու քանի որ Դավիթը համառել էր, ռազմաճակատ մեկնեցին հասակակիցներ Դավիթն ու Արմենը։

Դավիթը նախքան զորակոչվելը սովորում էր Ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության բաժնում։ Ծառայությունից վերադառնալուց հետո որոշել էր ծրագրավորում սովորել և ընդունվել էր Ճարտարագիտական համալսարան։ Օտար լեզուներ էր ուսումնասիրում։

«Դավիթը երկու հերոս ուներ՝ Մոնթեն և Կոմանդոսը։ Պատմություն շատ էր սիրում։ Շուշիի գրավումից ինձ անընդհատ հարցեր էր տալիս՝ մամ, Շուշին քանի՞ խմբով գրավեցին, ո՞նց գրավեցին։ Երբ բոլոր հարցերին պատասխանում էի, հարցնում էր՝ դե ասա, ո՞վ էր առաջին հայը, որ մտավ Շուշի։ Ասում էի՝ դե չեմ հիշում, ասում էր՝ ուրեմն էլ չասես, որ հայրենասեր ես, հայրենասերը պիտի ամեն ինչ իմանա»,-հիշում է մայրը։

Ռիտա Ջալավյանը մասնագիտությամբ մատնահարդար է։ Նախորդ տարի ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության մագիստրոսական ծրագիրը ու մոտ ապագայում նախատեսում է զբաղվել հենց այդ մասնագիտությամբ։

«Բանակում տեղի ունեցող ինքնասպանության դեպքերը ինձ շատ էին անհանգստացնում, ու ես ուզում էի ինչ-որ բանով օգնել զինվորին։ Երբ արդեն ընդունվել էի ու տղաներիս տեղեկացրի որոշմանս մասին, իրենք կողմ չէին, որ զորամասում աշխատեմ, բայց զինվորներին օգնելու մտադրությանս աջակցում էին։ Շուտով Պռոշյան գյուղում զինվորների հոգեկան առողջության վերականգնողական կենտրոն է բացվելու, դիմել եմ, որ աշխատեմ էնտեղ»,-ասում է Ռիտա Ջալավյանը։

Կամավորագրվելուց հետո Դավիթ Ջալավյանին ու Արմեն Միրգիյանին տեղափոխել են Արցախ՝ Մարտակերտ։ Մատաղիս գնալու ճանապարհին էլ հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Դավիթը զոհվել է։ Մայրը պատմում է, որ իրեն հասած տեղեկություններով՝ տղան վիրավորվել է, և երբ մեքենայով տեղափոխելիս են եղել, անօդաչուն հարվածել է մեքենային։ Սկզբից որոշել է ամեն ինչ մանրամասն ճշտել, հետո մտածել է, որ ավելի լավ է՝ չիմանա։ Նույն օրը՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան, Դավիթ Ջալավյանին տեղափոխել են Երևան։

«Ես դեմ չեմ եղել, որ Դավիթը գնա, որովհետև չէի մտածում, թե չի վերադառնալու, ինձ թվում էր՝ էն ոգով, որով իրենք են դաստիարակվել, անպայման հաղթելու են»,-պատմում է մայրը։

Դավիթի զոհվելու հետ միաժամանակ խզվել է կապը Արմենի հետ։ Ընտանիքը նրան փնտրել է ողջերի մեջ․ չի ուզել հավատալ, որ նրան նույնպես կորցրել է։ Պատերազմի ավարտից հետո, երբ ոչ մի տեղեկություն չկար Արմենից, սկսում են նրան փնտրել դիահերձարաններում։ Նոյեմբերի 21-ին Արմեն Միրգիյանի դին գտնում են Մեծամորի դիահերձարանում։ Ըստ տեղեկությունների, նա զոհվել էր հոկտեմբերի 6-ին։

«Երբ Դավիթի դեպքը պատահեց, ես արդեն ավարտական թեզիս վրա էի աշխատում, շատ դժվարությամբ կարողացա ավարտել։ Պաշտպանության ժամանակ խնդրեցի թույլատրել ելույթի ժամանակ գրածս կարդալ, քանի որ մոռանում էի բառերը, նույնիսկ շատ հասարակ բառերը չէի կարողանում գտնել։ Սկզբում ընդհանրապես չէի խոսում, միանգամից սկսում էի հուզվել»,-հիշում է Ռիտա Ջալավյանը։

Ավարտական ելույթի ժամանակ Ռիտան ծանոթացել է հանձնաժողովի անդամներից մեկի հետ, որի որդին նույնպես զոհվել էր։ Հենց այդ ժամանակ էլ իմացել է «Հավերժ» ՀԿ-ի մասին, որը ձևավորել էին որդեկորույս մայրերը։

«Սկսեցի հոգեբանական աջակցություն ստանալ էնտեղ։ Թվում էր՝ փոքր երեխայի նման օր օրի ուժեղանում էի, սկսում քայլել, խոսել, շփվել, աստիճանաբար վերականգնվում էի։ Հետո արդեն, երբ իմանում էինք, որ կան մայրեր, որ տնից դուրս չեն գալիս, կարիք ունեն օգնության, արդեն մենք էինք գնում, խոսում հետները։ Իրենք, երբ իմանում են, որ դու էլ ես նույն վիշտը կրում, սկսում են վստահել քեզ։ Մտածում են, եթե նա կարողացել է հաղթահարել, ապա ինչու ես չէ»,-ասում է Ռիտա Ջալավյանը։

Ռիտան Դավիթի զոհվելուց հետո երկար ժամանակ աշխատանքի չի գնացել։ Գերադասել է չշփվել ու երբ կարողացել է ինչ-որ չափով հաղթահարել վիշտը, մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհվածների մայրերի և կանանց համար մշակված հատուկ սեմինարին։ Հիմա նա ծրագիրը հաջողությամբ ավարտած 13 մայրերից մեկն է, որոնք սոցիալական աշխատողների հետ՝ որպես հավասար խորհրդատուներ, հոգեբանական աջակցություն են տրամադրում պատերազմից տուժած ընտանիքներին:

«Վերջերս իմացա, որ մի մայր, որի տղան զոհվել է, իրեն երկար ժամանակ փակել է տանը, չի կերել, չի խմել ու մահացել է։ Էնքան ցավ ապրեցի, որ շուտ չենք իմացել իր մասին, գուցե կարողանայինք օգնել իրեն, ազդել, փոխել մտածելակերպը»,- ասում է Ռիտան։

Նա նկատում է, որ հաճախ մարդկանց մոտ մեղավորության զգացում կա ինչ-որ մեկի զոհվելու համար, մինչդեռ առաջինը հենց այդ զգացումից է պետք ազատվել։

«Կային տղաներ, որ Դավիթի հետ գնացել էին պատերազմ, հիմա ինձ հետ շփվելիս  կաշկանդվում են։ Ես իրանց գրկում եմ, ասում՝ դուք ոչնչով մեղավոր չեք, որ դուք եկել եք, Դավիթը՝ չէ։ Դա Դավիթի ընտրությունն էր, ճիշտ է, իրենք մահը չէին ընտրել, այլ գնացել էին հաղթելու, բայց պատերազմ գնալն իրենց ընտրությունն էր»,-ասում է Ռիտան։

Էլեոնորա Վանյանց

Էլեոնորա Վանյանցը, որը նույնպես ավարատել է ծրագիրն ու հիմա խորհրդատու է, ասում է, որ կորուստ ունեցող ընտանիքների պարագայում կարևոր է, որ մարդ նույնպես ցանկանա դուրս գալ այդ վիճակից, հակառակ դեպքում դու որքան էլ օգնության ձեռք մեկնես, միևնույնն է մինչև վերջ չի ստացվի։

«Վերջերս մի ծնողի էի այցելել, որ տղայի զոհվելու մեջ անընդհատ իրեն էր մեղադրում։ Ասում էր՝ եթե զորամասը փոխեի, սա անեի, նա անեի, տղաս կփրկվեր։ Սա շատ սխալ մոտեցում է ու անմիջականորեն ընտանիքի առողջության վրա է ազդում: Մյուս երեխաները, ոորնք կատարվածի մեջ մեղավոր չեն, իրենք էլ են սկսում իրենց մեղավոր զգալ ու ծանր հոգեվիճակի մեջ են հայտնվում»,-ասում է Էլեոնորան։

Տիգրան Աբազյանը Էլեոնորա Վանյանցի միջնեկ որդին էր, Ճարտարապետական համալսարանի ուսանող։ Ծառայությունը սկսել էր 2020թ․-ի հունվարին Լուսակերտի ուսումնական զորամասում, որից հետո տեղափոխվել էր Ջրական՝ որպես սերժանտ։ 

Հոկտեմբերի 5-ին Տիգրանին տեղափոխում են Հադրութ։ Օրեր անց՝ հոկտեմբերի 9-ին, Տիգրանը և իրենց խմբից մի քանիսը վիրավորվում են։ Տնից, որտեղ պատսպարվել էին, Տիգրանը և ևս երկու հոգի, չնայած վիրավորմանը, դուրս են գալիս՝ օգնություն փնտրելու։ Նրանք այլևս չեն վերադառնում, մոր խոսքով՝ սպանվում են Ադրբեջանի հատուկ նշանակության «Յաշմա» խմբի կողմից։ Մյուս տղաները, որոնք վիրավոր էին և մնացել էին տանը, գերեվարվում են։

«Տիգրանին մենք երկար փնտրեցինք, հետո մեզ ասացին, որ դեկտեմբերի 18-ին Վանք գյուղի մոտից երեք աճյուն են գտել, իրենցից մեկի մոտ Տիգրանի փաստաթղթերը կային։ Ես ու ամուսինս ԴՆԹ հանձնեցինք, որից մեկ ամիս հետո Տիգրանի ինքնությունը հաստատվեց»,-պատմում է Էլեոնորան։ 

Նրա խոսքով՝ նման ծանր կորստից հետո կարևոր է չչարանալ ու ցավն էլ օգտագործել որևէ օգտակար գործ անելու համար։

«Մտածում եմ՝ եթե կարող ես մեկին ձեռք մեկնել, ինչո՞ւ չանես։ Ուրիշ մայրերին օգնելով՝ ես առաջին հերթին ինձ եմ օգնում։ Ճիշտ է, հեշտ չի․ ամեն անգամ ուրիշի պատմությունը լսելով՝ դու քոնն ես վերապրում, բայց զգացումը, որ օգնեցիր ինչ-որ մեկին, քեզ ուժ է տալիս»,-պատմում է Էլեոնորան։

Նրա խոսքով՝ այս գործում պետք է վարվել այնպես, որ որևէ մեկին չվնասես։ Այն ամենը, ինչ կատարվում է մարդու հետ, պետք է քեզ ծանոթ լինի, որպեսզի նաև տարօրինակ չլինի։ Փուլեր են, որոնց միջով բոլոր կորուստ ունեցողներն անցել են՝ մեկն ավելի շուտ, մեկն ավելի ուշ։

«Ծնողների այս համայնքը, որը մենք ձևավորել ենք, մեկ ընդհանուր ցավի շուրջ է։ Էստեղ բոլորը տարբեր են՝ տարբեր մտածելակերպով, բնույթով, բայց բոլորը քեզ բախտակից են։ Ես էստեղ կարող եմ ծիծաղել լիաթոք, առհասարակ էմոցիաներն այս շրջապատում լրիվ ուրիշ որակ ունեն»,-եզրափակում է Էլեոնորա Վանյանցը։ 

Ծրագիրը, որի շրջանակում ծնողները դարձել են խորհրդատուներ, հասարակական հիմունքներով է։ Այն առայժմ ընդգրկում է միայն Երևանը, բայց շուտով նախատեսվում է ընդլայնել սահմանները՝ աջակցություն տրամադրելով նաև մարզերում ապրող ընտանիքներին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Գլխավոր լուսանկարում Դավիթ Ջալավյանն է, Հետք, 2019թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter