HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեւոր հովիվ․ Զապորոժիեի հայերի վիճակն այնպիսին է, ինչպիսին Ուկրաինայի ամբողջ ժողովրդինն է

«Հայերի հետ շփում ունենք, եւ կապը միշտ պաշտպանում ենք բոլոր համայնքների հետ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀԱԵ Ուկրաինայի թեմի Զապորոժիեի մարզի հոգեւոր հովիվ տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։ Նրա խոսքով՝ իրենք հայտարարել են, որ եթե տեղի հայերը խնդիր ունենան, կարող են դիմել եկեղեցուն, որը կփորձի հնարավորինս օգնել մեր հայրենակիցներին Ուկրաինայի հայերի միության հետ միասին։ Մինչ այս պահը դեռ ոչ ոք չի դիմել օգնության համար։

Զապորոժիեի մարզում հայերի թիվը մոտ 10 հազար է, իսկ հենց Զապորոժիե քաղաքում՝ շուրջ 7 հազար։ Քաղաքում պայթյուններ չեն եղել, օդային տագնապ հայտարարվել է, բայց մեր խոսակցության ժամանակ, հոգեւոր հովվի փոխանցմամբ, իրավիճակը հանգիստ էր (այսօր՝ ժամը 16-ի դրությամբ)։ Մարտեր են ընթանում Զապորոժիեից 130 կմ հեռավորության վրա գտնվող Մելիտոպոլ քաղաքում, որը նույն մարզում է։

Տեր Հուսիկի խոսքով՝ եթե հայերը Ուկրաինայից դուրս գալու ցանկություն էլ ունենան, ներկա պահին չեն կարող։ «Այս պահին դուրս գալու հնարավորությունները գրեթե զրոյի են հավասար։ Ցամաքային ճանապարհով միայն Եվրոպա կարող են դուրս գալ, այն էլ, ասում են, տասնյակ կիլոմետրերով հերթեր են, իսկ օդային ճանապարհը փակ է»,- նշեց նա։

«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ երեկ բենզինի հերթեր էին, բայց այսօր նման բան չի նկատվում, սննդի խնդիր խանութներում չկա, միայն երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան տեր հայրը չի կարողացել հաց գնել խանութից։ Նրա խոսքով՝ ամեն ինչ եղել է՝ բացի հացից, ինչը, սակայն, ըստ նրա, չի ենթադրում, որ հացի խնդիր կա։

Զապորոժիեի հայերի վիճակը, ինչպես տեր Հուսիկն է ասում, այնպիսին է, ինչպիսին Ուկրաինայի ամբողջ ժողովրդինն է․ բոլորն էլ՝ որպես Ուկրաինայի բնակիչներ, քաղաքացիներ, նույն լարվածությունն ու անհանգստությունն ունեն այս պահին։

Հարցին, թե ինչ հանգուցալուծում է կանխատեսում, հոգեւոր հովիվը նշեց, որ պետք չէ ենթադրություններ անել, պատերազմը միշտ էլ անկանխատեսելի է․ «Մենք աղոթում ենք առ Աստված, եւ եկեղեցին մշտապես եղել է ժողովրդի կողքին թե՛ խաղաղ, թե՛ պատերազմի ժամանակ։ Մենք մշտապես մեր ժողովրդի կողքին ենք»։

Տեր Հուսիկ փոխանցմամբ՝ թեմի առաջնորդի, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարների, ՀՀ դեսպանատան եւ հյուպատոսությունների հետ իրենք մշտապես կապի մեջ են։ Մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ Ուկրաինայի հայոց թեմից, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չեղավ։

Լուսանկարը՝ տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter