HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Առաջին անգամ Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով

«Արմենիա Էյրվեյզ» («Armenia Airways») ավիաընկերությունն այսօր իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով «Boeing 737-300»-ը, անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով։

Չնայած մինչ այժմ մեր երկրում եղել է օդանավերն անվանակոչելու պրակտիկա, վերջին տարիներին այն առանձնապես տարածված չէր։ Հատկապես նման փորձ ուներ նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիան», որն իր ինքնաթիռներին տալիս էր հայտնի հայերի անուններ։

Գրիգորը կամ, ինչպես նրան կոչում էին, Գրիգն ավիատորների ընտանիքից է։ Հայրը՝ Լեւոն Ղազարյանը, ավիացիայում արտադրական պրոցեսների կառավարման, ավտոմատացման, տեխնոլոգացման ամենահայտնի մասնագետներից մեկն է Հայաստանում, ՏՏ փորձագետ է, ավելի քան 40 տարի ավիացիայում է, այս բնագավառում է աշխատում նաեւ կինը՝ Ֆլորա Վերդյանը։

2001-ին ծնված Գրիգորը Ղազարյանների կրտսեր որդին է, զոհվել է 19 տարեկանում՝ պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, «Եղնիկներում»։ Զորակոչվել էր դրանից մեկ տարի առաջ։

EK-73730-ի «Գրիգոր Ղազարյան» անվան բացումն արեց Գրիգի մարտական ընկերը՝ Արամ Ասատրյանը։

«Հետքի» հետ զրույցում Արամը պատմում է, որ Գրիգի հետ հասակակիցներ են, չնայած վերջինս 2019-ին մի քանի ամսով ավելի շուտ էր զորակոչվել։ Ծառայում էին «Եղնիկների» գումարտակներից մեկի ՀՕՊ ջոկում։ Սեպտեմբերի 28-ին՝ դեպքի օրը, դիտակետում զինակիցներից մեկի հետ հերթապահության մեջ եղել է Արամը, բայց Գրիգը եւս բարձրացել է մարտական դիրք՝ ձգտելով խոցել թշնամու ինքնաթիռը, սակայն զոհվել է ականանետի արկի պայթյունից։ Արամի պատմելով՝ Գրիգի հետ նույն դիրքում գտնվող մյուս զինվորը կարողացել է փրկվել, քանի որ արկը հենց Գրիգորին է խոցել, եւ նա, ըստ էության, մարմնով փակել է հարվածը։ Գրիգի զոհվելուց 2 օր անց՝ սեպտեմբերի 30-ին, թշնամու ինքնաթիռի ռմբակոծության ժամանակ ձախ ոտքից բեկորային ծանր վիրավորում է ստացել Արամը։ Վիրահատվելուց հետո նա վաղաժամ զորացրվել է։

Լեւոն Ղազարյանն ասում է, որ օդանավի անվանակոչությունը նվիրված է բոլորին զինվորներին․ «Այս միջոցառումը ընկալում ենք որպես նվիրված հայ զինվորին՝ իմ հայրենիքի միակ եւ անդավաճան պաշտպանին։ Քանի դեռ Հայաստանը վտանգի մեջ է, քանի դեռ հայի ապրելն իր երկրում վտանգված է, մենք պիտի գիտակցենք, որ պարտավոր ենք կանգնել հայրենիքի պաշտպանության համար։ Հայրենին մեր տատն ու պապն են, հայրն ու մայրը, մեր տունը, մեր բակը, մեր գյուղը, մեր գունագեղ Շուշին, մեր դաշտերն ու հանդերը։ Փառք այն մարդուն, ով պատրաստ է հայրենիքի պաշտպանության համար։ Միայն ռազմի դաշտում չէ, որ պիտի պաշտպանենք մեր հայրենին։ Դա պիտի անենք ամենուր՝ տնտեսության, գիտության մեջ, ամեն օր ստեղծեք, ստեղծագործեք, հզոր, պաշտպանված հայրենիք ստեղծեք, նոր զենք տվեք ձեր զինվորի ձեռքը, որպեսզի նա կարողանա պաշտպանել մեր ու ձեր եւ իր հայրենիքը, մեր, ձեր ու իր զավակների ապագան»։

Լ․ Ղազարյանն աշխատում է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունում, բայց համագործակցում է այլ հայկական ավիափոխադրողների հետ եւս։ Ասում է, որ օդանավն անվանակոչելու միտքը «Արմենիա Էյրվեյզի» կոլեկտիվինն է․ «Այդ մարդիկ նույն ապրելակերպով ապրող մարդիկ են՝ անկախ իրենց տեղից, դիրքից, զբաղեցրած պաշտոնից։ Աշխատակիցներն ու տնօրինությունը որոշեցին, որ այս ինքնաթիռը պիտի կրի հայ զինվորի անունը, եւ առաջինը պիտի լինի Գրիգորի անունը։ Կոլեկտիվը նաեւ որոշեց, որ հետագա բոլոր օդանավերը, որ բերվեն Հայաստան, պետք է կրեն մեր զինվորների անունները»։

«Գրիգոր Ղազարյան» անվանակոչված «Boeing 737-300»-ն արտադրվել է 1995-ին, նախկինում շահագործվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ռուսաստանում եւ Բելառուսում։ «Արմենիայից» առաջ վերջին օպերատորը բելառուսական «Բելավիան» էր, որն այս բորտը շահագործել է 2012-2020 թթ․։ Ինքնաթիռը հայկական ռեգիստրում գրանցվել է 2021-ի հոկտեմբերի 25-ին։

Ներկայում «Արմենիա Էյրվեյզը» շահագործում է 3 ինքնաթիռ, որոնցից երկուսը՝ այս «Boeing 737-300»-ը (EK-73730, նստատեղերի թիվը 148 է) եւ մեկ հատ «Bae 146-300» (EK-14601, նստատեղերի թիվը 112 է), հենց ավիափոխադրողի անունով են գրանցված, եւս մեկ «Boeing 737-500» (EK-SHA), գրանցված է «Շիրակ Ավիայի» անունով, սակայն «Արմենիան» այն վարձակալել է։

Իրանահայ գործարար Առլեն Դավուդյանին պատկանող «Արմենիա Էյրվեյզը» ներկայում կանոնավոր թռիչքներ է կատարում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղությամբ, բայց երբեմն ոչ կանոնավոր չվերթեր է իրականացնում այլ ուղղություններով եւս։ Ընկերությունը նպատակ ունի ընդլայնել թե՛ ավիապարկը, թե՛ թռիչքների ցանցը։

Ինչ վերաբերում է հայկական ինքնաթիռների անուններին, ապա այսօր ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված բորտերից անուններ ունեն 3-ը։ Սնանկացած «Atlantis European Airways»-ի կողմից նախկինում շահագործվող եւ «Յունիբանկին» պատկանող «Airbus A320»-ը (EK-32008) կրում է «Մեսրոպ Մաշտոց» անունը։ «ՆովԷյր» ընկերության հաշվեկշռում գտնվող «L-410UVP-E20» օդանավը, որը եւս այս պահին չի օգտագործվում, անվանակոչվել է «Համո Սահյան»։ 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter