HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հպարտ եմ, որ իմ էրեխեն գերի չէր մնա ու չէր թողնի, որ դրանց մատը կպներ իրեն»

«Տղերք, դուք աշխարհի ամենաուժեղ տղերքի ցուցակում եք։ Սաղիդ անունները գրած ա, ասեմ՝ իմանաք»,- իր իսկ նկարած տեսանյութում մարտական ընկերներին ասում է 27-ամյա Արտյոմ Քոլանջյանը։ 2020 թ․ հոկտեմբերի 22-ի երեկոյան Արտյոմը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Մայրը՝ Արփինե Շահբազյանը, հուշանվերներ էր պատրաստել, որոնց վաճառքից հավաքված գումարը պիտի փոխանցեր բանակին։ Դեպքի օրը տարօրինակ բան էր եղել։ «Դուրս էի եկել խանութի դիմաց, հիմա մի լաց ա տվել, կանգնած եմ փողոցի մեջտեղն ու լացում եմ, բայց չգիտեմ՝ ինչի»,- հիշում է Արփինեն։

Նորագավիթի նորակառույց տան բակը դեռ խճաքարերով է պատված։ Շուտով Արտյոմի մեծ նկարը կփակցնեն պարսպին, ցայտաղբյուր եւ Հայաստանի դրոշը կտեղադրեն։ Բակում մեզ դիմավորում է մայրը՝ Արտյոմի նկարով շապիկով, ձեռքին՝ որդու հիշատակին արված դաջվածքներով, իսկ բակում նրա մեքենան է՝ կրկին Արտյոմի նկարով։

Տունը, որտեղ նոր են տեղափոխվել, Արտյոմի նպատակներից մեկն էր։ Որոշել էին, որ վաճառելու են Երեւանում իրենց տունն ու սեփական մեծ տուն եւ Արտյոմի ստոդիան են կառուցելու։ Հիմա տունն արդեն կառուցել են, շուտով նաեւ ստուդիան կպատրաստեն դրսում, բայց առանց Արտյոմի։

Երկրորդ հարկում Արփինեն բացում է սենյակի դուռը՝ Արտյոմի սենյակն է։ Այն կահավորել են, նոր անկողին ու վարագույր են դրել։ Արփինեն, մահճակալին նայելով, հազիվ լսելի ձայնով ասում է՝ ինչի՞ս է պետք, որ այս անկողինն էդպես էլ չի բացվելու։

Արտյոմի սենյակը, կարծես, հիշողությունների ինքնատիպ ամպուլա է։ Մայրը հերթով, անշտապ ու արցունքներն անընդհատ սրբելով պատմում է որդու եւ նրան շրջապատած իրերի մասին։ Պահարանի վերեւում Արտյոմի երաժշտական սարքավորումներն են։

Արտյոմ Քոլանջյանը շատերին հայտնի է «Scionis» բեմական կեղծանունով (Սիոնիս՝ նոր սկիզբ, վերածնունդ)։ Նա երաժշտություն էր գրում հիմնականում տեխնո, պրոգրեսիվ ոճերով։ Արտյոմի հեղինակային գործերն այսօր ուրիշներն են կատարում։ Արփինեն ասում է, որ որդին երաժշտությամբ էր ապրում։ Որոշել էին, որ սեփական տունը կառուցելուց հետո նա ունենալու էր իր ստուդիան, որտեղ ձայնագրություններ պիտի արվեին։ Մայրը նշում է, որ ստուդիան պատրաստելու է, եւ այնտեղ տեղադրելու են որդու երաժշտական գործիքները։

Հեռախոսով ցույց է տալիս Ազատի ջրամբարի մոտ Արտյոմի կատարումը։ Երկար նայում է որդու նկարին, ու արցունքները հոսում են հորդառատ անձրեւի պես։

Արտյոմն Արփինեի երկու որդիներից ավագն էր, ծնվել է 1993-ին։ Ասում է՝ աշխույժ, աչքի ընկնող, կազմակերպող, ամեն ինչից ելք գտնող էր ու շատ խղճով։ Երբ փոքր էր, «Գիքորը» ֆիլմը նայելուց հետո մտել էր մահճակալի տակ ու լաց էր եղել։ Դրանից հետո Արփինեն այլեւս չի դիտել այդ ֆիլմը։

Արտյոմը դեռ մանկուց երաժշտական նախասիրություններ ուներ։ Երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին էր հաճախել, բայց հետո կիսատ էր թողել։ Ավելի ուշ երաժշտությունը նրա կենսակերպն էր դարձել։ Զուգահեռաբար աշխատում էր Հանրային հեռուստատեսության տեխնիկական բաժնում։

2011-2013 թթ․ Արտյոմը ծառայել է Լուսակերտում, ապա՝ Թալիշում։ Հրետանավոր–հաշվարկող, ավագ սերժանտ Քոլանջյանը դասակի հրամանատար էր, արժանացել էր շնորհակալագրերի ու պատվոգրերի։

«Սիրելով է ծառայել, ոնց որ օրենքն ա, պիտի շարժվես էդ օրենքով: Ես որ ճանապարհային խախտում էի անում, ասում էր՝ սխալ ես արել, օրենքով պիտի պատժվես, տար մուծիր: Ազնվությունը շատ-շատ էր իր մեջ»,- պատմում է Արփինեն։

2016 թ․ ապրիլյան քառօրյայի ժամանակ Արտյոմն ընտանիքից գաղտնի կամավորագրվել էր ու գնացել։ Երբ տուն էին եկել, տեսել էին, որ նա չկա, ավելի ուշ իմացել էին առաջնագիծ գնալու մասին։ Այդ ժամանակ Արտյոմն առաքիչ էր աշխատում, պատերազմի օրերին նրան եւ մյուս աշխատողներին աշխատանքից հեռացրել էին, ապա վերականգնել։ Պատերազմից հետո Արտյոմը եւս 25 օր  մնացել էր Ճամբարակում։

«Քառօրյայի տղաներից եկել էին մեր տուն, պատմում էին, որ այն ժամանակ նոր էին հավաքվել, դեռ չէին ճանաչում իրար, մեկ էլ տեսել էին՝ Տյոմը ժամը մեկ զենքը քանդում, հավաքում ա, ասում էին՝ էս տղեն էս ի՞նչ ա անում, հետո իրենք էլ էին հավեսի ընկել, ձեռները գցել էին, որ զենքը վերցնեն, մաքրեն, տեսել էին՝ Տյոմն իրենց զենքերն էլ է մաքրել։ Նոր հասկացել էին, որ Տյոմը բոլորի զենքերը մաքրել, պատրաստի պահել է։ Ինքն այ տենց մտնում էր զինվորական համազգեստի մեջ ու դառնում էր զինվոր»,- հիշում է Արփինեն։

Զինծառայությունից վերադառնալուց հետո Արտյոմը պահել էր զինվորական «բատինկաները», որոնք հագել էր թե՛ քառօրյայի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ։

Սեպտեմբերի 22-ին Արտյոմի ծննդյան օրն էր։ 5 օր անց պատերազմի լուրը լսելուց հետո հանել էր քառօրյային ստացած զինվորական համազգեստը, լվալ տվել, ապա հանել զինվորական ծառայությունից մնացած «բատինկաները», եղբորը՝ Դավիթին, խնդրել, որ հանի  դրանց տակի «նալերը», որպեսզի շարժվելուց ձայն չլսվի։

Հագել էր զինվորական համազգեստն ու զինվորական կոշիկներն եւ տան մեջ սկսել անհանգիստ քայլել։ Ռազմաճակատ գնալու փորձը ձախողվել էր․ սեպտեմբերի 29–ին փորձել էր ինքնակամ գնալ, բայց  չէր ստացվել։ Հոկտեմբերի 3-ին Արտյոմը մոր հետ գնացել էր դասընկերոջը տեսնելու, որին ուղեգիր էր եկել զինկոմիսարիատից։

«Դեռ ընկերոջ տուն չհասած՝ Տյոմի ձեռքին զանգ եկավ, ասեցին՝ զինկոմիսարիատից ա։ Ես չէի ուզում, որ գնար, ասում էի՝ համբերիր, որ զանգեն, կգնաս։ Ինքն արդեն վեշերը հավաքել էր, ես էլ դեղեր ու ժգուտներ էի առել։ Ամեն ինչ պատրաստ էր։ Ու Տյոմը նույն րոպեին զինվորական դարձավ»,- ասում է մայրը։

Ժամը 14-ին զինկոմիսարիատ պիտի ներկայանար, բայց այնտեղ էր 30 րոպե շուտ։ Մինչեւ երեկոյան 8-ը սպասել էին, բայց Արտյոմի անունն այդպես էլ չէին կարդացել։ Նա մոտեցել էր, գրիչով գրել անունը, որ կարդան, հետո նստել էր Արցախ մեկնող ավտոբուսը։ «Ավտոբուսից ձեռքը բռնել էի, ասեց՝ կարող ա՞ ավտոբուսի հետեւից վազես, խայտառակ անես ինձ: Էնպիսի հայացքով էր նայում, ոնց որ վերջին անգամ էր նայում։ Փորձում էի մտածել, որ հետ է գալու, բայց ներսումս գիտեի, որ չի գալու, ես գիտեի, որ իմ էրեխեն հետ չի գալու»,- ասում է Արփինեն։

Մինչ մեկնելը ընկերները փորձել էին համոզել, որ չգնա, քանի որ քառօրյայի ժամանակ իր պարտքը տվել էր։ «Ասեց՝ չէ, ես ուզում եմ ավտոբուսով երգելով գնամ, ի՞նչ եք ուզում։ Ես չգնամ, էն մեկը չգնա, ո՞վ գնա»,- ընկերներին հակադարձելն է վերհիշում մայրը։

Արտյոմին նախ Լուսակերտ էին տարել՝ վարժանքների։ Արփինեն որդուն վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից 3 օր անց Լուսակերտից ճակատ գնացողների ցանկում Արտյոմի անունը դարձյալ չկար։ Ընկերները պատմել են, որ ինքն է ավելացրել անունն ու մեկնել։ «Ամեն ինչին հակառակ գնաց։ Կամակոր էր, ինչքան խոչընդոտ լիներ, ավելի շատ էր ձգտում անել դա»,- ասում է մայրը։

Ընտանիքը գիտի, որ Արտյոմենց հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջան էին տարել։ Վերջին անգամ մոր հետ խոսելուց ասել էր՝ դուխով, հաղթելու ենք։ «Գիտես, թե որտեղ ա գնացել, բայց որպես մայր տեղավորում ես ամենաանվտանգ, անվնաս տեղը, որ քո էրեխուն պիտի ոչ մի բան չլինի: Բայց էն, որ խաբում էի ինձ, դա գիտեի»,- նշում է Արփինեն։

Արտյոմի մարմինն անմիջապես Երեւան էին բերել, բայց այդ մասին տնեցիներն ուշ էին իմացել։ Ազգանունը սխալ էին գրել։ Հոկտեմբերի 28-ին դատաբժիշկներից մեկը ճանաչել էր Արտյոմին, նրա վրա դաջվածքներ կային։ Նույն օրն առավոտյան Արփինեն պաշտպանության նախարարություն էր գնացել՝ ասելով, որ որդուց մի քանի օր լուր չունի, փորձեն ինչ-որ տեղեկություն տալ։ Երբ երեկոյան տուն էր եկել, տեսել էր, որ մարդիկ են խմբով ներս մտնում իրենց տուն, ու ամեն բան հասկացել էր։ «Չնայած սաղ կյանքս պիտի տանջվեմ էս ցավից, բայց վստահ եմ, որ իմ էրեխեն գերի չէր մնա մի վայրկյան անգամ։ Տյոմի բնավորությունը մի քիչ ուրիշ էր, մինչեւ վերջ իր խոսքն առաջ էր տանում։ Էն որ կաշին վրայից հանեին էլ, դրանց բառերը չէր կրկնի։ Չեմ մեղադրում էրեխեքին, սաղ էլ ուզում են ապրել, ես ուղղակի խոսում եմ իմ էրեխու տեղը, որ թեեւ սենց եղավ, բայց հպարտ եմ, որ իմ էրեխեն գերի չէր մնա ու չէր թողնի, որ դրանց մատը կպներ իրեն»,- ասում է մայրն ու լռում։ Հյուրասենյակում ճնշող դադար է։ «Ես մինչեւ հիմա նեղացած եմ իմ էրեխուց, որ հայրենիքը կարար գերադասեր, քան մեզ, իր կյանքը»,- ավելացնում է նա։

Արտյոմից հետո էլ հետահայաց նայելով դեպքերին՝ Արփինեն ասում է, որ որդին գնալու էր, ինչքան էլ ինքը փորձեր հետ պահել, ինչքան էլ հանգամանքները հակառակ լինեին։ «Մինչեւ պատերազմն ու պատերազմի ժամանակ էլ երազ էի տեսել։ Տյոմի դեպքն աչքերիս դեմով անցավ։ Թափ տվեցի ինձ ու ասեցի՝ հնարավոր չի, որ իմ էրեխուն մի բան լինի»,- ասում է Արփինեն։

Պահարանի հետեւում Եռաբլուրից՝ Արտյոմի մոտից բերված եռագույնն է։ Այն փոշոտվել է, քամուց վնասվել։ Արփինեն ասում է՝ նորն է գնելու, որ տանի։

Արտյոմ Քոլանջյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter