HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթը, կողմերի դիրքորոշումները և քննության ընթացքը

Բարձրագույն դատական խորհրդն արդեն երեք շաբաթ է՝ քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը: Կարգապահական գործերի քննության ավանդույթի համաձայն՝ դատավորներ ու փաստաբաններ են գալիս նիստին մասնակցելու, սակայն այժմ վերջիններիս չի թույլատրվում գտնվել նիստերի դահլիճում: Գործի քննությամբ հետաքրքրված անձանց համար ԲԴԽ շենքի առաջին հարկում պայմաններ են ստեղծվել՝ նիստին հեռուսացույցով հետևելու համար, իսկ դահլիճում միայն կողմերն են, խորհրդի անդամները, կարգադիչներն ու ԶԼՄ ներկայացուցիչները:

Պատճառն, ըստ պաշտոնական հայտարարությունների, համավարակն է: Հունվարի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ «2021-ի տարեսկզբին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով վերահսկողության շրջանակներում ԲԴԽ կատարած այցի ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ, և տեսչական մարմնի կողմից Խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները. փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում այցելուների կողմից դիմակների կրումը պարտադիր է, փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում ապահովել քաղաքացիների միջև սոցիալական 1.5 մետր հեռավորությունը»:

Ելնելով դրանից՝ ԲԴԽ-ի կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել, ու, ինչպես արդեն նշեցինք, նիստերի դահլիճ թույլատրվում է միայն ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը:

Հայտարարության մեջ մատնանշված հրամանի 3-րդ հավելվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող N 3.1.2-001-20 սանիտարական կանոններ»: Ողջ հավելվածը վերաբերում է գրասենյակում տնտեսական գործունեություն իրականացող կազմակերպությունների ընդհանուր աշխատանքի, սանիտարահամաճարակային միջոցառումների և նմանատիպ հարցերի կազմակերպմանը: Թե ինչ տնտեսական գործունեություն է իրականացնում ԲԴԽ-ն, որ այս կարգավորմամբ առաջնորդվելու առաջարկն անմիջապես ընդունել ու սահմանափակել է քաղաքացիների մուտքը նիստերի դահլիճ, պարզ չէ:

Նշենք, որ եթե Ռշտունու գործով երկրորդ նիստի ընթացքում ԲԴԽ-ում լրագրողների և օպերատորների համար հատկացված նստատեղերը սպառված էին, ապա առաջին նիստի ընթացքում դահլիճում մի քանի առանձնացված աթոռ ազատ էր, այնպես որ լրագրողներից բացի առնվազն 4-5 անձ կարող էր ներկա լինել՝ հակահամաճարակային մատնանշված կանոնները պահպանելով, եթե այդպիսի ցանկություն ունենար Դեպարտամենտի աշխատակազմը:

Հարկ է նշել, որ նախարարի նույն հրամանի 1-ին հավելվածում ևս հղում է կատարված հավելված 3-ին, հավելված 1-ում սահմանվում է, որ «պետական կառավարման մարմինների ղեկավարները և համայնքների ղեկավարները մարմնի վարչական տարածքներում ապահովում են հրամանի Հավելված N 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ: Սակայն այս կարգավորմամբ առաջնորդվելը ևս իրավաչափ համարվել չի կարող, քանի որ ԲԴԽ-ն պետական մարմին է, բայց ոչ պետական կառավարման մարմին:

Գործով առաջին նիստի ընթացքում Վազգեն Ռշտունու ներկայացուցիչներից Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ԲԴԽ-ն քննում է մի միջնորդություն, որը վերաբերում է դատական համակարգում մեծ հեղինակություն ունեցող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, որի քննությանը իրավական համայնքի շատ ներկայացուցիչներ են ցանկանում ներկա գտնվել: Մելիքյանը խորհրդին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ սահմանափակումը, ինչո՞ւ է միայն լրագրողների մուտքը թույլատրվել դահլիճ:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ նիստի հրապարակայնությունն ապահովվում է ոչ միայն ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով, այլև նաև հեռարձակվում է, և ցանկացած անձ, ով հետաքրքրված է, կարող է հետևել դրա ընթացքին:

Վազգեն Ռշտունին էլ նկատեց, որ երկակի ստանդարտներ են կիրառվում, քանի որ կարգապահական վարույթի քննության ընթացքում, փաստորեն, անձինք իրավունք չունեն գտնվել դատական նիստերի դահլիճում, իսկ դատարաններում քաղաքացիական, քրեական և այլ գործերի քննության դեպքում այդ սահմանափակումները չեն գործում: Ջհանգիրյանը նշեց, որ իրենք դատարանների վերադասը չեն, բայց դատարանների աշխատակազմերի ղեկավարներին ևս հորդորել են որոշակի սահմանափակումներ կիրառել և աշխատանքներն այնպես կազմակերպել, որ անվտանգության կանոնները չխախտվեն:

«Տպավորություն չստեղծվի, որ մենք ուզում ենք մեր կոլեգաների, փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կամ աջակիցների անձամբ ներկայությունն այստեղ ապահովել, որովհետև օժանդակության խնդիր ունենք: Այդ խնդիրը չկա, ընդհակառակը, ես իմ կոլեգաներին խնդրել էի չներկայանալ, բայց շատ մարդիկ ներկայացել են: Ասածս այն է, որ մենք գործ ունենք դատավորական համայնքի հետ, և, ամենայն հարգանքով լրագրողների նկատմամբ՝ մենք նրանց թույլ ենք տալիս նիստին ներկա գտնվել, բայց դատավորներին, փաստաբաններին կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին չի թույլատրվում»,- ասաց Վազգեն Ռշտունին:

Ջհանգիրյանը վստահեցրեց, որ իրեն ևս հաճելի է իրավական համայնքի ներկայությունը, այդպես նիստերն առավել հետաքրքիր են անցնում, սակայն առողջության խնդիրը չի կարելի ստորադասել ցանկություններին: Հետո Ջհանգիրյանը նշեց, որ լրագրողների աշխատանքը սահմանափակել չեն կարող. առանց այն էլ ինչ ասես՝ գրում են իրենց մասին:

«Հիմա մի հատ էլ մամուլին սահմանափակենք, կդառնանք սպիտակ ագռավ»,- ասաց Ջհանգիրյանը, ապա անդրադարձավ ԲԴԽ նիստերին դատավորների ներկայանալու հարցին: Վերջինս նշեց, որ եթե փաստաբանների ներկայությունը գոհունակությամբ է ընդունվում, ապա երբ ԲԴԽ նիստերին դատավորներ են ներկայանում, ենթադրվում է, որ նրանք որևէ նիստ են հետաձգում կամ այդ ժամերին նիստ չեն նշանակում:

«Էլի կարող են գան, նստեն, հետևեն, բայց դուք գիտեք, որ դատավորները շատ ծանրաբեռնված են, տարիներով քննվող գործեր ունենք նրանց վարույթներում, այնպես որ մեր դատավոր գործընկերներին պետք է հորդորեմ մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց վարույթներում գտնվող գործերին»,- ասաց Ջհանգիրյանը:

Ռշտունու վերաբերյալ կարգապահական վարույթի քննության շրջանակներում մինչև այս պահը մի քանի էական հանգամանք է քննության առարկա դարձել: Մասնավորապես՝ Ռշտունին և վերջինիս ներկայացուցիչները կասկածի տակ են դրել նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առիթը, հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է մի արարքի համար, որը Վերաքննիչ դատարանում պրակտիկա է, կարգապահական վարույթ հարուցել հենց Ռշտունու նկատմամբ, նշել են, որ ԲԴԽ-ն պետք է կարգավորեր դատավորի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում դատավորի գործերի բաշխման դեպքերն ու կարգը, որը, փաստացի, չի արվել:

Մինչ այդ, սակայն, ներկայացնենք, թե ինչո՞ւմ են մեղադրում Ռշտունուն:

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներից Գագիկ Հարությունյանն ասում է՝ Վազգեն Ռշտունու կողմից տասը դատական գործերով թույլ է տրվել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «դատական գործերի վերաբաշխման և այլնի վերաբերյալ 16-Ն-16 որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխների պահանջների, ինչպես նաև օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի պահանջների խախտում:

Մասնավորապես՝ դատավորն իր վարույթում գտնվող 10 գործն ամենամյա արձակուրդում գտնվելու հիմքով հանձնել է վերաբախշման այն դեպքում, երբ ամենամյա արձակուրդում գտնվելը որպես գործերի վերաբախշման հիմք նախատեսված չէ: Այսպիսով, ըստ նախարարության՝ խախտվել է նաև դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, իր իրավասությանը վերապահված դատական գործերը քննելու և լուծելու, գործերի դատական քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջները:

Կարգապահական վարույթը հարուցելու համար առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի զեկուցագիրը` պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքերի առկայության վերաբերյալ, նախարարը համապատասխան որոշմամբ վարույթ է հարուցել, դատավորը չի օգտվել բացատրություն ներկայանելու իր իրավունքից:

Վերաքննիչ դատարանի նախագահի, այսինքն՝ Ռշտունու, ամենամյա արձակուրդում գտնվելու կապակցությամբ դատարանի նախագահի պարտականությունները 2021 թվականի հուլիսի 2-ից 4-ը դրվել է Մխիթար Պապոյանի վրա: Դատական դեպարտամենտի ղեկավարի գրության համաձայն՝ Ռշտունին ամենամյա արձակուրդում է եղել 2021 թվականի հունվարի 15-ից 29-ը, ապրիլի 12-ից 15-ը, նույն ամսվա 15-ից 19-ը, հունիսի 4-ից հունիսի 7-ը, հուլիսի 2-ից 23-ը, օգոստոսի 2-ից 27-ը:

Նախարարությունը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ օգոստոսի 28-ի դրությամբ Ռշտունու և Ալեքսան Ազարյանի վարույթում չեն եղել գործեր, իսկ այլ դատավորների վարույթներում 9-ից մինչև 30 քրեական գործ է եղել:

Վարույթի իրավական հիմքերն ու հիմնավորումները

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներն, ըստ Գագիկ Հարությունյանի, կարելի է բաժանել երեք հարցի.

  1. Արդյոք դատավորին սկզբնապես մակագրված գործերի վերաբաշխման հիմքեր եղել են:
  2. Արդյոք վերաբաշխելով՝ խախտվել են վարքագծի կանոններ:
  3. Արդյոք դիտավորությամբ է թույլ տրվել վարքագծի կանոնի խախտումը:

Գագիկ Հարությունյանն ասում է, որ դատավորի արձակուրդում գտնվելու հանգամանքը հիմք չէ՝ նրա գործերի վերաբաշխման, այսինքն՝ վերաբաշխման հիմքեր չեն եղել: Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանն, ապա դատական գործերի քննության և լուծման իրավասությունը դատավորինն է, և վերջինս հրաժարվել է իր իրավասությանը վերապահված գործերը քննել և լուծել. դա վկայում է արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին, դատավորի արարքով անհարկի ծանրաբեռնվել են այլ դատական կազմերը: Մեղքի ձևին անդրադառնալով՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Ռշտունին կարգապահական խախտումը դիտավորությամբ է կատարել. գիտակցելով իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, ոչ թե մեկ, այլ տասը գործեր է վերաբաշխման հանձնել, հետևաբար դիտավորյալ է:

Կարգապահական վարույթի քննության ողջ ընթացքում կարելի է նկատել, որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները փորձում են վարույթի հետ ուղղակիորեն կապ չունեցող հանգամանքներ մատնանշել՝ դրանք այս կապ այն կերպ կապելով վարույթի հետ: Մատնանշվում էին հանգամանքներ, որոնք հանրությանը ներկայացնելն ի վնաս դատավորի կմեկնաբանվի:

Փոխնախարարը միջնորդեց ստանալ 2021 թվականի ընթացքում Վազգեն Ռշտունու սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն

Մինչ կարգապահական վարույթի բուն քննությանն անցնելը, Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը միջնորդեց ստանալ Վազգեն Ռշտունու՝ 2021 թվականի սահմանահատումների վերաբերյալ տեղեկություն: Փոխնախարարը նշեց, որ 2021 թվականի ընթացքում Վազգեն Ռշտունուն որպես նախագահող մակագրվել է 67 քրեական գործ, որից տասը հանձնվել են վերամակագրման՝ Ռշտունու արձակուրդում գտնվելու պատճառով: Նույն ժամանակահատվածում որպես դատական կազմի դատավոր Ռշտունուն մակագրվել է 87 քրեական գործ, որից 60-ը վերաբաշխվել է, իսկ էլեկտրոնային քարտում բացակայում է դրանց վերաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը:

Ռշտունուն վերագրվող տասը գործերը վերամակագրման հանձնելու կարգապահական խախտումը լրացուցիչ հիմնավորելու նպատակով, կարգապահական արարքի նկատմամբ դատավորի սուբյեկտիվ ընկալումը բնութագրելու համար փոխնախարարը միջնորդեց միջոցներ ձեռնարկել՝ Ռշտունու կողմից դատարանի կազմում քննված մի շարք այլ գործերի վերաբախշման, հանձնման հիմքերը և դրանք պայմանավորող պատճառները պարզելու ուղղությամբ: Ըստ Գրիգոր Մինասյանի՝ առկա է ողջամիտ ենթադրություն կատարելու հիմք, որ տասը գործերը դատավորի կողմից վերաբախշման են հանձնվել՝ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պարտականության նկատմամբ պատշաճ ջանասիրություն առերևույթ չցուցաբերելու հետևանքով, ինչը կարող է պայմանավորված լինել դատավորի կողմից ամենամյա արձակուրդում չգտնվելու ժամանակահատվածում պատշաճ աշխատանքի չներկայանալու հնարավոր հանգամանքով, այդ թվում՝ ՀՀ-ում չգտնվելու պայմաններում: Վերոգրյալից ելնելով, ըստ փոխնախարարի, անհրաժեշտ է պաշտոնական հարցման կամ Ռշտունու՝ լիազոր մարմնից տեղեկություն ստանալու միջոցով պարզել 2021 թվականի ընթացքում դատավորի սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն:

Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ արդարադատության փոխնախարարը ցանկանում էր կա՛մ ԲԴԽ-ի կա՛մ հենց Ռշտունու միջոցով ստանալ վերջինիս սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք, չի բացառվում, օգտագործվեին ի վնաս Ռշտունու:

Վազգեն Ռշտունին նշեց, որ թեև չի կարծում, որ միջնորդությունը վերաբերելի է կարգապահական վարույթի առարկային, բայց եթե վարույթը հարուցած մարմինը պնդում է, ապա վարույթի շրջանակներում մինչև այս փուլին հասցնելը կարող էր պարզել: Այնուամենայնիվ, Ռշտունին հայտնեց, որ պատրաստ է տրամադրել իր անձնագիրը, որի պայմաններում հարցում կատարելու անհրաժեշտություն չի լինի: Թվում էր՝ փոխնախարարը գլխով համաձայնության ժեստ արեց, սակայն հետո պնդեց, որ այնուամենայնիվ, անհրաժեշտ է հարցման միջոցով ստանալ տեղեկությունը:

Այս պայմաններում արդեն Ռշտունու ներկայացուցիչներից Ռուբեն Մելիքյանը դիտարկեց, որ խոսքը մասնավոր կյանքի միջամտությանն է վերաբերում, և այս դեպքում իրենք առաջարկում են այս միջնորդության քննությունը հետաձգել ավելի ուշ փուլի. իրենք  հարցեր ունեն, թե ինչպե՞ս է այս վարույթը առաջացել: Գուցե պարզվի, որ հարցուման առիթը ոչ օրինական է, և ներկայացված միջնորդությունն էլ՝ ոչ իրավաչափ:

ԲԴԽ անդամ, դատավոր Անի Մխիթարյանը փորձեց պարզել՝ փոխնախարարի կողմից նշված 60 քրեական գործը նեռավա՞ծ են դատավորին վերագրվող արարքում: Արդարադատության նախարարի ներկայացուցիչներից Գագիկ Հարությունյանը նշեց, որ այդ գործերին անդրադարձ կատարված է, բայց կարգապահական խախտման հիմքում դրանք դրված չեն: Նախարարության մյուս ներկայացուցիչ Հայկ Սանոյանը հավելեց, որ նախարարությունը տասը գործով հստակ ապացույց է ունեցել, որ արձակուրդում գտնվելու համար են Ռշտունու գործերը վերամակագրվել, իսկ մյուս գործերի դեպքում էլեկտրոնային համակարգում վերաբաշխման պատճառի մասին տեղեկություն առկա չէ: Դատավոր Սերգեյ Չիչոյանը հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ են այժմ հիշատակում 60 գործի մասին:

«Տասն է եղել, տասը ներկայացնեիք»,- ասաց Չիչոյանն, ինչին ի պատասխան Գագիկ Հարությունյանը նշեց, որ այդ գործերի հիշատակումը կարգապահական վարույթի առիթ հանդիսացող տասը գործի նկատմամբ Վազգեն Ռշտունու սուբյեկտիվ ընկալումը բացահայտելու առումով են կարևոր:

Գրիգոր Բեքմեզյանը հարցրեց, թե այս ամենն իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանից Վազգեն Ռշտունու դուրս գալու հետ: Գագիկ Հարությունյանը պարզաբանեց, որ իրենք այս միջոցով փորձում են գործի համար էական նշանակություն ունեցող լրացուցիչ տվյալներ ստանալ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը դիտարկեց. Արդարադատության նախարարությունն ինքնուրույն էլ կարող էր ստանալ այն տեղեկատվությունը, ինչն այժմ ցանկանում է ԲԴԽ-ի միջոցով ստանալ: Գագիկ Հարությունյանն ասաց, որ թեև վարույթի շրջանակներում իրենք օժտված են եղել նման լիազորություն իրականացնել, բայց նպատակահարմար են գտել խորհրդի քննության շրջանակներում միջնորդությունը ներկայացնել: Սանոյանը հավելեց, որ այժմ միջնորդությունը ներկայացնելու սահմանափակում չկա: Մեսրոպ Մակյանը հակադարձեց, որ սահմանափակումներ կան. կողմերը դատարանին միջնորդում են տեղեկություն ձեռք բերել, եթե իրենց դրանք հասու չեն:

Ինչևէ, հաջորդ դատական նիստին Ռշտունին իր նախաձեռնությամբ ներկայացրեց իր սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը: Դատավորը նաև ԲԴԽ-ին պարզաբանեց, որ նախարարության կողմից մատնանշված 60 գործերը, կարծես թե վերաբերում են այն դեպքերին, երբ ինքը Վերաքննիչ դատարանի կազմի դատավոր է եղել, այլ ոչ թե նախագահող: Իր արձակուրդի ժամանակահատվածում կազմը համալրելու համար իրեն մեկ այլ դատավորով փոխարինելու գործընթացում իր մասնակցության աստիճանը զրո է:

Կարգապահական վարույթի հարուցման առիթը կամ «թունավոր ծառի պտուղները թունավոր են»

Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթն, ինչպես արդեն նշվեց, հարուցվել է Արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագրի հիման վրա: Հայտնի է, որ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետը ուսումնասիրության ընթացում հայտնաբերել է առերևույթ խախտման հանգամանքն ու ներկայացել զեկուցագիրը: Գործի քննության ընթացքում Ռշտունու ներկայացուցիչներից Սիրանուշ Սահակյանը նշեց, որ վերը նշված ուսումնասիրության նախաձեռնությունը, ըստ վարույթի շրջանակներում հայտնի դարձած հանգամանքների, կապվում է դատական բարեփոխումների ռազմավարության և միջոցառումների ծրագրի հետ:  Սահակյանը փորձեց պարզել, թե կատարված ուսումնասիրությունն ի՞նչ առնչություն ունի ռազմավարությունը:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ ինքը նախարարի ներկայացուցիչն է, իսկ ուսումնասիրությունը նախարարության համապատասխան ստորաբաժանումն է իրականացրել:

«Եթե հետաքրքիր է, ոնց ենք բռնացրել խախտումը, կպարզաբանենք»,- ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Նախարարի ներկայացուցիչները պնդեցին, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած զեկուցագրի կազմման հանգամանքը կապ չունի վարույթի հիմքերի հետ:

«Արդարադատության նախարարը բացարձակ ձևով չի կարող վարույթ հարուցել, օրինական առիթ է պետք, որ գործընթացը չվերածվի դատարանների նկատմամբ ընդհանուր հսկողության»,- ասաց Սիրանուշ Սահակյանն ու դիտակեց, որ Ռշտունուն վերագրվող գործողություններից բողոքող անձ չի եղել, ավելին, նախկինում ողջամիտ ժամկետում գործի քննության վերաբերյալ այլ բողոքներ են ստացվել նախարարություն, որոնց ընթացք չի տվել:

Դատավորի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հիշատակեց հռոմեական իրավունքի մի շատ կարևոր սկզբունք՝ «թունավոր ծառի պտուղները թունավոր են» կամ ոչ իրավաչափ նպատակից հնարավոր չէ ստանալ իրավաչափ հետևանք:

«Մեր բարձրացրած հարցը և մտահոգությունն այն է, որ  այդ ուսումնասիրությունը կամ վերլուծությունն իրականում այն նպատակը չի հետապնդել, ինչը հայտարարվում է, և հանրության առջև նախարարությունը հաշվետվողականության խնդիր ունի, թե ի՞նչ գործողություն է կատարում, և այդ գործողությունն ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդել»- ասաց Մելիքյանը և նշեց, որ այժմ իրենք ցանկանում են հասկանալ՝ ռազմավարության ո՞ր կոմպոնենտն էր ուսումնասիրվում, երբ հայտնաբերվեց Ռշտունուն վերագրվող արարքը:

Գագիկ Հարությունյանն, անդրադարձավ նախ Սիրանուշ Սահակյանի խոսքին այն մասին, որ Ռշտունու վերաբերյալ բողոք չի եղել: Նախարարի ներկայացուցիչը նշեց, որ բողոքից բացի կարգապահական վարույթ հարուցելու առիթ է նաև այն, երբ նախարարն իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է հայտնաբերել խախտումը: Տվյալ դեպքում, ըստ Գագիկ Հարությունյանի, զեկուցագիրն ուսումնասիրելը նախարարի լիազորությունն է:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ դատավորի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվող տրամաբանությամբ՝ քաղաքացին էլ երբ հաղորդում է ներկայացնում, պետք է ստուգել նրա հայտնած տեղեկությունների ծագման աղբյուրը, և եթե օրենքով սահմանված կարգով ձեռք չի բերել տեղեկությունը, գործ չհարուցել:

«Դուք պնդում եք, որ եթե վաղը մեկը մտնի դատավորի տուն և նկարի՝ ինչպես է կնոջ վրա բարկանում, պետք է կարգապահական վարո՞ւյթ հարուցվի. Ձեր ասած մոտեցումը հակասում է իրավունքին»,- դիտարկեց Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև հավելեց, որ քաղաքացուն և պաշտոնատար անձին պետք է տարանջատել, քանի որ պաշտոնատար անձինք  կարող են կատարել միայն այն, ինչ լիազորված են:

Տևական ժամանակ հարուցպատասխանից հետո Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջգանգիրյանը բացեց քննարկվող հարցի ենթատեքսը. դատավորի ներկայացուցիչների խոսքն այն մասին է, որ Ռշտունու նկատմամբ անձնավորված ուսումնասիրություն է կատարվել, տրվող հարցերով ներկայացուցիչներն այս հանգամանքն են ցանկանում պարզել: Նախարարության ներկայացուցիչները պնդեցին, որ անձնավորված մոտեցում չի դրսևորվել:

Հետո Ռշտունու ներկայացուցիչները փորձեցին պարզել՝ արդյոք կատարված ուսումնասիրության արդյունքներով այլ դատավորների նկատմամբ ևս վարույթներ հարուցվել են: Նշենք, որ վերաքննիչ դատարանում միայն Ռշտունու գործերը չէ, որ արձակուրդ մեկնելու կապակցությամբ վերամակագրվել են: Նախարարության ներկայացուցիչները, հղում կատարելով այն հանգամանքին, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները գաղտնի գործընթացներ են, այս հարցին չպատասխանեցին:

«Գաղտնի՞ է արդյոք, որ, օրինակ, երեք դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, թիվը եթե նշվի, խնդի՞ր է»,- հարցրեց Մելիքյանը, և ի պատասխան՝ նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոյանն ասաց, որ,  իրենց գնահատմամբ, ոչ թե այդ թիվն է գաղտնի, այլ այդ թիվն այս վարույթի հետ կապ չունի: Նախարարության ներկայացուցիչները չպատասխանցին նաև այն հարցին, թե  ողջամիտ ժամկետում գործի քննության ուսումասիրությունը ե՞րբ է սկսվել, ո՞ւմ կողմից է իրականացվել՝ չնայած Ռշտունու և ներկայացուցիչների փաստարկին, որ, գուցե, ուսումնասիրությունն իրականացվել է անձի կողմից, ով թշնամական վերաբերմունք ունի Ռշտունու կամ, օրինակ, նրա հարազատների ննկատմամբ:

«Որովհետև ես ականատես չեմ եղել որևէ դեպքի, երբ արձակուրդի գնալու դեպքում գործերը  վերաբաշխման հանձնելու համար որևէ դատավորի նկատմամբ վարույթ հարուցվի»,- ասաց Ռշտունին: Վերջինս ԲԴԽ-ին պարզաբանեց, որ իրենք փորձել ենք  վարույթ հարուցելու մասին հայտնի դառնալուց  հետո «Դատալեքս» տեղեկատվական համակարգով պարզել այն տվյալները, որոնք, ըստ նախարարության, «Դատալեքս»-ից ստացված տեղեկություններ են, սակայն այս համակարգի միջոցով վարույթի հիմքում դրված  տվյալները գտնել չի ստացվել: Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանեց, որ «Դատալեքսում»,-ում տեխնիկական խնդիրներ կան:

Նշենք, որ թեև «Դատալեքսում» իսկապես տեխնիկական խնդիրներ կան, սակայն այն տվյալները, որոնք հասանելի են որևէ անձի, հասանելի են բոլորին, դրանք այնպիսի խնդիրներ չեն, որոնց պայմաններում մի  օգտատիրոջ կողմից որոնում կատարելիս տվյալները երևում են, մեկ այլ օգտատիրոջ կողմից կատարելիս՝ ոչ:

Ռշտունու ներկայացուցիչները նաև ներկայացրին Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ մի որոշում, դրանում նախարարը հայտնել էր, որ իր հետ փոխկապակցված անձի գործընկերոջ դիմումի հիման վրա կարգապահական վարույթի հարուցմամբ իր անաչառությունը կասկածի տակ կդրվի:

Ռշտունին և ներկայացուցիչներն ասում են, որ զեկուցագիր ներկայացրած անձն էլ նախարարից  կախվածության մեջ է գտնվում, ինչո՞ւ այդ դեպքում անկողմնակալության հարց չի բարձրացվում: Նախարարի ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ նախարարին զեկուցագիր ներկայացրած պաշտոնյան գործի ելքով շահագրգռված անձ չէ:

Դատավորների ներկայացուցիչները փորձեցին նաև պարզել՝ արդյոք, ըստ նախարարության ուսումանսիրությունների, վերաքննիչ դատարանի այլ դատավորներ արձակուրդի գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնել են: Նախարարության ներկայացուցիչները պնդեցին, որ այդ գործընթացները գաղտնի են և դա չի առնչվում այս վարույթին: Դատավորներն ու  ներկայացուցիչները պնդեցին, որ եթե երկու անձինք նույն արարքն են թույլ տալիս, բայց նրանցից մեկի նկատմամբ է վարույթ հարուցվում, իրավունքի տեսանկյունից դա ճիշտ չէ:

«Նույնն է, որ տասը հոգով անցագործություն կատարենք, միայն մեկին տանեն պատասխանատվության, թեև մյուս իննի անձն էլ ա հայտնի»,- ասաց Վազգեն Ռշտունին: Հետո դատավորը հիշեց Արդարադատության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանում կոպիտ հաշվարկներով՝ 40  կոռումպացված դատավոր կա, որոնցից պետք է ազատվել:

«Գուցե  ձեր նախարարի աչքերով ես այդ 40-ի մեջ եմ»,- ասաց Ռշտունին:

ԲԴԽ-ն չի սահմանել արձակուրդի ժամանակահատվածում դատավորի գործերը վերաբաշխելու դեպքերն ու կարգը

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ», բայց ԲԴԽ-ն համապատասխան որոշման մեջ դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում գործերի բաշխման կարգն ու դեպքերը չի սահմանել:

Վերաքննիչ դատարանում, սակայն, ձևավորված պրակտիկա կա. դատավորների արձակուրդում գտվելու դեպքում, ըստ նպատակահարմարության, նրա վարույթում եղած գործերը վերամակագրվել են: Ռշտունու դեպքն էլ բացառություն չէ:

Կարգապահական գործի քննույթան ընթացքում Ռշտունին նախարարության ներկայացուցիչներին հարցրեց՝ արդյոք օրենքով ԲԴԽ-ն պե՞տք է սահմաներ արձակուրդի ժամանակահատվածում դատավորի գործերի վերաբաշխման դեպքերն ու կարգը: Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ պետք է սահմանվեր: Հայկ Սանոյանը, շարունակելով, նշեց, որ Դատական օրենսգիրքը պատվիրակել է ԲԴԽ-ին լիազորություն՝ անդրադառնալ այդ իրավահարաբերություններին, բայց ԲԴԽ-ն համապատասխան որոշման մեջ չի նախատեսել, որ երբ դատավորը մեկնում է արձակուրդ, նրա գործերը պետք է վերաբախշման հանձնեն:

Ռշտունին կոնկրետ օրինակ բերեց. գուցե դատավորը կալանքի վերաբերյալ բողոք ստացած լինի, որը պետք է քննվի սեղմ ժամկետում, բայց անձնական կամ առողջական խնդիրների պատճառով արձակուրդ մեկնելու անհրաժեշտություն է առաջացել:

«Ես պարտավոր եմ երեք օրում քննել կալանքի բողոքը, բայց խնդիր է առաջացել՝ երկու ամսով արձակուրդ մեկնելու, ի՞նչ եք առաջարկում.  կալանքի որոշումը դնեմ սեյֆում, երկու ամիս գնամ, հետո գամ, կալանքը քննե՞մ»,- հարցրեց Ռշտունին: Նշենք, որ Ռշտունու վարույթում գտնված և նրա արձակուրդի ժամանակահատվածում վերամակագրման հանձնված գործերի մեջ եղել են նաև կալանքի վերաբերյալ բողոքներ:

«Տպավորություն է, որ Դուք  Ձեր պրակտիկայում առաջացող խնդիրների մասին եք խոսում, այդ խնդիրների բարձրաձայնման համար ճիշտ վայր կամ ժամանակ չեք ընտրել, այդ դժգոհության համար չենք այստեղ հավաքվել, պետք է գործել օրենքի տառին համապատասխան: Եթե օրենքի տառը Ձեզ հնարավորություն չի տալիս արձակուրդում գտնվելու ընթացքում գործերի վերաբաշխում կատարել, և դուք ասում եք՝ ես ստիպված եմ գործերի վերաբաշխում կատարել, որ դատավարական ժամկետ չխախտեմ, դա չի նշանակում, որ օրենք չեք խախտել»,-ասեց Հայկ Սանոյանը՝ պարզաբանելով, որ կապ չունի՝ գործերի վերաբաշխման նպատակը եղել է արդարացի, թե ոչ արդարացի:

«Այդպես ստացվում է՝ նպատակն արդարացնում է միջոցները»,-ասաց Սանոյանը:

«Չէ, կարող է ստացվել այնպես, որ Քրեական դատավարության օրենսգիրքը գերակա ուժ ունի ԲԴԽ որոշման նկատմամբ»,-հակադարձեց Վազգեն Ռշտունին:

Նշենք, որ եթե ԲԴԽ-ն արձակուրդի ժամանակահատվածում գործերի վերաբաշխման կարգ չի սահմանել, ապա դատավորի  անաշխատունակության դեպքում, օրինակ, այդպիսի կարգ սահմանել է:

Ռշտունին նկատեց ստացվում է, որ, օրինակ, եթե դատավորը covid-ով է հիվանդանում  և երկու շաբաթով բացակայում, գործերը հանձնում է մակագրման, բայց եթե մեկ ամսով է մեկնում արձակուրդ, չի կարողանում հանձնել: Նշենք, որ Ռշտունին երկու ամսով արձակուրդ է մեկնել՝ առտողջական խնդիրներիով պայմանավորված: Այդ ընթացքում 5 օրով վերադարձել է աշխատանքի՝ ավարտական փուլում գտնվող գործերի քննությանը որպես կազմի դատավոր մասնակցելու համար:

 Ինչպե՞ս է Ռշտունին վարկաբեկել դատական իշխանությունը 

Ռշտունուն վերագրվող արարքով, ըստ Արդարադատության նախարարի,  դատական իշխանությունը  վարկաբեկվել է: Ռուբեն Մելիքյանը նախարարության ներկայացուցիչներին հարցրեց, թե վարկաբեկելը գնահատելիս ի՞նչ հանգամանքներ եք հաշվի առել, ու ինչպե՞ս  է դատավորը Helpcourt.am-ով առաջին վարկանշային տեղը զբաղեցնող դատավորների մեջ, եթե դատական իշխանությունը վարկաբեկել է: Նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց վարկաբեկելը գնահատել են կոնկրետ արարքի շրջանակներում: Հարությունյանը դիտարկեց, որ հեղինակազրկումը գնահատողական է, այլ դատավորների ծանրաբեռնելու հետևանքը հեղիանակազրկման տարր է: Նախարարի ներկայացուցիչներից Երանուհի Թումանյանց ավելացրեց, որ Helpcourt.am-ում համակարգում ոչ  բոլոր փաստաբաններն են գնահատում:

Հետո Թումանյանցը նշեց, որ Ռշտունու վարույթում քիչ գործեր են եղել, և տրամաբանական է, որ դատավորն, ում վարույթում մեկ գործ է, ավելի մանրամասն կքննի այն, քան նա, ում վարույթում 30 գործ կա:

«Հանրությունը գիտի՞, թե որ դատավորի մոտ ինչ գործ  է գնում»,- հարցրեց Ռուբեն Մելիքյանը, և Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ առնվազն տասը քրեական գործերով մասնակիցներն իրենց վերաբերյալ գործերի շարժից տեղյակ են: Ռշտունին դիտարկեց, որ եթե Helpcourt.am –ի վարկանշային աղյուսակում ինքը  վերջին տեղերում լիներ, ապա նախարարության ներկայացուցիչներն անպայման կնշեցին դրա մասին:

«Այդ տվյալները որտեղի՞ց, որ մեկ գործ է քննվել ամսվա մեջ»,- հարցրեց Ռշտունին ու պարզաբանեց, որ մինչև արձակուրդ մեկնելն ինքն ավարտվել է 67 գործ և դա այն դեպքում, երբ մյուս դատավորներից 25 տոկոս պակաս պետք է քններ:

Ռշտունու արարքի ազդեցությունը գործերի քննության ողջամիտ ժամկետի վրա

Այս կարգապահական գործի համար հատկանշական է այն հանգամանքը, որ, այսպես ասած, մեղադրող կողմն ու մեղադրվողը իրենց գործողությունների իրավաչափությունը բացատրում են գործի ողջամիտ ժամկետի քննությանը հղում կատարելով:

Մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունն ասում է, որ Վազգեն Ռշտունու կողմից իր վարույթում եղած գործերը վերամակագրման հանձնելը, մատնանշված տասը գործերի ողջամիտ ժամկետում քննության վրա է անդրադարձել: Ռշտունին էլ ասում է, որ եթե երկու ամիս արձակուրդ մեկնելու պայմաններում գործերը թողներ իր վարույթում, ապա այդ գործերի ողջամիտ ժամկետում քննության խնդիր կառաջանար:

Ռշտունու ներկայացուցիչ Մելիքյանը փորձեց պարզել՝ Ռշտունու տասը վերամակագրված գործերով  ողջամիտ ժամկետի խախտման հանգամանքն  ուսումասիրվե՞լ է:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ որոշ դեպքերում վերամակագրվելուց հետո վարույթ ընդունած դատավորը մեկ դատական նիստով լուծել է գործի ընթացքը:

Դատավորի ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Ռշտունու վարույթում եղած ժամանակ այդ գործերի քննությունը հետաձգվել: Նախարարի ներկայացուցիչները պատասխանեցին, որ պատճառները տարբեր են եղել՝ դատախազի բացակայություն, դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելը, կազմի դատավորներից մեկի արձակուրդում գտնվելը, դատավորի՝ վատառողջ լինելը:

Ռշտունին պարզաբանեց, որ տասը գործերը, որոնք հանձնվել են վերամակագրման, եղել են գործեր, որոնցով ըստ էության քննություն սկսված չի եղել:

«Էնպես չէ, որ բողոքները լսել էի, հասել վիճաբանության փուլ ու գնացի»,- ասաց Ռշտունին ու հավելեց, որ տպավորություն է, որ նախարարության ներկայացուցիչները ուզում են ասել՝ «գործերը ցրել ա վրայից, գնացել»:

Ռշտունին նաև նշեց, որ կան պարզ գործեր, որոնց քննությունը դատարանում ամիսներ է տևում, և կան բարդ գործեր, որոնց շատ արագ են քննվում: Դատավորն ասաց, որ  իր վարույթում եղած գործերից մի քանիսը մինչև իր արձակուրդից վերադառնալն արդեն ավարտված են եղել, բայց եղել է նաև գործ, որ յոթ ամսում չի ստացվել ավարտել:

Ռշտունին, ինչպես հայտնի էլ, արձակուրդում է գտնվելիս եղել, երբ վերջինիս օգնականը նրա վարույթում եղած տասը գործերը հանձնել է վերամակագրման: Դրանք վերամակագրման է ուղարկել այդ ժամանակ դատարանի նախագահի պաշտոնակատար Մխիթար Պապոյանը: Այս մասին Պապոյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում: Նիստի ընթացքում Ռշտունին հարց բարձրացրեց, թե նման պայմաններում իմ մեղքի բաժինն ինչքա՞ն է կամ արդյոք ամբողջ պատասխանատվությունն իր վրա է: Ռշտունին նաև  դիտարկեց, որ որևէ այլ անձի այս դեպքով  պատասխանատվության ենթարկելու ժամկետներն ավարտվել են:

Դատավորի ներկայացուցիչները նաև հարց բարձրացրին, թե ի՞նչ իրավական հետևանք է ինքնին առաջացրել գործերը վերամակագրման հանձնելը: Նախարարության ներկայացուցիչները պնդեցին, որ գործերը վերամակագրման Ռշտունու նախաձեռնությամբ են դուրս եկել: Իսկ եթե, օրինակ, օգնականն իր նախաձեռնությամբ է դա արել, ապա արձակուրդից վերադառնալուց հետո Ռշտունին իր վարքագծով այդ հանգամանքին կարձագանքեր: Այնուամենայիվ, պատասխանելով «մեղադրվող կողմի» հարցերին՝ նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ մատնանշված տասը գործերը դատավորի վարույթից դուրս են եկել, վերաբաշխման փաստի ուժով:

Ռշտունին ասում է, որ իրեն թիրախավորել են

Իր ելույթում Վազգեն Ռշտունին համոզմունք հայտնեց, որ իրեն թիրախավորել են, հիշեցրեց նաև Կարեն Անդրեասյանի հարցազրույցը, որում խոսում էր 40  կոռումպացված դատավորներից ազատվելու անհրաժեշտության մասին:

«Ես ինչպե՞ս հասկանամ այդ քառասուն դատավորների մեջ մտնում եմ, թե՞ ոչ, և պլանավորված է եղել այս վարույթը, թե՞ ոչ»,- ասաց Ռշտունին:

Վերջինս նշեց, որ եթե կատարվել է ամփոփ ուսումնասիրություն, ապա կպարզվեր, որ վերաքննիչ դատարանի ինը դատավորի կողմից վերամակագրման է հանձնվել 9, 15, 6, 4  36, 2, 10, 3, 1 գործ, ըստ որում՝ հանձնված գործերի մեծ մասն իմ նախագահ լինելու օրոք են հանձնվել:

«Նմանատիպ իրավիճակներում, որը կապված է նաև անաշխատունակության հետ, 7 դատավորների գործեր են վերամակագրվել՝ նվազագույնը՝ 11, առավելագույնը՝ 40 օր տևողությամբ»,- ասաց Ռշտունին: Վերջինս նշեց, որ ինքը «գործերը ցրելու» խնդիր չի դրել իր առջև, իր համար տասը գործը քննելը բարդ չէր, պարզապես ինքն այդպես է մեկնաբանել օրենսդրությունը:

Ռշտունին նշեց, որ ինքը ոչ թե տասը, այլ տասից ավելի գործ է վերամակագրման հանձնել և դրանք, իր համոզմամբ, եղել են հանձնման ենթակա, քանի որ բացակայության ժամանակահատվածը երկար էր, և չհանձնելը կհանգեցներ ողջամիտ ժամկետի խախտման:

Դատավորը նշեց, որ մինչև արձակուրդ մեկնելը 68 գործ է ավարտվել, իսկ արձակուրդից վերադառնալուց հետո հինգ ամսվա ընթացքում այլ դատավորների համեմատ կրկնակի, եռակի, քառակի, իսկ՝ մի դեպքում ութ անգամ ավելի շատ գործ է մակագրվել իրեն, այսինքն՝ գործերի քանակը դատավորների միջև հավասարեցվել են:

Դատավորն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ իրեն վերագրվում է դիտավորությամբ կատարված արարք: «Ասում են՝ քանի որ տասը գործ է հանձնվել, ուրեմն դիտավորություն է: Դա իրավունքի որևէ ճյուղի մեջ չի տեղավորվում: Գործերի քանակն ի՞նչ կապ ունի դիտավորության հետ»,- ասաց Ռշտունին:

Դատավորն ասաց, որ 2017-ին՝ 37, 2018-ին՝ 58-գործ, 2019-ին՝ 94, 2020-ին՝ 91 և  2021-ին՝ 62 քրեական գործ է ավարտել, ըստ որում՝ ունի մեկ բեկանված դատական ակտ:

Նշենք, որ Ռշտունու գործին արդրադարձել է Իրավաբանական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

«Դատավոր Վ․ Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթը, ըստ էության, վեճ է՝ «կենդանի» իրավունքի կիրառության մասին, ուստի այն պետք է հանգուցալուծվի առավելապես սոցիոլոգիական իրավաընկալման շրջանակում և extra legem իրավունքի զարգացման դոկտրինի հիման վրա (եթե տևական (երկարաժամկետ) արձակուրդ գնալու հիմքով վերամակագրման մասին օրենսդրական դրույթի բացակայությունը կորակվի որպես՝ օրենսդրական բաց)։

Դատավոր Ռշտունին, տևական (կարծես՝ երկու ամիս) ժամանակով արձակուրդ գնալու հիմքով վարույթները վերամակագրման հանձնելիս, ըստ էության հիմք է ընդունել Վերաքննիչ դատարանում ձևավորված «կենդանի» իրավունքի նորմը (տևական ժամանակ կայուն պրակտիկայով ձևավորված նորմատիվ կանոնը), ըստ որի՝ վարույթի ողջամիտ տևողության ապահովման նպատակով վարույթը փոխանցվում է այլ դատավորի։   

Այս գործով վեճը լուծող իրավաբանական մարմինը, թերևս պետք է հաշվի նստի գերմանացի պետականագետ Գ․ Ելլինեկի հայտնած գաղափարների հետ․

1) ցանկացած ժողովրդի մոտ՝ ի սկզբանե իրավունք է համարվում այն, ինչը փաստացի իրականացվում է որպես այդպիսին։ Տևական իրականացումը համապատասխանում է սահմանված նորմին, և նրանց հետ միասին այդ նորմը վերածվում է հասարակության հրամայականի, այսինքն՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ (Еллинек Г. Право современного государства. Том I: Общее учение о государстве. СПб.: 1903. С. 222)։

2) Այն, ինչ անընդհատ շրջապատում է մարդուն, այն ինչն նա անընդհատ ընկալում և անում է, սկսում է այն դիտել ոչ միայն որպես ՓԱՍՏ, այլ նաև՝ որպես ՆՈՐՄ, որի հիման վրա նա գնահատում է, դատում է այն ամենը, ինչ այդ նորմից շեղվում է (Տե՛ս Еллинек Г. ․․․ էջ 221)։

Եթե Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ տևական ժամանակով արձակուրդ գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնելու փաստն անընդատ շրջապատել է դատավորներին, եթե նրանք անընդհատ դա արել են, ապա այս հիմքով գործերը վերամակագրման հանձնելը իրավաչափորեն ընկալվել է որպես նորմ։

3) Իրավունքի համակարգում ձևավորվում է կանխավարկած այն մասին, որ գոյություն ունեցող սոցիալական փաստը միաժամանակ համարվում է իրավաչափ, իսկ այն ով ցանկանում է փոխել այդ իրավիճակը, պետք է ապացուցի դրա նկատմամբ իր իրավունքը (Տե՛ս Еллинек Г. ․․․ էջ 222)։

Եթե Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ արձակուրդ գնալիս գործերը վերամակագրման հանձնելը տևականորեն գոյություն ունեցող սոցիալական փաստ է, ապա, էքսպլիցիտ ձևակերպված օրենսդրական արգելքի բացակայության դեպքում, այն իրավաչափ է, քանի դեռ պատասխանատու մարմինները չեն ցանկացել այս իրավիճակը փոխել օրենսդրական փոփոխությունների (ուղղակի արգելք սահմանելով) կամ, առնվազն՝ «փափուկ» իրավունքի (տեղեկատվական նամակների) միջոցով։

Տևական ժամանակով արձակուրդ գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնելու Վերաքննիչ քրեական դատարանում ձևավորված համակարգային պրակտիկայի (սոցիալական փաստի) առկայության պայմաններում կոնկրետ դատավորի՝ Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արթուր Ղամբարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter