
Արձակուրդում գտնվելու ընթացքում միայն Վազգեն Ռշտունու գործերը չէ, որ վերամակագրվել են
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն «մեղադրում են» մի արարքի կատարման մեջ, որը կատարել են նաև այլ դատավորներ:
Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթը, որը փետրվարի 14-ին կքննվի Բարձրագույն դատական խորհրդի նիստում, հարուցվել է այն կապակցությամբ, որ դատավորը արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած տասից ավելի գործ հանձնել է վերամակագրման: Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների գործընթացը գաղտնի է, սակայն փորձը ցույց է տալիս, որ հարուցման դեպքերի մասին տեղեկատվությունը մշտապես արտահոսում է, և հանրությանը հասանալի դառնում: Այս պահի դրությամբ՝ հայտնի չէ որևէ այլ դեպք, երբ գործերը վերամակագրման հանձնելու հիմքով որևէ այլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինի:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ասում է, որ իրենց դատարանում այսօր էլ պրակտիկա կա, որ երբ որևէ դատավոր տևական արձակուրդի մեջ է գտնվում, նրա՝ հատկապես այն գործերը, որոնցով կալանավորված անձ կա, վերամակագրվում են այլ դատավորների, ինչն, ըստ Պապոյանի, ավելի արդարացի է, քան նիստերը դատավորի՝ տևական արձակուրդում գտնվելու պատճառով հետաձգելը:
Փաստաբան, Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նույնպես իր պրակտիկայի հիման վրա պնդում է, որ Ռշտունու՝ գործերը վերամակագրման հանձնելը եզակի դեպք չէ:
«Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում գործի քննությունը տևել է տարիներ»,- ասաց Սահակյանն ու օրինակ բերեց մի դեպք, երբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոք քննող դատավորը տարբեր պատճառներով հետաձգել է նիստը՝ գործուղման մեջ գտնվելու, խորհրդակցական սենյակում գտնվելու, տեխնիկական, իսկ հետագայում գործը հանձնվել է վերամակագրման: Փաստաբանն ասում է, որ իրենք անգամ Արդարադատության նախարարին բողոք են ներկայացրել, սակայն վարույթ չի նախաձեռնվել. նախարարությունը որոշել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առերևույթ հիմք առկա չէ:
Ռշտունու վերաբերյալ վարույթը առանձնանում է նաև հարուցման առիթով. Արդարադատության նախարարությունը ոչ թե բողոքի հիման վրա, այլ սեփական նախաձեռնությամբ է սկսել ուսումնասիրել դատավորի գործերը:
«Կարծում եմ՝ այստեղ էական հանգամանք է, որ ոչ թե կա արդարադատությունից կամ դատավորի գործունեությունից բողոքող անձ, այլ ընդամենը Արդարադատության նախարարին ենթակա նորանշական անձ, որի նախաձեռնությամբ իրականացված զեկուցագիրն է հիմք հանդիսացել կարգապահական վարույթի հարուցման: Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք խտրականություն և փաստում, որ բողոքի առկայության պարագայում դրան ընթացք չեն տալիս, բայց սեփական նախաձեռնությամբ իրականացնում են ինչ-որ ուսումնասիրություն, զեկուցագիր գրում, որն էլ հիմք է հանդիսանում, որ կարգապահական վարույթ հարուցվի դատավորի նկատմամբ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Այն, որ տևական ժամանակ արձակուրդում գտնվելու դեպքում դատավորների վարույթներում եղած գործերը վերամակագրվելու պրակտիկա դատարաններում կա, հավաստվում է ոչ միայն դատավոր Պապոյանի և փաստաբան Սահակյանի խոսքով, այլ նաև «Հետք»-ի կատարած ուսումասիրությամբ, որը, սակայն, վերաբերում է ոչ թե վերաքննիչ, այլ առաջին ատյանի դատարանին:
Ընդամենը մեկ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանի, երեք ամսվա գործունեության ուսումասիրության արդյունքում մենք պարզեցին, որ նրա ստացած 88 գործից 9-ը այլ դատավորների՝ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ վերամակագրված գործեր են:
«Արդյունավետ դատական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, ինչպես արդեն հայտնի է, «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալներ ենք ուսումնասիրել և փորձել պարզել, թե քրեական գործեր քննող դատավորներն իրենց անունները գործերի բաշխման ցանկից հանելուն նախորդած երեք ամսվա ընթացքում քանի՞ գործ են ստացել և որքան գործով դատաքննություն նշանակել: Մեր ընտրած դատավորների մեջ եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Նկատի ունենալով, որ դատավորի անունը գոծերի բաշխման ցանկից հանվել է 2020 թվականի փետրվարի 7-ից՝ ուսումնասիրել էինք նրա քննած գործերը՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Եվ ապա պարզվում է, որ վերը նշված երեք ամսվա ընթացքում 9 քրեական գործ դատավոր Մելիքսեթյանին է մակագրվել, քանի որ այդ գործերը քննող դատավորները գտնվել են արձակուրդում:
Մասնավորապես` Մելիքսեթյանին վերամակագրված 1 քրեական գործ նախկինում գտնվելիս է եղել դատավոր Գագիկ Պողոսյանի, 3-ը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, 5-ը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում:
ԵԴ/1012/01/19, ԵԴ/1007/01/19 գործերը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վարույթ է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ԵԴ/0979/01/19 գործը՝ դեկտեմբերի 4-ին: Դեկտեմբերի 10-ին նշված 3 գործերը վերամակագրվել են Արմինե Մելիսեթյանին: Որպես կազմի փոփոխության պատճառ նշված է դատավորի արձակուրդում գտնվելը: ինչպես նկատում ենք, այս երեք գործերով կազմի փոփոխություն է տեղի ունեցել վարույթ ընդունելիս մի քանի օր անց:
ԵԴ/0597/01/19 քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանին մակագրվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին, դատավորն այն օգոստոսի 12-ին վարույթ է ընդունել, գործով նշանակել է երկու դատական նիստ և 2019-ի դեկտեմբերի 12-ին, այսինքն՝ վարույթ ընդունելուց և նիստեր նշանակելուց 4 ամիս անց գործը վերամակագրվել է Արմինե Մելիքսեթյանին:
ԵԴ/0573/01/19 քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանին մակագրվել է 2019-ի օգոստոսին, կրկին 4 ամիս անց գործը վերամակագրվել է:
ԵԴ/0297/01/19 քրեական գործը վերամակագրման է հանձնվել այն դատավոր Աննա Դանիբեկյանին մակագրելուց 7 ամիս անց: Այսպես՝ գործը դատավորին մակագրվել է 2019 թվականի մայիսի 8-ին, մայիսի 10-ին այն ընդունվել է վարույթ, 7 ամսվա ընթացքում գործով 4 դատական նիստ է նշանակվել, ապա դեկտեմբերի 10-ին կազմի փոփոխություն է տեղի ունեցել, այս գործը վերամակագրվել է Արմինե Մելիքսեթյանին:
ԵԴ/0239/01/19 գործն էլ ավելի վաղ՝ 2019-ի ապրիլին 23-ին է մակագրվել Աննա Դանիբեկյանին, շուրջ 7.5 ամիս քննությունից հետո նույն օրը՝ դեկտեմբերի 10-ին գործը վերամակագրվել է:
ԵԴ/0020/01/18 քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանին մակագրվել է 2019 թվականի օգոստոսի 7-ին, մեկ օր անց դատավորն այն ընդունել է վարույթ և 4 ամիս անց գործը վերամակագրվել է դատավոր Մելիքսեթյանին:
ԵԴ/0592/01/19 քրեական գործը դատավոր Գագիկ Պողոսյանին մակագրվել է 2019 թվականի օգոստոսի 8-ին, օգոստոսի 12-ին դատավորն այն վարույթ է ընդունել, նիստ նշանակել հոկտեմբերի 14-ին, որը չի կայացել: Մեկ օր անց՝ հոկտեմբերի 15-ին դատավորի վարույթում գտնվող գործը վերամակագրվել է Մելիքսեթյանին: Որպես կազմի փոփոխության պատճառ նշված է դատավորի արձակուրդում գտնվելը:
Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա է միայն դատավորների ընթացիկ տարվա արձակուրդների ժամանակացույցը, նախորդ տարիների արձակուրդների վերաբերյալ տեղեկատվությունը չի պահպանվում, ԲԴԽ-ն այժմ այդ տվյալները չունի, ուստի փորձել ենք «Դատալեքս»-ում դատավորների նշանակած գործերն ուսումնասիրելու միջոցով պարզել, թե վերջիններս որքա՞ն ժամանակով և ի՞նչ արձակուրդի մեջ են գտնվելիս եղել, երբ նրանց գործերը վերամակագրման են հանձնվել:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավոր Գագիկ Պողոսյանն ամենամյա արձակուրդում գտնվելիս չի եղել, իսկ դատավորներ Տաթևիկ Գրիգորյանն ու Աննա Դանիբեկյանը գտնվել են ամենամյա արձակուրդի մեջ:
Տաթևիկ Գրիգորյանը 2019-ի դեկտեմբերի կեսից մինչև, ամենայն հավանականությամբ, 2020-ի հունվարի 15-ն է արձակուրդում գտնվել, քանի որ այս ընթացքում կա՛մ նիստեր չի նշանակվել կա՛մ նշանակված նիստերը հետաձգվել են՝ դատավորի ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: Աննա Դանիբեկյանի արձակուրդի մեկնելու ժամանակահատվածը հստակ է՝ 2019-ի դեկտեմբերի 3-ից մինչև 2020-ի հունվարի 9-ը: Այսինքն՝ այս երկու դատավորների՝ Տաթևիկ Գիգորյանի և Աննա Դանիբեկյանի վարույթում եղած գործերը վերամակագրվել են այն ժամանակահատվածում, երբ վերջիններս ամենամյա, պլանավորած արձակուրդի մեջ են գտնվել, ըստ որում՝ պետք է նշել, որ Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործերի վերամակագրման պատճառը եղել է այն, որ վերջինիս մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս ընթացում նաև Դանիբեկյանի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից:
Ինչ վերաբերում է դատավոր Ռշտունու գործերը վերամակագրելուն, ապա դատավորը գտնվելիս է եղել տևական արձակուրդում, որը ներառել է նաև ամենամյա արձակուրդի ժամակահատվածը: Լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ասել է, որ խոսքը շուրջ երկու ամիս արձակուրդում գտնվելու մասին է, ըստ որում՝ դատավորն առողջական խնդիրների պատճառով է մեկնել երկարատև արձակուրդ: Երկու ամսվա ընթացքում չորս կամ հինգ օրով վերադարձել է աշխատանքի: Պատճառն այն է եղել, որ նրա վարույթում եղել են գործեր, որոնք կոլեգյալ կազմով են քննվել ու գտնվել են ավարտական փուլում: Այսինքն՝ Ռշտունին վերադարձել է աշխատանքի, որպես այդ գործերն ավարտեն, դրանց քննությունը չձգձգվի:
Պապոյանը լրագրողներին հայտնել է նաև, որ երբ Վերաքննիչ դատարանի նախագահ Ռշտունին արձակուրդում է գտնվել, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ինքն է եղել, գործերը վերամակագրման հանձնել է Ռշտունու օգնականը, դրանք մակագրել է ինքը՝ Պապոյանը ու այժմ, փաստորեն, ստացվում է, որ վարքագծի կանոնի խախտում են վերագրում Ռշտունուն:
Պապոյանն, ինչպես նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը նաև հրապարակային կարծիք են հայտնել, որ Ռշտունին թիրախավորվել է:
Մեկնաբանել