HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քրեական գործերով դատավորներն անհամաչափ ծանրաբեռնվածություն ունեն. ո՞ւմ անուններն են հանվել գործերի բաշխման ցանկից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող դատավորները 25-ն են: Նրանցից մեկի՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, երկուսը՝ Գնել Գասպարյանը և Ջոն Հայրապետյանը, գործուղվել են մարզեր: Այսինքն՝ այս պահին Երևանում քրեական գործ է քննում 22 դատավոր:

2021թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է 1660  քրեական գործ, որից 90-ը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին: Դատավորը հաշվել է՝ եթե ստացված գործերը հավասարաչափ բաշխվեին, ապա յուրաքանչյուր դատավոր միջինը 75 գործ պետք է ստանար, մինչդեռ ինքը ստացել է 90 գործ:

Իրավիճակը նույնն է նաև 2020թ.-ին. դատարան մուտքագրված 1423 գործից 109-ը մակագրվել է դատավոր Դ. Հարությունյանին: Վերջինս ասում է, որ մի քանի այլ դատավորներ ևս անհամեմատ մեծ թվով գործեր են ստացել այն դեպքում, երբ 2020թ. ընթացքում ստացված գործերը հավասարաչափ բաշխելու պարագայում Երևանում աշխատող 22 դատավորից յուրաքանչյուրին պետք է մակագրվեր մոտավորապես 65 գործ: Արդյունքում 2021-ի նոյեմբերի դրությամբ դատավորի վարույթում  գործերի քանակը 200-ից ավելի է:

Ի՞նչ ծանրաբեռնվածության պայմաններում, ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում են դատավորների անունները ժամանակավորապես գործերի բաշխման ցանկից հանվում, ինչպե՞ս է ստացվում, որ գործերը դատավորների միջև անհավասարաչափ են բաշխվում: Այս հարցերի պատասխանները փորձել ենք պարզել դատավորների գործերի ուսումնասիրությամբ, դատավորներից, Դատական դեպարտամենտից  ու Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ):

ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ 2019թ.-ից մինչև 2021թ. հունիս ամիսը գործերի բաշխման ցանկից հանվել են մարզային դատարաններում գործող դատավորներ Գեղամ Մարգարյանի, Արիստակես Սիսակյանի, Ադրինե Ղուկասյանի, Գնել Գասպարյանի, Սուսաննա Գզոգյանի անունները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ Աննա Դանիբեկյանի, Մեսրոպ Մակյանի, Մնացական Մարտիրոսյանի, Դավիթ Հարությունյանի, Հարություն Մանուկյանի, Աննա Մաթևոսյանի, Նելլի Բաղդասարյանի, Վարդան Լևոնի Գրիգորյանի, Արտուշ Գաբրիելյանի, Վաչե Մարգարյանի, Վահե Միսակյանի, Արմինե Մելիքսեթյանի, Արթուր Մկրտչյանի, Կարեն Ֆարխոյանի, Դավիթ Բալայանի, Արման Հովհաննիսյանի անունները:

2019թ. աշնանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավորներ էին նշանակվել՝ Արմինե Մելիքսեթյանը և Վահե Միսակյանը, վերադարձել էին նաև մարզեր գործուղված դատավորները: Այդ ժամանակ խնդիր էր դրված համաչափություն պահպանել դատավորների գործերի քանակում։ Այդ նկատառումով է որոշվել, որ Երևանի բոլոր այն դատավորները, որոնց վարույթում 100-ից ավելի գործ կա, պետք է դիմում գրեն իրենց անունները գործերի բաշխման ցանկից հանելու համար:

Ի թիվս այլոց, դիմել է նաև դատավոր Դավիթ Հարությունյանը, և նրա անունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից: Դատավոր Հարությունյանը, սակայն, դիմումներին այնքան էլ դրական չի վերաբերվում, քանի որ, մի դատավորի անունը գործերի բաշխման ցանկից հանելով, ծանրաբեռնում են մեկ այլ դատավորի։ Կան դեպքեր, երբ դատավորի անունը բաշխման ցանկից հանվել է, ու դրա հաշվին ակնհայտորեն անհիմն ծանրաբեռնել են այլ դատավորների:

Մի քանի ամիս է արդեն, ինչ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է գործերի բաշխման գործընթացին ենթադրյալ միջամտությանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի համակարգիչներն առգրավվել են։ Դրանից հետո գործերը գրավոր ընթացակարգով մակագրում է Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը: ԲԴԽ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է այն մասին, որ համակարգով, որով գործերն այժմ մակագրվում են, միայն թվային տվյալներն են հաշվի առնվում՝ ըստ էության դժգոհություն հայտնելով համակարգչային մակագրման մեխանիզմից: Դատավոր Դ. Հարությունյանի համար, սակայն,  այս պահին իրականացվող ձեռագիր մակագրումն է'լ ավելի անընդունելի է:

 «Անկախ նրանից, թե համակարգչային բաշխման դեպքում քանի գործ էր մակագրվում դատավորին՝ համակարգչային մակագրումն ինձ համար առավել ընդունելի է: Ձեռագիր մակագրումն օրենքի հետ կապված խնդիր է առաջացնում, իսկ ամենակարևորը՝ հանրային վստահության հետ է խնդիր առաջանում: Ես չեմ կարծում, որ հանրային վստահություն կա ձեռագիր մակագրման դեպքում, այսինքն՝ դատարանի նախագահն է ընտրում, թե որ գործը որ դատավորը քննի»,- ասաց Հարությունյանը։

Նա շեշտեց, որ չի ճանաչում որևէ գործընկեր դատավորի, ում համար այժմ իրականացվող ձեռագիր մակագրումն ավելի ընդունելի և վստահելի լինի, քան համակարգչային մակագրումը:

«Ինձ հայտնի չէ, թե դատարանի նախագահն ի՞նչ սկզբունքով է մակագրում գործերը։ Ամեն դեպքում, ես մի անգամ ասել եմ, հիմա էլ պնդում եմ, որ այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ և արդար։ Մակագրումը պետք է իրականացվի բոլորի աչքի առաջ, դռնբաց, դա շատ հեշտ է իրականացնել, պետք է ուղղակի ֆիքսվի ցանկացած գործ դատարան մուտք անելու ժամը և ըստ այբբենական կարգի մակագրվի՝ անկախ գործի բարդությունից։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ դատարանի նախագահն է որոշում, թե որ դատավորն ինչ գործ քննի, կամ՝ դատարանի նախագահը չի որոշում, այլ անձինք կամ մարմիններ են որոշում: Այդ տպավորությունները փարատելու համար մակագրելու գործընթացը պետք է թափանցիկ արվի»,- կարծիք հայտնեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գործերի անհավասարաչափ բաշխմանը, ապա, ըստ դատավորի, այս խնդիրը կարող է լուծվել, եթե պատշաճ հաշվետվություն վարվի։ Երբ որևէ դատավոր նվազ ծանրաբեռնվածության դեպքում դիմում է իր անունը գործերի բաշխման ցանկից հանելու համար, դատարանի նախագահը բացասական կարծիք տա:

Այլապես, ըստ Հարությունյանի, ստացվում է, որ մի դատավոր ստանում է տարեկան 10-20, մեկ այլ դատավոր՝ 100 գործ, որը համաչափ ու նորմալ բաշխում չի կարող համարվել: ԲԴԽ-ն էլ, ըստ դատավորի, անկախ նրանից` դատարանի նախագահը համաձայնությունը տալիս է, թե՞ ոչ, պետք է մակագրումը սահմանափակելու վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Դատական դեպարտամենտից պահանջի վիճակագրական տվյալներ ու պարզի՝ մյուս դատավորներին անհամաչափ չի ծանրաբեռնի, արդյոք, եթե այս կամ այն դատավորի անունը բախշման ցանկից հանելու մասին որոշում կայացնի:

Հաշվետու ժամանակահատվածում դատավոր Ռոբերտ Պապոյանի անունը ևս հանվել է գործերի բաշխման ցանկից: Դատավորը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմումը գրել է այն ժամանակ, երբ վարույթում 100-ից ավելի գործ է եղել։ Ըստ որում՝ բազմաթիվ գործերով 15-օրյա ժամկետում նիստ նշանակելու օրենսդրական պահանջը կատարելու խնդիր է եղել: Անունը գործերի բաշխման ցանկից հանելու խնդրանքը չի մերժվել, և դատավորի անունը 3 ամսով հանվել է: Այս պահին էլ դատավորը ծանրաբեռնված է, հայտնեց, որ մոտ 60 գործի քննություն այս տարի ավարտել է, բայց հիմա վարույթում հարյուրից ավելի գործ կա:

Դատական դեպարտամենտը վիճակագրություն չի վարում

Դատավորները դիմում գրելիս նշում են այն հանգամանքները, որոնց պայմաններում, կարծում են, որ իրենց անունները պետք է հանվեն գործերի բաշխման ցանկից։ Սակայն ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը վիճակագրություն չեն վարում պարզելու համար, թե որքանո՞վ է տվյալ ժամանակահատվածում նպատակահարմար դատավորի անունը գործերի բաշխման ցանկից հանելը: Նման պայմաններում չի բացառվում, որ որոշում կայացնողները կարող են կամայականորեն անձանց անունները գործերի բաշխման ցանկից հանելու դիմումը մերժել կամ բավարարել:

Oրինակ՝ դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը 2020թ. ընթացքում երեք անգամ դիմել է, որպեսզի իր անունը հանվի գործերի բաշխման ցանկից։ Նրա երեք դիմումն էլ մերժվել է։ ԲԴԽ-ն ասում է՝ դատավորը պատշաճ չի հիմնավորել, որ իր վարույթում առանձնակի բարդության գործեր կան:

Դատավորի հետ զրուցել ենք դեկտեմբերի 3-ին, այդ օրվա դրությամբ վարույթում 202 քրեական գործ և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ 43 գործ կար, և, փաստորեն, շարունակում է նորերը ստանալ: Երեք տարի է, ինչ Վ. Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Հայտնեց, որ այս տարիների ընթացքում շուրջ 330 գործ է ստացել: Ստացվում է, որ յուրաքանչյուր տարի պետք է 100-ից ավելի գործ քննի ու ավարտի, ինչն անհնարին է համարում:

Դատավորն իր անունը գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ 2020 թ. փետրվարին է դիմում գրել, մարտին ստացել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պատասխանը, որ Դատական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորի անունը գործերի բաշխման ցանկից հանելու հիմք հանդիսացող տեղեկությունները բացակայել են: Նշենք, որ Դատական օրենսգրքի 42-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում վերջինիս անունը կարող է հանվել բաշխման ցանկից:

Նույն տարվա հոկտեմբերին դատավորը կրկին դիմել է Դեպարտամենտին, կրկին մերժման վերաբերյալ նույնաբովանդակ պատասխան է ստացել: Վերջին անգամ Գրիգորյանը դիմում է ներկայացել 2021թ. մայիսին և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կրկին պատասխանել է, որ դիմումը հիմնավոր չէ՝ իր վարույթում առանձնակի բարդության գործի առկայության հանգամանքի վերաբերյալ:

Վ. Գրիգորյանն իր անունը գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ դիմումի մեջ նշել է, որ ունի բազմահատոր գործ՝ 50 վկայով, որն արդեն իսկ առանձնակի բարդություն է ներկայացնում։ Միաժամանակ ներկայացրել է վարույթում գործերի քանակը, այսինքն՝ ընդհանուր ծանրաբեռնվածությունը, բայց ԲԴԽ խորհուրդը այն հիմնավոր չի համարել, և դիմումը մերժել է:

Դատավորի վերջին դիմումից շուրջ երեք ամիս անց, 2021թ. օգոստոսին ԲԴԽ-ի որոշումով սահմանվել է գործերի քննության միջին տևողության ուղենշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության։ Ըստ այդմ, գործի բարդության մակարդակը որոշվելու է գործի իրավական և փաստական բարդության չափանիշներով, և այն գործերը, որոնց փաստական բարդության չափանիշների գործակցի և իրավական բարդության չափանիշի գործակցի համագումարը 10 է, համարվում են առանձնակի բարդության:

Դատավորն ասում է, որ ԲԴԽ-ի սահմանած չափորոշիչներով իր վարույթում գտնվող առնվազն հինգ գործ առանձնակի բարդության է: Ընդ որում՝ բոլոր գործերը չի հաշվել, այլ միայն նրանք, որոնք մտովի հիշել է: Հատկանշական է, որ վերը նշված փաստական և իրավական չափանիշների գործակիցների հանրագումարը Գրիգորյանի գործերից մեկով ոչ թե 10, այլ 90 է, մեկ այլ գործով՝ 40, այսինքն՝ առանձնակի բարդության գործերի համար սահմանված չափանիշից 9 և 4 անգամ ավել:

Դատավորների վարույթում քննված գործերը՝ նրանց անունը բաշխման ցանկից հանելուց առաջ

Պատահականության սկզբունքով «Հետք»-ն ուսումնասիրել է 5 դատավորի վարույթում եղած գործերը, որոնց անունները 2019-ից մինչև 2021թ.-ի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում  որոշակի ժամկետով   հանվել են գործերի բաշխման ցանկից: Դատավորներից երեքն աշխատում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երկուսը՝ մարզերում: Փորձել ենք պարզել, թե այդ դատավորները քա՞նի գործով են դատաքննություն նշանակել նրանց անունները գործերի բաշխման ցանկից հանելուն նախորդած երեք ամսվա ընթացքում, նրանց վարույթում նշանակված գործերից քանիսն են կայացել, քանիսը՝ հետաձգվել, քանի դատավճիռ են հրապարակել դատավորներն այդ երեք ամսվա ընթացքում:

Մնացական Մարտիրոսյան

Եթե Վարդան Գրիգորյանի անունը գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ դիմումները երեք անգամ մերժվել են, ապա դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունն, ինչպես պարզվում է, 2019-ից մինչև 2021թ.-ի հունիսը երեք անգամ հանվել է բաշխման ցանկից։ Ընդ որում, նկատենք, որ դա արվել է այն ժամանակաշրջանում, երբ ԲԴԽ-ն դեռևս առանձնակի բարդության գործերի չափորոշիչներ չէր սահմանել:

Մենք ուսումնասիրել ենք դատավորի անունը բաշխման ցանկից հանելու երեք որոշումից մեկին նախորդած երեք ամսվա վիճակագրությունը: Մասնավորապես, ուսումնասիրել ենք դատավորի՝ 2019թ. սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի գործունեությունը, քանի որ անունը գործերի բաշխման ցանկից հանվել է դեկտեմբերի 3-ից:

Հաշվետու 3 ամսվա ընթացքում դատավորը դատական նիստեր է նշանակել 50 գործով: Ընդհանուր առմամբ նշանակվել է 151 նիստ, երկու գործ քննվել է դռնփակ, և դրանց վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակված է:

Նշանակված 151 նիստից 4-ը չի կայացվել: Երեք ամսվա ընթացքում դատավորը 6 գործով է դատավճիռ կայացրել: Հաշվետու 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր գործով նշանակվել է 1-4 նիստ, երկու գործով՝ 5, 6 դատական նիստ: Դատավորը հաշվետու ժամանակահատվածում 2018թ.-ից վարույթ ընդունած 2 գործով է դատական նիստ նշանակել, իսկ քննած մյուս բոլոր գործերը վարույթ է ընդունել 2019թ. ընթացքում:

Դատավոր Մ. Մարտիրոսյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է վերջինիս անունը երեք անգամ հանվել գործերի բաշխման ցանկից։ Նա պատասխանեց, որ չի կարող հիշել շուրջ երկու տարի առաջ իր անունը գործերի բաշխման ցանկից հանելու պատճառների մասին:

Կարեն Ֆարխոյան

Դատավոր Կարեն Ֆարխոյանի անունը ևս գործերի բաշխման ցանկից հանվել է 2019-ի դեկտեմբերի 3-ից, ուստի կրկին ուսումնասիրել ենք դատավորի գործերը՝ սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում:

Այսպես. դատավոր Կարեն Ֆարխոյանը հաշվետու ժամանակահատվածում դատաքննություն է նշանակել իր վարույթում գտնվող գործերից 49-ով: Ընդհանուր առմամբ հաշվետու 3 ամսվա ընթացքում նշանակվել է 111 դատական նիստ և բոլորի համար, բացառությամբ մեկի, որով ինֆորմացիան սահմանափակված է, առկա է «կայացվել է» նշումը: Երեք ամսվա ընթացքում դատավոր Ֆարխոյանը 5 գործով է դատավճիռ կայացրել: Ուսումնասիրվող գործերից 3 ամսվա ընթացքում նշանակվել է  2, 3, 4, որոշ դեպքերում՝ 1 կամ 5 դատական նիստ: Հաշվետու ժամանակահատվածում դատավորի վարույթում 2018թ.-ից վարույթ ընդունած 11 գործ է առկա եղել, իսկ դատաքննության նշանակված մյուս բոլոր գործերը վարույթ են ընդունվել 2019թ.-ի ընթացքում:

Արմինե Մելիքսեթյան

Դատավոր Արմինե Մելիքսեթյանի անունը գործերի մակագրման և բաշխման համակարգից հանվել է 2020թ. փետրվարի 7-ից, ուստի ուսումնասիրվել է դրան նախորդած երեք ամսվա ընթացքում Մելիքսեթյանի կողմից դատաքննության նշանակած նիստերը: Ստացվում է, որ տվյալ դեպքում հաշվետու ժամանակահատվածը 2019թ. նոյեմբերի 7-ից մինչև 2020թ.-ի փետրվարի 7-ն է: Հատկանշական է, որ Ա. Մելիքսեթյանը դատավոր է նշանակվել հենց 2019թ. նոյեմբերի 7-ից, այսինքն՝ երեք ամիս աշխատելուց հետո արդեն նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Վերը նշված 3 ամսվա ընթացքում դատավոր Մելիքսեթյանը դատական նիստեր է նշանակել իր վարույթում գտնվող 88 գործով:  Ընդհանուր առմամբ, նշանակվել է 108 դատական նիստ: Նիստերից 29-ը չեն կայացել, ըստ որում՝ չկայացած նիստերից 25-ի պատճառաբանության մեջ նշված է, որ դրանք չեն կայացել դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով: Ուսումնասիրելով հաշվետու ժամանակահատվածում դատավորի գործերը՝ կարելի է տեսնել, որ վերջինս երեք ամսվա ընթացքում իր վարույթում ըստ էության քննվող գործերից 2-ով է դատավճիռ հրապարակել։ Դրանից կարելի է եզրահանգել, որ մնացած 23 դեպքում դատավորը խորհրդակցական սենյակում է գտնվել ոչ թե ըստ էության, այլ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով դատական ակտ կայացնելու համար:

Գործերի ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ դատավոր Մելիքսեթյանը 2019թ. դեկտեմբերի 30-ին, մեկ օրվա ընթացքում վարույթ է ընդունել միանգամից 25 քրեական գործ, որոնք բոլորն, ի դեպ, նրան մակագրվել էին դեկտեմբերի 27-ին:

Դատավոր նշանակվելու պահից մինչև գործերի բաշխման ցանկից Մելիքսեթյանի անունը հանելը վերջինիս մակագրված է եղել ընդհանուր 88 գործ: Նկատի ունենալով, որ հաշվետու 3 ամսվա ընթացքում դատավորը 2 գործով արդեն կայացրել էր դատավճիռ՝ կարելի է եզրակացնել, որ գործերի բաշխման ցանկից Մելիքսեթյանի անունը հանելու պահին վերջինիս վարույթում եղել է 86 քրեական գործ:

Գնել Գասպարյան

Սյունիք գործուղված դատավոր Գնել Գասպարյանի անունը գործերի բաշխման համակարգից հանվել է 2020թ. դեկտեմբերի 19-ից: Գործերով նշանակված դատաքննության ժամանակահատվածը 2020թ. սեպտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 19-ն է: Այս ժամանակատվածում՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը պատերազմի ժամանակահատվածն է: Դատավոր Գասպարյանի գործերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս շրջանում նշանակված նիստերը չեն կայացել երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով:

Այսպես. հաշվետու ժամանակահատվածում դատավոր Գասպարյանը դատական նիստ է նշանակել իր վարույթում քննվող գործերից 77-ով: Ընդհանուր առմամբ, հաշվետու 3 ամսվա ընթացքում նշանակվել է 102 դատական նիստ, որոնցից կայացել են 22-ը: Դատավորն այս ընթացքում կայացրել է 4 դատավճիռ:

Դատավոր Գնել Գասպարյանի վարույթում շատ են զինվորական գործերը, և ռազմական դրության պայմաններում զինվորական գործերով դատական նիստերը կարող էին և չկայանալ, ուստի օբյեկտիվ պատկեր ստանալու համար ուսումնասիրել ենք նաև, թե դատավորի վարույթում գտնվող գործերն ինչպես են քննվել մինչև ռազմական դրություն հայտարարելը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավորի վարույթում գտնվող գործերը հաճախակի չեն կայացել նաև այն պայմաններում, երբ Հայաստանում հայտարարված չէր ռազմական դրություն: Կան դատական գործեր, որոնցով վարույթ ընդունելուց մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը նշանակված նիստերի կեսից ավելին չեն կայացել, սակայն պետք է նշել, որ նիստերն առավել հաճախ չեն կայացել կողմերի չներկայանալու պատճառով:

Սուսաննա Գզոգյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի անունը գործերի բաշխման ցանկից հանվել է 2020թ. հուլիսի 9-ից: Ուսումնասիրել ենք դատավորի կողմից դատաքննության նշանակված քրեական գործերը` 2020թ.-ի ապրիլի 9-ից մինչև հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում:

Այսպիսով՝ հաշվետու երեք ամսվա ընթացքում դատավորը դատական նիստեր է նշանակել իր վարույթում քննվող 134 գործով: Ընդանուր առմամբ նշանակել է 320 նիստ: Նշանակված նիստերից 37-ը չի կայացել, որոնցից 30-ը՝ կորոնավիրուսի, մյուսները՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով:

Դատավոր Գզոգյանի գործերն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ վերջինս հաճախակի է օրվա ընթացքում նշանակում մինչև 7-8 դատական նիստ: Սակայն մեկ օր առանձնանում է ոչ միայն մեծ թվով նիստեր նշանակելու, այլ նաև այն հանգամանքով, որ դատավորը սկսել է իր վարույթում գտնվող նոր գործի քննություն և 15 րոպեում հրապարակել դատավճիռ: Մասնավորապես` Սուսաննա Գզոգյանը 21-05-2020թ.-ին նշանակել է 11 դատական նիստ: Ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության, ժամը 16:30-ին դատավորը դատական նիստ է նշանակել ԼԴ/0044/01/20 գործով, որի դիմաց առկա է «կայացվել է» նշում, առկա է նաև տեղեկատվություն այն մասին, որ այդ գործով միայն այդ մեկ օրն է նիստ նշանակվել, ու փաստորեն, 15 րոպեում դատավճիռ է կայացրել: 21-05-2020թ.-ին, ժամը 16:45-ին դատավորն արդեն քննել է մեկ այլ քրեական գործ, որի դիմաց ևս առկա է «կայացվել է» նշումը:

Հաշվետու ժամանակահատվածում դատավորը հրապարակել է 28 դատավճիռ: Հաշվետու երեք ամսվա ընթացքում 2018 թ.-ից վարույթ ընդունած 9 գործով է դատական նիստեր նշանակել, 38 գործ, որոնցով դատական նիստեր են նշանակվել, վարույթ են ընդունվել 2019թ.-ի ընթացքում, իսկ մյուս բոլոր գործերը 2020թ.-ին վարույթ ընդունած գործեր են:

Նշենք, որ ԲԴԽ-ից ու Դատական դեպարտամենտից խնդրել էինք տեղեկություններ տրամադրել, թե քանի՞ գործ է եղել դատավորներից յուրաքանչյուրի վարույթում, երբ վերջիններիս անունները հանվել են բաշխման ցանկից, սակայն այս տեղեկությունները չեն տրամադրվել: Նկատի ունենալով, որ դատական գործերի մեծամասնության դեպքում երեք ամսվա ընթացքում առնվազն մեկ նիստ է նշանակվում՝ կարող ենք ենթադրել, որ դատավորների վարույթում եղել է մոտավոր այնքան գործ, որքան գործով վերջիններս մեր ուսումնասիրած երեք ամսվա ընթացքում դատաքննություն են նշանակել:

2021թ. հուլիսի 22-ից հետո, երբ ԱԱԾ-ն առգրավել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի համակարգիչները, դատավորներին մակագրված գործերը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում պարզ որոնման միջոցով հնարավոր չէ տեսնել: Համակարգում երևում են այն գործերը, որոնք մակագրվել են մինչև համակարգիչների առգրավումը, այսինքն՝ հնարավոր չէ տեսնել, թե դատավորներին որքան գործ է մակագրվել ձեռքով:

Ուսումնասիրել ենք, «Դատալեքս» տեղեկատվական համակարգում և ԲԴԽ-ի կայքում առկա հասանելի տվյալներ այն մասին, թե 2021թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 22-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից յուրաքանչյուրին որքան գործ է մակագրվել: Ըստ այդմ՝ պարզվել է, որ ամենաքիչ գործերը մակագրվել են Արթուր Մկրտչյանին՝ 16 գործ և Մեսրոպ Մակյանին՝ 14 գործ։ Պետք է նշել, որ Արթուր Մկրտչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, իսկ Մեսրոպ Մակյանը՝ ԲԴԽ անդամ, այսինքն՝ երկու դատավորն էլ այլ ծանրաբեռնվածությունն ունեն, և նրանց չի մակագրվում այնքան գործ, որքան մյուս դատավորներին:

Ամենաշատը՝ 100 գործ, հուլիսի դրությամբ մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, ով, ինչպես արդեն վերը նշեցինք, երեք անգամ դիմում է գրել՝ անունը գործերի բաշխման ցանկից հանելու համար: Դատավոր Արտուշ Գաբրիելյանին 96 գործ է մակագրվել: Դավիթ Հարությունյանին, ում նոյեմբերի վերջին արդեն  90 գործ է մակագրված  եղել, հուլիսի դրությամբ մակագրված է եղել 76 գործ: Մեծ թվով՝ 84 գործ մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

Իհարկե, վերը նշված թվերը կարող են չնչին փոփոխությունների ենթարկված լինել՝ հաշվի առնելով, որ որոշ գործերով դատավորները կարող են ինքնաբացարկ հայտնել, կարող է առաջանալ դատական գործերի ընդդատության խնդիր կամ որևէ այլ հանգամանքներում դատավորին մակագրված գործը նրա վարույթում չքննվել:

Ուսումնասիրել ենք նաև, թե դատավորներից յուրաքանչյուրը նախորդ տարվանից որքան մնացորդ է ունեցել, և քանի՞ գործ է փոխանցել 2021թ.:

Հնարավո՞ր է նման ծանրաբեռնվածության պայմաններում որակյալ աշխատել

Մեզ հետ զրույցում դատավոր Վարդան Գրիգորյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված բոլոր դիմումներում ինքը նշել է, որ գործերի այն ծավալով, որն ինքն ունի, վտանգվում է և՛ բոլոր գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությունը, և՛ հնարավոր չէ ապահովել գործերի քննության այնպիսի որակ, ինչպիսին ինքն է պատկերացնում: Դատավորն ակնկալիք չունի, որ առաջիկայում կկարողանա ավելի շատ գործեր ավարտել, քան ստանալ:

«Տարեկան մոտ 100 գործ ավարտելը ֆիզիկապես հնարավոր չէ, հատկապես այս ծանրաբեռնվածությամբ: Եթե, օրինակ, դատավորը քիչ է ծանրաբեռնվում, այսօրվա դատական նիստը նշանակում է մոտ ժամանակում, բայց ներկայիս ծանրաբեռնվածության դեպքում այսօր հետաձգված դատական նիստը նշանակվում է 3-4 ամիս հետո։ Այսինքն՝ յուրաքանչյուր գործով դատավորը երեք-չորս դատական նիստ է կարողանում նշանակել տարվա ընթացքում»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Այս տարի, օրինակ, դատավորն, ըստ էության, ավարտել է 58 քրեական և մինչդատական վարույթի վերահսկողության 31 գործ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը ևս ասում է, որ ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս գործերի լուծման համար առավել ժամանակ տրամադրել, որը հետագայում կարող է անդրադառնալ նաև գործերի որակի վրա: Այնուամենայնիվ, դատավորն ասում է, որ այս տարի ավելի շատ գործ է ավարտել, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում: Սա պայմանավորված է վերջին մեկուկես ամսվա ընթացքում մինչդատական վարույթի գործերով չծանրաբեռնվելու հանգամանքով:

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Երևանում ստեղծվել է Աջափնյակ 2 նստավայրը, որտեղ նորանշանակ դատավորները քննում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ: Այժմ քրեական գործեր քննող դատավորները չեն ստանում այսպիսի միջնորդություններ ու գործեր:

«Տարեկան 60 գործից ավելի դատավորը չպետք է ստանա. դրանից ավելի գործերի դեպքում անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և ողջամիտ ժամկետում գործերի քննության հնարավորություն չի լինում։ Հիմա այդ գործերը քննվում են դատավորի հանգստի հաշվին, դատարանի աշխատակազմն էլ անհամաչափ ծանրաբեռնվում է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Գլխավոր նկարը եւ ինֆոգրաֆիկաները՝ Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter