HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հեռուստաընկերությունները կարող են զրկվել ստացած լիցենզիաներից. Հ2-ՀՌՀ վեճը հասել է Վճռաբեկ դատարան

Հայկական երկրորդ հեռուստաալիքի հայցը, Հանրային մուլտիպլեքսի սլոթերի բաշխման մրցույթի արդյունքների վիճարկման պահանջով, Վճռաբեկ դատարանում է: Հեռուստաընկերությունը վիճարկում է թե՛ հանրապետական, թե՛ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթների արդյունքները, որոնք հայտարարվել էին 2021-ին: Հաղթանակի դեպքում ՀՌՀ որոշումն անվավեր կարող է համարվել, իսկ մրցույթում հաղթած ընկերությունները կարող են զրկվել հեռարձակման լիցենզիաներից:

Հայկական երկրորդ հեռուստաալիքը նախորդ տարվա հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի մրցույթի արդյունքներով զրկվեց լիցենզիայից: Հետագայում Հ2-ը մասնակցեց մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվեց՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին: Հեռուստաընկերությունը դիմեց դատարան՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը:

Հ2-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը դատարաններում իրենց հաղթանակը սպասելի է համարում:

«ՀՌՀ խախտումները եղել են բացահայտ, օրենքի պահանջը չի կատարվել, և քանի որ 2008-ին ՄԻԵԴ-ի կողմից ընդունված նախադեպային վճիռ է եղել (Ա1+-ի գործով), մեզ համար ակնհայտ էր, որ ներպետական ատյաններում այս ընթացքն է լինելու»,- ասում է Սուլթանյանը:

Ըստ նրա՝ դատարանն արձանագրում է այն խախտումները, որոնք բացահայտ են բոլորի համար՝ բացի ՀՌՀ-ից:

Վերգետնյա եթերային հեռարձակումից զրկվելուց հետո հեռուստաընկերությունը հեռարձակվում է միայն կաբելային ցանցերով, ներկա է նաեւ առցանց տիրույթում։ Այս ընթացքում հեռուստադիտողների թվի նվազում է արձանագրել, կրճատվել են նաեւ գովազդային ֆինանսական մուտքերը:

«Երբ հեռուստադիտողների քանակը նվազում է, բնականաբար գովազդային մուտքերն էլ են կրճատվում»,- ասում է հեռուստաընկերության փոխտնօրենը:

Կան կազմակերպություններ, ինչպես՝ ՀԷՑ-ը, Գազպրոմը, որոնք կարող են հայտարարությունների պայմանագրեր կնքել միայն լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների հետ:

Ըստ Սուլթանյանի՝ իրենց մտահոգում է ոչ թե այն, որ հենց իրենք են զրկվել հեռարձակման իրավունքից, այլ որ որոշումը կամայական ձևով է կայացվել. «Մրցույթի մասնակիցները պետք է կարդային հիմնավորումներն ու հասկանային, թե, օրինակ, ո՞րն է իրենց թերությունը, որ հաջորդ մրցույթին նկատի ունենային:

Վճռաբեկ դատարանում հաղթանակի դեպքում, ըստ Սուլթանյանի, ՀՌՀ որոշումն առոչինչ կհամարվի, և կհայտարարվի նոր մրցույթ: Մինչ այդ հանրային մուլտիպլեքսում ընդգրկված հեռուստաընկերությունները կշարունակեն իրենց գործունեությունը։ Իսկ ներպետական ատյաններում չհաղթելու դեպքում Լևոն Սուլթանյանը վստահեցնում է՝ դիմելու են ՄԻԵԴ։ Սա իրենց համար սկզբունքային հարց է, ասում է՝ ոչ թե իրենց համար են պայքարում, այլ խոսքի ազատության ու ժողովրդավարության:

Դատարանը համարել է, որ ՀՌՀ որոշումները պատշաճ պատճառաբանված չեն

Նախ վարչական, ապա վարչական վերաքննիչ դատարանը գործի քննությունից եզրակացրել են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշումները պատճառաբանված չեն եղել, ինչը իրավական ակտին ներկայացվող պահանջ է։

ՀՌՀ-ն հեռուստաընկերությունների ներկայացրած հայտերը գնահատում է ըստ 7 չափանիշի, որոնց մեկն էլ բազմակարծությունը խթանելու կարողությունն է:

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բազմակարծությունը խթանելու կարողության գնահատման համար դիտարկվել են ծրագրերում առկա քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնական հաղորդումները՝ հաղորդումների թեմաների, հրավիրված հյուրերի, ինչպես նաև նրանց քաղաքական հայացքների տեսանկյունից: Դիտարկումը կատարվել է 2020 թվականի հունիսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը, համաձայն որի՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի բազմակարծությունը խթանելու կարողությունը հանձնաժողովը համարել  է անբավարար, իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պարագայում եզրակացրել, որ այն ունի բավարար կարողություն բազմակարծության խթանման համար:

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ նշված եզրահանգումը չի կարելի համարել պատշաճ հիմնավորված և պատճառաբանված, քանի որ այդ ձևակերպումից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ հիմքով է հանձնաժողովը հանգել դրան, ինչ կերպ և ինչ չափանիշներով են կատարվել համապատասխան դիտարկումները, և ինչ կերպ են դրանք արձանագրվել:

Այս առումով հատկանշական է այն, որ նման եզրահանգումների պայմաններում բազմակարծությունը խթանելու կարողության համար Հայկական երկրորդ հեռուստաալիքը գնահատվել է 91, իսկ Հանրային հեռուստաընկերությունը՝ 83 միավորով:

ՀՌՀ ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ գնահատումը կատարվել է հանձնաժողովի անդամի կողմից ներքին համոզմամբ՝ հաշվի առնելով մրցույթին հայտ ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ:

«Հանձնաժողովը անկախ պետական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ կարգով, այսինքն՝ հանձնաժողովի անդամների դիրքորոշումները կարող են տարբերվել միմյանցից, այս դեպքում՝ նաև գնահատականները: Հետևաբար, հայցվորի այն գնահատականը, որ հանձնաժողովը պարզապես հայտարարել է մրցույթի հաղթողին՝ ոչ մի բացատրություն չտալով, թե ինչու այս կամ այն ընկերության հայտն ավելի է համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, քան hայցվորի հայտը, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է ՀՌՀ-ի ներկայացուցչի՝ դատարանում բերված հիմնավորումներում:

Հանձնաժողովից չցանկացան որևէ մեկնաբանությամբ հանդես գալ՝ նշելով, որ այս դատական պրոցեսում ձեռնպահ կմնան որևէ դիրքորոշում հայտնելուց: Նմանատիպ տեսակետ հայտնեցին նաեւ Հանրային հեռուստաընկերությունից, որը դատական գործերից մեկով ներգրավված է որպես երրորդ կողմ:

Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսի հանրապետական սփռման մրցույթում հաղթել են հետևյալ հինգ Հ/Ը-ները՝ «Արմենիա թիվի», «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը), «Շանթ» ՍՊԸ, «A TV», «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»:

Մայրաքաղաքային սլոթի համար մրցույթում հաղթել են «Շարկ» ՍՊԸ-ն (TV 5), «Արմնյուզը» (գործունեությունն արդեն դադարեցվել է) ,«Առփի մեդիա»-ն, «Ֆրինյուզը», «Դար 21»-ը, «Նոր Հայաստան»-ը և Հանրային հեռուստաընկերության նորաբաց երկրորդ հեռուստաալիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter