Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներն ու ակումբները զրկվել են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու իրավունքից
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի ազգային հավաքականներն ու ֆուտբոլային ակումբները զրկվում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Կազմակերպությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է փետրվարի 28-ի երեկոյան։
«ՖԻՖԱ-ի խորհուրդն ու ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել են, որ ռուսական թիմերը՝ հավաքականներն ու ակումբները, պետք է զրկվեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ մինչև հետագա ծանուցումը։
Այս որոշումներն ընդունվել են ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից, որոնք համարվում են կազմակերպություններում ամենակարևոր և հրատապ որոշումներն ընդունող մարմինները։
Այս հարցում ֆուտբոլը միասնական է և իր լիարժեք աջակցությունն է հայտնում Ուկրանիայում տառապող մարդկանց։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները հույս ունեն, որ իրավիճակը Ուկրաինայում կկարգավորվի հնարավորինս շուտ, և մարդկանց շրջանում ֆուտբոլը կրկին կդառնա միասնության և խաղաղության կողմնորոշիչ»,- ասվում է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի համատեղ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել, ըստ որի՝ Ռուսաստանի հավաքականը միջազգային մրցումներին կարող է մասնակցել միայն «Ռուսաստանի ֆուտբոլային միության հավաքական» անվանումով, ինչպես նաև առանց դրոշի և օրհներգի։ Սակայն ինչպես տեսնում ենք, ՖԻՖԱ-ն որոշել է կոշտացնել իր դիրքորոշումը։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կվիճարկի որոշումը
Ռուսաստանի ֆուտբոլային միությունն (ՌՖՄ) արդեն իսկ հայտարարել է, որ վիճարկելու է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշումը։ Ըստ ՌՖՄ-ի հայտարարության՝ այդ որոշումը հակասում է միջազգային մրցումների կանոններին և սկզբունքներին, ինչպես նաև մարզական ոգուն։
«Այն կրում է բացահայտ խտրական բնույթ և վնաս է հասցնում բազմաթիվ մարզիկների, մարզիչների, ակումբների և հավաքականների աշխատակիցների, և գլխավորը՝ ռուսաստանցի և օտարերկրացի միլիոնավոր երկրպագուների, որոնց շահերը միջազգային սպորտային կազմակերպություններն առաջին հերթին պետք է պաշտպանեն։
Մենք մեզ իրավունք ենք վերապահում վիճարկել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ միջազգային սպորտային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասվում է Ռուսաստանի ֆուտբոլային միության հայտարարությունում։
Նշենք, որ սպորտային իրավունքին վերաբերող վեճերը քննում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղակայված Սպորտային արբիտրաժային դատարանը։
ՈՒԵՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը «Գազպրոմի» հետ
Ավելի վաղ, ՈՒԵՖԱ-ն որոշել է նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ։ Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն խզել է համագործակցությունը «Գազպրոմ» ընկերության հետ․ գազային հսկան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գլխավոր հովանավորներից մեկն էր։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ բազմաթիվ խիստ պատժամիջոցներ են ընդունվել և ընդունվում։ Այդ ամենից անմասն չի մնում նաև սպորտը։
Լուսանկարը՝ Piotr Kovalev/TASS
Մեկնաբանել