«Տարօրինակ պատերազմ». Դավիթ Հովհաննեսյան
«Հետք»-ը հրատարակման է պատրաստում 44-օրյա պատերազմի մասնակից, դեսանտագրոհային վաշտի հրամանատար, կապիտան Դավիթ Հովհաննեսյանի «Տարօրինակ պատերազմ» գիրքը: Ներկայացնում ենք հատվածներ գրքից:
----------
26 սեպտեմբեր, 2020 թ.
Երեկոյան շարք էինք կանգնել՝ տուն գնալուց առաջ, քննարկում էինք՝ ով է լինելու օրվա պատասխանատուն։ Որոշվեց, որ Մարտիկն է։
ժամը 07:35, 27 սեպտեմբեր, 2020 թ.
Զանգից արթնացա։ Ռոբի հեռախոսն էր։ Երբ լսեցի նրա տագնապած ու բարձր ձայնը, վերջնականապես արթնացա։ Ռոբի հարսնացուն էր զանգում Ստեփանակերտից։ Հեռախոսի միջից լսվում էր աղջկա լացը։ Ռոբը կրկնում էր հարցը՝ ինչ է պատահել։
Հետո Ռոբը թևս քաշեց, ասաց՝ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Արթնացա, նստեցի մահճակալին՝ մտածելով, որ ինչ-որ անհեթեթ խաղ է, որ չի կարող ճիշտ լինել։ Բայց լսում էի հեռվում պայթող արկերի ձայները։ Չէի պատկերացնում մեզ սպասվող դեպքերի լրջությունն ու ծավալը․․․
Արագ հագնվեցի, որ զորամաս գնամ։ Ռոբը դուրս թռավ, ու հարևանների դռներին հարվածելով՝ գոռում էր՝ տագնապ, մեզ ռմբակոծում են։ Մեքենա նստեցինք, քշեցինք զորամաս։ Այդքան արագ երբևէ զորամաս չէինք հասել։ Մեր հետևից Վլադի մեքենան էր գալիս՝ մարդկանցով լիքը։
Զորամաս հասանք, հանդերձավորվեցինք, դուրս եկանք՝ մեքենաներ նստելու։
Շարժվեցինք դեպի Մարտակերտի շրջան, հասկացա, որ Մատաղիս ենք գնում։ Ճանապարհին շատ քաղաքացիական մեքենաներ կային՝ իրերով, մարդկանցով լցված։
Խաղաղ բնակչությունը փախչում էր Ղարաբաղից։ Արկեր էին պայթում՝ իսկական մահաբեր արկեր։ Մտածում էի` խաղ է, սարսափելի բան չկա, մեծ բան չէ՝ արկ է։ Ամեն ինչին այնքան հանգիստ էի նայում, ոնց որ ամբողջ կյանքում պատրաստվել էի դրան, կարծես մի կյանք պատերազմի հետ կողք կողքի ապրել էի։
Արկերը պատռում էին Մատաղիսի տների տանիքները։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում։
Սա պատերա՞զմ է, թե՞ 2016-ի նման ընդհարում։
Մեր առջև դրված խնդրից բացի, ուրիշ ոչնչի մասին մտածելու ժամանակ չկար։ Տեղ հասանք, բոլորս ապշած էինք, հեռվում «Գրադ»-ի արկեր էին պայթում, աղմուկ-աղաղակ։ Բաց դաշտում նստել էինք մի գծով ու փորձում էինք խրամատավորվել։ Մեկ ժամ անցավ։ Կրակոցի ձայներ էին լսվում, կողքով անցնող գնդակների սուլոց։ Խնդիրը փոխվեց։ Հրահանգեցին նորից բարձրանալ մեքենաները, այլ տեղ ենք տեղափոխվում։ Թալիշի 165-րդ դիրք պիտի գնայինք։ Դա հետո իմացա։
Վերևում սավառնում էր թևավոր մահը, այսպես կոչված՝ «կամիկաձեները», իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքերը։ Այնքան շատ էին, որ չէինք հասկանում՝ ձայնը որտեղից է իրականում։ Այդ նողկալի ու սարսափելի ձայնը, որը զգուշացնում է, թե շուտով մեռնելու եք։
Իմ մեքենան վերջինը շարժվեց։ Ես և մեր բժիշկ Տիտանը հետ մնացինք հիմնական շարասյունից։ Կապն արդեն չէր աշխատում, չէի կարողանում կողմնորոշվել՝ ուր գնանք։ Դուրս եկա ճանապարհ, որտեղից պետք է երևար մեր հակաօդային պաշտպանությունը։ Կապով նրանց հարցրի դեպի ուր է շարժվել մեր շարասյունը, բացատրեցին՝ որ կողմ շարժվենք, ասացին, որ նրանցից մի տասնհինգ րոպե հետ ենք ընկել։
Այս նորությունն ինձ սկսեց անհանգստացնել։ Կարծում էի՝ մոլորվել ենք, ու հիմա առանց հրամանատարության կույր եմ լինելու ու չեմ իմանալու անելիքս։ Իսկ ինքնուրույն գործել այսպիսի իրավիճակում այնքան էլ չէի ուզում։ Մեր մեքենան արագ էր գնում, արկերի պայթյուններն էլ ստիպում էին ավելի արագ գնալ։
Շուտով ռադիոկապով ծանոթ ձայներ լսեցի, անմիջապես հարցրի ճանապարհը, ռադիոկապով ինձ փորձում էին բացատրել՝ որ ուղղությամբ գնանք։ Դուրս եկա մի բարձունքի վրա, որտեղ երկու տանկ էր կանգնած։ Հեռվից տեսա, որ հակատանկային դասակի մեքենան Արկադիի գլխավորությամբ նույնպես դուրս է ընկել շարասյունից ու փորձում է գտնել դեպի մեր հիմնական ուժերը տանող ճանապարհը։
Տանկերը տեսնելով՝ ուրախացա․ այս հրե հզորությունը մերն է։ Այդ բարձունքը գումարտակի վերահսկիչ դիտակետն էր: Հետո իմացանք, որ այդ երկու տանկը վաղուց խփված էր, և հակառակորդը մեզնից առաջ արդեն այդ վերահսկիչ դիտակետում էր։
Ռադիոկապով մի անգամ էլ ճշտեցի՝ դեպի ուր ենք շարժվում։ Ծառերի միջով անցնող մի նեղ ճանապարհ գտա։ Շտաբի պետի մեքենան մխրճվել էր ցեխի մեջ։ Նրա մեքենայի հետևից շարժվեցինք։ Տեղ հասանք։ Տեսա ինչպես են մեր մեքենաները շարվել ճանապարհի ձախ կողմում՝ բարձունքի տակ, որի վերևում 165-րդ դիրքն էր: Զառիվերով մերոնք էին բարձրանում։ Իմ մեքենան նախավերջինն էր, ինձնից հետո հակատանկային դասակի մեքենան էր գալիս։
Սահուն խրամատի վերափոխվող զառիվերով բարձրանալիս նստեցի ու սկսեցի ուսումնասիրել։ Դիմացի հրաձգությունը, պայթյունները թույլ չէին տալիս կենտրոնանալ ու հասկանալ՝ վերջապես ինչ է կատարվում։ Այս մարտական գործողությունների բնույթն էի ուզում հասկանալ, ինչ է լինելու հետո՝ լայնամասշտաբ գործողություննե՞ր, թե՞ լոկալ մարտեր։
Նայում էի մարտի դաշտին։ Առջևում ձախ թեքվող ճանապարհ էր։ Հանկարծ ուշադիր նայեցի ոլորանին ու տեսա՝ ինչպես է ոլորանի հետևից սահուն դուրս գալիս տանկի փողը։ Մինչ ապշած նայում էի, թե ինչու են մեր տանկերը վերադառնում, երկրորդ տանկը դուրս եկավ առաջինի հետևից։ Երկու տանկ, փողերը ուղղած դեպի ինձ, գալիս էր։ Հանգիստ մնալ հնարավոր չէր։ Ռադիոկապով կապվեցի տեխնիկական հարցերով հրամանատարի տեղակալի հետ ու հարցրի․
- Իսրայելյան, երկու տանկ եմ տեսնում, ինչի՞ են մերոնք հետ դառնում։
Մինչ ես սա ռադիոկապով ասում էի, սկսեցի հասկանալ, որ սրանք մեր տանկերի գունավորումը չունեն, կամուֆլյաժի՝ մեր բանակի երանգները չէին։
Մեր տանկերը չէին։ Հիմա կհնչի կրակոց 125 մմ հրանոթից։
- Դավիթ, մեր տանկերը չեն, խփի։
Հնչեց տանկի համազարկը։ Երբեք չէի պատկերացնի, որ ինձ ուղղված տանկի կրակոց կլսեմ։ Շատ բարձր էր։
Ինձնից տասնհինգ մետրի վրա՝ աջ կողմում, պայթյուն եղավ ու գոռոցներ լսեցի։ Երբեք այդպիսի բան չէի լսել ու չէի կարծում, որ դա այդքան անսովոր է հնչելու ու այդքան ուժեղ է ազդելու իմ հոգեկանի վրա։
Մինչև ես հասկացա իրավիճակի լրջությունը, տեսա էլի մի ՀՄՄ-3 (հետևակի մարտական մեքենա, БМП-3), որն էլի դուրս էր գալիս նույն ոլորանի հետևից ու շարժվում էր մեր կողմը։ Լսեցի՝ ինչպես է Ռոբը կանչում ինձ, նա ինձնից ձախ կողմի վրա էր, գոռում էր․
- Դավո, բռնի։
«Մուխան» շպրտեց ինձ։ Փորձում էի արագ ազատել փաթեթավորումից, բայց լարվածությունից չէր ստացվում։ Հավաքեցի ինձ, կրկնեցի, որ պետք է գործել առանց շփոթվելու ու կշռադատված անել ամեն շարժում։
Վերցրի նռնականետը, տանկերն անցնում էին իմ դիրքի ներքևի մասով։ Կողքովս անցնելիս տանկերն ի ցույց էին դնում իրենց խոցելի կողմերը, իսկ ավելի ստույգ՝ կողամասն ու ուժային հատվածը։ Ամեն ինչ հրաշալի երևում էր։ Կրակելու որոշում կայացրի։ Մտածեցի, որ հենց խփված տանկով փակենք ճանապարհը մնացած զինտեխնիկայի առաջ։
Կրակ։
Կրակից խլացած նայում էի ինչպես է արկը պայթել տանկից մի երկու մետր այն կողմ։ Ապշած էի՝ ինչու չխփեցի։ Էլի գոռոց լսեցի․
- Դավո՛, ա՛ռ մի հատ էլ։
Ռոբը երկրորդ «մուխան» շպրտեց ինձ։ Նշան բռնեցի ու նորից կրակեցի։ Շեղ էր։ Արդեն հասկացա, որ շատ լարված եմ ու չեմ կարողանում նշան բռնել։ Մի հինգ րոպե ո´չ տանկ կար, ո´չ հետևակ։ Մեր դիմաց հրաձգությունը շարունակվում էր։ Մի փոքր ժամանակ ունեի մտածելու՝ ինչ է կատարվում։ Խրամատով քայլելիս տեսա զինվորներիցս երկուսին՝ զոհվել էին։ Հասկացա, որ իսկական պատերազմ է։ Ընդունեցի փաստը որպես սովորական մի բան, կարծես ոչինչ չի պատահել։ Տագնապ չունեի, հավասարակշռված էի։ Ինձ պահում էի այնպես, ասես ամբողջ կյանքում պատրաստվել էի սրան։
Դեմքով հողին ընկած զինվորը կենդանության նշաններ ցույց չէր տալիս։ Մեջքին երկու գնդակի տեղ կար։ Մարմինը շրջեցի, դեմքը ծանոթ էր․ իմ դասակից էր՝ Ռոման։ Լավ տղա էր, բարի, ուրախ, հումորով։ Նա արդեն չկա։
Նրանից քիչ հեռու մի զինվոր էլ կար անշարժ ընկած։ Նստած էր, գլուխը հենել էր խրամատի եզրին, սաղավարտ չուներ։ Զոհվել էր, որովհետև գնդակը խփել էր սաղավարտին ու մի կողմ շպրտել, իսկ հաջորդ գնդակը մտել էր աչքի մեջ ու մյուս կողմից դուրս եկել։ Գլուխը դեֆորմացված էր։ Կարծես գանգի վերին մասը խրվել էր ներս։ Կրծքից կախված էր սերժանտական պլանշետն ու հեռադիտակը։ Հաստատ սերժանտ է, ջոկի հրամանատար, բայց ո՞վ է։ Գլուխը բարձրացրի ու տեսա դեմքի ծանոթ գծեր։ Դժվար էր ճանաչել, դեմքը ծռված էր, ու դեմքի մի մասը՝ լրիվ անճանաչելի։ Գրիգորն էր։ Խելացի, համեստ, միշտ օգնության հասնող Գրիգորը։ Նա արդեն չկա։ Սգալու ժամանակ չունեմ, պետք է իրավիճակը հասկանամ, պետք է հասկանամ մեր մարտունակության մակարդակը։ Խրամատի միջով վազելով՝ Դավիթին տեսա, հարցրի վիճակը, ասաց․
- Վիրավոր եմ, օգնի։
- Հանգստացի, թող նայեմ, կարևորը ողջ ես։
- Շատ ա ցավում, չգնաս։
- Ավտոմատդ ու՞ր ա։
- Ոտերիդ տակ։
- Ա՛ռ, վերցրո՛ւ, շարունակի՛, ինձ ծածկի, մինչև վերքդ կապեմ։ Սումկից հանի ապտեչկան։
Տրամադոլ ներարկեցի։ Սկսեց հանգստանալ։ Երբ ասացի, որ ես պիտի առաջ գնամ, որ տեսնեմ իրավիճակը, Դավիթը խնդրում էր չգնալ, իրեն մենակ չթողնել։ Գնացի։ Յոթ մետր հեռու մի զինվոր էլ գտա՝ կողքի պառկած։ Լուռ էր, մի ձայն չէր հանում։
-Վիրավոր ե՞ս։
- Հա։
- Որտե՞ղ։ Հա, տեսնում եմ․․․
Իրեն պինդ էր պահում ու սպասում էր՝ օգնություն գա։ Նրա անհասկանալի հանգստության պատճառն այն էր, որ չէր հասկանում՝ ինչ է կատարվում, և ուղեղի ծանրաբեռնվածությունից ու ինֆորմացիայի քանակից ուղեղն անջատել էր։ Ոչ մի հույզ։ Նրան էլ տրամադոլ ներարկեցի։ Վիրակապեցի ու խոստացա բուժակին ուղարկել:
-2-
Ամեն ինչ հանգիստ էր, բայց կրակոցների ձայները գնալով ուժգնանում էին։ Հասկացա, որ հակառակորդի հետևակը շուտով կհայտնվի։ Քա՞նի րոպե ունեմ։ Կհասցնե՞մ ծխել։ Սկսեցի շոշափել գրպանիս ծխախոտը։
- Տանկերը։
Ինչ-որ մեկը գոռաց, գլուխս բարձրացրի, երկու տանկ էր գալիս դեպի մեզ։ РПГ (ձեռքի հակատանկային նռնականետ) չունեի, «մուխա» չունեի։ Պառկեցի գետնին ու ձեռքերով գլուխս ծածկեցի։ Մեր հետևում լսվում էին գնդակների սուլոցն ու կրակոցների ձայները։ Այնպիսի տպավորություն էր, որ մարտը մեր հետևում է։ Նրանց կրակոցների ձայնն է, որովհետև եթե փողի կողմից լսես կրակոցի ձայնը, ապա հետևի կողմից ուժեղ թրխկոց կլսվի։
Նայեցի վերև ու տեսա՝ ինչպես են ПКТ-ի (տանկի Կալաշնիկովի գնդացիր) գնդակները ծակում հողը։ Փոշու ամպերը վերև էին բարձրանում։ Մոտ մեկ րոպե անցավ, երևի։ Իմ ուղղությամբ ընդամենը մեկ րոպե են կրակել, բայց մի հավերժություն թվաց։ Մտքում ասում էի՝ մենակ թե անտերը իր հիմնական կալիբրից չկրակի։ 125 մմ հզորություն․ մանր մասերի կբաժաներ ինձ։ Բայց չկրակեց։ Կրակոցի շատ բարձր ձայն լսեցի, ոնց որ ինձնից հիսուն մետրի վրա հաուբից կրակեր։ Շատ հետաքրքիր էր՝ ինչից էին կրակում։
Աստիճանաբար սկսում էի ընկալել, որ այստեղից ողջ չենք պրծնի։ Տանկերն անցնում էին ճանապարհից ձախ գտնվող բլրի լանջի բլինդաժի մոտով։ ПКТ-ն շարունակում էր կրակել, գնդակները խոցում էին բլինդաժի մոտի դիտակետը։ Շտաբի պետն ու ես փորձում էինք կարգավորել ռադիոկապը մնացածի հետ, որ իմանանք՝ ով որտեղ է գտնվում, որ կառավարենք մարտը։
Զինվորներն իրենց կյանքում առաջին անգամ էին այսպիսի քաոս տեսնում։ Տագնապն աստիճանաբար անցնում էր։ Այդ պահին նույնիսկ ժամանակ չի լինում տագնապելու։ Ուղեղդ աշխատում է գերագույն լարումով, քեզ հավաքում ես, հակառակ դեպքում՝ կմեռնես։
Բոլորը փորձում էին ապրել։ Չիմանալով ինչ անել՝ զինվորները նայում էին իրենց սպաներին, միայն սպաներին։ Միակ ուժն ու հզորությունը սպաներն էին զինվորի համար։ Թեև սպաներն էլ էին ջահել ու վառոդի հոտին դեռ ծանոթ չէին, բայց սպաները զինվորների միակ հույսն էին։ Զինվորներն անառարկելիորեն ենթարկվում էին նրանց, նկատում էին՝ ով ինչպես է իրեն ցուցաբերում մարտի ժամանակ։ Զինվորները հավատում էին իրենց հրամանատարներին։ Ուրիշ ելք չկար։
Ինձ համար «սև նետ» (դիպուկահար հրացան) բերեցին, երեք զինվոր եկավ մոտս։ Բանդաժն էր (Հրայրը), Ժպիտը (Արտուշ), Վանուշը։ Յուրաքանչյուրին ցուցումներ տվեցի։
Բայց Բանդաժն ու ժպիտը տեսան, որ զինվորներից երկուսը կյանքի նշան ցույց չէին տալիս։ Մոտեցան նրանց։ Նրանք կյանքում առաջին անգամ էին սպանված մարդ տեսնում։ Պատերազմն անճանաչելի է դարձնում մարդկանց։ Հասկացան, որ իրենց ընկերներն են ու սկսեցին լաց լինել։
- Գրիգորն ա։
- Հանգստացեք ու ուշադիր ինձ լսեք։ Հիմա ժամանակ չունենք մեր ընկերների համար լաց լինելու։ Գործ ունենք։ Հենց ամեն ինչ վերջացնենք, ես էլ Ձեզ հետ լաց եմ լինելու, իսկ հիմա երկուսդ էլ անցե՛ք ձեր տեղերը։
Զինվորները կատարեցին իմ հրամանը։
Որտեղի՞ց նռնականետ գտնեմ։
Աչքս ընկավ սպանված զինվորներիս վրա, ու հիշեցի, որ Ռոման նռնակաձիգ էր։ Առանց երկար-բարակ մտածելու՝ սողացի Ռոմայի մոտ։ Կտրեցի նրա ուսից կախված նռնականետը։ Կողքին նռնակներով պայուսակն էր։
Լսվեց ֆագոտի երրորդ կրակոցը։ Գլուխս բարձրացրի, որ նայեմ։ Կրակոցի ծուխն էր երևում, բայց ո´չ տանկը տեսա, ո´չ պայթյունը։ Հասկացա, որ ֆագոտը կրակել է մեր թիկունքին, որովհետև տանկերն անցնելիս մտնում էին մեր թիկունքը։ Ռադիոկապով լսեցի «կպավ, մեկն էլ»։ Շտաբի պետը գոհ ժպիտով շնորհակալություն հայտնեց։ Երեք տանկ ենք խփել։
Առայժմ ամեն ինչ լավ էր։ Արդեն բոլորս սովորել էինք այս քաոսին։ Մեկ կամ երկու ժամ էր անցել։
Ռադիոկապի տագնապալից խոսքի միջից գոռոցներ էին լսվում։ Մեզ հայտնում էին, որ դիմացից էլի տանկեր ու հետևակ է գալիս։ Սկսեցինք պատրաստվել հետևակի հետ մարտի։ Ամեն ինչ արագ էր կատարվում։
Տանկերը նորից դուրս եկան ոլորանի հետևից, տանկերից մի քիչ հետո գալիս էր հետևակը։
Նկատեցի, որ տանկը բացվեց, ու անձնակազմը փորձում էր դուրս գալ։ Զրահամեքենան սկսեց վառվել ներսից։ Հենց զինվորներից մեկի գլուխը դուրս եկավ տանկից, ինձ համար անսովոր ուժեղ կրակոց լսվեց։ Մեծ կալիբրի կրակային զենքից էր կրակոցը։ Նայում էի ПО-ով ու տեսա, ոնց էր դուրս գալ փորձող զինվորը հետ՝ տանկի մեջ ընկնում։ Մեկ կրակոց՝ մեկ դիակ. դիպուկահարի կարգախոսն է։ Նայեցի աջ, նայեցի ձախ, տեսա՝ մեր դիպուկահար Արմենն է։ Նրա «Օրսիս Տ-5000» (ОРСИС Т-5000) ռուսական արտադրության հրացանը ինժեներական մտքի գլուխգործոց էր։ Արմենը սպասում էր հարմար պահի ու անմիջապես թիրախը տեսնելով՝ վերացնում է նրան։ Տեսա՝ ինչպես է Արմենը կրակելուց հետո փոխում դիրքը։ Պրոֆեսոնալ էր։ Հետևակը մոտեցավ ոլորանին ու, դիրքավորվելով, սկսեց կրակել։
Ես տեսնում էի թշնամուն։ Ուրիշ հանդերձանքով էին։ Ովքե՞ր են սև հագած մարդիկ։ Մորուքավոր էին, առանց սաղավարտի։ Գլուխները կապած էր բանդանաներով։ Ինչ-որ անհասականալի մարդիկ են։ Կրակահերթը չէր դադարում։ Նրանց զինվորներն ընկնում ու ընկնում էին։ Մենք նրանց ոչնչացնում էինք, իսկ նրանք գալիս ու գալիս էին՝ դեպի մահվան երախը։ Ապշած էի՝ ինչու են այսպես ուղիղ գալիս մահվանն ընդառաջ։ Ոնց որ ուղեղներն անջատած լինեին։
- Դադարեցնել կրակը, դադարեցնել կրակը,- կոկորդը պատռելով՝ գոռում էր շտաբի պետը։
Կրակը չէր դադարում, որովհետև այդ աղմուկի մեջ վատ էր լսվում, և նրա հրամանը չէին լսել։ Այնքան շատ էին կրակում, որ ես տեսնում էի ալիքի պես թշնամուն ծածկող կրակի խտությունը։
Կրակը դադարեց։ Ռադիոկապով հարցրի Մարտիկին՝ ոնց են գործերը։ Ասաց՝ ամեն ինչ նորմալ է, միայն փամփուշտի պակասություն կա։ Այդ պահին ոլորանից դուրս եկավ ԲՄՊ-ն։ Մի քսան մետր գնաց, և ֆագոտից կրակած հրթիռը մխրճվեց մեջը։ Անձնակազմը փորձում էր դուրս գալ, բայց Արմենը դիպուկ կրակոցով ոչնչացնում էր նրանց։ Հակառակորդի հետևակը տեսնելով, որ չի կարողանում անցնել՝ որոշեց մանևրել ու շրջանցել մեզ։ Որոշեցին իջնել ներքև, մի շրջան անել ու դուրս գալ ուղիղ բլինդաժի վրա։ Մենք տեսնում էինք նրանց շարժն, ու դա կրակ բացելու ազդանշան էր։ Կապով Մարտիկը հաղորդեց, որ մի վիրավոր էլ ունենք։ Պապն էր։ Տանկի ПКТ-ն մտել էր քունքի մեջ։ Պապը գիտակցությունը չէր կորցրել, բայց հույս չկար, որ կապրի։ Արյունը հոսում էր դեմքով։ Առանց վիրաբուժական միջամտության չէր դիմանա, միջամտության դեպքում էլ՝ մեծ հարց էր։
Խնդիր ունեինք։ Հասկանալի էր, որ մեր մեքենաներին մոտենալ չենք կարող, բաց տեղանք էր, ու հակառակորդի գնդակների տակ այդտեղ հասնելն անհնար էր։ Փամփուշտ էր պետք։ Ամբողջ զինամթերքը մեքենաների մեջ էր մնացել, իսկ ես նայում էի՝ ինչպես են մեր կողքով անցած տանկերը ճխլում մեր մեքենաները։ Ի՞նչ անել։ Որտեղի՞ց փամփուշտ գտնել։ Հասկանալի էր, որ առանց փամփուշտի, մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ դժվար է լինելու մարտ վարելը։ Երկար չէինք ձգի։
Ծխելու ժամանակ կար։ Ծխախոտս հանեցի, ծխախոտի նման չէր, ճմռթած տուփ էր։ Կրակայրիչը չէր աշխատում, ավազը լցվել էր մեջը։ Վերջին անգամ ծխելու հնարավորություն էլ չկար։ Շտաբի պետը ռադիոկապով Էմանուելին ասում էր, որ կրակի փչացած տանկի վրա, որովհետև ակնհայտ լսվում էր տանկի շարժիչի ձայնը։
Էմանուելն էլ հրթիռ չուներ, ասաց, որ պետք է անցնել ճանապարհն ու մեր խփված մեքենաների միջից հրթիռներ հանել։ Շտաբի պետը հրահանգեց, որ եթե դա հնարավոր է՝ հրթիռները քաշեն, բերեն։
Նա շրջվեց դեպի ինձ ու ասաց․
- Դավիթ, էս տղային Մարտական խաչի եմ ներկայացնելու, ապրի ինքը։
Թշնամին, «ալլահ ակբար» գոռալով, գալիս էր մեզ վրա։ Նորից փոխհրաձգություն, բայց՝ ավելի կանոնավոր, կրակահերթը փոխվեց մենահատ ու թիրախային կրակոցների։ Կրակում ու նայում էի՝ ինչպես են լուսածրող գնդակները ոչնչացնում հակառակորդին, ինչպես «Call of Duty» խաղում։ Խա՞ղ է։ Սու՞տ է։ Ընդհանրապես այսպիսի բան հնարավո՞ր էր։
Երկու տանկ, մթնշաղի մեջ անշտապ անցնում էին մեր կողքով։ Շուտով կմթնի, իսկ գիշերատեսիլ բոլոր սարքերը մնացել են այրված մեքենաների մեջ։ Քննարկելու ժամանակ կար, պիտի հասկանայինք մեր անելիքը։
Ի՞նչ էր սա՝ պատերա՞զմ։ Նման չէր պատերազմի։ Ավելի շատ անհեթեթության էր նման։ Ես չէի կարողանում հասկանալ՝ ինչպես է հակառակորդը ճեղքել մեր պաշտպանությունը։ Ո՞րն է պաշտպանության իմաստը, եթե այն այսպես կարելի էր ճեղքել։
Հասկանում էի, որ տվյալ հատվածում մեզնից բացի մարդ չկա։ Ու՞ր են մնացածը։ Փախե՞լ են։ Զոհվե՞լ են։ Ու՞ր են։
Փորձում էին կապ հաստատել հետախույզների հետ։ Կապ չկար։
Մարտի ձայն չէր լսվում։ Երեկոյից հետո մութն արագ իջավ։ Տպավորություն էր, թե բոլորը հոգնեցին ու էլ չեն ուզում կռվել։ Հեռվում պայթող արկերն այլևս նախկին հաճախականությամբ չէին պայթում։ Հրաձգությունը համարյա դադարել էր։
Գիշերվա ժամը տասներկուսն էր։ Ամեն կողմից լսվում էր հակառակորդի ձայնը՝ խոսքը, գոռոցը, ու արձագանքով տարածվում էր մթության մեջ։ Սարսափելի էր գիտակցումը, որ բոլորս շրջափակման մեջ ենք։ Թուլանալ չէր ստացվում։ Մեր անելիքները քննարկեցինք, ու շտաբի պետը հրահանգեց հավաքել զենք-զինամթերքը, վիրավորներին և պատրաստ լինելուն պես զեկուցել իրեն։
Ստորաբաժանումների հրամանատարները սկսեցին կազմակերպել։ Քանի որ Արսենը չկար, ես էի վաշտի հրամանատարը, ու սկսեցի կազմակերպել հավաքը։ Բոլորը հավաքվել էին խրամատի կենտրոնում, սպասում էին հետագա հրամանին։ Զոհվածների մարմինները, դժբախտաբար, ոչ մի կերպ մեզ հետ տանել չէինք կարող․ ուժ չունեինք։ Զենքերը շատ ծանր էին, նույնիսկ վիրավորներին դժվար էր էվակուացնել։ Երեք վիրավոր ունեինք, որոնցից մեկը կյանքի նշաններ ցույց չէր տալիս։ Քունքից էր վիրավոր։ Գիտակցություն չկար։ Ողջ էր, բայց հասկանալի էր, որ երկար չէր ձգի։
Զառիվայրով սկսեցինք իջնել ներքև։ Զգույշ ու անձայն իջնում էինք, բայց չգիտեինք՝ ուր ենք գնում։ Գիտեինք դեպի Մատաղիս մոտավոր ուղղությունը։ Ուզում էինք դուրս պրծնել մահվան երախից, ու հայտնվել մեր զորքի մոտ՝ Մատաղիսում, լրացնել մեր պաշարները, հանգստանալ, ու, վերջապես հասկանալ՝ ինչ է կատարվում ամբողջ Ղարաբաղով մեկ։
Ես ու շտաբի պետը քայլում էինք մարտական շարասյան կենտրոնում։ Ու՞ր ենք գնում։ Ու՞ր է տանում այս ճանապարհը։ Լիարժեք խավարը թույլ չէր տալիս տեսնել մեր ոտքի տակի հողը։ Միայն լուսնի լույսն ու ձայներն էին մեզ ուղեցույց։ Մոտավոր էինք գնում։
Բոլորս գիտեինք, որ հակառակորդը մեզ վաղուց է պաշարել, և´ հիմնական բարձունքները, և´ վերահսկիչ դիտակետը զավթված էին։ Սա նշանակում էր, որ մեր քայլերթի հաջողությունը 50/50 էր։
Մենք գնում էինք՝ չիմանալով՝ որ պահին և որտեղ է մեզ սպասում մահը։
Սարսափելի լռության մեջ լսվում էր միայն վիրավոր Պապի սոսկալի ձայնը։ Շարասյունը գնում էր՝ հույս ունենալով կողմնորոշիչ մի բան գտնել, որը կօգնի հասկանալ՝ ուր ենք գնում, դեպի ուր շարունակենք գնալ։ Ո´չ կողմնացույց ունեի, ո´չ քարտեզ, ամեն ինչ մնացել էր մեքենայում։
Քիչ էր մնացել, պետք էր անցնել մի քանի մետր։ Հասել էինք Թալիշ գյուղի սկզբնամասին։ Ճանապարհը շարունակվում էր Մատաղիսի կողմը։ Արդեն լուսանում էր։ Մեկ օր չէինք կերել ու չէինք հանգստացել։ Մոտ երեսուն կիլոմետր ոտքով անցել էինք՝ անծանոթ ու վտանգավոր տեղանքով։
Մայրամուտի աննկարագրելի գեղեցկությունը, ընկնող արկերի զզվելի ձայնը, առկայծող գնդակները, ողջ քաոսը ինձ ստիպում էին միայն մի բանի մասին մտածե՝ երբ է վերջանալու այս ամենը։
Ժամը 21:00-ին դժոխային խավար իջավ։ Բացի իրենց դիրքերում ծխող զինվորներից՝ ուրիշ ոչինչ չէր երևում։ Միայն վառած ծխախոտի լույսը։
Հեռվում երևում էին ադրբեջանական քաղաքի լույսերը։
Պայթյունների բոցկլտանք, լուսածրային գնդակներ, ուրիշ ոչինչ։
Այդքան ապրումներն ինչպես կարելի էր տանել ու զսպել ներսում։ Ո՞նց ենք տանում այս հոգեբանական բեռը։ Այլ ճանապարհ չկա։ Կա´մ կտանես, կա´մ վախի մեջ կմեռնես։ Ընտրությունը մեծ չէ։
-3-
…ՀԵտ նայեցի ու հայացքով ճանապարհեցի 101-րդ դիրքի տղաներին։ Նայեցի Վահագնին։ Կանգնել էր ամբողջ հասակով՝ գիշերատեսիլ սարքը ձեռքին, հպարտ առաջ էր նայում, կարծես ուզում էր ասել, որ ինքն ուժեղ է, չի հանձնվելու։
01.10.2020, ժամը 04:30
Արթնացա։ Ինչ-որ մեկը թևս քաշում ու անունս էր տալիս։ Աչքերս բացեցի ու իմ դիմաց տեսա ժպտացող Արսենին՝ մեր վաշտի հրամանատարին։ Առաջին օրն Արսենը, երբ եկանք 165-րդ դիրք, այդ դիրքում էր, ուղղակի մենք հայտնվեցինք ճանապարհի տարբեր կողմերում։ Արսենը, մեր զորամասի հրամանատարը, հրամանատարի տեղակալ Իսրայելյան Մարատը, գաղտնի բաժնի պետ Իրինան ու մի քանի զինվոր մեզնից բաժանված էին ճանապարհով։ Իրինան մեր զորամասի միակ կին զինծառայողն էր, ով մեզ հետ էր առաջին օրը։ Նա ստիպված էր գալ, որովհետև գաղտնի բաժինը՝ փաստաթղթերով ու մարտական դրոշով, նրա պատասխանատվության տակ էր։
Երբ առաջին օրը մարտերը սկսվեցին, նա հեռախոսով խոսում էր Վլադի՝ իր բաժնի պետի հետ։ Վլադը հետո պատմում էր՝ ինչպես զրույցի ժամանակ, մեկ էլ հանկարծ կապը կտրվեց ուժեղ պայթյունից հետո։
Ամենայն հավանականությամբ անցնող տանկերը կրակել են ու պայթեցրել գաղտնի փաստաթղթերը տեղափոխող մեքենան, և Իրինան զոհվել է։ Դժբախտաբար Իրինայի ճակատագիրը մինչև հիմա անհայտ է։ Պարոն կապիտան Մարատ Իսրայելյանը՝ զորամասի հրամանատարի տեղակալը՝ տեխնիկական ապահովության գծով, նույնպես 165-րդ դիրքում էր։ Նա հասցրել էր հասնել բլինդաժին։
Հետո կպարզվի հետևյալը․ պարոն Իսրայելյանը վիրավորվել էր, և երբ մարտերի թեժ պահին պետք էր նահանջել 165-րդ դիրքից, զինվորները վազել են Իսրայելյանի մոտ, որ օգնեն դուրս գալ դիրքից, Իսրայելյանը զինվորներին ասում է, որ գնան ու ստուգեն ճանապարհի անվտանգությունը։ Երբ զինվորները վերադառնում են Իսրայելյանի հետևից, նա արդեն ողջ չի լինում։ Զինվորներն ասացին, որ Իսրայելյանը հատուկ էր այդպես արել, որ զինվորները չտեսնեն՝ ինչպես է ինքն իր վրա կրակել։ Պարոն Իսրայելյանը մտածված սպանել էր ինքն իրեն, որ գերի չընկնի ու զինվորների համար բեռ չդառնա․․․
Ռուսերենից թարգմանությունը՝ Լուսինե Հովհաննիսյանի
Տես նաեւ՝ Դեսանտագրոհային Դավիթ Հովհաննեսյանը
Լուսանկարում՝ Դավիթ Հովհաննիսյանը / © Հակոբ Պողոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել