HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ծավ․ նոր սահմանամերձ (ֆոտոպատմություն)

«Էստեղ մեծից փոքր սահմանապահ են, սա կյանքի ճանապարհ է»․ Ծավ․ 2022:

Ծավը մեկն է Կապանի այն վեց գյուղերից, որոնք 2021թ․ նոյեմբերի կեսին զրկվեցին գյուղ տանող հիմնական ճանապարհից․ ադրբեջանական զինված ուժերն ուղեկալներ տեղադրեցին ճանապարհի վրա։ Այժմ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ գյուղեր հնարավոր է հասնել կամ շրջանցիկ՝ 130 կմ երկար Մեղրիի ճանապարհով, կամ ամենագնացներով՝ Կապան-Գեղանուշ-Ճակատեն այլընտրանքային ճանապարհով, որը վատ եղանակին՝ առատ ձյան կամ անձրևների պատճառով ուղղակի փակվում է։

«Հետք»-ն այցելել էր Ծավ ձմռանը՝ մեկուսացման մշտական վտանգի մեջ գտնվող գյուղի առօրյան լուսանկարներով վավերագրելու։ 

Հունվարյան մի առավոտ, երբ առատ ձյուն էր, Կապանի կայարանից գյուղեր գնացող «ՈւԱԶ» մեքենան, որը օրվա մեջ երեք անգամ անվճար տեղափոխում է քաղաքացիներին, տեղում չէր։ Երկու օր անց եղանակն ավելի բարեհաճ գտնվեց։

Կապան-Ճակատեն-Ծավ՝ «կյանքի ճանապարհը»։

Շվեյցարիա՞, թե՞ Հայաստան․ մշտական համեմատությամբ էս տեսարանում Ծավ գյուղն է։ Առաջին պլանի տնակները տասնամյակներ առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո տրամադրած ժամանակավոր-մշտական փայտե տներն են, հետևի պլանում Նավս անունով սարն է (ձախից) ու Խուստուփ լեռան մի հատված։ Գյուղն անտառի մեջ է, ավելի ճիշտ՝ Շիկահողի արգելոցի։

Տուն՝ խաղողի բարձր վազերով։

Տիկին Անահիտը հիշում է, որ առաջ կյանքն ավելի աշխույժ էր գյուղում․ հինգ խանութ կար, այժմ երկուսն են, շարժն ու երիտասարդները՝ քիչ։

Հին կամուրջ՝ Ծավ-Շիշկերտ ճանապարհին։

Մանկապարտեզի երեխաները՝ հանգստի ժամին։ 

Փորձված մեթոդով՝ անվադողեր վառելով, հալեցնում են գետնի տակ սառած ջրի խողովակը։

Ձյան պես ճերմակ Մուսյա կատուն։

Ծավի հայտնի լավաշի մասին ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ։

Թե ինչու է այս սարը կոչվում Նավս, հստակ պատասխան չկա։

Առավոտյան պետք է արթնանաս ու աշխատես, ու այդպես ամեն օր․ 73-ամյա Վահագնի կյանքի բանաձևը։

Սուրբ Գևորգ եկեղեցին։

Ծավի մեղրը հայտնի է Կապանից մինչև Երևան։

«Ոսկոր ենք, որ կուլ չի գնում,- Ծավի դպրոցում հիշում են, որ դեռ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ թշնամին հասել էր մինչև Սյունիք, գյուղի մատույցներ,- մեր արմատները պինդ են, արկերը դպրոցի վրայով անցնում էին, բայց մի ժամ անգամ դասերը չեն ընդհատվել․ մեզ պետք է ընդամենը երկու բան՝ ապահովություն ու ճանապարհ»։

«Դասավանդիր Հայաստան» ծրագրով Ծավում աշխատող անգլերենի իսպանացի ուսուցչուհին՝ Միսս Պալոման։

Հիշատակի անկյուն դպրոցում։

ՀՀ հյուսիսարևելյան սահմանները պահող ժամկետային զինծառայողը համագյուղացի երիտասարդների հետ․ այսօր Տիգրանն արձակուրդ էր եկել։

Արմենն իր ազնվացեղ շների հետ։

Դպրոցի բակում։

Կարմիր խաչի մեքենաները։

Տարածաշրջանի այլ գյուղերի համեմատ, Ծավը մի փոքր հեռու է նոր սահմանից՝ ոչ թե մի քանի հարյուր մետր, այլ ընդամենը մի քանի կմ է բաժանում գյուղն ադրբեջանական դիրքերից, որտեղից, սակայն, հստակ դիտարկվում է գյուղը։ 

ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Ծավ․ 2022 թ․։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter