HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ծանր վիրավորանքի» հոդվածով 2021-ին դատարան հասած բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար են

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածով (Ծանր վիրավորանքը) մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 8 քրեական գործ։ 

Բոլոր գործերը վերաբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գործերից 7-ը Ֆեյսբուքում արված գրառումների համար են։

2022 թվականի փետրվարի 2-ին դատախազությունը հայտնեց, որ կայացվել է այս հոդվածով առաջին մեղադրական դատավճիռը, որտեղ տուժող էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակ Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար, ներկայում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Դատարան ուղարկվածներից է փաստաբան Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ գործը, որին արդեն իսկ անդրադարձել ենք։ Այս գործում նույնպես տուժող է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի ասելով՝ ծանր վիրավորանք է գնահատվել «վիժվածք» բառը։

Հաջորդ գործը վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ «Այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։ Մեղադրանքի համար հիմք է ծառայել Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փետրվարի 24-ին պետք է կայանար նրա գործով դատական նիստը, որը հետաձգվեց մինչեւ ապրիլի 18՝ կողմերի բացակայության պատճառով։

Մանուել Մանուկյանը «Հետքին» հայտնեց, որ տեղյակ չի եղել դատական նիստի մասին, ինչի պատճառով էլ ներկա չի գտնվել։

«Դատական նիստի մասին չեմ իմացել, բայց անպայման կուզեի ներկա գտնվել։ Իրենք իրենց որոշել են, որ ես վիրավորել եմ, բայց կարող է էդ մարդը չի վիրավորվել, այլ մի բան էլ լավ է զգացել իրեն։ Այս ամենը ես չեմ կարող հասկանալ։ Ո՞վ է որոշել, որ այդ մարդը վիրավորվել է, ի՞նչ հիմքով են որոշել, որ դա վիրավորանք է»,- ասում է նա։

Մանուել Մանուկյանը հիշատակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Հենց ինքն էր ասում՝ եթե ժողովուրդը ուզում է հայհոյել, եթե դրա կարիքը կա, պիտի հայհոյի։ Բայց ես անգամ չեմ հայհոյել, ասել եմ՝ «զիբիլի վեդրոյի միջի կատու», ու նրանք դա վիրավորանք են որակել»։

Մանուել Մանուկյանը նշեց, որ այս գրառումից բացի՝ ևս 4 գրառումների համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Դրանցից մեկը վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին, մյուսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 գրառում էլ՝ կրկին Նիկոլ Փաշինյանին։ Ապօրինի հավաք կազմակերպելու համար ևս մեղադրանք է առաջադրվել նրա նկատմամբ։

«Սա քաղաքական հետապնդում է, ոչ միայն այս քրեական գործերն են, այլև Երևանի պետական համալսարանից դիտավորյալ հեռացրել են ինձ՝ թեզի պաշտպանության ժամանակ անբավարար գնահատելով։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է դա եղել։ Քանի որ եթե համարձակվեին ինձ դրական նշանակել, հնարավոր է, որ դեկանից սկսած՝ չաշխատեին էլ այնտեղ»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս ամենի պատճառը իր՝ պատերազմի մասնակից լինելն է և այն, որ քննադատում է իշխանության գործողությունները։

Փետրվարի 28-ին պետք է կայանար «ծանր վիրավորանքի» գործով ևս մեկ դատական նիստ, որը կրկին հետաձգվեց՝ ամբաստանյալի ու նրա պաշտպանի բացակայության պատճառով։ Քաղաքացի Նարինե Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, «այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր և անձի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

Նարինե Հայրապետյանի պաշտպան Հարություն Դադարյանը «Հետքին» հայտնեց, որ նիստի մասին ծանուցված չեն եղել։

«Մեղադրանքի մեջ նշվում է, որ Նարինե Հայրապետյանը ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իմ վստահորդը ֆեյսբուքյան իր էջով մեկնաբանություն է թողել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման տակ արված մեկնաբանության տակ, այսինքն՝ մեկնաբանության մեկնաբանություն է։ Ինչի հիմքով էլ հարուցվել է գործը»,- ասաց նա։

Թե կոնկրետ որ արտահայտությունն է որակվել ծանր վիրավորանք, պաշտպանը մեզ չհայտնեց՝ նշելով, որ դատական նիստում հրապարակվելուց հետո նոր կանդրադառնա դրան։

Պաշտպանը նշեց, որ մեղադրանքը չեն ընդունում, քանի որ շատ թույլ է և ապացուցողական հիմք չունի։ «Ծանր վիրավորանք հասցնելը դեռևս որևէ կերպ չի ապացուցվում։ Արդյո՞ք այդ ծանր վիրավորանքը վարույթն իրականացնող մարմնի համար է ծանր, թե՝ ում որ վիրավորել են, նրա համար է ծանր։ Այս պահին գործով տուժող չունենք, տուժողի հարցաքննություն չունենք, տուժողի դիրքորոշում չունենք։ Խառը, շինծու իրավիճակ է, որը փորձում է վարույթն իրականացնողը ապացուցված համարել»,- ասաց պաշտպանը։

Հարություն Դադարյանի խոսքով՝ դատարանից միակ ակնկալիքը արդարացման դատավճիռն է, այլ տարբերակ չկա։

«Ծանր վիրավորանքի» հոդվածով մեղադրական եզրակացությամբ 2021 թվականին դատարան ուղարկված 2 գործ էլ վերաբերում է Սոնա Աղեկյանին։ Նա «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիրն է։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ քրեական գործերը հարուցվել են 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ «Սոնա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր»,- նույն մեղադրական եզրակացությունն է գրված երկու գործերում, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում է, իսկ մյուսը՝ Նելլի Բաղդասարյանի:

«Հետքի» հետ զրույցում Սոնա Աղեկյանը հայտնեց, որ երկու գործերը միացվել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, և դատական նիստ է նշանակվել մարտի 16-ին։

«Ես գրավոր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես տուժող։ Ես հասկանամ՝ ինքն ինչից է վիրավորվել, գուցե չի վիրավորվել։ Դատարանը դեռ չի բավարարել իմ միջնորդությունը»,- ասաց նա։

Սոնա Աղեկյանը որևէ ակնկալիք չունի դատարանից։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում արդարադատություն չկա։ «Ես անընդհատ շփվել եմ դատարանների հետ նաև նախկինում։ Նախկինում կարողացել եմ իմ իրավունքները, որքանով որ օրենքի սահմանում հնարավոր է եղել, պաշտպանել, նույնիսկ առանց փաստաբանի։ Բայց արդեն այս պարագայում՝ 2018-ից ի վեր, հնարավոր չէ սեփական իրավունքները պաշտպանել։ Հիմա կարծիքդ արտահայտելն անգամ վտանգավոր է կյանքիդ և ընտանիքիդ համար»,- նշեց նա։

Ամբաստանյալ Սոնա Աղեկյանն իր հրապարակումները վիրավորանք չի համարում, բայց պատրաստ է կրել ցանկացած պատիժ, ինչ դատարանը կորոշի։ 

Դատավոր Աննա Մաթևոսյանի վարույթում է գտնվում «Ծանր վիրավորանքի» հոդվածով հաջորդ գործը, որը վերաբերում է Կարինե Այվազյանին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 137․1 հոդվածի 3-րդ մասով։ «Այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով պարբերաբար վիրավորել է նրա արժանապատվությունը և, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

Կարինե Այվազյանը «Հետքին» հայտնեց, որ մեղադրանքն առաջադրվել է իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանին վերաբերող գրառումների համար։

«Ես նշել եմ «Նիկոլ» անունը, բայց գրառումներում «Փաշինյան», «վարչապետ» բառերը չեն եղել։ Նրանք ասում են՝ այդ գրառումները եղել են պարբերական բնույթի և ակնկալում են խոստովանեմ, որ դրանք վերաբերել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես հրաժարվել եմ, որ դրանք վարչապետին են վերաբերում։ Գրառումներից մեկի համար ասել եմ, որ մենք բակում ունենք շուն, որի անունը Նիկոլ է, իմ գրառումը նրան է վերաբերել»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ մեկը չի կարող ասել, որ իր գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերաբերել։

Կարինեի համոզմամբ՝ իրեն հետապնդում են իր քննադատական գործելաոճի ու ակտիվության համար։ «Ես որևէ անձի չեմ վիրավորել, եթե այդ անձը կա, որն ինձնից վիրավորանք է ստացել, կարող է ինձ հետ կոնտակտի մեջ մտնել, բայց այդ անձը չկա, որը կարող է ասել՝ դու ինձ վիրավորել ես։ Սա վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն է, որ ես որևէ մեկին վիրավորել եմ»,- նշեց Կարինե Այվազյանը։

«Ծանր վիրավորանքի» հոդվածով վերջին գործը վերաբերում է քաղաքացի Մարինա Դանիելյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ «Այն բանի համար, որ նա, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, անձանց հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրանց արժանապատվությունը և տարածել է անձանց վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

Դատախազությունից «Հետքին» հայտնեցին․ «Մարինա Դանիելյանը ֆեյսբուքի իր էջից Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղիղ հայհոյանք է հնչեցրել»։

Գործը դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում է։ Դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի (Ծանր վիրավորանքը) ուժի մեջ մտնելուց՝  2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հարուցվել է 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել է այլ քրեական գործերի: 214 քրեական գործով նախաքննությունը շարունակվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 31 անձի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter