HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Հրայր Թովմասյանին զրպարտող տեղեկությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը՝ Փաշինյանին պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները:

Հիշեցնեք, որ շուրջ երկու տարի առաջ՝ 2020  թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակի, այլապես հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։ Հետո վարչապետը խոստացավ Երևան հասնելուն պես հրապարակել Թովմասյանի ակնկալած փաստերը։

Եվ ահա, Երևան հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն ըստ կառավարության ղեկավարի՝ ՍԴ նախագահն է նվիրել իրեն։ Լուսանկարին կից՝ վարչապետը թողել էր նաև հետևալ գրառումը

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:

Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի: Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Թովմասյանը այս ամենից հետո հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ, որի վերաբերյալ վճիռը հրապարակվել է փետրվարի 17-ին:

Հրայր Թովմասյանը դատարանին խնդրել էր Փաշինյանին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել, սակայն հայցը բավարարել է մասնակի:

Դատարանը Նիկոլ Փաշինյանին պարտավորցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում facebook.com սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

facebook.com սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման վերը նշված տեքստը,  որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական (https://www.facebook.com /nikol.pashinyan/) էջում:

Հրայր Թովմասյանի հայցապահանջը՝ ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով, մերժվել է:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել, իսկ վճռի կատարում ենթադրող մասը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցովպարտապանի հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter