HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը վերածվեց թեժ լեզվակռվի. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն այսօր կրկին վերածվեց լեզվակռվի, ավանդական դարձած` միմյանց «դավաճան» անվանելու մեղադրանքներով․ նախազգուշացում ստացած, ձայնից զրկված, նիստերի դահլից դուրս հրավիրված ընդդիմադիր պատգամավորներ, ապա ընդդիմության` նիստերի դահլիճը լքելու միասնական որոշում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, խոսելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտադիր անել ՀՀ կառավարությունը, երբ ՌԴ-ն հացահատիկի արտահանման արգելք կիրառի: Այնուհետև պատգամավորը հայտարարեց` Հայաստանի իշխանությունները Արցախի 75%-ը հանձնել են թշնամուն, և հենց այդ շրջաններում էլ հացահատիկի արտադրությունն էր զարգանում:

Ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պահանջելով ընդդիմադիր խմբակցություններից դիրքորոշում` ըստ իրենց, տեղանքի անունը Սանասար է, թե Կուբաթլի:

«Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ինչի՞ են ձեր լիդերները 20 տարի բանակցել էդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում՝ դա արել են հրապարակային: Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է` յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, հիմա ասե՛ք՝ ա՛յ դավաճաններ, էդ հողերն ինչի՞ եք դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել կոկորդիլոսի արցունքներ թափել: Պատգամավորն էլ իր հերթին կոչ արեց օրենսդիրի անդամների հետ առանց մատ թափ տալու խոսել:

Փաշինյանը շարունակեց` ով կասի, թե ինքը հող է հանձել, նրա հետ մատ թափ տալով է խոսելու: Սեյրան Օհանյանը տեղից խոսեց` ասելով, թե ձեր ղեկավարության ժամանակ, ու չէր հասցրել միտքն ավարտել, ինչից հետո իր խոսքը Օհանյանին հղեց Փաշինյանը:

«Տո ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել, եթե Սանասար էր, ինչի էիք գնացել հանձնում, Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք էլ պաշտպանության նախարար եք եղել»,- ասաց Փաշինյանը: Օհանյանը տեղից շարունակում էր խոսել, Փաշինյանը հորդորեց չափն իմանալ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն էլ նախազգուշացում հայտարարեց Սեյրան Օհանյանին: Պաշտպանության նախկին նախարարը հորդորում էր Փաշինյանին մատ թափ տալով իր հետ չխոսել, սակայն Փաշինյանն ընդգծեց` ոչ միայն մատ թափ կտա, այլ հարկ եղած դեպքում «ուրիշ բան էլ կանի»:

Նիստերի դահլիճում սկսվեց իրարանցում, պատգամավորները սկսեցին տեղից գոռգոռալ, միմյանց վիրավորել: Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Հռիփսիմե Ստամբուլյանին, Անդրանիկ Քոչարյանին, Գեղամ Նազարյանին, ինչից հետո Գեղամ Նազարյանը շարունակում էր տեղից խոսել: Արշակյանը Նազարյանին նիստի ընթացքում ձայնի իրավունքից զրկեց, ապա դուրս հրավիրեց դահլիճից: Արամ Վարդևանյանը փորձում էր իրավիճակը շտկել, սակայն նա ևս ձայնի իրավունքից զրկվեց, ապա նիստերի դահլիճից դուրս հրավիրվեց: Այս որոշումից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները դուրս եկան դահլիճից։ Մինչ դուրս գալը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ձեռքն ուղղելով կառավարության կողմը, «դավաճան» ասաց, ինչին Հակոբ Արշակյանն արձագանքեց՝ դավաճանը դու ես:

Մեկնաբանություններ (1)

Andranik Z
Perfect example why Armenia lost the war, the government is run by stubborn incompetent.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter