HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնի 50 %-ը․ սննդամթերքի գնաճ է կանխատեսվում

Մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 3-ի նիստում։

«Այս տարվա սկզբից պարարտանյութերը, մասնավորապես՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը կտրուկ գնաճ են արձանագրել՝ 2,5-3 անգամ։ Դա գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի իրավիճակի մեջ»,- ասաց որոշման նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը կոչ արեց բոլոր գյուղացիներին հնարավորինս շատ մշակել իրենց հողերը, քանի որ պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր կա, սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ։ 

Վարչապետն էլ տեղեկացրեց, որ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ խնդիրներ են առաջանում։

«Պետք է հաշվի առնենք ջրային համակարգերի մաշվածության աստիճանը։ Ձևավորել ենք օպերատիվ շտաբ, որովհետև գիտենք, որ խնդիր ունենալու ենք։ Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, ջրի խնդիր կա»,- ասաց Փաշինյանը

Վահան Քերոբյանն էլ անդրադարձավ մինչև 3 հա հողատարածքների կաթիլային ոռոգմանը՝ նշելով, որ դեռևս շատ անելիք կա այս ուղղությամբ․ «Պլանավորված է եղել ունենալ 22 000 հա, դեռևս ունենք 100 հա, 35 պայմանագիր է կնքված»։ 

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ միջազգային շուկայում նկատվող պարարտանյութերի գների կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցմամբ, ինչպես նաև՝ գազի համաշխարհային գների բարձրացման հետեւանքով ապրանքների միջազգային գների աճով։ Համընդհանուր գնաճի պայմաններում արձանագրվել են նաև բեռնափոխադրումների քանակի նվազման և բեռնափոխադրումների արժեքի աճի միտումներ։ Արդյունքում, Հայաստան ներմուծվող պարարտանյութերի գներն անհամեմատ ավելի բարձր են սպառողների համար հասանելի գներից։ Մասնավորապես, եթե 2021 թվականին մեկ պարկ ամոնիակային սելիտրայի պարարտանյութը վաճառվում էր 7000-8700 դրամով, ներկա պայմաններում դրա վաճառքի գինը կկազմի 20 000-22 000 դրամ։

Էկոնոմիկայի նախարարության վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2022-ին գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքը ևս կաճի (մեծամասամբ պայմանավորված պարարտանյութերի գների աճով), մասնավորապես՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ մշակաբույսերի 1 կգ-ի ինքնարժեքի աճը կկազմի 11% (40 դրամից՝ 45 դրամ), կարտոֆիլինը՝ 8% (143 դրամից՝ 153.9 դրամ), անջրդի հացահատիկինը՝ 23% (157 դրամից՝ 193 դրամ), ջրովի հացահատիկինը՝ 14% (160 դրամից՝ 182 դրամ), առվույտինը՝ 10% (44 դրամից՝ 48 դրամ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter