
Սրտի իշեմիկ հիվանդություն և նորագոյացություններ. վաղաժամ մահերի ռիսկային խմբում տղամարդիկ են
Մահացության ցուցանիշն ու մարդկանց կյանքի միջին տևողությունն արտացոլում են բնակչության առողջության վիճակը, ինչը հնարավորություն է տալիս բնութագրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, գնահատել հիվանդությունների բացասական ազդեցությունը տնտեսության վրա, ինչպես նաև քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։
Հայաստանում մահացությունը 2021թ.-ն 11.2%-ով ավելացել է։ Ավելի շատ մահանում են տղամարդիկ, և նրանց կյանքի սպասվող տևողությունը կանանցից 10 տարի քիչ է` 68 տարի. վաղաժամ մահացության տեսակետից տղամարդիկ ռիսկային խմբում են։
Մահվան ամենատարածված պատճառները 5-ն են, որոնց բաժին է հասնում մահերի 81,5%-ը։
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի 2021թ. ամփոփած վերջին տվյալներով՝ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ մահացության ցուցանիշն ավելացել է 11.2%-ով՝ կամ 2390 դեպքով՝ ընդհանուր կազմելով 23674 դեպք։
Մահվան ամենատարածված 5 պատճառներին բաժին է հասնում ամբողջ մահերի 80%-ից ավելին։
Մահացության պատճառների մեջ գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), մասնավորապես` մահերի 49,3 %-ը՝ 11 673 դեպք, հենց ԱՇՀՀ-ից են, որոնց մեջ գերակշռում են սրտի իշեմիկ և քրոնիկ հիվանդություններից մահացությունները, ապա հաջորդում են մահերը նորագոյացություններից՝ 16,9% (3991 դեպք), երրորդ, ամենատարածված պատճառը կորոնավիրուսն է՝ 12,3%։
Չորրորդ տեղում են շնչառական օրգանների հիվանդությունները՝ 7,7% (1824 դեպք), հինգերորդը՝ մահեր արտաքին պատճառներից՝ 4.4% (1032 դեպք)։
Մահացության դեպքերի մեջ ամենաքիչը բաժին է հասնում վարակիչ և մակաբուծային հիվանդություններին՝ 0,5%, մարսողական օրգանների հիդանդություններին՝ 3,7%։
2020թ. համեմատ 2021թ. արյան շրջանառության համակարգի հիվանդություններն ավելացել են 4,5%-ով։ ԱՇՀ հիվանդություններից ավելի շատ մահանում են կանայք, սակայն տարբերությունը շատ չնչին է՝ մոտ 600 դեպք։
Կորոնավիրուսից մահերի թիվն աճել է 26%-ով։ Կորոնավիրուսից, ընդհակառակը, առավել շատ մահանում են տղամարդիկ՝ 1,5 անգամ ավելի շատ, քան կանայք։
2020թ. համեմատ 2021թ.-ին նորագոյացություններից մահերն ավելացել են մոտ 2%-ով։ Նորագոյացություններից մահերի գերակշռող մեծամասնությունը չարորակ նորագոյացություններն են (քաղցկեղը)։ Չարորակ նորագոյացություններից ավելի շատ մահանում են տղամարդիկ, սակայն այս տարբերությունը նույնպես զգալի չէ՝ մոտ 500 դեպք։
Մնացածների դեպքում գրանցել է 1,5-14 % դեպքերի նվազում։
Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում
2020թ. մահացության դեպքերը տղամարդկանց շրջանում նույնպես ավելի շատ են եղել, քան կանանց։ 2020թ. տղամարդկանց շրջանում մահվան դեպքերն ավելացել են 55,4 %-ով (3892 դեպքով)՝ 50 և բարձր տարիքային խմբերում։
Թեև մինչև 69 տարեկան տարիքային խմբում տղամարդկանց մահվան դեպքերը կանանց համեմատ գերակշռում են, բայց 70-ից բարձր տարիքային խմբում կանանց մահացությունն ավելի բարձր է. այսինքն՝ կանայք ապրում են ավելի երկար, իսկ տղամարդիկ մահանում են ավելի վաղ, և վաղաժամ մահերի առումով՝ գտնվում են ռիսկային գոտում։
Եթե համեմատենք նախորդ տարիները, ապա դարձյալ կնկատվի մահերի թվի աճի միտում։ Մասնավորապես, 2020թ. նախորդող տարվա համեմատ մահվան դեպքերն ավելացել են 38.1 %-ով, կամ՝ մոտ 10 000-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Արցախյան պատերազմով և կորոնավիրուսով։
Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների (ԱՇՀՀ) թիվը 2020թ.-ին 2019թ. համեմատ նույնպես ավելացել է։
Մասնավորապես, 2020թ.-ին, 2019թ.-ի համեմատ ԱՇՀՀ-ից մահացության դեպքերն աճել են 21,6 %-ով (3045 դեպքով, ընդհանուր՝ 17 114 դեպք), այդ թվում սրտի իշեմիկ հիվանդությունները՝ 36,2 %-ով (2306 դեպքով, ընդհանուր՝ 8674 դեպք)։
Շնչառական համակարգի հիվանդություններից մահացությունն ավելացել է 39%-ով (836 դեպքով, ընդհանուր՝ 3015 դեպք)։
2019-2020թթ. չարորակ նորագոյացություններից դեպքերի աճ գրեթե չի նկատվել՝ 1,2%։
Շնչառական օրգանների հիվանդությունների աճը հիմնականում 2020թ. պայմանավորված է կորոնավիրուսով, քանի որ թոքաբորբը ներառված է ՇՕՀ-երի մեջ։
Կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3 տարով
Մահացության ցուցանիշի հետ ուղիղ կապ ունի նաև կյանքի սպասվող տևողությունը, որը համարվում է բնակչության կենսամակարդակի չափման ցուցանիշ։
2020թ. կյանքի սպասվող տևողությունը կազմել է 73.5 տարի, ինչը 3 տարով քիչ է, քան 2019թ.-ին։
Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կանանցից 10 տարով քիչ է՝ 68.4 տարի, կանանցը՝ 78.6 տարի։
Նշենք, որ կյանքի սպասվող տևողության ցուցանիշն ավելի նվազել է տղամարդկանց մոտ, քան կանանց։ Մասնավորապես, 2020թ. տղամարդկանց ցուցանիշը նվազել է 4,7 տարով, կանանցը՝ 0,9։
Վերջին 30 տարվա ընթացքում կյանքի տևողության նման կտրուկ անկում դեռ չէր արձանագրվել։
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել