
Կորոնավիրուս ունեցող ամեն 31-րդ մարդ մահանում է. 2021թ. ամփոփումը՝ թվերով
2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 344 826 դեպք, մահացել է կորոնավիրուս ունեցող 9473 մարդ (կորոնավիրուսից և այլ հիվանդություններից մահերը՝ միասին):
Նախորդ տարվա համեմատ (2020թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ) կորոնավիրուսի դեպքերը 7,8%-ով աճել են, մասնավորապես՝ 2020թ.-ին հաստատվել էր կորոնավիրուսի ընդհանուր 158 878 դեպք, 2021թ։-ին՝ 185 948 դեպք։
2021թ.-ին նվազել է վարակելիության ցուցանիշը՝ թեստավորված ամեն 10-րդ մարդու մոտ է հաստատվել կորոնավիրուս (2020-ին կորոնավիրուս էր հաստատվում թեստավորված ամեն 4-րդ մարդու մոտ)։ Այս առումով՝ 2020թ. համեմատ թիվը նվազել է՝ պայմանավորված 2021թ.-ին իրականացրած թեստավորման մեծ թվով։ Մասնավորապես, այս տարի 3 անգամ ավելի շատ թեստավորում է իրականացվել՝ մոտ 2 մլն (1 969 822), քան նախորդ տարի (2020թ. վերջում կար 591 048 թեստավորված, այսօր՝ ընդհանուր 2 560 870)։
Զուգահեռաբար աճել է կորոնավիրուս ունեցող մարդկանց մահվան թիվը։ Նախորդ տարվա համեմատ, 2021թ. կորոնավիրուսի թվերը Հայաստանում աճել են 7,8%-ով։
Մահերի թիվն աճել է 26%-ով. 2020թ. կորոնավիրուս ունեցող 3486 մարդ էր մահացել, 2021թ.՝ 5987։
Այս տարի մահացության ցուցանիշը Հայաստանում կազմել է 2,74%` նախորդ տարվա համեմատ աճելով 0,5%-ով։ 2020թ.-ին Հայաստանում մահանում էր կորոնավիրուս ունեցող ամեն 45-րդ մարդ, իսկ այս տարի` ամեն 31-րդը։
Օրական կտրվածքով մահերի ամենամեծ թիվը գրանցվել է 2021թ. նոյեմբերի 11-ին՝ մահացել է 70 մարդ։ Մահացության ցուցանիշները նվազել են ամռանը՝ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին։ Օրինակ՝ հունիսի 7-ին, 11-ին, 24-ին, 29-ին ընդհանրապես մահվան դեպք չի գրանցվել։
Նշենք, որ «Հետք»-ը վերջերս պարզել էր, որ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության հայտնած՝ կորոնավիրուսից մահվան ցուցանիշները մոտ 1000-ով տարբերվում են (ԱՎԾ՝ 6366 մարդ, Առողջապահության նախարարության՝ 5339 մարդ)։ Նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ այս տարբերության պատճառն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով է ձևավորվել։
2021թ. սկզբից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասան Հայաստան։ Փետրվարին Հայաստանը ռուսական Sputnik V պատվաստանյութի կիրառման արտոնություն տվեց, իսկ ապրիլի կեսից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։
Այդ ժամանակ արդեն Հայաստան էր ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և 15 000 դեղաչափ՝ ռուսական «Sputnik V» (հետագայում նաև՝ չինական «Sinovac», «Sinopharm», վերջերս նաև՝ ամերիկյան «Moderna»)։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հետք»-ին հայտնել էր, որ «պետք է ամեն ինչ անեն, որ պատվաստումները հնարավորինս լայն շրջանակներին հասանելի լինեն»։ Նախարարն ինքը ապրիլի վերջին պատվաստվեց անգլո-շվեդական AstraZeneca-ով։
2021թ. ապրիլի վերջին երկարացվեց կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքների՝ առանց մաքսատուրք ԵԱՏՄ տարածք ներկրման ժամկետը, որը պահպանվելու է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այդ որոշմամբ՝ բժշկական որոշ ապրանքներ (ախտահանիչ միջոցներ, դեղորայք, ռեսպիրատորներ, պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և այլ բժշկական ապրանքների ու սարքավորումների արտադրության համար կիրառվող բաղադրիչներ, ինչպես նաև՝ հիվանդների տեղափոխման համար նախատեսված բոքսեր և պատգարակներ) ազատվեցին ներմուծման մաքսատուրքերի վճարումից։
Հուլիսի 7-ի դրությամբ` Հայաստանում պատվաստվել էր բնակչության 3,3%-ը։ Նրանց թվում էին նաեւ օտարերկրացիները (ԱՆ-ն հստակ չէր տարբերակում պատվաստվածներին)։ Ամենաշատը պատվաստվել էին Երևանում՝ 4%, ամենաքիչը՝ Վայոց Ձորում 1,9%։ Պատվաստվածների կեսից ավելին կանայք էին։
Թեև այդ ժամանակահատվածում վարակման դեպքերը նվազել էին, և Հայաստանը գտնվում էր «կանաչ գոտում», այնումամենայնիվ, կարանտինը երկարացվեց ևս 6 ամսով՝ մինչև սեպտեմբեր։
Հուլիսի վերջին խնդիրներ առաջացան արտասահման մեկնող ՀՀ քաղաքացիների համար, որոնց պատվաստման հավաստագիրը տարբեր երկրներում մերժվում էր։
«Հետք»-ը հարցում էր արել Արտաքին գործերի նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ ԱՆ-ի կողմից մշակված և իրենց տրամադրված պատվաստման հավաստագրի նմուշը վերանայման կարիք ունի։
«Գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում պարզ է դարձել, որ նմուշն ունի վերանայման կարիք։ ԱԳՆ նախաձեռնությամբ և Առողջապահության նախարարության հետ համագործակցաբար, մշակվում է պատվաստման հավաստագրի վերջնական նմուշ»։
Հետագայում ԱՆ-ից «Հետք»-ին հայտնել էին, որ շտկումներն արված են, և Հայաստանում արված պատվաստման հավաստագրերն այլ երկրներում լիովին ճանաչելի են լինելու։
2021թ. օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարը հրաման ստորագրեց՝ «պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների չպատվաստված աշխատողները» 14 օրը մեկ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն և գործատուին տրամարդեն պատասխանը։ Որոշումն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 1-ից։ Իսկ դեկտեմբերի 1-ից, դարձյալ նախարարի հրամանով, ՊՇՌ թեստի իրականացման պարբերականությունը կրճատվեց՝ 7 օրը մեկ։
Վերջերս՝ դեկտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ԱՆ վերը նշված հրամանի այն դրույթը, ըստ որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը: Այսինքն, ըստ Սահմանադրական դատարանի որոշման, աշխատողներն այլևս իրենց հաշվին թեստ չեն հանձնի:
2021թ. նոյեմբերի 29-ին Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 2022թ. հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների, համերգասրահներ և այլ տեղեր հնարավոր կլինի այցելել միայն ՊՇՌ բացասական թեստի առկայության կամ պատվաստված լինելու դեպքում։
Դեկտեմբերի 6-ին արդեն հայտարարվեց հայկական արտադրության Sputnik Light-ի թողարկման մասին, որն արտադրում է «Լիկվոր» դեղագործական ընկերությունը՝ ռուսական տեխնոլոգիայով: Sputnik Light-ն օգտագործվելու է որպես խթանիչ՝ երրորդ (բուստեր) դեղաչափ: Բանակցություններ են ընթանում հայկական արտադրության պատվաստանյութն այլ երկրներ արտահանելու համար։
Այսօրվա՝ 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանում խթանիչ դեղաչափ ստացել է ընդամենը 800 քաղաքացի։ Պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 մարդ, երկրորդը՝ 711 864։ Այսինքն, Հայաստանում լիովին պատվաստված է բնակչության 24%-ը։ Թեև այս թվում ներառված են նաև օտարերկրացիները, սակայն Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ նրանք պատվաստվածների չնչին տոկոսն են կազմում, մոտ՝ 0,6%։
Նոյեմբերի 29-ի դրությամբ՝ Հայաստանում ամենից շատ պատվաստվել են Կոտայքի մարզում. այստեղ լիարժեք պատվաստվել է 14%-ը։ Ամենաքիչը պատվաստվել են Երևանում և Տավուշում՝ 13,7%։
2020թ. տարեվերջյան ամփոփումը կարող եք կարդալ այստեղ՝
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել