HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայկական արտադրության Sputnik Light-ն արդեն պատրաստ է. այն նաև կարտահանվի

Հայաստանում արդեն արտադրվում է «Sputnik Light» պատվաստանյութը: Այն արտադրում է հայկական «Լիկվոր» ընկերությունը՝ ռուսական տեխնոլոգիայով: «Sputnik Light»-ը կօգտագործվի որպես խթանիչ՝ երրորդ դեղաչափ: Բանակցություններ են տարվում այն այլ երկրներ արտահանելու համար։

 

«Շատ ուրախալի է, որ Հայաստանի Հանրապետությունում դեղագործական արտադրությունը ևս մի մեծ քայլ, շատ մեծ քայլ առաջ է գնում, և նոր տիպի արտադրանքներ տալու թե’ տեխնոլոգիական, թե’ մասնագիտական , թե’ բոլոր առումներով իր ուժը իրացնում է»,- ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ շրջայց է իրականացրել հայկական «Լիկվոր» դեղագործական ընկերությունում, որը և արտադրելու է «Sputnik Light» պատվաստանյութը։ 

Այս պատվաստանյութն օգտագործվելու է որպես երրորդ՝ խթանիչ («բուստեր», հեղ.) դեղաչափ, որը ստանալու են լիովին պատվաստված, երկու դեղաչափ ստացած մարդիկ։

Պատվաստանյութն արտադրվել է Առողջապահության, Էկոնոմիկայի նախարությունների և ռուսական Ուղղակի ներդրումների սուվերեն ֆոնդի հետ միասին։ 

«Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն ասաց, որ այն արդեն պատրաստ է շրջանառության մեջ մտնելու համար՝ հավելեով, որ իրենց ընկերության արտադրած դեղերի 70%-ն արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելիք երկրներ։

Պատվաստանյութի արտադրության ներդրումներն իրականացրել է «Լիկվոր» ընկերությունը, ըստ պայմանագրի՝ ռուսական կողմն էլ իրականացրել է «տեխնոլոգիական տրանսֆեր», այսինքն՝ փոխանցել է պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան, և ընկերությունը «վերարտադրել է» պատվաստանյութը. 

«Մենք լիարժեք արտադրություն ենք անում, վերամշակում ենք սուբստանցիան, որը ստանում ենք ռուսական կողմից,- ասաց Ս. Մաթևոսյանը։ - Այն անցնում է տեխնոլոգիական վերամշակման պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում, և սառնարանային ռեժիմի տակ պահվում է։ Մեր ընկերությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է Հայաստանի մեկ տարվա պահանջներն ապահովել։ Իհարկե, մենք տրամադրված ենք նաև աշխատել արտահանման ուղղությամբ, և այդ քայլերն արդեն արվել են»,- ասաց Ս. Մաթևոսյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելեց, որ այժմ արդեն բանակցություններ են տարվում Մերձավոր Արևելքի, և աֆրիկյան մի շարք երկրների հետ հայկական արտադրության պատվաստանյութերը վաճառելու համար։ 

«Այսօր դեռևս արտահանման պայմանագրեր չկան, բայց մի շարք երկրների հետ կան քննարկումներ»,- ասաց Վ. Քերոբյանը՝ նշելով, որ գաղտնիք չի ուզում բացահայտել, բայց «Հայաստանին շահույթ կմնա»։ 

Ըստ նախարարի, Հայաստանում արտադրվող պատվաստանյութը համապատասխանում է բոլոր չափանիշներին, և այն պատրաստ է մտնել շուկա։ Քերոբյանի խոսքով՝ Կառավարության համար դեղագործությունը արդյունաբերական գերակա ոլորտների ցանկում է.

«Էկոնիկայի նախարարության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը այսպիսի ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ»,-ասաց Վ. Քերոբյանը։

Ա. Ավանեսյանն էլ նշեց, որ պետությունը բյուջեի հաշվի ձեռք կբերի «Լիկվորից» այդ բուստեր պատվաստանյութերը, և քաղացիները դրանք կստանան անվճար, ինչպես մնացած պատվաստանյութերը։

Սակայն սա նաև խոչընդոտ չի լինի այլ տեսակի պատվասանյութեր Հայաստան ներկրելու համար, քանի որ Առողջապահության նախարարության նպատակն է ապահովել պատվաստանյութերի լայն տեսականի, և որևէ պատվաստանյութ չի կարող փոխարինել մնացածին.

«Մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Sputnik Light» տարբերակը»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ հայկական արտադրության պատվաստանյութը դեռ միայն կօգտագործվի՝ որպես բուստեր, ոչ հիմնական պատվաստանյութ։

Առաջիկայում պետությունը գնումներ կիրականացնի, և այս պատվաստանյութն առկա կլինի պոլիկլինիկաներում։

Նշենք, որ հայկական դեղերի արտահանման մեծ ծավալներն ապահովում են տեղական 4 խոշոր արտադրող, որոնցից են՝ «Լիկվոր»-ը, «Արփիմեդ»-ը, «Մեդիկալ Հորիզոն»-ն ու «Էսկո Ֆարմ»-ը, և վերջին տարիներին Հայաստանն ավելի շատ դեղ է արտահանել, քան՝ ներկրել։

 

Գլխավոր լուսանկարը՝ Վլադիսլավ Վոդնեւ / Владислав Воднев © Sputnik 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter