HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ըստ Վիճկոմիտեի` կորոնավիրուսից մահացածների թիվը առնվազն 1000-ով ավելի է, քան ԱՆ-ն հաղորդում է

2020թ․-ի փետրվարի 3-ից սկսած՝ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ամենօրյա ռեժիմով հրապարակում է կորոնավիրուսի հաստատված դեպքերի, առողջացածների, թեստերի արդյունքների և մահվան դեպքերի մասին տեղեկատվություն։ Դրան զուգահեռ Վիճակագրական կոմիտեն նույնպես յուրաքանչյուր ամսվա համար հրապարակում է կորոնավիրուսից մահացածների թիվը։

Հատկանշական է, որ այս երկու պետական մարմինների հրապարակած թվերը չեն համապատասխանում իրար։ Ըստ Վիճակագրական կոմիտեի կայքում տեղադրված տվյալների՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը, 2020թ․-ից մինչև 2021-ի սեպտեմբերը ներառյալ, 1027-ով ավելի են, քան նույն ժամանակահատվածի համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներում։ Տարբերությունը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կլիներ, եթե Վիճակագրական կոմիտեն ամփոփած լիներ նաև հոկտեմբեր ամիսը և տվյալներ ունենար նոյեմբերի համար, այս դեպքում համեմատելու ենթակա ավելի շատ արդյունք կլիներ։

Ամբողջ նախորդ տարվա և այս տարվա 9 ամսվա ընթացքում, ըստ Վիճկոմիտեի, Covid-19-ի հետևանքով մահացել է 6366 մարդ, ըստ Առողջապահության նախարարության՝ 5339 մարդ։

Այս ողջ ժամանակահատվածում երկու պետական մարմնի հրապարակած տվյալները որևէ ամսվա դեպքում չեն համընկել։ Օրինակ՝ նախորդ տարվա նոյեմբերին Վիճկոմիտեն հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով մահացել է 1174 մարդ, այնինչ Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր 830 այդպիսի դեպք, տարբերությունը 344 է։ Սա թեև ամենամեծ տարբերություն գրանցած ամիսն է, բայց մյուս ամիսների դեպքում նույնպես տվյալների միջև եղած անհամապատասխանությունը զգալի է։

Պետք է նշել, որ տվյալների այս տարբերությունը պայմանավորված չէ կորոնավիրուս ունեցող, սակայն այլ հիվանդության հետևանքով մահացածների թվով, քանի որ նման դեպքերի համար ԱՆ-ն վարում է առանձին վիճակագրություն, իսկ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանումները, որոնք տրամադրում են մահվան պատճառների վերաբերյալ տվյալները Վիճկոմիտեին, նմանատիպ դեպքերը չեն հաշվառում որպես կորոնավիրուսի հետևանքով գրանցված։

Այս հարցի վերաբերյալ հստակ տեղեկատվություն ստանալու համար «Հետքը» երկու գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն։ Առաջին հարցմամբ խնդրել էինք պարզաբանել՝ ներկայացվող տվյալները ներառո՞ւմ են նաև կորոնավիրուսից մահվան այն դեպքերը, որոնք գրանցվել են տան պայմաններում։ Այս հարցմանը պատասխանելու համար ԱՆ-ին լրացուցիչ 30 օր ժամանակ պետք եղավ, որից հետո ուղարկված պատասխանն այս բովանդակությամբ էր. «․․․հայտնում եմ, որ, չնայած հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ էր վերցվել, այնուհանդերձ, այս պահին հնարավոր չէ տեղեկատվությունը տրամադրել, քանի որ ներկայում կատարվում են մահվան դեպքերի տվյալների անհատական համադրումներ, ուստի հայցվող տեղեկատվությունը հասանելի կլինի վիճակագրական տվյալներն ամփոփելուց հետո»:

Հեռախոսազրույցի ընթացքում, սակայն, ԱՆ մամուլի խոսնակը հաստատեց, որ տան պայմաններում գրանցված կորոնավիրուսային մահերը չեն գրանցվում։

Մյուս հարցումը վերաբերում էր 2020թ․-ի ընթացքում գրանցված կորոնամահերի ստույգ թվին։ Նախարարությունից հայտնեցին, որ այդ թիվը 3545 է։ Ստացվում է՝ 2020թ․-ի համար սա երրորդ պաշտոնական տվյալն է, այս թիվն է նշված նաև «Առողջություն և առողջապահություն» 2021 վիճակագրական տարեգրքում:

Վիճակագրական կոմիտեի ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների տարբերության մասին Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ խոսել է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ այս տարբերության պատճառն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով է ձևավորվել։ Նախարարի խոսքից կարելի է եզրակացնել, որ քանի որ Armed էլեկտրոնային կառավարման համակարգին անցումը տեղի է ունեցել փուլ առ փուլ, հնարավոր է՝ որոշ տվյալներ բաց թողնված լինեն, որոնք, այնուամենայնիվ, երևում են Վիճկոմիտեի հրապարակած տվյալներում։

Սակայն միշտ չէ, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերն ամսվա կտրվածքով գերազանցում են Առողջապահության նախարարության տվյալները, երբեմն դրանք ավելի քիչ են, ուստի դժվար է ասել, թե, ի վերջո, որ մարմնի հրապարակած տվյալն է ճշգրիտ արտացոլում կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների թիվը։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter