HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է, մահվան տոկոսը՝ աճել. առաջիկայում՝ 6-ամսյա կարանտին և նոր սահմանափակումներ

Հուլիսի 7-ի դրությամբ` Հայաստանում պատվաստվել է բնակչության 3,3%։ Այս թվի մեջ, սակայն, ներառված են օտարերկրացիները, քանի որ ԱՆ հստակ չի տարբերակում պատվաստվածների թիվը։

Ամենաշատը պատվաստվել են Երևանում՝ 4%, ամենաքիչը՝ Վայոց Ձորում 1,9%։ Պատվաստվածների կեսից ավելին կանայք են։

Թեև վարակի դեպքերը նվազել են, և Հայաստանը գտնվում է «կանաչ գոտում»,  այնումամենայնիվ, կարանտինը կերկարի ևս 6 ամսով, և մինչև սեպտեմբեր կմշակվի սահմանափակումների նոր փաթեթ։

Թե երբ ճանաչելի կլինեն Հայաստանում իրականացրած պատվաստումների հավաստագրերն այլ երկրներում, դեռևս հայտնի չէ, բայց հայտնի է, որ աշնանը Հայաստանը կգնի ամերիկյան Johnson and Johnson ընկերության պատվաստանյութ, հետագայում, հնարավոր է, նաև՝ Pfizer.

 

Հայաստանում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 226 135 դեպք, մահացել` կորոնավիրուս ունեցող 5645 մարդ (4540 մահ կորոնավիրուսից, 1105 մահ կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդությունից)։

Թեև կորոնավիրուսի վարակման թվերը նվազել են (նախկին ամեն 4-րդի փոխարեն կորոնավիրուս հաստատվում է թեստավորված ամեն 5-րդ մարդու մոտ, հեղ.), սակայն մահվան դեպքերը՝ աճել են։ Եթե դիտարկենք երեք ամսվա կտրվածքով, ապրիլին մահանում էր կորոնավիրուս ունեցող ամեն 43-րդ մարդ, հիմա՝ ամեն 40-րդը։ Ապրիլի համեմատ, հիմա կորոնավիրուս ունեցող մարդկանց մահերի թիվը 0,2%-ով աճել է՝ 2,3%-ից հասնելով է 2,5 %-ի։

Այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին երկու-երեք ամսիներին համաևվում է «լավ», Հայաստանը գտնվում է կանաչ գոտում , և Առողջապահության ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին մենք պահպանում ենք օրական թեստավորման մեջ մինչև 4%-ի վարակվածության ցուցանիշը, որը բավական կարևոր է, չնայած՝ նկատում ենք [հիվանդության] վերարտադրութան ցուցանիշի աճ»։

Վերապրոֆիլավորված բուժհաստատություններից՝ կովիդ կենտրոններից այս պահին գործում են միայն մի քանիսը. Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն իր Ավանի մասնաճյուղով, «Սպիտակի» բժշկական կենտրոնը, «Կապանի» ԲԿ-ն ու «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը», որոնց միջոցով, ըստ նախարարի պաշտոնակատարի, կարողանում են լիարժեք ապահովել քաղաքացիների պատշաճ բուժօգնությունը։

Խոսելով կորոնավիրուսի նոր շտամերի մասին (անգլիական և հնդկական, հեղ.)՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դրանցից որևէ մեկը Հայաստանում դեռևս չի հայտնաբերվել։

«Դելտա շտամը (հնդկական, հեղ.), ցավոք սրտի, աչքի է ընկնում իր տարածելիության բարձր ցուցանիշով և հիվանդացության ծանրության բարձր աստիճանով։ Ամեն ալիքի հետ, ամեն շրջանառվող շտամի հետ մենք դա նկատում ենք»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ա. Ավանեսյանը հայտնեց, որ քանի որ ամբողջ աշխարհում պատվաստումային գործընթացը չի ընթանում այնպիսի ուղղությամբ, որ հնարավոր լինի հանրային իմունիտետ ձեռք բերել, այդ պատաճառով վարակն անընդհատ մուտացվում և նոր շտամեր է ձևավորում։

Նրա խոսքով՝ կարանտինը, հնարավոր է, երկարացվի, ինչը սահմանափակումներ կիրառելու լրացուցիչ գործիքակազմ կտա.

«Կարանտինը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել։ Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ թեստի պահանջը հենց սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ։ Մենք, իհարկե, այս պահին չենք օգտագործում կարանտինի մասին որոշման հնարավոր բոլոր գործիքակազմը, բայց դրա որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում փոփոխվում են»։

Այդ պատճառով էլ կարանտինը կերկարաձգվի 6 ամսով, իսկ մինչև սեպտեմբեր կմշակվի սահմանափակումների նոր փաթեթ, և ըստ իրավիճակի՝ համարժեք քայլեր կձեռնարկվեն, օրինակ, եթե դպրոցների պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստաված չլինի, դասերն այդ ուսումնասկան հաստատությունում կարող են լինել առցանց։

 

Ամենաշատը պատվաստվել են Երևանում, ամենաքիչը՝ Վայոց Ձորում

Հուլիսի 7-ի դրությամբ՝ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ 97 711 պատվաստում, պատվատվածների թվում ամենաշատը կանայք են՝ 52,4% և  47,6% տղամարդ։ Թե քանի տոկոս են կազմում օտարերկրյա քաղաքացիները, նախարարը հստակ չնշեց, սակայն հայտնեց, որ «ընդհանուր տոկոսի մեջ բավական փոքր թիվ է», և այդ «թիվը տեսանելի է», որովհետև նրանք բոլորը շարժական կետերում են պատվաստվում, բացի այդ, վարակը չի ճանաչում ոչ քաղաքացիություն, ոչ կրթական ցենզ, ու նաև կան հայեր, որ օտարերկրյա քաղաքացի են. 

«Պաշտպանելու համար բոլորին և հենց մեր քաղաքացիներին, մենք որդեգրել ենք բոլոր մարդկանց հավասար բուժման իրավունքը, ու պետությունն իր վրա այդ բեռը վերցրել է, ինչը համահունչ է բոլոր մարդասիրական սկզբուքներին»,-նշեց Ա. Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրենք չէին կարող սպասել, որ պատվաստման համար օտարերկրացիների նման մեծ հոսք կլինի Հայաստան, բայց դա նաև նպաստել է մեր երկրի վարկանիշի բարձրացմանը։ Սակայն ԱՆ այսուհետ փոփոխություններ կմտցնի իր քաղաքականության մեջ, և հերթերից խուսափելու համար օտարերկրյա քաղաքացիներին կպատվաստեն միայն շարժական կետերում և ոչ թե ամբուլատոր պայմաններում։

Վերջին տվյալներով՝ ամենաշատը մարդիկ պատվաստվել են Երևանում՝ Երևան 43 453 մարդ կամ 4,2%, ամենաքիչ Վայոց Ձորում՝ 1093 մարդ կամ 1,9% (92295 պատվաստվածների ընդհանուր թվով, հեղ.

Բուժաշխատողների մինչև 40% պատվաստած են։

Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

Պատվաստումներ Հայաստանում
Infogram

Հայաստանի պատվաստման ցուցանիշը թեև բարձր չէ՝ 3,3% է, սակայն վերջին շաբաթներում աճել է պատվաստողների տեպմը. 

«Հայաստանում պատվաստումային ցուցանիշներն իհարկե գոհացուցիչ չեն, բայց գոհացուցիչ է աճման տեպմըորը մենք նկատում ենք։ Ընտրություններից հետո տեմպը շեշտակի աճել է, երեկվա մեր ցուցանիշը 4000-ից ավելի էր»,-հայտնեց Ա. Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող կեղծ տեղեկությունների ու հակաքարոզչության պատճառով է, որ պատվաստվածների թիվը քիչ է, և մարդիկ թերահավատ են, սակայն նախարարությունը որդեգրել է քաղաքացիներին կրթելու, համոզելու, ճիշտ տեղեկություններ տրամադրելու քաղաքականություն, որով և նախատեսվում է մեծացնել պատվաստումների թիվը։

Հայաստանում ամենաշատը «Sputnik V» պատվաստանյութ կա

Հայաստան մինչ օրս բերվել է 279 460 դեղաչափ պատվաստանյութ, որից ամենաշատը` 37,5% ռուսական Sputnik V (մոտ 120 000 դեղաչափ, 105 060 կար և ևս 15 000 դեղաչափ Հայաստանը ստացել է հուլիսի 7-ին), 26,6%-ը՝ անգլո-շվեդական AstraZeneca (74 400 դեղաչափ) և 35,7%-ը չինական CoronaVac (Sinovac100 000 դեղաչափ)։ Դրանք բոլորն արվելու են երկու դեղաչափով, այսինքն՝ նախատեսված են մոտ 140 000 մարդու համար։

Ըստ Առողջապահության նախարարության՝ մարզերի և Երևանի առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպությունները բավարար չափով ապահովված են այս երեք պատվաստանյութերով։

Նշենք, սակայն, որ ռուսական Sputnik V դեռևս չի հաստատվել Եվրոպական դեղերի գործակալության (EMA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (WHO, ԱՀԿ)։

 

Pfizer, Moderna, J&J, Novavax. Ի՞նչ նոր պատվաստանյութեր կբերվեն Հայաստան

Պատվաստանյութրի ձեռքբերման ժամանակ երբեմն հնարավորություն է ստեղծվում, ասյպես ասած՝ «պատուհան է բացվում» ձեռք բերելու նաև այլ տեսակի պատվաստանյութեր, օրինակ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին եղել է 15 000 դեղաչափ (7500 հոգու համար, հեղ.) ամերիկյան Pfizer բերելու հնարավորություն, սակայն քանի որ պատվաստանյութը պահանջում է տեղափոխման հատուկ պայմաններ, իսկ Հայաստանը չի ունեցել սառցային շղթան ապահովելու միջոցներ, պատվաստանյութը ձեռք չի բերվել, սակայն առաջիկայում, ըստ ԱՆ, կլինի նման հնարավորություն՝ ապահովելու սառցային շղթայի պահպանումն, ու գուցե ձեռք բերվի նաև Pfizer ընկերության պատվաստանյութ։ 

«Հայաստանն ինքնաֆինանսավորվող երկրների շարքում է դասվում, և մենք «Covax» հարթակի շրջանակներում ոչ թե նվեր ենք ստանում, այլ ինքներս ենք ձեռք բերում դեղաչափերը»,-ասում է Ա. Ավանեսյանը։

Moderna-ի «պատուհան» մինչ օրս դեռ չի բացվել, սակայն առաջիկայում՝ աշնանը, Հայաստանը կգնի 50 000 դեղաչափ ամերիկյան Johnson and Johnson պատվաստանյութից (որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ նախատեսված է հենց 50 000 հոգու համար, հեղ.) և մոտ 300 000 դեղաչափ Novavax ամերիկյան պատվաստանյութ՝ 150 000 հոգու համար։

Ինչ վերաբերում է մասնավոր ընկերությունների կողմից ապագայում ներկրվելիք պատվաստանյութերին, ապա քանի որ ամբողջ աշխարհում կա պատվաստանյութերի մեծ դեֆիցիտ, և արտադրողները իրենց ապրանքները բաշխում են նախօրոք արված պատվերների ու պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, այս պահին դեռևս նման գործընթաց չի նախատեսվում։

 

Հայաստանում արված պատվաստումների հավաստագրերի ճանաչումն այլ երկրներում

Խոսելով Հայաստանում արված պատվաստումների՝ այլ երկնրեում ճանաչելիության ու դրանց հավաստագրերի ընդունման մասին՝ Ա. Ավանեսյանն ասաց, որ ԱԳՆ-նառաջիկայում այդ մասով համապարփակ տեղեկություն կտրամադրի քաղաքացիներին, թե որ երկրներում ինչ գործընթաց է իրականացված այս պահին, ինչպես նաև՝ ինչ ժամկետների մասին է խոսքը.

«Մեր մասով ևհավելվածը, ևպոլիկիլինիկաների կողմից տրվող թղթային եռալեզու սերտիֆիկատներն ամբողջությամբ պատրաստ են և շատ լավ գործարկվում են։ Այո’, ԵՄ-ը Հայաստանը, ընդհանուր առմամբ դիտարկելով որպես կանաչ գոտու երկրիր, հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիներին մուտք գործելու, բայց պետք է հաշվի առնենք, որ ԵՄ առանձին երկրներ իրենք իրենց հերթին այդ գործընթացը պիտի անցնեն, և ես վստահ եմ, որ առաջիկա ժամանակներում այդ փոխճանաչումների գործընթացն ակտիվ կերպով կընթանա, և մենք արդեն կունենանք նաև հավելվածների փոխճանաչում»։

Այն հարցին, թե Հայաստանում իրացվող «AstraZeneca»-ն որ երկրի արտադրանք է, Ա. Ավանեսյանն ասաց, որ եվրոպական արտադրության դեղաձևն է՝ «կարծեմ՝ Իտալիան էր, մի քանի երկրի արտադրության խմբաքանակ են ստացել»։

Նշենք, որ EMA-ն (European Medicines Agency, Եվրոպական բժշկական գործակալություն, հեղ.) հաստատել է միայն ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Անգլիայում ու Չինաստանում արտադրված AstraZeneca-ն։ Պատվաստման հավաստագրերին ու դրանց ճանաչմանը «Հետք»-ն առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter