HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԱԳՆ. Առողջապահության նախարարության մշակած պատվաստման հավաստագրի նմուշը վերանայման կարիք ունի

Հայաստանում արված կորոնավիրուսի դեմ պատվաստումների հավաստագրերը երբեմն չեն ընդունվում սահման հատելիս, քանի որ դրանք բոլոր երկրները չէ, որ ճանաչում են։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ Հայաստանում արված կորոնավիրուսի դեմ պատվաստման եռալեզու հավաստագրերն ամբողջությամբ պատրաստ են, և իրենք սպասում են, որ ԱԳՆ-ն տեղեկություններ տրամադրի քաղաքացիներին այլ երկրներում իրավիճակի վերաբերյալ։

ԱԳՆ էլ իր հերթին նշում է, որ ԱՆ-ի կողմից մշակված և իրենց տրամադրված պատվաստման հավաստագրի նմուշը վերանայման կարիք ունի։


Հուլիսի 9-ին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Հայաստանում արված կորոնավիուսի պատվաստումների՝ այլ երկրնեում ճանաչելիությանն ու դրանց հավաստագրերի ընդունմանը, ասաց, որ առաջիկայում Արտաքին գործերի նախարարութունը քաղաքացիներին համապարփակ տեղեկություն կտրամադրի այն մասին, թե որ երկրում ինչ գործընթաց է իրականացված. 

«Մեր մասով և’ հավելվածը, և’ պոլիկլինիկաների կողմից տրվող թղթային եռալեզու սերտիֆիկատներն ամբողջությամբ պատրաստ են և շատ լավ գործարկվում են,- հայտնեց Ա. Ավանեսյանը։- Այո’, ԵՄ-ը, Հայաստանը, ընդհանուր առմամբ դիտարկելով որպես կանաչ գոտու երկիր, հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիներին մուտք գործելու, բայց պետք է հաշվի առնենք, որ ԵՄ առանձին երկրներ իրենք իրենց հերթին այդ գործընթացը պիտի անցնեն, և ես վստահ եմ, որ առաջիկա ժամանակներում այդ փոխճանաչումների գործընթացն ակտիվ կերպով կընթանա, և մենք արդեն կունենանք նաև հավելվածների փոխճանաչում»։

Մենք դիմել էինք ԱԳՆ՝ հասկանալու, թե երբ են տրամադրելու տեղեկություն Հայաստանում արված պատվաստումների հավաստագրերի՝ այլ երկրներոմ ճանաչելիության մասին, և արդյոք ԱԳՆ-ն այդ հարցերի մասով աշխատում է Եվրոպական բժշկական գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։

ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ ՀՀ-ում պատվաստման հավաստագրի ճանաչելիության ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների և խորհրդատվության հիման վրա։ Մասնավորապես, պատվաստման հավաստագրի նմուշը մշակում է ԱՆ-ն և տրամադրում ԱԳՆ-ին, որ վերջինս դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հնարավորություն ունենա պարզել դրանց ճանաչելիությունը։

Սակայն ԱԳՆ նաև նշում է, որ ԱՆ-ի կողմից մշակված և իրենց տրամադրված պատվաստման հավաստագրի նմուշը վերանայման կարիք ունի.

«Գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում պարզ է դարձել, որ նմուշն ունի վերանայման կարիք։ ԱԳՆ նախաձեռնությամբ և Առողջապահության նախարարության հետ համագործակցաբար, մշակվում է պատվաստման հավաստագրի վերջնական նմուշ»։

Այդ նմուշն էլ իր հերթին հետագայում պետք է ուղարկվի այլ երկրներ՝ դիտարկումներ ստանալու համար։

Ներկայում Հայաստանի և ԵՄ իրավասու ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, որ Հայաստանը կարողանա միանալ ԵՄ կողմից մշակված «EU Digital Certificate» (ԵՄ թվային սերտիֆիկատ) համակարգին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter