HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուս 2020. ինչպե՞ս տարածվեց Հայաստանում, և որո՞նք էին հիմնական բացթողումները

Դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 158 878 դեպք, որից՝ 3486-ը՝ մահվան ելքով։ Այսինքն՝ կորոնավիրուս ունեցող ամեն 45-րդ մարդ մահանում է, իսկ թեստավորված ամեն 4-րդի մոտ հաստատվում է կորոնավիրուս։

«Հետք»-ն ուսումնասիրել է 2020թ. կորոնավիրուսային իրավիճակը. ե՞րբ և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում, ի՞նչ թերացումներ ու բացթողումներ կային սկզբում ու ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր` թվերով։

Կորոնավիրուս. ինչպես սկսվեց

2019թ. դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերվեց կորոնավիրուս նոր՝ նախկինում անհայտ շտամ, որին սկսեցին կոչել 2019-nCoV, Sars-Cov-2, նոր կորոնավիրուս։ Սկզբնական շրջանում նշվում էր, որ վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են, հետագայում նաև պարզ դարձավ, որ այն փոխանցվում է մարդուց մարդուն։

Այս ժամանակահատվածում Հայաստանի դեղատներում արդեն իսկ բժշկական դիմակների սակավություն էր. եղածներն էլ վաճառվում էին 2-4 անգամ ավելի թանկ։

Դեռևս 2020թ. հունվարի 26-ին «Հետք»-ը զրուցել էր Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ. վերջինս հավաստիացրել էր, որ հետևում են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, սակայն հույս էր հայտնել, որ «մեզ չի հասնի այս հիվանդությունը»։

Հունվարի 30-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնեց, որ դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

Փետրվարի 23-ին Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան լայվում պնդում էր, որ «տեղին չէ նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծել նման անբացատրելի աղմուկ»՝ համեմատելով այն «սովորական գրիպի» հետ։

Այդ ընթացքում կորոնավիրուսը տարածվում էր աշխարհում. դեպքեր էին գրանցվել Չինաստանից դուրս՝ եվրոպական մի շարք երկրներում, Իրանում և Ռուսաստանում։ Սակայն Հայաստանում զանգվածային միջոցառումների սահմանափակում չկար. փետրվարի 17-ից մեկնարկել էր սահմանադրական հանրաքվեիԱյո»/«Ոչ» ) քարոզարշավը, որով պետք է որոշվեր Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը. Թեհրանից ժամանած 29-ամյա երիտասարդն էր, որին մեկուսացրին։ Զուգահեռ, սակայն, շարունակվում էր, «Իմ քայլը» խմբակցության սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը Սյունիքում. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում ևս պնդում էր, որ կորոնավիրուսը «գրիպի նման բան է» և պետք չէ խուճապի մատնվել։ «Կորոնավիրուսն ու՞մ շունն է»,- ասում էր վարչապետը։

Առանց խուճապի, մարտի 11-ին գրանցվեց կորոնավիրուսի երկրորդ դեպքը Իտալիայից ժամանած էջմիածնեցի կնոջ և նրա հետ շփված ևս 2 անձանց մոտ։

Մարտի 12-ին ևս 2 դեպք գրանցվեց (ընդհանուր՝ 6), բայց այդ օրը՝ քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նորից պնդում էր, որ «կորոնավիրուսը չի վտանգավոր, այ կորոնավիրուսն իսկական նրանք են, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են, ու էդ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք»։

Մարտի 13-ին, երբ կորոնավիրուսի ևս 7 դեպք հաստատվեց այն մարդկանց մոտ, որոնք շփվել էին էջմիածնեցի կնոջ հետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «այդ կինը» պետությունից թաքցրել է, որ ջերմությունը բարձրացել է և կաթիլային ընդունելուց հետո գնացել է նշանադրության՝ վարակելով այլ մարդկանց (հետագայում այդ կինը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում նշեց, որ վարչապետի ասածը չի համապատասխանում իրականությանը՝ պատմելով նաև որոշ մանրամասներ)։

Մարտի 16-ին, երբ գրանցվել էր կորոնավիրուսի 49 դեպք, Հայաստանում մտցվեց արտակարգ դրություն, խստացվեցին հակահամաճարակաբանական նորմերի պահպանման կանոններն ու տուգանք սահմանվեց դիմակներ չդնելու համար։

Նույն օրն Էջմիածնում 23։00-ից մի քանի օրով անցակետեր դրվեցին։

Մարտի 26-ին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքը։

Մարտի 30-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության առաջարկը, որով կապի օպերատորները տեղորոշելու էին մարդկանց գտնվելու վայրն ու այդ տվյալները փոխանցվելու էին Կառավարության լիազոր մարմնին՝ պարետատանը։ Ըստ էության, մարդկանց տեղաշարժը դարձավ վերահսկելի. այս նախագիծն ուժի մեջ է մինչ օրս։

Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 482 դեպք։

Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 158 878 դեպք:Մինչ օրս մահացել է 3486 մարդ. Հայաստանում կորոնավիրուս ունեցող ամեն 45-րդ մարդ մահանում է։ Ամեն 4-րդ թեստավորված քաղաքացու մոտ հաստատվում է կորոնավիրուս։ Այսինքն՝ թեստավորվածների 24 %-ն ունի կորոնավիրուս։ Վերջին մեկ ամսվա կտրվածքով՝ օրական միջինում կատարվում է մոտ 2500 թեստավորում (նվազագույնը՝ 1000, առավելագույնը՝ 3500)։

Մեկ օրում ամենաշատ դեպքերը գրանցվել է նոյեմբերի 6-ին՝ 2476 մարդու մոտ։ Մինչ օրս ամենաշատ մահը գրանցվել է հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 13- ին՝ 41-ական մահ մեկ օրում։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

: COVID-19 ամփոփում
Infogram

 

Կանխարգելիչ միջոցների սակավությունն ու անվերահսկելիությունը

Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ դեղատնային ցանցերում սակավ էին կանխարգելիչ միջոցները՝ բժշկական դիմակները, սպիրտն ու ախտահանիչ միջոցները` ալկոգելերը։ Որտեղ էլ, որ դրանք կային, վաճառվում էին մի քանի անգամ ավելի թանկ։ Օրինակ, մարտի կեսերին դիմակները 10-15 անգամ թանկացել էին, բժշկական սպիրտ շատ դժվար էր գտնելը։

Այդ ժամանակահատվածում էր, որ միանգամից աճեց ախտահանիչ միջոցների արտադրությունը, և այդ շուկան դարձավ անվերահսկելի։

«Հետք»-ն ուսումնասիրել էր ալկոգելերի արտադրությունն ու պարզել, որ Հայաստանում հակաբակտերիալ ախտահանիչ միջոցների արտադրությունը ոչ միայն չի վերահսկվում, այլև դիտարկվում է որպես կոսմետիկ միջոց, և փորձաքննվում սխալ տեխնիկական կանոնակարգի մի քանի ցուցանիշներով։

Ավելին, ալկոգելերը գրանցման հայտարարագրեր էին ստանում «կեղծ ընթացակարգերով»՝ մեծ մասամբ փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։

Արտակարգ դրության օրերին այդ լաբորատորիաներն ակտիվորեն «սերտիֆիկատ» են տրամադրել պարտադիր պետական գրանցման ենթակա ախտահանիչ հակաբակտերիալ միջոցներին։

Փորձաքննություն իրականացնողներից և սերտիֆիկատ տրամադրողներից՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտը» «Հետք»-ի այդ հրապարակումներից հետո հայտարարություն էր տարածել՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։ Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատեց մեր հրապարակումների իսկությունը՝ փաստելով, որ Հայաստանը սխալ է գրանցել ալկոգելերը։

Բժշկական հանդերձանքի մեծ մասը փորձաքննված չէր

Նախքան շուկայում հայտնվելը բժշկական դիմակներն ու հանդերձանքը պետք է փորձաքննություն անցնեին, քանի որ հանդիսանում են ԵԱՏՄ N 299 որոշման կարգավորման առարկա և ենթակա են պարտադիր պետական գրանցման։

Հուլիսի սկզբին «Հետք»-ն ուսումնասիրել էր Կառավարության ձեռք բերած բժշկական հանդերձանքի շուկան ու պարզել, որ դրանք չունեն պարտադիր պետական գրանցում, իսկ տեղական արտադրողների մի մասը, որոնցից իրականացվել է բժշկական հանդերձանքի գնումը, մասնագիտացած չէ դրանց արտադրության մեջ։ Այսինքն՝ բուժհաստաություններին մատակարարվել է փորձաքննություն չանցած հանդերձանք։

Այդ ընթացքում՝ մարտի 1-ից մինչ հունիսի 26-ըկորոնավիրուսով վարակվել էր արդեն մոտ 1000 բուժաշխատող, ինչն այդ ժամանակ կազմում էր ընդհանուր վարակակիրների 4 %-ը։

Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանել օրենքի պահանջներին

Դեռևս ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շուտով նախատեսվում է ձեռնարկել կորոնավիրուսի հայկական թեստերի արտադրություն։ Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:

Հուլիսի վերջին «Հետք»-ը հրապարակեց հայկական COVID-19 թեստերի վերաբերյալ ուսումնասիրությունը, որտեղ պարզել էինք, որ սարքերը, որոնք օգտագործվել են հայկական թեստերի արտադրության մեջ, ստուգաչափված չեն եղել, այսինքն՝ չկան օբյեկտիվ տվյալներ այն մասին՝ արդյոք չափման միջոցը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին, թե ոչ։

Ավելին, թեստերի ճշգրտությունն ու սպեցիֆիկությունը որոշվել է մեկ այլ՝ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որի սարքերը նույնպես երբևէ չեն ստուգաչափվել։ Իսկ թեստերի արտադրման համար ընտրվել են 2020թ. հունվարին մշակված մեթոդիկաները, որոնք նախատեսված են եղել «միայն արտակարգ դեպքերում կիրառելու համար»։

Թեև թեստերը պատրաստ էին դեռևս հունիսի վերջին, բայց սկսեցին օգտագործվել սեպտեմբերի սկզբին։ Մինչ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը օգտագործվել էր հայկական արտադրության 103 155 թեստ, ինչը կազմում էր օգտագործված թեստերի 22 %-ը՝ կամ մոտ 1/5-ը։

 

ԹԱՕ սարքեր, որոնք գրեթե չեն օգտագործվել

2020 թհուլիսի 20-ի դրությամբ՝ Հայաստանում եղել է 493 թոքերի արհեստական օդափոխության սարքԱռողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2020թնոյեմբերի 6-ի ժամը 9:00-ի դրությամբ օգտագործվել էր այդ սարքերի միայն 15 %-ը` 75 սարք։

Դեռևս մայիսի 12-ի դրությամբ՝ Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնել էին, որ Հայաստանում կա 205 ԹԱՕ սարքորից 120-ը Չինաստանն էր ուղարկել. մնացած սարքերը հավաքվել է ՀՀ մարզային բոլոր հիվանդանոցներից։

Նշենք, որ կորոնավիրուսի բուժման պրոֆիլավորում չունեցող մարզային բուժհաստատություններում այս պահին ԹԱՕ սարքեր կամ չկան, կամ 1 ռեզերվային են. դրանց հրատապ անհրաժեշտության դեպքում հիվանդներն ուղղորդվում են Երևան։

 

Անբարեխիղճ տնտեսվարողներ

Սրան զուգահեռ ավելանում էին իբրև թե COVID-19 բուժման համար նախատեսված միջոցների վաճառքն ու դրանց գովազդը սոցիալական ցանցերում։ Ընդհուպ մինչև թեյն էր գովազդվում որպես կորոնավիրուսի «կանխարգելման» միջոց։ «COVID-19-ի բուժման» անվան տակ էին գովազդվում նաև վիտամին C, D և յոդը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, սակայն, «Հետք»-ին հայտնել էին, որ այդ տնտեսվարողների գովազդը մոլորեցնող չէ և չի խախտում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը։

 

Մահերի տարբերակում

Եվրոպական երկրները կորոնավիրուսի մահերի վիճակագրություն կազմելիս հաշվի էին առնում բոլոր այն դեպքերը, երբ մահացածների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այսինքն՝ մահը վրա է հասել ոչ միայն կորոնավիրուսից, այլև կողմնակի հիվանդության ազդեցությամբ, քանի որ COVID-19-ը ևս կարող էր մարդու առողջական վիճակի վատթարացման պատճառ դառնալ։

Այս համատեքստում, ուշադրության է արժանի նաև ՀՀ ԱՆ մահերի հաշվարկը. դեռևս մայիսի 14-ին «Հետք»-ը գրել էր, որ Առողջապահության նախարարությունը սկսել է տարանջատել կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց մահերը. ապրիլի 29-ից, երբ կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի թիվը հասավ 30-ի՝ կազմելով ընդհանուր դեպքերի 1,6 %-ը, մահվան նոր դեպքեր հայտարարելիս ԱՆ-ն սկսեց տարբերակել դրանք որպես «կորոնավիրուսից մահացած և ուղեկցող հիվանդություն ունեցող» և «կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդությունից մահացած» դեպքեր։ Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչպես է ԱՆ-ն սկսել իրականացրել հաշվարկները: Փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ իրենք առաջնորդվում են ԱՀԿ ուղեցույցով, որը հնարավորթյուն է տալիս ցանկության դեպքում տարանջատել այդ մահերը։

ԱՆ-ն օգտվեց այդ հնարավորությունից և այսօր, տարանջատման հետևանքով, կորոնովիրուսից մահվան ցուցանիշը Հայաստանում ոչ թե 2,2 % է, այլ՝ 1,8 % (ըստ ԱՆ վերջին տվյալների՝ 2807 մահ կորոնավիրուսից, 679 մահ կորոնավիրուսային վարակ ունեցող, բայց «այլ հիվանդության պատճառով»)։

Մեկնաբանություններ (2)

Mary Matosian
This was very helpful. However, the article was not balanced. No information was given on the positive steps MOH took in combating COVID. ALl the public announcements it did to inform the population, measures it introduced and suggested to combat the virus, the extra emergency unit it built . Was medication available for treatment . The respirators at one point WHO mentioned that were not very useful for all cases and they stopped to be used universally for all hospitalized patients. Also it would be helpful to put this in context and compare to other nations. Mistakes made by MOH were often made by developed countries as well.
taline voskeritchian
An objective and thorough report, and potentially useful for medical emergencies in the future! While the report's focus is on data, it is hoped that in the near future Hetq will take a second, deeper look into the human dimension, too: the attitudes and beliefs --of medical professionals, government officials, and the citizenry--which all contributed to the dismal situation outlined here. Thanks for a timely investigation.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter