HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դիմակները 10-15 անգամ թանկացել են, բժշկական սպիրտ գրեթե չկա

Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ դեղատնային ցանցերում քչանում են որոշ կանխարգելիչ միջոցներ։ Մասնավորապես՝ բժշկական դիմակները, բժշկական սպիրտն ու ալկոգելը։ Մենք փորձեցինք ճշտել՝ որ դեղատներից և ինչ արժեքով հիմա կարելի է դրանցից ձեռք բերել։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել Էջմիածնի դեղատներին։

Պարզվեց, որ դիմակները 10-15 անգամ թանկացել էն, դժվար է նաև դրանք գտնելը։ Որոշ դեղատնային ցանցերում էլ բացակայում է բժշկական սպիրտը և հայտնի չէ՝ երբ կլինի։

Համեմատաբար լավ էր վիճակը ալկոգելերի մասով․ բացի դեղատներից, դրանք կարելի է գնել նաև սովորական խանութներում։


Դեռևս փետրվարի կեսերին, երբ կորոնավիրուսի դեպքեր Հայաստանում չէին գրանցվել, «Հետք»-ն ուսումնասիրել էր բժշկական դիմակների երևանյան շուկան։ Թեև դրանք դարձյալ քիչ քանակով էին և ոչ բոլոր դեղատներում, սակայն արժեքը թանկացել էր 2-4 անգամ։

Այս պահի դրությամբ՝ Հայաստանոմ գրանցվել է կորոնավիրուսի 30 դեպք, որից 1-ը բուժվել է, 2-ի մոտ կա թոքաբորբ։ Մի քանի հարյուր մարդ մեկուսացված է։ Դեպքերից 20-ը համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի բնակչի հետ։

Երեկվանից Էջմիածին քաղաքից ելքերը սահմանափակվել են, դրվել՝ անցակետեր։

Էջմիածնի դեղատներում բժշկական դիմակ կարելի է գտնել միայն «Ալֆա-Ֆարմ» դեղատներից մեկում՝ հատը 250 դրամով։ Այն 5-12 անգամ թանկացել է․ նախկինում դիմակն արժեր 20-50 դրամ։

Երևանում նույն դեղատնային ցանցերում դիմակները երեկ վաճառվում էին 300 դրամով։ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում դիմակներ բավականին շատ կան։

Էջմիածնի «Ալֆա-Ֆարմ»-ի որոշ դեղատներում, ինչպես և Երևանում, կարելի է գտնել ալկոգելեր, բայց դրանք սակավաթիվ են։

Որպես ախտահանիչ միջոց՝ խորհուրդ է տրվում տանն ունենալ նաև բժշկական սպիրտ։ Բացի այդ, գլիցերինի հետ խառնելով՝ կարելի է ալկոգել պատրաստել։

Էջմիածնում այս պահին բժշկական սպիրտ կարելի է գտնել ընդամենը 1 դեղատանը, այն էլ՝ 30 մլ։

Ողջ Հայաստանում «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցի միայն 7-8 դեղատներում կա բժշկական սպիրտ՝ 30 մլ և 50 մլ։

Ի դեպ, «Ալֆա-Ֆարմ»-ն ունի բջջային հավելված, որտեղ կարող եք տեսնել՝ որ դեղատներում է առկա ձեր նախընտրած ապրանքն ու ինչ արժե։

Էջմիածնի «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցում այս պահին բացակայում են բժշկական դիմակներն ու հայտնի չէ՝ երբ կլինեն։ Երեկվա դրությամբ՝ դիմակներ չկային նաև «Նատալի Ֆարմ» Երևանի ցանցի դեղատներում։

Այս պահին Էջմիածնի «Նատալի Ֆարմ» դեղատներում կա միայն ալկոգել և մեկ դեղատնում էլ՝ 250 մլ բժշկական սպիրտ։

«Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցերի՝ մեր այցելած երևանյան 5 դեղատներից միայն 1-ում կար բժշկական դիմակ, որն արժեր 280 դրամ։ Դեղատներում առհասարակ բացակայում էր բժշկական սպիրտը։

Ալկոգել կար ցանցի մեզ հանդիպած միայն մեկ դեղատանը։

Երևանում գտնվող «Տոնուս-Լես» դեղատնային ցանցում նշված ցանկից ոչինչ չկարողացանք գտնել։ Միայն մեկ դեղատանը նշեցին, որ երեկոյան կստանան դիմակ, իսկ թե ինչ արժեքով՝ չգիտեն, քանի որ պարզ չէ, թե այսօր ինչ արժեքով կմատակարարեն։

Նշենք, որ այս պահին Կառավարությունը քննարկում է Հայաստանում  արտակարգ դրություն հայտարարելու հարցը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter