HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում կա թոքերի օդափոխման 205 սարք COVID-19 համար․ դրանք մինչ օրս լիարժեք գույքագրված չեն

Վերջին 4 օրվա ընթացքում՝ մայիսի 9-ին Մոսկվայում և այսօր՝ Սանկտ-Պետերբուրգում, այրվել են թոքերի արհեստական օդափոխման սարքեր, որոնց միացված են եղել կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ երկու հրդեհների արդյունքում մահացել է կորոնավիրուսով 5 հիվանդ, որոնք միացված են եղել այդ սարքերին, մոտ 500 հոգի էլ տարհանվել է։

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշած՝ կորոնավիրուսի 15-օրյա կրկնապատկման տեմպի և ԹԱՕ սարքերին միացված մարդկանց տոկոսի պահպանման դեպքում հունիսի 23-ին Հայաստանում կօգտագործվի մոտ 100 ԹԱՕ սարք։

«Հետք»-ին տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի բուժման համար, ընդհանուր առմամբ, առանձնացված է 205 ԹԱՕ սարք, որից 120-ը վերջերս Չինաստանն է ուղարկել։

Մնացած սարքերի արտադրող ընկերության, երկրի և տարեթվի մասին նախարարությունը տեղեկություն չունի, քանի որ մինչ օրս դրանց գույքագրում չի իրականացրել։ «Երկու ամիս պետք է սպասեք, որ գնանք, ինվենտարիզացիա անենք»,- հայտնել են ԱՆ-ից։

Հայաստանում կորոնավիրուս ունի թեստավորված մարդկանց 10,6%-ը։ Մասնավորապես, մայիսի 12-ի դրությամբ՝ իրականացվել է 33 313 թեստ, որից 3558-ը եղել է դրական։ Միայն այսօր կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 146-ով։

3558 հոգուց 1430-ն առողջացել է, 47-ը՝ մահացել, ևս 19 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։ Թե որոնք են այդ «այլ պատճառները», ԱՆ-ը չի մանրամասնում։

Դեռևս մայիսի 3-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Սկսում ենք ապակենտրոն պայքար COVID-19-ի դեմ» ուղիղ եթեր-քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 65 մարդ գտնվում է ծանր վիճակում, 35-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ նրանցից 9-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

 

Մայիսի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դեմ բուժում էր ստանում 1351 քաղաքացի, այսինքն՝ նրանց 0,7%-ը (9 հոգի՝ ԱՆ հրապարակած վերջին տվյալներով) միացված էր ԹԱՕ սարքերին։  Ըստ նախարարի՝ այդ վիճակը «մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահական համակարգի համար»:

Մայիսի 1-12 ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվում է վարակակիների միջինը 56,5%-ը։

Մայիսի 9-ին Արսեն Թորոսյանի հրապարակած հաշվարկներով՝ եթե կորոնավիրուսի 15-օրյա կրկնապատկման տեպմը շարունակվի, ապա հունիսի 8-ին Հայաստանում կլինի մոտ 12 700 դեպք։ 

Այսինքն, եթե փաստացի բուժվողներից մոտ 0,7%-ը միացվի ԹԱՕ սարքերին, ապա նախարարի նշած ժամանակահատվածում՝ հունիսի 8-ին, կօգտագործվի մոտ 50 ԹԱՕ սարք։

Շարունակելով նախարարի հաշվարկները՝ այս տեմպը պահպանվելու դեպքում, համապատասխանաբար, հունիսի 23-ին կլինի 25 400 վարակակիր, և, ըստ նույն հաշվարկի, անհրաժեշտ կլինի արդեն մոտ ± 100 ԹԱՕ սարք։

Բայց, նորից նշենք, որ սա այն դեպքում, երբ նույնությամբ պահպանվի 15-օրյա կրկնապատկման տեմպը, ու Արտակարգ դրության մեղմացումից ու վերացումից հետո չավելանա ԹԱՕ-ի կարիք ունեցող քաղաքացիների տոկոսը։

 «Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները՝ ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:

Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և, դժբախտաբար, նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն)»:

Արսեն Թորոսյան
09․05․2020

 

Ապրիլի 30-ի դրությամբ՝ Հայաստանում COVID-19 հիվանդների բուժման համար Առողջապահության նախարարությունն առանձնացրել է թոքերի արհեստական օդափոխության 205 սարք, որից 120-ը՝ ոչ ինվազիվ ԹԱՕ սարքեր, որոնք ապրիլի 8-ին ուղարկել է Չինաստանը։ Այս սարքերն արտադրող ընկերությունների առնչությամբ Առողջապահության նախարարությունը մեզ առաջարկեց դիմել պարետատուն։

«Տնտեսվարողների և ընկերությունների հետ պայմանավորվածությունը մենք չենք ձեռք բերել։ Պարետատունն է կազմակերպել, իրենցից պետք է ճշտեք՝ որպես ինֆորմացիան տնօրինող»,-«Հետք»-ին հայտնեց ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանը։

Մնացած 85 սարքերը Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի բուժհաստատությունների՝ ըստ հզորությունների առանձնացված առկա սարքերն են։ Թե ինչ սարքեր են՝ որ երկրի, որ ընկերության, Առողջապահության նախարարությունը չգիտի, քանի որ մինչ օրս այդ մասին տեղեկություն չի հավաքագրել։

«Եթե այս հարցի պատասխանն եք ուզում իմանալ, պետք է ևս երկու ամիս սպասեք, որովհետև պետք է գնանք, ինվենտարիզացիա անենք, բոլոր մեքենաների, սարքերի մակնիշներն ու արտադրության երկրները կարողանանք հանենք, որովհետև դրանք ոչ թե երեկվա, առաջին օրվա են, այլ ամբողջ ընթացքում Հայաստանում ունեցածի մասին է խոսքը»,-ասաց Լ․ Բաբախայանը։

Ըստ նրա՝ սարքերը գույքագրվել են ըստ կարողությունների և գործունեության, ոչ թե՝ ըստ արտադրող երկրի կամ տնտեսվարողի։ «Դուք մի քիչ նյութական եք ուզում, մենք ավելի գործնական ենք փաստերին մոտեցել»,-ասաց Լ․ Բաբախանյանը։

ԹԱՕ ընդհանուր սարքերից 40-ն այս պահին գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Ի՞նչ է թոքերի արհեստական օդափոխման սարքն, ու ինչու՞ է այն կարևոր

Կորոնավիրուսը՝ COVID-19-ը, առավելապես ախտահարում է ստորին շնչառական ուղիները։ Ամբողջ աշխարհում վարակակիրների մոտ 20%-ի վիրուսը ներթափանցում է թոքեր, ինչի հետևանքով դրանք այլևս չեն կարողանում ինքնուրույն բավարար քանակությամբ թթվածնով ապահովել մարդու օրգանիզմը։

ԹԱՕ սարքերը ստանձնում են այդ գործառույթը, որը կենսական նշանակություն ունի հիվանդի համար։

Գոյություն ունի ԹԱՕ սարքերի երկու տեսակ՝ ինվազիվ և ոչ ինվազիվ։

Ոչ ինվազիվ արհեստական շնչառության ժամանակ հիվանդի երեսին դրվում է ամուր հպվող դիմակ, որի միջոցով ԹԱՕ սարքից օդը մտնում է թոքերը: Այս դեպքում պահպանվում են շնչուղիների բոլոր բնական գործառույթները:

Թոքերի ինվազիվ օդափոխությունը կատարելու համար հիվանդի շնչափող քթով կամ բերանով խողովակ է անցկացվում, որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն։

Սարքերին միացված հիվանդները չեն կարողանում ո՛չ խոսել, ո՛չ ուտել, ո'չ էլ՝ խմել, այդ գործողություններն արվում են խողովակի միջոցով։ Քանի որ թոքերի ինվազիվ օդափոխությունը բավականին ցավոտ է, հիվանդներին երբեմն անզգայացման միջոցով արհեստական կոմայի մեջ մտցնելու կարիք է լինում։

Նոր ԹԱՕ սարքեր․ որքա՞ն է նախատեսվում գնել

ԹԱՕ սարքերի միջին արժեքը, ըստ ԱՆ-ի,  20-25 000 ԱՄՆ դոլար է։ Դեռևս մարտ ամսին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ»-ը («IDEA» հիմնադրամը) նվիրաբերել էր 120 000 ԱՄՆ դոլար՝ մինչև 10 ԹԱՕ սարք գնելու համար, սակայն դեռևս չեն գնել։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ դրան զուգահեռ նախատեսում են ձեռք բերել ևս 50 սարք։

«Ներկայումս ԱՆ կողմից կնքվել է պայմանագիր ԹԱՕ ևս 50 սարք ձեռք բերելու նպատակով։ Գնումներն իրականացվել են «Համաշխարհային բանկ»-ի ընթացակարգերին համապատասխան՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի շրջանակներում։ Սարքավորումները մատակարարվելու են Չինաստանից»,-հայտնել են նախարարությունից՝ նշելով, որ մեկնարկել է ևս 20 ԹԱՕ սարքի գնման գործընթաց։ Մեր հարցին՝  ո՞ր երկրներից են ձեռք բերվելու այդ սարքերը, ԱՆ-ն չի պատասխանել։

Այս ընթացքում որոշ բժշկական կենտրոններ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել են նվիրատվություններ՝ տարբեր անհատներից, կազմակերպություններից, բարեգործական հիմնադրամներից։ Թե ի՞նչ նվիրատվություններ են, և ովքե՞ր են նվիրատուները, նախարարությունը դարձյալ չի հայտնում՝ պատճառաբանելով, թե այս պահին դեռևս նվիրատվությունների գույքագրում են իրականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter