HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Թեստավորված ամեն 4-րդ քաղաքացի ունի կորոնավիրուս. ԹԱՕ սարքեր գրեթե չեն օգտագործվել

Դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 149120 դեպք, որից 3000-ից ավելին՝ մահվան ելքով։ Այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուս ունեցող ամեն 47-րդ մարդ մահանում է, իսկ թեստավորված ամեն 4-րդի մոտ հաստատվում է կորոնավիրուս. ընդհանուր առմամբ՝ մինչ օրս թեստավորվել է 551637 մարդ, որոնց 27 %-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է։

Այդ մարդկանց մեծ մասը բուժումը շարունակում է տներում, միայն ծանր դեպքերում են մարդիկ հոսպիտալացվում, անհրաժեշտության դեպքում՝ միացվում թոքերի արհեստական օդափոխման սարքերին։ Մենք փորձել ենք պարզել՝ ԹԱՕ սարքերից մինչ օրս քա՞նիսն է օգտագործվել, կա՞ն այդ սարքերից մարզային բուժհաստատություններում, որքա՞ն է մահճակալային ռեզերվը, վերջին շրջանում ի՞նչ թեստեր են բերվել Հայաստան և օգտագործվու՞մ են արդյոք հայկական արտադրության COVID-19 թեստերը։

2020թ. հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանում եղել է 493 թոքերի արհեստական օդափոխության սարք: Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 6-ի ժամը 9:00-ի դրությամբ օգտագործվել է այդ սարքերի միայն 15 %-ը` 75 սարք։

Նշենք, որ դեռևս մայիսի 12-ի դրությամբ Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնել էին, որ Հայաստանում կա 205 ԹԱՕ սարք, որից 120-ը Չինաստանն էր ուղարկել. մնացած սարքերը հավաքվել է ՀՀ մարզային բոլոր հիվանդանոցներից։

«Արմավիր» ԲԿ-ն վերապրոֆիլավորված չէ կորոնավիրուսով հիվադներ ընդունելու համար, սակայն կորոնավիրուսով հիվանդներին ընդունում է, քանի որ վարակակիրների թիվն արդեն շատ է։

Հիվանդանոցի ռեանիմատոլոգիայի բաժնի վարիչ Կարեն Անտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև կորոնավիրուսի համավարակն իրենք ունեին 10-ից ավելի ԹԱՕ սարք, այժմ մնացել է մեկ ռեզերվային սարք հրատապ դեպքերի համար։

«Մեր սարքերը, հիմնականում, բոլորը տարել են, մեկ հատ ուղղակի թողել են, ամեն դեպքում, բոլոր հնարավոր դեպքերի համար, որոնք որ կարող է ոչ միայն կովիդի, այլև բոլոր այլ պրոֆիլի հիվանդներին պետք լինեն, մնացածը հավաքել, տարել են Երևան,- ասաց բաժնի վարիչը:- Կարիք լինելու դեպքում դիմում ենք, հիվանդներն էլ, որոնք որ դրանց կարիքն ունենում են, նույնպես գնում են Երևան»,-ասաց Կ. Անտոնյանը։

«Վաղարշապատ» հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանը չցանկացավ հայտնել՝ իրենց բուժհաստատությունում կորոնավիրուսով մարդիկ կան, թե ոչ, ինչպես նաև որևէ տեղեկություն չհայտնեց ԹԱՕ սարքերի մասին՝ խնդրելով գրավոր դիմել Արմավիրի մարզպետարան։

«Գյումրու» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց բուժհաստատությունն ունի ԹԱՕ սարքեր, որոնցից այս պահին միայն մեկն է օգտագործվել, այն էլ՝ ոչ կորոնավիրուս ունեցող մարդու համար։

«Կովիդի ժամանակ (մարտ ամսին) ուզել են, 3 սարք ուղարկել ենք Երևան, բայց էնպես չի, որ ամբողջն ենք ուղարկել։ Հիմա 5 սարք ունենք, չհաշված՝ երկուսն այս պահին Երևանից բերել ենք, բայց էնպես չի, որ բոլորն օգտագործում ենք, մեծ մասն ազատ է»,-ասաց փոխտնօրենը։

«Ապարանի» ԲԿ-ն 1,5 ամիս է վերապրոֆիլավորվել է և ընդունում է կորոնավիրուսով հիվանդներին։ Վարակի տարածման սկզբնական ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն իրենցից 1 ԹԱՕ սարք էր վերցրել, և 2 նորը՝ տվել։

«Մենք ունենք 7 օդափոխման սարք, մեր բոլոր սարքերն օգտագործվել են։ Այս պահին կովիդով պառկածներից 2-ն ապարատով են շնչում, մյուսները ռեզերվուար պարկով դիմակներով են»,- ասաց բուժհաստատության փոխտնօրեն Մարգարիտա Աճեմյանը:

«Արարատի» ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չեն ընդունում, բայց ԹԱՕ սարքեր էլ չունեն այլ անհրաժեշտ դեպքերում օգտագործելու համար. ԹԱՕ սարքերը, ըստ տնօրենի տեղակալի, Առողջապահության նախարարությունից տարել են Երևան։

«Բնականաբար, դրա կարիքը լինում է (ԹԱՕ սարքերի, հեղ.), բայց այդ սարքերը մեզանից կորոնավիրուսի տարածման սկզբում նախարարությունը տարավ. ունեինք 2 սարք, երկուսն էլ տարան։ Ռեզերվային էլ չկա»,- նշեց փոխտնօրենը՝ հավելելով, որ շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ լինում են դեպքեր, երբ թթվածնի արհեստական օդափոխման սարքի կարիք է լինում, և հիվանդներին ստիպված ուղղորդում են Երևան։

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախքան անհրաժեշտ ԹԱՕ սարքեր ձեռք բերելը, իրականացնում են բժշկական կազմակերպությունների պահանջարկի հավաքագրում, գնահատում, բայց այս պահին չեն կարող հայտնել՝ «թե երբ է իրականացվելու հերթական ձեռքբերումը»:

Թեստեր
Infogram

2020թ. նոյեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում եղել է չօգտագործված 101 500 ՊՇՌ թեստ, որից 28 100-ը Ռուսաստանի Դաշնության, 35 000-ը Հարավային Կորեայի, 38 400-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտադրանք են։

Օգտագործվել են նաև հայկական արտադրության թեստերը. ԱՆ տվյալներով՝ մինչ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը օգտագործվել է հայկական արտադրության 103 155 թեստ։ Նոյեմբերի 16-ի դրությամբ՝ Հայաստանում իրականացվել էր 465551 թեստավորում։ Ստացվում է, որ օգտագործված թեստերից միայն 22 %-ը՝ կամ մոտ 1/5 է հայկական։

Նախարարությունը, սակայն, «Հետք»-ին չհայտնեց մահճակալային ռեզերվի թիվը, այսինքն, թե որքան ազատ տեղեր են դեռ մնացել Երևանի և մարզերի բուժհաստատություններում՝ հիմնավորելով, որ այդ պահին «հստակ թիվ չի կարող տրամադրվել»:

Կանխարգելիչ ի՞նչ քայլեր է այս փուլում իրականացնում ԱՆ-ն

Առողջապահության նախարարությանը խնդրել էինք նաև հայտնել, թե պատերազմյան և հետպատերազմյան ժամանակահատվածում, բացի հանրային իրազեկման աշխատանքներից և դիմակ կրելու հորդորներից, ինչ այլ գործուն քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի կանխարգելման համար։ ԱՆ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ

  • Մեկնարկել է սուր շնչառական վարակների և ծանր սուր շնչառական վարակների (ԾՍՇՎ) և գրիպի վաղ հայտնաբերման նպատակով նմուշառման գործընթացը` պարեկ կազմակերպությունների միջոցով, բացահայտելու ինչպես շրջանառվող գրիպի հարուցիչները, այնպես էլ ԾՍՇՎ, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության համավարակները՝ կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար:
  • Լրամշակվել և Առողջապահության նախարարի 2020թ. հոկտեմբերի 24-ի թիվ 30-Ն հրամանով հաստատվել են տարբեր տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոնները (24 սանիտարական կանոն):
  • Կորոնավիրուսային հիվանդության բազմակողմանի համաճարակաբանական վերլուծության հիման վրա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն առաջարկություն է ներկայացվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների գործունեության դադարեցման վերաբերյալ։
  • Բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման ուղղությամբ 119 բժշկական կազմակերպությունում իրականացվել է համաճարակաբանական դիտարկում, վերհանված բացերի հիման վրա մշակված առաջարկությունները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին
  • Շարունակվում է հաստատված հիվանդների հետ սերտ շփված անձանց ինքնամեկուսացման և անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկման գործընթացը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժումն էլ իրականացվում է Առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա, 21.05.2020թ. թիվ 1606-Ա և 30.06.2020թ. թիվ 2051-Ա հրամանների համաձայն»,- «Հետք»-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter