
Առողջապահության նախարարությունը պնդում է՝ հայկական թեստերը համապատասխանում են ստանդարտներին
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայկական արտադրության COVID-19 թեստերն օգտագործվում են մոտ մեկ շաբաթ, իսկ նախկինում չօգտագործվելու պատճառը միայն թղթաբանական գործընթացներն էին.
«Թղթաբանություն էր ընթանում։ Այս պահին պատրաստ է ամեն ինչ և օգտագործվում է։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի կողմից թեստերն անցել են փորձաքննություն, համապատասխանում են ստանդարտներին, արդյունքներն արդարացնում են իրենց, որևէ խնդիր չեն առաջացրել»,-ասաց Ա. Նիկողոսյանը։
Ինչ վերաբերում է հայկական թեստերի օգտագործման ծավալներին, Ա. Նիկողոսյանը նշեց, որ դեռևս չի կարող ոչինչ ասել դրա մասին, քանի որ թեստավորումը նոր է սկսվել, երբ որոշակի խմբաքանակով կլինի, այդ ժամանակ կամփոփեն։
Դեռևս այս տարվա հունիսի 24-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են։ Դրանք արտադրել էր Մոլեկուլային կենսաբանության ինստիուտը, որը 250 000 ԱՄՆ դոլարին համարժեք հումք էր ստացել հայկական COVID-19 100 000 թեստ պատրաստելու համար։
«Հետք»-ն ուսումնասիրել էր և պարզել, որ հայկական թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին. դրանք, նախքան թեստերն արտադրելը, չէին ստուգաչափվել, այսինքն՝ թեստերն արտադրվել են օրենքի խախտմամբ, և դրանց ճշգրտությունը հայտնի չէ, քանի որ այն որոշվել էր մեկ այլ լաբորատորիայում՝ ԱՆ Հիվանդություններ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որի սարքերը նույնպես երբևէ չեն ստուգաչափվել։
Իսկ լիազոր մարմինը՝ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Ստանդարտների և չափագիտության ազգային մարմինը չունի ստանդարտ նմուշ թեստերի արտադրության մեջ օգտագործվող անալիզատորը ստուգաչափելու համար:
Այս հրապարակումից որոշ ժամանակ հետո պարզ դարձավ նաև, որ հայկական արտադրության թեստերը չեն օգտագործվում. դրանք սկսել են կիրառվել միայն վերջերս։
Ստուգաչափումը գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին՝ արդյոք չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին, թե ոչ:
Վերջերս՝ սեպտեմբերի 8-ին, Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Առողջապահության նախարարությանը փոխանցել են թթվածնի 100 խտանյութ, 20 էլեկտրասրտագրիչ և 10,000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար: Սարքերն ու թեստերը ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ աջակցությամբ։ Ըստ հայտարարության՝ դրանք «կզարգացնեն թեստավորման կարողությունները և կօգնեն հիվանդներին վերականգնվել COVID-19- ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից»:
Նշված է, որ այս 10 000 ՊՇՌ թեստերը կարող են ճշգրիտ արդյունք տալ 75 րոպեում (ՊՇՌ թեստով վարակի հայտնաբերումը կարող է տևել մինչև 24 ժամ կամ ավելի-հեղ.)։ Այս կարճ ժամանակահատվածը, ըստ ԱՀԿ-ի, կխնայի առողջապահության աշխատողների ժամանակը և կօգնի «նվազեցնել մարդկային սխալի հավանականությունը», ինչպես նաև՝ թույլ կտա ավելացնել օրական կտրվածքով արվող թեստավորումների թիվը։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 1-ին, երբ հայկական արտադրության COVID-19 թեստերն արդեն պատրաստ էին, ԵՄ-ն ԱՀԿ Եվրոպական գրասենյակի հետ համատեղ Հայաստանին նվիրել էր ևս մի խմբաքանակ՝ 10 000 ՊՇՌ թեստ ՝ «թեստավորման կարողությունը բարձրացնելու նպատակով»:
Սեպտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 240943 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով:
Տես նաև՝
Մեկնաբանել