HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդությունից մահացած․ ինչպե՞ս է ԱՆ-ն հաշվարկում մահերը

Ապրիլի 29-ից, երբ կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի թիվը հասավ 30-ի՝ կազմելով ընդհանուր դեպքերի 1,6 %-ը, մահվան նոր դեպքեր հայտարարելիս Առողջապահության նախարարությունը սկսեց տարբերակել դրանք որպես «կորոնավիրուսից մահացած և ուղեկցող հիվանդություն ունեցող» և «կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդությունից մահացած» դեպքերի։

Ըստ այդ տարբերակման՝ կորոնավիրուսի վարակակիրների մեջ մահվան ելքով դեպքերի թիվը այսօրվա դրությամբ 49 է, իսկ այլ պատճառով՝ 21 է։ Այս հաշվարկով էլ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում «կորոնավիրուսից մահերի թիվը 1,3 % է», ինչը, ըստ նախարարի, բավականին լավ ցուցանիշ է այլ երկրների համեմատ։

Եթե հաշվի առնվեն կորոնավիրուս ունեցող, բայց «այլ պատճառներով» մահացությունները, Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը կլինի ոչ թե 1,3 %, այլ՝ մոտ 2 %: Փորձենք հասկանալ՝ ինչպես է Հայաստանը կատարում իր հաշվարկները։

Առողջապահության նախարարության՝ մայիսի 8-ին հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ գրանցված 53 մահերից 43-ն են եղել «կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից», իսկ 10-ը՝ «կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդության պատճառով մահացած» մարդիկ։

Կորոնավիրուսից մահվան դեպքերի շարքին դասվող մարդկանց մեծամասնությունն ունեցել է մեկից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. սրտի իշեմիկ հիվանդություն (38 % դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13 %), զարկերակային հիպերտենզիա (60 %), շաքարային դիաբետ (38 %), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է մահվան, հիմնականում նշվում է երկկողմանի թոքաբորբը: Մեկ հոգի՝ 69-ամյա տղամարդ չի ունեցել որևէ ուղեկցող քրոնիկական հիվանդություն։

Մայիսի 14-ի դրությամբ՝ կորոնավիրուսից մահացածների 55 %-ը տղամարդ է, 44 %-ը՝ կին։ Մահացածների մեծամասնությունը եղել է 61-80 տարեկան, ամենաերիտասարդը եղել է կին՝ 27 տարեկան, որն ունեցել է քրոնիկ հիվանդություն։

Կորոնավիրուս․ մահացություն
Infogram

Գրաֆիկից տեսնում ենք, որ մահվան վիճակագրության մեջ տարբերակում մտցնելով՝ մայիսի 8-ից կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը փոքր-ինչ նվազում է, կորն ուղղվում է, իսկ այլ հիվանդություններից մահացածների թիվն աճում է, կորը՝ բարձրանում։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին խնդրեցինք պարզաբանել՝ ինչ է նշանակում այդ տարբերակումն, ու ինչ հիմքով են տարանջատվում կորոնավիրուս ունեցող մահացած մարդիկ։

Վերջինս նշեց, որ չի կարող բացատրել, բայց ասաց, որ հաշվի են առնվում Առողջապահական համաշխարհային կազմակերպության ուղեցույցները․

«Նման տարանջատման համար օգտագործվում է մեր բժիշկների և բուժաշխատողների կողմից այն ուղեցույցը, որը որ մեր միջազգային գործընկերների կողմից, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից է մշակվել և ներկայացվել երկրներին։ Ես չեմ կարողանա մանրամասն ներկայացնել, դա ավելի շատ մասնագետների հարց է՝ պարզաբանել, բայց ուղղորդվելով այդ ուղեցույցներով՝ տարանջատում է իրականացվում և դրա հիման վրա էլ ներկայացվում է հաշվարկը»,- ասաց Լ․ Նանուշյանը։

Երկրների մեծամասնությունը, մասնավորապես՝ եվրոպական երկրները, կորոնավիրուսի մահերի վիճակագրություն կազմելիս հաշվի են առնում բոլոր այն դեպքերը, երբ մահացածների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այսինքն, հաշվի են առնվում ոչ միայն կորոնավիրուսից, այլև կողմնակի հիվանդություններից, բայց կորոնավիրուս ունեցող մարդկանց մահերի թիվը, քանի որ COVID-19-ը ևս կարող էր նպաստել մարդու առողջական վիճակի վատթարացմանը։

Ավելին, օրինակ, Բելգիայում մահերի ցանկում ներառվում են նաև մահվան այն դեպքերը, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս ունենալու կասկած է եղել, նույնիսկ՝ չհաստատված։ Այդ պատճառով էլ այնտեղ մահերի թիվը, հետևաբար և մահացության տոկոսը բարձր է՝ 16.4 %. վերջին տվյալներով՝ Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսի 54 288 դեպք, որից 8 903-ը՝ մահվան ելքով։

Իսկ Ռուսաստանում, որն այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, մահացությունը Բելգիայից 16 անգամ ցածր է՝ 0,9 %․ 2305 մահվան դեպք՝ 252 245 վարակվածների թվով։

Ռուսաստանը ևս, ինչպես Հայաստանը, մահվան դեպքերի հաշվարկներն անում է նույն ուղեցույցով։

Օրինակ, ՌԴ Չելյաբինսկի շրջանը հայտնում է՝ մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1438 դեպք, որից 6-ը մահացել են COVID-19-ից, 9-ը՝ «հիմնական հիվանդությունից», որին ուղեկցում էր COVID-19-ը։

Կամ մայիսի 12-ին Սարատովում պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել էր 5 մարդ, ևս «12-ը, որոնց COVID-19-ի թեստը դրական էր», մահացել են «այլ հիվանդություններից»։

Թե՛ վերևում նշված 9-ը, թե՛ այս 12 դեպքը Ռուսաստանը չի ներառել կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության մեջ։

Նույն ԱՀԿ-ն կորոնավիրուսի ռիսկային խումբ է համարում քրոնիկ հիվանդություն, (սրտային անբավարարվածություն, շաքարային դիաբետ, թոքերի հետ կապված հիվանդություն և այլն) ունեցողներին և տարեց մարդկանց․ կորոնավիրուսը հիմնականում խոցում է հենց նման՝ «այլ հիվանդություններ» ունեցող, ոչ լիարժեք առողջ մարդկանց, հետևաբար «կորոնավիրուսից մահացած և ուղեկցող հիվանդություն ունեցող» և «կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդության պատճառով մահացած» մարդկանց միջև սահմանը շատ անորոշ է, որի գլխավոր նպատակը մահվան դեպքերի փաստացի թիվը «նվազեցնելն է»։

Արդարացված է այս մոտեցումը, թե ոչ՝ պարզ կլինի, երբ ուսումնասիրվեն «կորոնավիրուս-այլ հիվանդություն» պատճառահետևանքային կապն ու մահերի ընդհանուր թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ։

Իսկ մինչ այդ, Հայաստանը Ռուսաստանի պես ընտրել է ԱՀԿ՝ մահերի հաշվարկման իր համար գերադասելի «ուղեցույցը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter