
Քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Կառավարությունը նիստի փակ մասում քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին կառավարության մարտի 3-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Գույքագրում ենք բոլոր հնարավոր ռիսկերը։ Կառավարությունում տարբեր դիրքորոշումներ են արտահանման ծավալների վերաբերյալ։ Կան մարդիկ, որոնք կարծում են՝ ինչպես 2014-2015 թվականներին, այնպես էլ հիմա արտահանումը դեպի Ռուսաստան 40 %-ով կընկնի: Կա նման տեսակետ, որ չի ընկնի՝ հաշվի առնելով այն, որ դեպի ՌԴ բեռնափոխադրումներն էապես դժվարանում են, աշխարհի խոշորագույն ընկերություններ արդեն հայտարարել են դեպի ՌԴ փոխադրումները դադարեցնելու մասին։ Դա նշանակում է, որ պահանջարկը, մանավանդ՝ առաջնային ապրանքների, էապես բարձրանալու է։ Այդ պահանջարկն անդրադառնալու է նաև հայկական սնունդ արտադրող ընկերությունների վրա, իսկ մենք ՌԴ արտահանում ենք հիմնականում սննդամթերք։ 2021-ին արտահանման ծավալը եղել է մոտ 800 մլն դոլար, եթե վերցնենք 40 %-ը, մեր արտահանման ծավալի 10 %-ի մասին է խոսքը»,- ասաց Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ կառավարությունը փորձելու է այնպես անել, որ արտահանումը չտուժի, միևնույն ժամանակ աճի նաև այլ շուկաներում։
Մեկնաբանել