
«Աժ-ում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք, դրա դեմ պետք է պայքարենք»․ ՄԻՊ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող, իր դիմումների համաձայն, ազատվել է աշխատանքից։ Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Ունենք կարևորագույն ստորաբաժանումներ, օրինակ՝ խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,- հայտնեց ՄԻՊ-ը։
Այնուհետև լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք ՄԻՊ-ին չի մտահոգում այն, որ երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք էր տարածում։
«Ընդհանրապես մեր երկրում, երևի Ազգային ժողովում ավելի սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը, ընդ որում՝ ուզում եմ շեշտել՝ երկուստեք քաղաքական բանավեճը շատ բևեռացված է, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում։ Ինքս ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ նաև քննարկում ԱԺ պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների, ընդհանրապես քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի, օրինակ, կանոններ սահմանենք ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված։ Աժ-ում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք, դրա դեմ պետք է պայքարենք»։
Մեկնաբանել