HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բա եղա՞վ, հրամանատար։ Աստված չի կարողացել մեզ բաժանել, Դուք ո՞նց եք բաժանելու»․ երկվորյակները զոհվել են նույն մեքենայի մեջ

Հոկտեմբերի 1-ին սովորականի պես Արմինե Ավագյանը եկեղեցի չգնաց, ինչպես դրան նախորդող չորս օրերին։ Ծանր զգացողություն ուներ։ Երբ տան դուռը բացել էր, շեմին գտել էր վիրավոր աղավնու։ Տուն էր բերել, սկսել խնամել, բայց աղավնուն չկարողացավ փրկել։ Ժամեր անց Արմինեն լսել է երկվորյակ որդիների՝ Վահեի եւ Էդգարի զոհվելու գույժը։

Հրազդանում փետրվարյան վերջին օրերին ձնառատ էր։ Առաքելյանների տուն տանող ճանապարհին արեւն ընկնել էր ձյան վրա, ու ձյունը դեռ չտրորված հատվածներում փայլում էր։ Տուն չհասած՝ 5-հարկանի շենքի բակում նրանց հիշատակի հուշաղբյուրն է՝ Հայաստանի զինանշանով երկու արծիվներ։ Սակայն դրսի արեւը միանգամից խամրում է տանը։

Քաղաքում Վահե եւ Էդգար Առաքելյաններին ճանաչում են որպես «հրազդանցի զույգեր», դուդուկահար եղբայրներ։ Երկուսն էլ երաժիշտ էին, եւ հիմա նրանց գործիքները դրված են հյուրասենյակում՝ հուշանկյան մոտ։

Արմինեն բարձր հոգոց է հանում, սրբում աչքերը։ «Էնքան լավ էին նվագում։ Մենք էինք խնդրում, որ նվագեն, լսենք»,- ասում է մայրը։

Ավագ որդու ծնվելուց 4 տարի անց՝ 2000 թ․, ծնվեցին երկվորյակ եղբայրները։ 5 րոպե տարբերությամբ առաջինը ծնվել էր Վահեն եւ Էդգարին միշտ ասում էր՝ «ես քո մեծ ախպերն եմ, ինձ պիտի միշտ լսես»։

Դեռ փոքրուց ուր գնային, միասին էին, միմյանց շատ կապված էին։ Արմինեն տխուր ժպտում է, ասում է՝ քայլելուց Էդգարը ձեռքը միշտ դնում էր Վահեի ուսին, անգամ տուն այդպես էին մտնում։ «Ասում էի՝ էդպես չեք կարա անցնեք դուռը, չեք տեղավորվի, գոնե հերթով անցեք»,- նկատում է մայրը։

Մանկության տարիներին Արմինեն միանման հագուստ էր գնում երկվորյակ որդիներին, հետո երբ արդեն մեծ էին, իրենք էին ընտրում՝ կրկին նույն հագուստը, բայց տարբեր գույներով։ Դպրոցում եւ ուսումնարանում տղաներին անընդհատ շփոթում էին։ Դրանից օգտվելով՝ Վահեն ու Էդգարը հերթ էին դրել․ մի օր մեկն էր դաս սովորում, հաջորդ օրը՝ մյուսը։ Հաճախ պատահում էր, որ կռվում էին։ «Տուն էին գալիս, սկսում կռվել։ Մեկն ասում էր՝ բա քո տեղը ես էթում եմ 8-9 ստանում, դու գնում ես իմ տեղը ցածր ես ստանում։ Առանց իրար մի ժամ չէին մնում։ Հենց մեկը չերեւար, մյուսը զանգում էր, թե ուր ես»,- հիշում է Արմինեն, ու այս ջերմ հիշողությունը լցվում է ներկա, նա լռում է։

Վահեին եւ Էդգարին երաժշտական դպրոց տարել էր հորեղբայրը։ Վահեն կլարնետ էր նվագում, Էդգարը՝ դուդուկ, հետո երբ ավարտեց այդ բաժինը, սովորեց նաեւ պկու նվագել։ Հետո միասին գնում էին շեփորի եւ բարիտոնի։ Հրազդանում ուրախ ու տխուր առիթներին էին նվագում։ Վահեն ամաչկոտ էր, երբեմն հրաժարվում էր գնալ։ Իսկ Էդգարն իր աշխատած գումարը կիսում էր եղբոր հետ։ Արմինեն ասում է՝ որդիները միշտ ունեցել են իրենց գրպանի գումարը։

Դպրոցն ավարտելուց հետո Էդգարն ընդունվել էր Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, իսկ Վահեն՝ Հրազդանի արհեստագործական ուսումնարան։ Մեկ տարի անց, սակայն, դուրս էր եկել ու ընդունվել Բաբաջանյանի անվան ուսումնարան։ Բայց նրա փոխարեն ընդունելության քննություն հանձնել էր Էդգարը, եւ այդպես ոչ ոք էլ գլխի չէր ընկել։ Երաժշտական ուսումնարանում նրանց անընդհատ շփոթում էին։ «Դասախոսներից մեկը մտել էր, ասել էր, նոր ձեր կուրսում դասի էի, ինչի՞ ես նորից նստել, ասել էր՝ ախպերներ ենք: Մեկը մյուսի տեղը դասի էին գնում, դպրոցում էլ էին էդպես։ Քոլեջում մի անգամ Վահեն կռիվ էր արել, հետո Էդգարը դուրս էր եկել, ծեծել էին՝ մտածել էին, թե Վահեն է»,- ասում է Արմինեն, հետո անձայն մաքրում աչքերը։

-Երեւի Աստված տեսավ, որ առանց իրար չեն կարողանում․․․ Մտածում ենք, ասում ենք՝ գոնե մեկը մնար, հետո ոնց մտածում ենք, ասում ենք՝ էնքան կապված էին, չէր մնա, չէր դիմանա ցավին,- ասում է մայրը։

Ջերմ հուշերը, սակայն, բախվում են մի կետի, որ, կարծես, փշրում է ապակին ու ներսը լցնում երբեք չլռող ցավով ու սպասումով։

2019 թ․ հունվարի 10-ին Վահեն ու Էդգարը զորակոչվել էին բանակ։ Սկզբից Ղուբաթլուի, ապա Կապանի զորամասում էին ծառայում։ Ծառայությունից միշտ գոհ են եղել։ Երկուսն էլ միջոցառումներին նվագում էին, թեեւ որպես վարորդ էին ծառայում։

Արմինեի տեգոր կինը՝ Ասյան, հեռախոսով ցույց է տալիս 2020-ի Նոր տարուն Էդգարի կատարումը՝ «Թռչեի մտքով տուն»։ Հետո մեկ այլ կատարում է միացնում, որը նվիրված է եղբայրների հիշատակին։ Սկզբից լսվում է նրանց երդման արարողությունից հատված, այս անգամ մայրը փակում է աչքերը։ Ասում է՝ մինչեւ հիմա չի կարողանում մինչեւ վերջ նայել այդ տեսանյութերը, ցավն ավելի շատ է խեղդում։

Դեռ մեկ ամսվա ծառայող էին, երբ պատվոգիր էին տվել լավ ծառայության համար։ 2019-ի ամռանը արձակուրդ էին եկել եւ հուլիսի 26-ին՝ իրենց ծննդյան օրը, կանչել էին գրեթե բոլոր հարազատներին։ Արմինեն ասում է՝ այնքան ոգեւորված էին, ում տեսել էին՝ հրավիրել էին, եւ լավ տոնել էին ծննդյան օրը։ Դա տղաների վերջին տունդարձն էր, հետո երբ ձմռանն Էդգարին արձակուրդ էին տվել, հրաժարվել էր՝ ասելով, որ առանց Վահեի չի գնա։ Փոխարենը, Արմինեն ասում է, իրենք գնացին տղաներին տեսության։

2020-ի սեպտեմբերի 4-ին տղաներին տարել էին Ջրական զորավարժությունների։ Այդտեղ պետք է մնային մինչեւ հոկտեմբերի 7-ը, սակայն պատերազմն ամեն ինչ փոխեց։ Արմինեն ասում է՝ ամեն օր խոսում էին տղաների հետ, նրանք հանգստացնում էին իրենց, ասում էին՝ ամեն ինչ լավ է, երրորդ գծում են։ Մինչդեռ հետո են իմացել, որ երկուսն էլ ռազմաճակատի թեժ գծում են եղել։

Սեպտեմբերի 30-ի օրվա երկրորդ կեսին՝ ժամը 3-ին, վերջին անգամ են խոսել տղաների հետ։ Նույն օրը գիշերը Վահեն եւ Էդգարը զոհվել են։ Նրանք «Գրադ» համակարգի վարորդներ էին: Երբ Վահեի մեքենան խփել էին, անձնակազմը մեջը չէր, Էդգարին ասել էին, որ Վահեենց անձնակազմը վերցնի, որպեսզի դիրքը փոխեն։ Մեքենայում 9 հոգի էին, նրանց հետ էր նաեւ Վահեենց հրամանատարը։ Մեքենան խոցվել էր ԱԹՍ-ից։

Հոկտեմբերի 1-ին Հրազդանում շատերն արդեն գիտեին, որ երկվորյակները զոհվել են, բայց տնեցիները չգիտեին։ Այդ օրը մեկը կանգնեցրել էր տեգոր մեքենան ու ցավակցել, բայց չէին հասկացել, զարմացած էին։ «Մենք նստած սպասում էինք զանգի»,- նշում է Արմինեն ու քիչ անց ավելացնում, որ մինչեւ հիմա էլ սպասում է որդիների վերադարձին, դեռ մտածում է, թե նրանք ծառայության մեջ են, պետք է հետ գան։

Հիմա մայրը որդիներին տեսնում է երազներում, նույնիսկ երբեմն զգում է նրանց ներկայությունը։ «Բազկաթոռին նստում էի, մեկը նստում էր բազկաթոռի գլխին, մյուսը՝ կողքին, ու իրար բզբզում էին, ես էլ ասում էի՝ խելոք մնացեք։ Հիմա որ էդտեղ նստում եմ, պահի տակ թվում է, թե իրենք կողքս են,- ասում է Արմինեն,- մի անգամ շատ վատ էի, բազմոցին պառկած էի։ Աչքիս առաջ մտնում-դուրս էին գալիս։ Վահես ասեց՝ Էդգար, մի շոր բեր գցի մամայի վրա, չես տենում՝ մրսում ա, Էդգարն էլ ասեց՝ ապեր, սուս, թող մի ժամ քնի, կդզվի։ Իրենք ամեն պահ ինձ հետ են, պտտվում եմ՝ տեսնում եմ, խոսում եմ իրենց հետ։ Որ զգում եմ՝ սենյակում են, մի փոքր, ոնց որ, հանգստանամ»։ Երազներում որդիները մորն ասում են, որ լավ են, ուրախ են եւ խնդրում, որ նա չլացի։

Դեպքից առաջ երբ Արմինեն եկեղեցի էր գնացել, Հիսուսի նկարին նայելիս նկարը նրան տխուր ու լացակումած էր թվացել։ «Ջղայնացա, ասեցի՝ ես օգնության կարիք ունեմ, եկել եմ քեզ մոտ, դու ես լացո՞ւմ։ Աստված ինձ բարձր ասեց՝ ինչ կարողացա, արեցի, մնացածն արդեն չարի գործն է, ես մեղք չունեմ։ Եկա պատմեցի տանը, ասեցին՝ երկու օր էլ էս կռիվը երկարի, դու կգժվես։ Երկու օր հետո էդ լուր լսեցինք։ Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ։ Երեւի էն, որ կամավորագրված մեծ տղայիս իջեցրեցինք մեքենայից, էն, որ երբ էրեխեքիս բերեցին, դեմքերը ճանաչելի էին… Էդքանը կարողացավ»,- ասում է Արմինեն։

Նա ինձ է մեկնում որդիների հիշատակին նվիրված «Ճերմակ հոգիներ» գիրքը, որի հեղինակն իր բանաստեղծ մայրն է՝ Զեփյուռ Մկրտչյանը։

«Թեժ մարտերից մեկի ժամանակ տղաներին կորցնելու վախից հրամանատարն ասել է, որ ուզում է բաժանել զույգերին։

-Բա եղա՞վ, հրամանատար։ Աստված չի կարողացել մեզ բաժանել, Դուք ո՞նց եք բաժանելու,- եղել է պատասխանը։

Հրեշտակները միասին ծնվեցին, միասին էլ հեռացան՝ կողք կողքի, ժպտացող դեմքերով»,- գրել է բանաստեղծ տատը։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter