Բելառուսում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը
Բելովեժյան թավուտում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լրագրողների համար մեկնաբանության ժամանակ հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են հումանիտար միջանցք բացել՝ քաղաքացիական բնակչության տարհանման համար։
Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն երրորդ փուլով՝ մոտակա ժամկետներում։ Այդուհանդերձ, Պոդոլյակի պնդմամբ, ուկրաինական կողմը չի հասել ի սկզբանե նախատեսած արդյունքներին։ Ավելի վաղ, Պոդոլյակը հայտնել էր, որ Կիևի համար օրակարգի գլխավոր հարցերն են կրակի անհապաղ դադարեցումը, զինադադարը և խաղաղ բնակիչների տարհանման համար հումանիտար միջանցքների բացումը։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին վերահաստատել է ժամանակավոր հրադադարի և բանակցությունների երրորդ փուլի հավանականությունը։ Պատվիրակության մեկ այլ անդամ, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին ևս նշել է, որ առաջիկայում կկայանա բանակցությունների երրորդ փուլը։
Интерфакс-ը, հղում անելով բանակցություններին մոտ իր աղբյուրին, հայտնում է, որ երրորդ փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթվա սկզբին։ Ենթադրվում է, որ այդ հանդիպումը ևս կկայանա Բելառուսում։
Ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՊՆ և ԱԳՆ փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին և Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։
Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում կարգավորման հարցով կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։
Ուկրաինացի և ռուս բանագնացների առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-ին Պրիպյատ գետի ափին։ Դրանից հետո պատվիրակությունները խորհրդակցությունների նպատակով մեկնել էին մայրաքաղաքներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել