HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդի մեծ մասը, այդ թվում՝ իմ  ընտանիքը, ցանկանում է դուրս գալ այստեղից, էվակուացվում է»,- ասում է Զապորոժիեի հոգեւոր հովիվը

Այս գիշեր բավական լարված էր ամբողջ Ուկրաինայում, քանի որ պայթյուն էր եղել Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում գտնվող ատոմակայանի մոտ, որն ամենամեծն է Եվրոպայում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի Զապորոժիեի մարզի հոգեւոր հովիվ տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։ Էներգոդարն ուղիղ գծով մարզկենտրոն Զապորոժիե քաղաքից հեռու է 50 կմ, եւ պայթյունի ձայնը լսվել է նաեւ վերջինիս արվարձաններում։ Հոգեւոր հովվի փոխանցմամբ՝ ռուսական կողմը, որի վերահսկողության տակ է անցել կայանը, սկզբից թույլ չէր տվել ուկրաինացի հրշեջներին ներս մտնել՝ կրակը հանգցնելու համար, բայց հետո թույլատրել էր։

Տեր Հուսիկն ասում է, որ ատոմակայանի թիրախավորումից հետո նկատելի տագնապ կա բնակչության շրջանում, այդ թվում՝ հայերի։ «Բոլորը, այդ թվում՝ նաեւ ես, մտածում ենք, որ եթե պատրաստ են խփել ատոմակայանին, ապա ամեն ինչ կարող ենք սպասել։ Դրա համար ժողովորդի մեծ մասը, այդ թվում՝ իմ ընտանիքը, ցանկանում է գնալ այստեղից, էվակուցացվում է»,- նշում է հոգեւոր հովիվը։

Ըստ նրա՝ ճանապարհները խցանված են, բացի դրանից՝ անվտանգ չեն, եւ քաղաքից դուրս եկողները պետք է օգտվեն երկաթգծից։ Առայժմ այն համեմատաբար ապահով է։ Բնակիչները սկզբից կգնան Լվով, այդտեղից էլ՝ Լեհաստան։

«Հիմա դեսպանատան, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ ենք համագործակցում, որպեսզի էվակուացնող ինքնաթիռներ տրամադրեն, մարդկանց հասցնեն Հայաստան։ Այստեղ բավական ժողովուրդ ունենք, եւ Վարշավա-Երեւան ուղիղ չվերթ չունենք այս պահին, տարբեր քաղաքներով պետք է գան, իսկ այդպես եւ՛ թանկ է, եւ՛ հոգնեցուցիչ»,- ասում է հոգեւոր հովիվը։

Հավելում է՝ ընտանիքին տարհանելուց հետո ինքը դեռ կմնա Զապորոժիեում՝ հւսալով, որ իրավիճակը կխաղաղվի, եւ ինքը դուրս չի գա այդտեղից, փոխարենն ընտանիքը կվերադառնա։ «Երեխաներս փոքր են, կրտսերը՝ 6 տարեկան է։ Ամեն անգամ պայթյունի ձայն լսելուց  վախենում է։ Այստեղ է մեծացել, կիսահայերեն, կիսառուսերեն է խոսում, մի քանի օր առաջ պայթյունների ձայնը լսելուց, ասաց՝ «Я не хочу умереть»։ Դրա համար ճիշտ կլինի նրանց տեղափոխել այստեղից»,- ասում է հոգեւոր հովիվը։

Զապորոժիեի մարզում հայերի թիվը մոտ 10 հազար է, իսկ հենց Զապորոժիե քաղաքում՝ 7 հազար։

Արդեն երրորդ օրն է՝ տեղի հայ համայնքի հետ միասին Ս․ Աստվածածին եկեղեցու բակում հաց, ջուր, սնունդ են բաժանում ոչ միայն հայերին, այլեւ օտարազգիներին, ովքեր դրա կարիքն ունեն։ «Մի հայ ունենք՝ Հայկ անունով, երրորդ օրն է, որ օրական 100 հաց է թխում, բերում, բաժանում ենք»,- նշում է հոգեւոր հովիվը։

Լուսանկարը՝ տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

Baruyer F
I promote father Husik to be Armenia PM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter