Արցախի պետական նախարարն ու ՄԻՊ-ն ընդունել են ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին մարտի 4-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանին:
Ինչպես հայտնում են Արցախի կառավարությունից, Պետական նախարարը շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել նրա աշխատանքային առաջին այցը Արցախի Հանրապետություն: Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ Արցախի հանդեպ պատշաճ ուշադրությունը շարունակվելու է Պաշտպանի ինստիտուտի կողմից, և ինստիտուցիոնալ համագործակցության առկա հարուստ փորձը շարունակվելու է համալրվել վստահելի ու գործընկերային ամուր հարաբերություններով:
ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը տեղեկացրել է Արցախի գործընկեր կառույցի հետ ձեռքբերված աշխատանքային պայմանավորվածությունների մասին՝ ընդգծելով արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում իր պատրաստակամությունն ու վճռականությունը:
Քրիստինե Գրիգորյանը նշել է նաև, որ իր առաջնահերթություններից են լինելու Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության ու արցախահայության թիրախավորման դեպքերի մասին փաստերի հավաքագրումը, դրանք միջազգային կարևոր հարթակներում ներկայացնելը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացումը և Արցախում համապատասխան կարողությունների զարգացումը:
Արտակ Բեգլարյանը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախին առնչվող ծրագրերն ու ևվս մեկ անգամ շեշտել Պաշտպանների հաստատությունների միջև սերտ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել