HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աղբահանության ծառայությունների պայմանագիր է կնքվել Խոյ համայնքի ղեկավարի տեղակալի աներոջ հետ

Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքը մարտի 1-ին 14 բնակավայրերում աղբահանություն իրականացնելու պայմանագրեր է կնքել «Արթուր Քարտաշյան Պարույրի» և «Ռոմիկ Թադևոսյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատարերի հետ: 6 բնակավայրում աղբահանության ծառայություններ մատուցող Ռոմիկ Թադևոսյանը Խոյ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիկ Յայլոյանի աներն է՝ կնոջ հայրը:

Գնման գործընթացն իրականացվել է գնանշման հարցումով: Հայտեր ներկայացրել են հենց այդ երկու անհատ ձեռնարկատերերը: Այլ կերպ ասած՝ մրցակցություն չի եղել և մասնակիցները համայնքները բաժանել են իրար մեջ: 14 բնակավայրի աղբահանության ընդհանուր արժեքը կազմել է 30 մլն 800 հազար դրամ, որից 10 մլն 800 հազար դրամ ընդհանուր արժեքով պայմանագրեր կնքվել է համայնքապետի տեղակալի աներոջ հետ:

Խոշորացված համայնքի 17 բնակավայրից միայն երեքում՝ Աղավնատուն, Լեռնամերձ և Գեղակերտ բնակավայրերում աղբահանության ծառայություններն իրականացնելու է համայնքապետարանը:

Լյուդվիկ Յայլոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մինչև իր համայնքապետ ընտրվելը (մինչև խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ նշանակվելը զբաղեցրել է Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքի ղեկավարի պաշտոնը) կնոջ հայրը՝ Ռոմիկ Թադևոսյանը, աղբահանության ծառայություններ մատուցել է Շահումյանի Թ/Ֆ-ում: Նշենք, որ խոշորացումից հետո Շահումյանի Թ/Ֆ համայնքը անվանվել է Մոնթեավան:

«Այժմ 6 բնակավայրում է իրականացնում աղբահանություն: Քանի որ աղբահանության ոլորտում է եղել, ինքն էլ տենդերով շահել է, ուրիշ բան չկա: Ինձ հետ կապող բան չկա, սա ձեզ հավաստիացնում եմ»,-ասում է Լյուդվիկ Յայլոյանը:

Համայնքի ղեկավարի տեղակալը նշեց, որ բացարձակ շահերի բախում չկա ու նմանատիպ  «բաներով» իրեն թույլ չէր տա զբաղվել։

«Երկար տարիներ աշխատել է ոլորտում, երևի մտածել է, որ կարող է մրցույթին մասնակցել և շահել, ուրիշ խնդիր չկա»,-հավելեց Լ. Յայլոյանը:

Աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրերը թեև արդեն կնքվել են, սակայն Խոյ համայնքի բնակավայրերի զգալի մասում աղբը դուրս է եկել համայնքի տարածքից: Օրինակ, Ծիածան-Դողս ավտոճանապարհի ամբողջ երկայնքով աղբակույտեր են, որոնք աղբանոց են հիշեցնում: Ամեն օր կույտերին ավելանում են նորերը:

Մոտ մեկ ամիս է աղբակույտ է հայտնվել Դողս բնակավայրի մոտ: Աղբի կուտակումներ են նաև Ծիածան համայնքի վարչական տարածքով անցնող Քասախ գետի երկայնքով:

«Հետք»-ը բազմիցս անդրադարձել է Քասախ գետի աղտոտվածությանը: Ծիածանի համայնքապետ Վաչիկ Գրիգորյանը, ով խոշորացումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Խոյ համայնքի ավագանու անդամ, տարիներ շարունակ աչք է փակել: Երբ բարձրաձայնել ենք աղբի կուտակումների մասին, պարզապես հողով ծածկել է աղբը՝ իբր լուծվել է խնդիրը: Այժմ նաև նախորդ տարիներից կուտակված աղբն է դուրս եկել հողի մակերես:

Որոշ բնակավայրերում էլ աղբահանության ծառայությունները պատշաճ չեն իրականացվում: Օրինակ, երկու շաբաթ է աղբատար ավտոմեքենան  աղբ չի հավաքում Աղավնատուն գյուղում: Բնակիչները ստիպված աղբը լցնում են առուների կամ ջրատարների մեջ, ինչն էլ իր հերթին վնաս է պատճառում ոռոգման համակարգերին:

Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշ դեպքերում աղբահանությամբ զբաղվող բանվորների կարիք ունեն: Սակայն, ընդհանուր առմամբ, ըստ նրա, հարցը կարգավորվել է:

Համայնքապետի համար ցանկալի չէ, սակայն, նշեց, որ ստիպված են վարչական տուգանքներ նշանակել չնախատեսված վայրերում աղբ թափելու համար:

Արգիշտի Մեխակյանն ասաց, որ մարտի 12-ին շաբաթօրյակ են հայտարարել և համայքններում մաքրելու են աղբը:

Նշենք, որ աղբահանությունը լուջ հարց է դարձել Արմավիրի մարզում: Երևան-Արմավիր պետական նշանակության ավտոճանապարհի մայթերը ևս վերածվել են աղբանոցի: Գրեթե ամբողջ երկայնքով շինարարական աղբ է լցված, որոնց կողքին «գոյակցում» է նաև կենցաղային աղբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter