
Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»
Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Վերջինս վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիան համակարգում է Ադրբեջանի հետ։ «Եվ այդ համակարգումը պետք է շարունակվի։ Զանգեզուրի միջանցքի իրագործումը ևս կարևոր է»,- ասել է Չավուշօղլուն։ Ըստ նրա՝ այս տարի ևս նախատեսված է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման «3+3» ձևաչափով հանդիպումներ, որին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը ևս հրավիրված է, սակայն Մոսկվայում կայացած առաջին հանդիպման ժամանակ վրացական կողմը չի մասնակցել։
Չավուշօղլուն ևս մեկ անգամ կրկնել է, որ Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, սակայն չի մանրամասնել, թե ինչ պատասխան է տրվել հայկական կողմից։ «Մենք հրավիրել ենք նաև Հայաստանին, Հունաստանին, Հարավային Կիպրոսին։ Դա բաց հարթակ է։ Հավատում եմ, որ դիվանագիտական ֆորումը մեծ օգուտ կբերի նաև Ադրբեջանին»,- նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ «Ադրբեջանը աջակցել և շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սա շանս է Հայաստանի համար։ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները հիմնված են միջազգային սկզբունքների վրա <...> Երբ հայկական ղեկավարությունը և հասարակությունը հասկանան, որ Հայաստանի համար վատ չի լինի այն, ինչը լավ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, այդ ժամանակ հարաբերությունները կզարգանան»,- ընդգծել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։ Բայրամովի հետ հանդիպումից հետո, նա հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հետաքրքրական է, որ Ադրբեջան մեկնած թուրքական պատվիրակության մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով թուրքական բանագնաց Սերդար Քըլըչը։
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳ մամուլի ծառայության
Մեկնաբանել