Թույլ և միջին երկրաշարժերը մարդկանց զգոնացնում են
2011 թ. Հայաստանում գրանցվել է 676, իսկ 2012թ.՝ 370 երկրաշարժ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս տվյալները ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նման ցնցումների պատճառը սեյսմիկ ակտիվության աճն է, ինչը բնորոշ է տարածաշրջանին: Մայիսի 5-ին, 6-ին և 8-ին եղել են թույլ ցնցումներ Աշոցքում և Սևանում, 3-ը՝ Իրանում և 1 ցնցում Ադրբեջանում:
Մայիսի 7-ի վաղ առավոտյան գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զակատալի շրջանում, որի պատճառով երկրաշարժ է գրանցվել նաև Վրաստանում և Հայաստանում: Ադրբեջանի այս շրջանը Հայաստանի հետ սահմանից հեռու է 150 կմ:
Ինչպես արդեն տեղեկացրել էր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայաստանում ցնցումները եղել են 3-4 բալ, մայրաքաղաքում՝ 3:
ՍՊԱԾ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Ամալյանը նշեց, որ թույլ և միջին երկրաշարժերի դեպքում մեծանում է մարդկանց հետաքրքրվածությունը, ինչը նպաստում է մարդկանց զգոնությանը: Դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանին միշտ բնորոշ են եղել երկրաշարժերը:
Գ. Ամալյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կա շենքերի մի տեսակ՝ կարկասապանելային շենքեր, որոնք սեյսմակայուն չեն: Չնայած այժմ այդպիսի շենքեր չեն կառուցում, սակայն դրանք կազմում են բնակֆոնդի 15%-ը:
Բարձր խոցելիություն է բնորոշ նաև քարե պատերով շենքերին, մասնավորապես 1 Ա 450 սերիայի շենքերին, որոնց եզրային սեկցիաները միշտ փլուզվում են: Խոցելի են նաև հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
Գ. Ամալյանի խոսքով՝ երկրաշարժերը մեծ սպառնալիք են հատկապես բարձրահարկ շենքերի համար: Այդ է պատճառը, որ 1988թ. Գյումրու հին թաղամասը գրեթե չավերվեց, իսկ նորը փլուզվեց:
Գ. Ամալյանը տեղեկացրեց, որ Երևանը և մյուս խոշոր քաղաքները գտնվում են սեյսմիկ 3-րդ գոտում, ինչը նշանակում է, որ ուժգին երկրաշարժի դեպքում այստեղ կարող է լինել 9 և ավել բալանոց երկրաշարժ: Այդ պատճառով քարե շենքերը չպետք է գերազանցեն 4, իսկ երկաթբետոնե շենքերը՝ 14 հարկը:
Սակայն սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը չունի վերահսկելու իրավունք. այն կարող է միայն հետևել, թե արդյոք շենքերը կառուցվո՞ւմ են պահանջվող նորմերին համապատասխան, և ահազանգել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել