HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հետախուզում և նոր քրեական գործ է հարուցվել մեկ շիշ բժշկական սպիրտ կողոպտելու մեջ մեղադրվողի նկատմամբ

550 դրամ արժողությամբ բժշկական սպիրտի կողոպուտի համար մեղադրյալի աթոռին հայտնված Ռաֆիկ Բաղդասարյանի նկատմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայտարարել է հետախուզում: Նրա անունով ուղարկված ծանուցումները վերադարձվել են «տեղափոխված» նշումներով: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակցի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ Ռաֆիկ Բաղդասարյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Հնարավոր չի եղել ճշտել Ռ. Բաղդասարյանի կոնտակտային տվյալները և գնտվելու վայրը:

«Դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ռաֆիկ Ալեքսանի Բաղդասարյանի գտնվելու վայրը հայտնի չէ և նրա ցուցաբերած վարքագիծը՝ մասնավորապես բնակության վայրից տևական ժամանակ բացակայելը առանց վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու, վկայում է գործով քննությունից թաքնվելու մասին»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Հետքն» անդրադարձել էր այս քրեական գործին: Ըստ մեղադրանքի՝ Ռ. Բաղդասարյանը 2021թ. մայիսի 4-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, որպես հաճախորդ մուտք է գործել Էջմիածին քաղաքի «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն: Դեղատան աշխատակցին խնդրել է իրեն տալ 250 մլգ տարողությամբ 550 դրամ արժողությամբ բժշկական սպիրտ՝ հետագայում գումարը վճարելու պայմանով:

Դեղատան աշխատակցից մերժում ստանալով՝ անցել է հաճախորդների սպասարկման ցուցափեղկի հետնամաս ու այնտեղից վերցնելով իրեն փոխանցելու համար նախապես դրված սպիրտով լի տարան՝ դիմել է փախուստի:

Ամիսներ առաջ գրել էինք, որ Ռաֆիկը հաշվառված է Էջմիածին քաղաքի տներից մեկում, սակայն չունի մշտական բնակության վայր: Նա չունի տուն, որևէ այլ կացարան: Ռաֆիկին գտել էինք քաղաքի «Խաշի թաղ» կոչվող թաղամասի սննդի օբյեկտներից մեկի սենյակում պառկած: Նա շատ նիհար էր, հյուծված տեսք ուներ, հազիվ էր տեղաշարժվում ու խոսում:

Ռաֆիկը պատմել էր, որ լյարդը, թոքերը հիվանդ են, այլևս չի կարողանում տեղաշարժվել: Էջմիածնի հիվանդանոցից ևս հաստատեցին, որ մի շարք բարդ ու դժվար բուժվող հիվանդություններ ունի Ռաֆիկը: Լյարդի չափերը 8 սմ մեծացած էին, իմունային համակարգը՝ գրեթե քայքայված էր և այլն:

Վիճակի կտրուկ վատացման պատճառով երկու անգամ, մի քանի օրով (որից մեկը հենց Ռաֆիկի հետ հանդիպման օրը, «Հետք»-ի թղթակիցն է շտապօգնություն հրավիրել) պառկել է Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Սակայն այնտեղ 2-3 օր մնալուց հետո դուրս են գրել՝ պատճառաբանելով, թե իրենց հիվանդը չէ, պետք է մասնագիտացված բուժհաստատությունում բուժումը շարունակի:

Ռաֆիկն ասաց, որ կորցրել է անձը հաստատող փաստաթղթերը և մտածում է, որ հիվանդանոցները հենց այդ պատճառով են իրեն մերժում, քանի որ չեն կարողանա պետպատվեր ձևակերպել:

Հայաստանում Ռաֆիկը մերձավոր ազգականներ չունի: Ուկրաինայում են գտնվում նրա կինն ու երեխաները: Չի կարողանում նրանց մոտ վերադառնալ: Երեխաներն էլ չեն կարող Հայաստան գալ, քանի որ այստեղ ապրելու տեղ չունեն:

Ռաֆիկ Բաղդասարյանը պատմեց, որ տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ երկու տարի առաջ հիվանդությունից մահացել է նաև 19-ամյա քույրը:

«Քրոջս մահից հետո իմ կյանքը փոխվեց: Ես էլ չհասկացա, թե խմիչքն ինձ ոնց կուլ տվեց: Հիմա ես չեմ ապրում, միայն շնչում եմ: Գիտեմ, ես եմ մեղավոր, թույլ էի, չպայքարեցի ու հիմա կործանվում եմ իմ մեղքով»,-հազիվ լսելի ձայնով ասում էր Ռաֆիկը:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ռաֆիկ Բաղդասարյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրբվում է պետական սահմանն ապօրինի հատելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք հոդված 329-ի 1-ին մաս) մասնավորապես, վերջինիս վերաբերյալ կատարված ՍԷԿՏ (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ) հարցմանն ի պատասխան, 28.10.2021թ. ստացված գրությամբ պարզվել է, որ Ռաֆիկ Բաղդասարյանը 2019թ. մայիսի 12-ին ՀՀ քաղաքացու անձնագրով հատել է Հայաստանի պետական սահմանը և մինչ 21.10.2021թ-ը չի վերադարձել: Այսինքն, ըստ մեղադրանքի` նշված ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության` չպարզված հանգամանքներում, ժամանակահատվածում և վայրով, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը` մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք: Որպես Հայաստանում գտնվելու ապացույց, մատնանշվել է «սպիրտի գործը»:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռաֆիկը պատմել էր անձնագիրը կորցնելու մասին: Այժմ Ռաֆիկի գտնվելու մասին որևէ մեկը տեղեկություն չունի, չգիտեն, թե ինչ առողջական վիճակում է գտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter