HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս, եւ հոսքը շարունակվում է»․ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

Ուկրաինայում պատերազմի առաջին օրերից տեղի հայերի միությունը կամավորական ջոկատներ է կազմել երկրի բոլոր այն քաղաքներում, որտեղ հնարավորություն է ունեցել՝ հայերին օգնելու նպատակով։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Միությունը իր ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ մինչեւ հիմա առաջնահերթ փորձում է կազմակերպել հայերի տարհանման հարցերը․ եթե տվյալ ընտանիքը մեքենա չունի, ապա միության կամավորներն են հասցնում երկաթուղային կայարաններ, առաջին օրերին վառելիք էին տրամադրում մեքենա ունեցողներին, որոնք ցանկանում էին դուրս գալ իրենց բնակավայրերից՝ ավելի ապահով տեղ գնալու կամ սահմանին հասնելու համար, ովքեր դեղորայքի կամ սննդի խնդիր ունեն, կամավորների միջոցով մատակարարում են։

Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ որպեսզի հասկանալի լինի այդ աշխատանքի ծավալը, պետք է հաշվի առնել Ուկրաինայի տարածքի մեծությունը, որը Հայաստանից 20 անգամ մեծ է, հետեւաբար, մի մարդու տարհանումը արեւմուտքից արեւելք, օրինակ, կարող է նշանակել 1200 կմ ճանապարհի հաղթահարում։ Պետք է նաեւ հաշվի առնել ճանապարհների խցանումները։ Նախկինում 300 կմ ճանապարհն անցնում էին 3-4 ժամում, իսկ այս օրերին խցանումների պատճառով դա կարող է 2 օր տեւել։ Զրուցակիցս նշում է, որ այդ ժամանակահատվածում եւս միության կամավորները զբաղվում են տարհանվող մարդկանց սննդի ու քնելու խնդիրներով՝ փորձելով գտնել ապաստարաններ կամ ավելի անվտանգ տարածքներ։

«Գնալով, ցավոք, մեր հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ գոտիներ կան, որոնք վառելիքի խնդիր ունեն։ Մարզկենտրոններից՝ Խերսոնից, Չեռնիգովից, Խարկովից, Սումիից, Մարիուպոլ քաղաքից արդեն չենք կարողանում տեղահանել մեր հայերին, որովհետեւ շրջափակման մեջ են»,- նշում է Դավիթ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ մարդիկ, ովքեր ժամանակին չէին լսել դուրս գալու, ավելի անվտանգ վայր տեղափոխվելու մասին իրենց կոչը, անընդհատ զանգում են՝ խնդրելով իրենց տարհանել։ Միության փոխնախագահի խոսքով՝ իրենք աշխատում են բոլոր զանգերին ու դիմողներին օգտակար լինել։

Իսկ միությանը դիմող հայերի թիվը մեծ է։ Զրուցակիցս ասում է՝ հիմնական խնդրանքներից մեկը ավելի խաղաղ գոտիներ տարհանումն է։ Իսկ նրանց, ովքեր հրաժարվում են դուրս գալ իրենց բնակավայրերից, ըստ կարիքի սնունդ ու դեղորայք հասցնելն է կարեւոր։

Դավիթ Մկրտչյանը նշեց, որ չունի տվյալներ, թե պատերազմի 11 օրերին քանի հայ է դուրս եկել Ուկրաինայից։ Փոխարենը նշեց, որ երկրից դուրս են գալիս 5 ճանապարհով՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա, բայց թե քանի հոգի որ ուղղությամբ է դուրս եկել, հնարավոր չէ ասել։ Ավելացնում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս, եւ հոսքը շարունակվում է։ Նախքան այս պատերազմը, նրա փոխանցմամբ, Ուկրաինայում հայերի թիվը 300-350 հազար է եղել, մինչդեռ 2014-2015 թթ․ այդ թիվը մոտ 500 հազարի էր հասնում։

«Առաջին 3-4 օրերին փորձեցինք հաշվել, թե հայերը տվյալ ռեգիոնից ուր են տեղահանվում, բայց հասկացանք, որ հնարավոր չէ այս պահին, քանի որ նրանք սկզբից նշում էին մի քաղաք, որտեղ պետք է ապաստան գտնեին, բայց հետո պարզվում էր, որ արդեն լքել են Ուկրաինան, հասել են Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, ով որտեղ կարողացել է։ Հասկացանք, որ այս պահին հնարավոր չէ ունենալ տվյալներ, մինչեւ մի քիչ չկարգավորվի իրավիճակը»,- ասաց Դ․ Մկրտչյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հայերի շրջանում վիրավորներ չկան, Խերսոնում մեքենայի մեջ եւս երկու հոգու հետ զոհվել է Վանիկ Սողմոնյանը, ով քաղաքացիական անձ էր։

Կիեւի մերձակայքում բախումները շարունակվում են, ձայները հասնում են մինչեւ կենտրոն։ Մարդիկ օրական մի քանի անգամ կարող են ապաստարան գնալ, որտեղ մնալը մի քանի ժամ կարող է տեւել։ Հացի խնդիր Կիեւում չկա։ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ հերթեր լինում են, բայց հացի խնդիր չկա։ Մայրաքաղաքի մերձակայքում, որտեղ շարունակվում են բախումները, խանութները փակ են, բայց դադարների ժամանակ կամավորները փորձում են հաց հասցնել՝ թողնելով ինչ-որ կետում, որտեղից բնակիչները կարող են վերցնել։ Այդուհանդերձ, հացի պաշարների քիչ քանակ կա շրջափակված քաղաքներում։

Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ պատերազմի այս օրերին մեծ աշխատանք է տանում նաեւ ՀԱԵ Ուկրաինայի թեմը՝ Մարկոս եպիսկոպոս Հովհաննսիյանի գլխավորությամբ։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցիների բակերում ոչ միայն հայերին, այլեւ օտարազգիներին օգնություն են տրամադրում։

Լուսանկարը՝ Դավիթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter