«Չեմ հասկանում՝ ինչու է լրագրողական համայնքի մի մասը սևեռված հացահատիկի խնդրի վրա»․ Էդուարդ Աղաջանյան
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց` մշտական կապի մեջ է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ:
«Մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովվի, դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները տարհանվել են մի տեղից այլ տեղ: Մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևն այս պահին ռազմական գործողությունների կետերից մեկն է»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Իշխանական պատգամավորի խոսքով` Ուկրաինայում գտնվող հայկական համայնքի որևէ ներկայացուցիչ, որը պատրաստ է կամ ցանկություն ունի լքել այդ երկիրը, ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի Ուկրաինայի արևմտյան կողմից` սահմանակից պետությունների միջոցով վերադառնա Հայաստան:
«Մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացն առավել հեշտ տեղի ունենա»,- ասաց Աղաջանյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը չկարողացավ հստակ թվեր հնչեցնել, թե Ուկրաինայում բնակվող քանի հայաստանցի կա` նշելով, որ դեսպանությունը տեղեկացված կլինի միայն նրանցից, ովքեր ՀՀ քաղաքացիություն ունեն: Ըստ Աղաջանյանի` դեսպանությունը փորձում է լուծել հայ համայնքի բոլոր խնդիրները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ռիսկ կա, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի հացահատիկի պաշարները կնվազեն, քանի որ հիմնական մասը ներկրվում է ՌԴ-ից, Աղաջանյանը հռետորական հարց հնչեցրեց.
«Եթե խոսքը գնում է գործող կոնֆլիկտից բխող ռիսկերի մասին` այդ թվում վերաբերվելիք Հայաստանի նկատմամբ, հացահատիկը բազմաթիվ նման ռիսկերից մեկն է: Ըստ այդմ, իմ հարցը հռետորական է, չեմ հասկանում՝ ինչու է լրագրողական համայնքի մի մասը սևեռված հացահատիկի խնդրի վրա, որովհետև կան բազմաթիվ այլ խնդիրներ, միգուցե ռիսկային տեսանկյունից ավելի հավանական, քան հացահատիկի խնդիրը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանը վերածվեց բանավեճի հացահատիկի հարցի պատճառով, երբ Հռիսփիմե Ստամբուլյանը, բարձրաձայնելով խնդիրը, հայտարարեց, թե հացահատիկի պաշարների մեծ մասը մնացել է Արցախի այն հողատարածքներում, որոնք իշխանությունները հանձնել են Ադրբեջանին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել